Վերնագիրը՝ Քնքուշ Բաղդասարյանի խոսքից։

Մեզանում հերթապահ-շնորհավորական-«հավուր պատշաճի» խոսքը չարաշահվում է։ Տոն է, ծնունդ է, միջոցառում է, հավաք է մի առիթով, ու գնա՜ց… Խոսքը կարող է զբաղեցնել հավաքի կեսը, ու ձանձրույթը կարող է պարտադրվել հավաքվածներին, հոբելյարին, գործիչներին՝ իբրև շնորհակալական-գնահատականի խոսք, իբրև կարևոր մի բան… Սաղացնում են վրադ։ Նկատե՞լ եք՝ ես նման դեպքերն օգտագործում եմ իբրև առիթ, մի միտք, մի առաջարկ, մի գործի առաջաբան շրջանառելու հնարավորություն… Միտքը, որ կրում է խոսքը, եթե պահին ասված խոսքի գործողություն կարող է դառնալ կամ գործողություն է կրում, իհարկե, նվեր է, հատկապես եթե ձևի մեջ էլ գրավիչ է, հոգեհարազատ մարդկանց շրջապատում…

Մեդիաուրբաթ-համերգ. հերթական ընդհանուր պարապմունք մեդիաուրբաթն է մայիսի 15-ին, ժամը 15.15, Մարմարյա սրահում, թվով 30-րդն այս ուսումնական տարում։ Բաց պարապմունքը կազմակերպել ու վարում են կրթահամալիրի Ավագ դպրոցի շրջանն ավարտողները՝ 12-րդ դասարանցիները… Կենտրոնում իրենք են ու մեծ թվով «հին» շրջանավարտներ… սիրելի դեմքեր, սիրելի մարդիկ ու տրամադրություն… մայիսի 22-ի հրաժեշտի «Ցնծությունից» առաջ…

Ինչպիսի՞ն է կապը գնացած շրջանավարտի ու մնացող կրթահամալիրի միջև, ինչպե՞ս են նրանք հարաբերվում, օգնո՞ւմ են մեկմեկու… Միասի՞ն են շարունակում լինել, թե՞ կրթահամալիրը՝ որպես իր կյանքի անցկացրած շրջան, մնում է շրջանավարտի հիշողություններում, որ թուլանում-մաշվում են, մնում դեպքեր առանձին, դեմքեր առանձին… Մնում է բաց դուռ, վայր, որտեղ իրեն սպասում են, ճանաչում են. կարող է ինքը անսովոր դարձնելու համար վեր կենալ ու գալ, ինչպես իրեն է թվում, վերադառնալ ապրած իրականություն… Կարո՞ղ է գործել շրջանավարտների ցանց, որպես կազմակերպում, թե՞ այսօրվա մեդիայում, ինտերնետ բազմացանցում այսպիսի առանձնացումը դատապարտված է, արհեստական… Չէ՞ որ այդպիսի կոչեր-նախաձեռնություններ եղել են, ինչպես այսօր իմ դիմումը Մարմարյա սրահում… Մերոնք են՝ իրենց ազատությամբ, իրենց ընտրությամբ, դրա անձեռնմխելիությամբ։

Լուսանկարները՝ Ելենա Սարգսյանի:

Ինձ հարցնում եմ, թե չե՞մ գերագնահատում Գեղարվեստի ավագ դպրոցի արդյունքները՝ ընթացող-շարունակվող ցուցահանդեսների-համերգների-հավաքների տեսքով։ Կրթական ամբողջական, ազատ գործունեության հարմար միջավայր, և այո՛, ազատություն, բայց հեղինակային կրթական գործունեության համար։ Միջավայրը ինքնին ուսուցիչ է։ Մենք տարիների հետևողական-խելամիտ ջանքերով ունենք մեր միջավայր-ուսուցիչը. նրա ազդեցությունը շոշափելի երևում է։ Ինձ համար ուսումնական աշխատանքը ռեժիմային գործունեություն է. երեք տարի անդհատ, ամեն օր սովորողը՝ Արթուր Շահվերդյանը, Մոնիկա Մեհրաբյանը, Քնքուշ Բաղդասարյանը, Հայկ Գրիգորյանը, Էլիզա Արև Բաղդիյանը, Անահիտ Ակկամը …. տարբեր հիմնական դպրոցներից Գեղարվեստի ավագ դպրոց եկած սովորական պատանիներ, անընդհատ զարգացող միջավայրում անցել են գունանկարի արվեստանոցից գծանկարի, կոմպոզիցիայի, քանդակի, կինո-ֆոտոյի, թատրոնի, անիմացիայի արվեստանոցներ, հատուկ կազմակերպված ռեժիմով, մասնագետներով… Ամեն գեղարվեստ կպարտակվի շարժման մեջ՝ կասեր Կոմիտասը… Հետո այդ աշխատանքը շարունակել,  հանրային արդյունքի են բերել մեդիայում, ցուցահանդեսներում, պլեներներում, ստեղծագործական հավաքներում, մեդիաուրբաթ-համերգներում, առավոտյան ընդհանուր պարապմունքներում, ուսումնական  և այլ նախագծերում…

Սրան եմ ես ասում ռեժիմային աշխատանք: Սովորողի համար, որպես շրջանն ավարտող, հետաքրքիր-կարևոր է այս անցած ճանապարհին իր հայացքը՝ ի՛նչ ճանապարհ է, ինչպե՛ս անցավ, ինչի՛ հասավ… սա այդ ռեժիմային աշխատանքի արդյունքն է: Կասկածի տակ չեմ առնում սովորողների օժտվածության (աստվածատուրի) նախնական չափը. դրա մասնագետը չեմ, և սովորողին դպրոց ընդունելիս այսպիսի մի գործիք ենք օգտագործում՝ տեղեկացված սովորողի հետաքրքրվածությունը որպես գործունեության տեսակի ազատ ընտրություն… Ահա ինչու  հրապարակային  ցուցադրության-համերգի ձևով ներկայացվում է ուսուցման, այդ թվում ինքնուսուցման, ռեժիմային (կարգապահ) գործունեության արդյունքը՝ պատրաստ կազմակերպման մեջ անհրաժեշտ շտկումներ անելու: Այդ մասին՝ հաջորդ դասին…

Հիմնական դպրոցի 6 տարեկան նկարիչները։
Տեսանյութը՝ Տաթև Մելքոնյանի։

[embedplusvideo height=”315″ width=”560″ editlink=”http://bit.ly/1H8L3Ox” standard=”http://www.youtube.com/v/qWCZBY5sN6g?fs=1″ vars=”ytid=qWCZBY5sN6g&width=350&height=210&start=&stop=&rs=w&hd=0&autoplay=0&react=1&chapters=&notes=” id=”ep1122″ /]

Ո՛չ եղանակային անորոշությունը, ո՛չ սկսող անձրևը, ո՛չ հոգսաշատ օրվա հոգնությունը, ո՛չ իմ ոչ մարզական- քաղաքացիական հագուկապը, ո՛չ իմ օրվա գրի ավարտի հետ կապված հոգսերը չկասեցրին իմ որոշումը. ուրբաթ օրը՝ երեկոյան ժամը 6.15, թող Սուսան Մարկոսյանը վկայի, դուրս եկա իմ՝ հեծանվասպորտի մարզադպրոցի արհեստանոցում տեխզննում անցած հեծանվով ու Բաբաջանյան-Ծովակալ Իսակով-Հաղթանակի կամուրջ երթուղով սլացա տուն… Այսպիսով 60 տարեկանում իմ երրորդ շնչառության մեջ եմ. 5-6 ժամ եմ քնում, 10-12 ժամ աշխատում անընդհատ, օրվա վերջում 10-12 կմ քաղաքով անցնում, մարդկանց միջով, մարդկանց հետ… Ես չեմ շտապում. ինչպես «Մարդկային կատակերգության» հեռագրատան աշխատողը (միստր Սփանգլեր, այո՞) փոխանցում եմ, ամենակարևոր խորհուրդն եմ տալիս՝ մի՛ շտապեք։ Ապրեք ձեր կյանքը, ձեր կյանքի ժամանակը։ Ուղղենք մեր աշխարհի, մեր թույլ տված սխալները, շտկենք մեր թողած կիսատ-պռատը։

Արհեստների ավագ դպրոցի շրջանավարտները պատրաստվում են վերջին դասին: Լուսանկարները՝ Անահիտ Մելքոնյանի:

Ես հեծանվով Խանջյան փողոց՝ մեր շենք հասա 7.30՝ թեթև, ուրախ, լեզվանի… Ողջ ճանապարհիս մի իդիլիա՜… ո՛չ մի հոգնածություն, ո՛չ մի կրճտոց ատամների… Դեպի Մասիս, դեպի Զանգվի կիրճ սքանչելի տեսարանների եղանակ… Անցնում եմ ձեզ հայտնի, ինձ հարազատ դարձած դադարներով՝ ռուսական եկեղեցու, Իսակովի հուշարձանի, Հայաստանի խորհրդայնացման կոթողի, Հրազդանի կամրջի վրա… ու անհամբեր սպասում առավոտյան՝ այս ճանապարհը անցնելու համար…

Իսկ շենքի մոտ, պատշգամբից ինձ Շուշան Բլեյանի ապակեպատ սենյակից (Շուշո ջան, Շուշան)  ինձ խանդավառ-հիացած դիմավորում են Դավիթն ու Արմինեն… Երբ ես կայանում եմ հեծանիվը, ծանրումեծ բարձրանում չորս հարկ ձգվող աստիճաններով, Դավիթը՝ հեծանվային խրախճանք-պտույտներ է կատարում, համարյա ինչպես կրկեսում, հետո քշում վրաս, հենց շեմքի վրա.
— Եկար, հասար, խելառ…
Իսկական խելառի պես, խելառի կյանքով… այնպես, որ Դավիթը զվարճանում է դրանով:

Քոլեջի նախակրթարանում: Լուսանկարները՝ Լիլիթ Մեղրյանի:

Գիր 330

One thought on “Որտեղ էլ լինեմ, կհիշեմ ու կասեմ այն խոսքերը, որ հիմա չեմ գտնում…”

Թողնել պատասխան Արամազդ-ի համար Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Տոն է օրը, ու տունը՝ համալսարան․․․

Արև է պայծառ դրսում, մեր ընդարձակ պատշգամբից այն կողմ․․․ Արևի շողքը իմ բացած դռնից ներս է մտել, հատակով մեկ լուսավոր շերտ գցել․․․ — Դավի՜թ, տե՛ս․․․ — Եթե կպնեմ, տա՞ք կլինի․․․

Ով դարի՝ ով բարի…

Իմ այս տեսանյութի հերոսին հանդիպեցինք Եղեգիսի կենտրոնում, երբ Վիգեն Ավետիսին ու Աշոտ Ասլանյանին ներկայացնում էի Օրբելյանների տապանատունը, իսկ 26-ամյա Սարգիսը իր Նիվա-ամենագնացով քշում էր ուլիկ-գառուկների խմբերին… 

Իմ պապան վաղուց է իմ մամայի մոտ աշխատում, իմացա՞ր…

Դավիթ Բլեյանն ու Արամ Խաչատրյանը՝ մեր Արտեմ Խաչատրյանի չորս երեխաներից երրորդը, Դպրոց-պարտեզի Կարինե Խառատյանի խմբում են։ Երկուսն էլ լիդերություն հաստատելու մշտական ջանքեր են գործադրում, իրար հետ մրցում… Մեկ-մեկ կռվում են,