Պատերն ամենուր են, Նարե Հովհաննիսյան ու ընկերներ, ձեր, այսպես ասենք, արտաբանգլադեշյան ինքնուրույն կյանքում… Բայց դրանք՝ պատերը, կան ու դեռ կվերադառնան կրթահամալիր, ինչպես ընդունված է բնորոշել՝ մեր սեբաստացիական աշխարհն անպատ, եթե մեր կյանքում շարունակ չփլուզենք դրանք, եթե մեր կյանքը չդառնա ներառական, եթե բոլոր տարիքի մարդկանց կամուրջները չդառնան շարունակ բանուկ՝ միասին գործելու-ապրելու համար… Ամենահեշտը ֆիզիկական պատերի փլուզումն է, վերացում-հավաքումը: Տեսեք, այս օրերին քանի՜ խորանարդ մետր պատ է քանդվում Հիմնական դպրոցում, Նոր դպրոցում. պատեր, որ իրենց ու մեզ անսասան էին թվում: Մեր կրթական միջավայրը, ես և Գրիգոր Խաչատրյանը՝ կրթահամալիրի նկարիչ-ձևավորողը, հաստատակամ ենք. ամսեամիս ավելի հարմար ու գրավիչ կլինի և՛ շենքերում, և՛ տանիքներում, և՛ բակերում:
Օրվա հերոսները՝ Էլիզա Բաղդիյան և ընկերներ:
Լուսանկարները՝ Տաթև Բլեյանի:
Իմացա՞ք, երեկ մեր լավ բարեկամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր այցելել կրթահամալիր. ուներ ժամանակ, ու մենք միասին քայլեցինք Մայր դպրոցով, հետո՝ Գեղարվեստով: Կարևոր է ընդունակ-սրտացավ մարդու հետ կողքից նայել կատարվածին-գործողին, ներկայացնել նրան, հիմնավորել… Ամենադժվարը, կարևորը, հիմա ուրախացնողը կրթահամալիրում՝ մեր կյանքում ներքին պատերի փլուզումն է ու նոր՝ ամբողջությամբ, վերից վար, աջից ձախ ներառական հաղորդակցության հաստատումը. սրան են ուղղված և կադրային-կառուցվածքային փոփոխությունները, սրան է կոչված հունիսյան ուսումնական ճամբարների՝ նախագծերով կազմակերպումը։ Հավաքվենք նախագծերի, կոնկրետ-համատեղ իրականացվելիք աշխատանքի շուրջ, ոչ թե միավորվենք ճամբարի ձևով՝ դասարանները կոչելով ջոկատներ, ուսուցիչներին՝ ջոկատավարներ, դպրոցները՝ ճամբարներ ու դպրոցների ղեկավարներին՝ ճամբարների պետեր. ո՜չ, այսպես արդեն եղել է, այս ճանապարհով չենք գնալու: Աշխատանքը թող մեզ միավորի, կազմակերպի, դառնանք աշխատանք-նախագծերի իրագործման գաղափարով ձևավորված հավաքանի… Մենք ունենք այսպիսի նախապատրաստման համար ժամանակ՝ այսօրվանից սկսած։ Սկսել ե՞նք:
Երբ Նիկոլի հետ դուրս էինք գալիս Մայր դպրոցից, հանդիպեցինք Միջին դպրոցի 7-րդ դասարանցի Նարեկին ու ընկերներին, ովքեր գալիս էին գյուղացիական տնտեսությունից մեր՝ ձիանոցի կառուցման աշխատանքից… վստահ, հավեսը տեղը, գաղափարով համակված…
Գյուղացիական տնտեսություն. տնկել են լոլիկ, պղպեղ, կաղամբ:
Օրվա գյուղատնտեսները՝ Գարդենիա ակումբ:
Լուսանկարները՝ Անահիտ Եղյանի:
Գեղարվեստի ճանապարհին տիկին Շողիկն էր խանդավառ, իր սաների հետ տանիք-պարտեզի թաղարները խնամած, քաղհանած-ջրած…
Անիմացիայի լաբորատորիայում եռուզեռ էր…
Mskh.am-ում Ֆրեդ Սահակյանի, Էմմա Իսախանյանի, ընթերցողի ակումբի շարունակվող նախագծերն են՝ Նոր դպրոցում, Դպրոց-պարտեզում… Եկեք միասին սկսենք թվարկել-հրապարակել այն աշխատանք-նախագծերը, որոնց իրագործումը կարող է միավորել-կազմակերպել մեզ… Արեգը Տոնոյան այդպիսի մի աշխատանք-նախագիծ առաջարկում է… Ասված է՝ մե՛կ… Ես չեմ ասելու ո՛չ երկուսը, ո՛չ երեքը… Ես աջակցելու եմ՝ իմ ուժերի, կապերի ողջ ծավալով:
Ես երեկ խոսեցի ՀՀ պաշտպանության նախարարի հետ, պատմեցի մեր կառուցվող ձիանոցի, նետաձգարանի, սուսերամարտի սրահի մասին, խնդրեցի աջակցություն՝ ձիասպորտի մանեժի կառուցմանը…
Կամուրջները, բոլոր տեսակի անցումները, կապերը միշտ պիտի բանուկ պահել, աշխատանքային վիճակում… Ահա 41 վրացի, թբիլիսցի ուսուցիչ չորս օր ու գիշեր ապրեցին-սովորեցին կրթահամալիրում, Փարաջանովի տուն-թանգարանում ստացան վկայագրեր… Հետո՞: Գնացին, հաջողությամբ վերադարձան Թբիլիսի՝ ոգևորված գաղափարներով, խոստումներով… Հետո… Ահա ինչու՝ Թբիլիսիի թիվ 20 դպրոցի ուսուցչուհի Իրինա Զաքարեիշվիլիի տեսաարձագանքը, Վիկտորյա Բալավաձեի առաջարկը ես բերում եմ իմ օրագիր, կարևորում-հանրայնացնում։ Վիկա Բալավաձեն խնդրում է ուղարկել Թբիլիսի մեկնող սովորող-դասավանդողների ցուցակը, ծրագիր։ Նա նախապատրաստում է սեբաստացիների ցուցահանդես-համերգը։ Թբիլիսիում առաջարկում է այցելել մի շարք պատկերասրահներ, թանգարաններ, գեղարվեստական ուսումնարան, մեկնել Կազբեկ, այնտեղ համատեղ պլեներ իրականացնել…
Իհարկե. կամուրջը մեկ օրվա, մեկ անգամվա համար չէ, այն պիտի լինի բանուկ, հակառակ դեպքում շատ արագ առաջանում է պատը, սրա հոմանիշ անջրպետը, նոր հոմանիշ՝ անդունդը… անհաղորդությունը…
Գեղարվեստի 6 տարեկանները փակ լողավազանում:
Լուսանկարները՝ Անուշ Աթայանի:
Դուք իմացաք, որ օրվա վերջում, ժամը 6-7-ին ես նորից եղա Գեղարվեստում. ցերեկն ինձ շեղում են՝ 2 տարեկանից սկսած, ոգևորում, դարձնում տոնական. մնում են չլուծված իմ խնդիրները: Հիմա ես կարող եմ կաբինետ առ կաբինետ, անկյուն առ անկյուն, մայրս կասեր՝ ամեն քունջ ու պուճախ հետազոտել, գնահատել փոփոխությունները… հատկապես, երբ չկա կրտսեր և ավագ դպրոցների ղեկավարների ֆիզիկական միջամտությունը: Ես տպավորված եմ. մաքուր, կոկիկ, ծաղկաշատ, խուզած, ջրված, աշխատանքային… Սպասեք ինձ՝ իմ այսպիսի այցերին, իհարկե, բոլոր դպրոցներում…
Գեղարվեստի դպրոցի տանիք-ծաղկանոցը:
Լուսանկարները՝ Դիանա Գևորգյանի:
Ինչո՞ւ Հայաստանում վրացական ապրող-իրական համայնք չկա, մտածե՞լ ենք, անհանգստացե՞լ ենք…
— Ադրբեջանցիներին քշեցինք-գնացին-ազատագրվեցինք-պրծանք:
Ինչի՞ց՝ հարցնում եմ:
Ինչո՞ւ մեզանում այլազգի համայնքների՝ ասորիների, մոլոկանների վերացումը հանրային խնդիր չի դառնում… Իրական մի այդպիսի համայնք կա՝ եզդիական, այն էլ՝ վատ ենք ճանաչում…
Դավիթ Բլեյանը ոգևորված է Վարպետ «Բզեզի դպրոց»-ով՝ Հովհաննես Թումանյանի սքանչելի պատումով… Կարդում եմ ու կարդում՝ ի՜նչ զվարճանք է պարգևում «Բզեզի դպրոցը»՝ տեսնելու բան է:
Դավիթն իր այբուբենն է առաջարկում՝ փիս խոսքերի, արգելված բառերի ու ծիծաղում-ծիծաղեցնում.
— Ի՞նչն ա ամոթ,- հարցնում է։
— Ինչո՞ւ ա ամոթ,- նեղանում է,- ես այբուբենն եմ ասում։
Եվ վերջապես… Ի՞նչ է ամոթը, հայրիկ… Ինչո՞ւ մարդիկ ամոթ ունեն… Ես չունե՞մ ամոթ… Ես չեմ ուզում իմ ամոթը գա…
Ես չեմ ուզում՝ Դավիթն իր անմիջականությունը, զվարթությունը կորցնի, յուրաքանչյուր մարդուն-անծանոթին մոտենալու-շփվելու սովորույթը… Չեմ ուզում՝ պատեր առաջանան ինքնադրսևորման առաջ… Հայերեն բառեր են էլի… Էս ի՞նչ պատեր են կենդանի լեզվի մեջ։ Ինչո՞ւ ենք այդպես փախչում, մեր ունեցած կաղապարը կարևորում…Մարդը հո չի՞ հայհոյում…
Իսկ Թանգարանային գիշերվա՝ մայիսի 16-ի ծրագիրն ինձ ոգևորեց: Կարող է օրը դառնալ կրթահամալիրի ակումբների, ընտրությամբ խմբերի, դասարանների նախագծերի իրագործման վայր՝ խթանելով ընտանիքներով Թանգարանային գիշերին մասնակցելը… Այստեղ էլ պատեր կան՝ խորտակենք:
Ընթերցասեր չորրորդ դասարանցիներ:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:
Օրվա ֆոտոխմբագիր՝ Տաթև Բլեյան
Գիր 328
էս եռուզեռի ծավալն ու ինտենսիվությունն ուղղակի անհավատալի են 🙂