Համերգասրահը, որտեղ այսօր ելույթ է ունենալու «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը, ստուգեցինք, չի մտնում աշխարհի ամենագեղեցիկ համերգասրահների այս թոփում: Որ ընտրությունը ամենուր կամայական է, զըռռա գը. այստեղ չեք գտնի մեր կրթահամալիրի համերգային սրահներից ոչ մեկը՝ ո՛չ «Սեբաստացի» համերգային դահլիճը, ո՛չ «Մեդիակենտրոն» բանգլադեշյան նոր ֆենոմեն մշակութային ցուցադրություններինը, ո՛չ, անգամ, մեր Մարմարյա սրահը… Բայց որ մեր սպասվող համերգի մասին Թիֆլիսում գիտեն շատ-շատերը և ոչ միայն դպրոցական շրջաններում, փաստ է՝ բազմիցս տարբեր աղբյուրներով ստուգված: Մեր հին բարեկամ Գեորգի Մոմցելիձեն իր խմբով, մեր նոր բարեկամներ Վիկտորյա Բալավաձեն և Քեթևան Աբեսաձեն` Գլդանի դպրոցների ղեկավարների հետ, ջանում են, որ Վրաստանի պատասխանը մեր երևանյան 2015-ի ընդունելությանը լինի համարժեք: Առաջ չընկնենք իրադարձություններից. թիֆլիսյան մեր այցելություններից շատ չեմ գրի, մեդիան այդպիսի նյութերի-հրապարակումների պակաս հազիվ թե ունենա…
Իսկ, այ, մեր եկեղեցիներում ցուրտ էր, շատ ցուրտ` Դսեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում թե Հաղպատավանքում նշանավոր… ինչո՞ւ, հարցնում եմ. վանք է, չէ՞ նշանավոր, իր վանահորով` նոր նշանակում ստացած տեր Ղազար քահանա Թորոսյանով, ով ամեն օր, ըստ կարգի, առավոտյան և իրիկնային ժամերգություններ է անցկացնում, ամենշաբաթյա պատարագներ… Ո՞ւմ համար, ինչպե՞ս. վերջին հավատացյալին սպանելով… դիմանալով… հանուն ինչի՞, հարցնում եմ։ Ինչո՞ւ չի կարելի 2015-ին գործող եկեղեցիներում արարողակարգերի համար ապահովել տանելի, մարդկային պայմաններ. ինչո՞ւ գրավիչ չեն հայ մարդու համար իր եկեղեցիները… Հիմա կսկսեն հնչել տասնյակ, մեկը մյուսից կրկնված ու մահանա բացատրություններ… Թույլ տվեք չլսել, փակել ականջներս ու անցնել առաջ… Իսկ Հաղպատ մենք կվերադառնանք. Շամիրամ Պողոսյանը` տիկին Սիրադեղյան Ամալյայի աշակերտը, ով մեզ իր ամուսնու հետ հուզիչ-հոգատար ընդունեց Հաղպատի իր, ավա՛ղ, վաղուց միայն ամառանոց ծառայող տանը, հրապարակային ստանձնեց այս տարվա հունիսին նշանակված «Հաղպատում» ուսումնական նախագծի թե´ ղեկավարումը, թե´ համակարգումը… Տպավորիչ է Հաղպատը, որպես բնակության կտոր, որպես վանական համալիր, և կարող ենք այնպես անել, որ յուրաքանչյուրիս կյանքում այն լեգենդի նման հնչի, երազի թե իրոքի, ինչպես Սայաթ-Նովայի կյանքում, բայց հրաշքի…
Ես Դավիթ Բլեյանի հետ կմասնակցեմ հունիսյան նախագծին, Շամիրամ սիրելի, դու կստանաս իմ առավելագույն աջակցությունը… Թիֆլիսի ճանապարհին Դսեղը, որպես ուխտատեղի, ու Հաղպատը, որպես հանգրվան, նշանավոր կդառնան ամեն մի սեբաստացու ճանապարհին… Թե չէ Սեյրան Ավագյանը` հայտնի երգիչն ու իմացողը, լուրեր է տարածում, թե Սայաթ-Նովան վախճանվել է Հաղպատում հենց անմարդկային ցրտի պատճառով… Սեբաստացիներիս այս ուղևորությունը Թիֆլիս, որ անցավ Դսեղով, Հաղպատավանքով, հիմա անհնար է պատկերացնել առանց Երևանի կամերային երգչախմբի ընկեր-աջակից փնջի՝ Մաքրուհի, Թամարա, Սեյրան, ովքեր այնքան հոգատար ճամփի ընկերներ են այս ողջ ընթացքում… Հենց մի իրիկնային համերգը` Ծխնեթիի հանգստյան տան ճաշարանում, դարձավ այդ օրվա թիֆլիսյան ամենանշանավոր իրադարձություններից մեկը… Երկրորդը, իհարկե, Հռիփսիմե Առաքելյանի դասարան-ավտոբուսն է՝ իր հարցասեր-ամենահաս երրորդ դասարանցիներով ու նրանց խանդավառ ճամփորդ սեբաստացի ծնողներով… Մեր հիսուն հոգիանոց խմբին ավելացրեք Մարթա Ասատրյանի բնապահպան սեբաստացիների քսան հոգիանոց խումբը, և ընթերցողին իմ վիճակը հասկանալի կլինի. Թիֆլիս քաղաքի միանգամից երկու վայրերում՝ Հավլաբար կենտրոնում և Գլդանի արվարձանում երկու հագեցած կրթական ծրագրեր են ընթանում… Մենք, այո, Թիֆլիսի կենտրոնում ենք…
Նեղացվածությունը, նեղսրտությունը… սրա նման հոմանիշներ ավելացրեք, ոչ միայն քաղաքական կատեգորիա չեն, այլև անպիտան են նաև մարդկային առօրյա հարաբերություններում…
Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստանի կողմից միջազգային հանրությանը հասցեագրված ուղերձի իր անձնական նախագիծը։ Այն փաստաթղթերից է, որ հոդվածի նման է կարդացվում:
Դավիթ Շահնազարյանն էլ ինձ օգնեց հաղթահարելու նեղացվածությունը Լևոն Տեր-Պետրոսյանի, անգամ նրա տեքստերի նկատմամբ. որոշել էի՝ չեմ կարդալու և վերջ… Դավիթը Լևոն Տեր-Պետրոսյանի տեքստային քաղաքագիտական վերջին հրապարակման մեկնաբանությամբ օգնեց այդ տաբուն էլ հաղթահարել: Նույնը առաջարկում եմ ձեզ անել: Սրանով 2015-ի ապրիլը ավելի բազմազան կդառնա, ավելի տանելի…
Ահա, ես որոշել եմ Թբիլիսիում մեկընդմիշտ հաղթահարել իմ ու իմ կրտսեր եղբայր Առնոլդ Բլեյանի միջև առաջացած այս չգիտեմինչը, հատկապես, որ Առնոլդով շարունակում եմ հիանալ. իսկի Բլեյան չէ, նոր որակ է մեր հարաբերություններում… զարմանք առաջացնող նոր որակի Բլեյան, նոր խոսք Բլեյանների ինքնասիրահարված, ինքնահիացումը այդպես էլ չհաղթահարող բույլում: Առնոլդը բոլորիս հախից կգա ու ճիշտ կանի: Օգնենք Առնոլդին, ովքեր որևէ կարգի մուռ ունեն որևէ Բլեյանի վրա:
Լուսանկարները` Արմինե Թոփչյանի, Մարինե Մկրտչյանի