Սյուզի Մարգարյանի հետ երեկ դուրս ենք գալիս Սուրբ Երրորդություն եկեղեցուց, մեր ուսումնական նախագծից՝ ուսումնական օրացույցով որոշված իսկական, ամենուրբաթյա առավոտյան ժամերգությունից՝ Ստեղծումի օրը մեր առաջ փռված…
Ու կարճատև քայլքում գծագրում ենք 2021-ի երկրորդ ուսումնական շրջանի՝ ամենասեբաստացիական հունվարի «Հոգևոր Հայաստան» ուսումնական նախագծի ճամբարային կազմակերպումը… Ավելացրեք սրան երեկվա մեր պատարագում Սյուզիի-Լիլիթ Առաքելյանի խմբային կատարումը խորանի աջ բարձունքից, եկեղեցուց պիանոլա-երգեհոնով… Արգելքներ ենք հաղթահարում. մեր եկեղեցին է, ու մենք խոնարհ մեր աշխատանքով-ջանքով ուսումնահետազոտական լաբորատոր միջավայր ենք հաստատում եկեղեցում մեր, իրականացնում խմբային ուսումնահետազոտական գործունեություն կրթահամալիրի բանգլադեշի մեր հոգևոր կենտրոնում… Սյուզին երեկ, առավոտյան պատարագում իր երգով-դիրքով-ներշնչումով, ես՝ իմ քարոզով ուսումնական։ Կարդացեք որպես շարունակություն իմ ասելիքի… որ Առաւոտ լուսոյ-ի մեջ է… Շնորհակալ եմ Քոլեջի՝ ուսումնական պատարագի մասնակից խմբին, Մարիամին, Թամարին՝ իմ խոսքը ձայնագրելու, սղագրելու համար։
Կրթահամալիրում անհատը՝ մեծ, փոքր, տարիքը կարևոր չէ, սկսած երկու տարեկանից, որպես ինքնաբուխ գործունեություն, դրսևորում է իր լավագույն, աստվածատուր որակները։ Համաձայնեք, որ ստեղծումը արարչագործություն է, Արարչին վայել, նա է այդ շնորհով օժտել մեզ։
Դեկտեմբերի 10-ի մեր օրը ամբողջությամբ այդպիսի ստեղծում էր՝ իր ավարտով, եթե օրը ավարտ ունի ընդհանրապես։ Ստեղծումի վարպետ Աիդա Պետրոսյանի հիշատակի, ծննդյան փառաբանումի օրն էր, որպես ստեղծագործություն արդեն՝ ատամահատիկի տեսքով, և մայրիկություն անող (մայրիկությունը՝ որպես աշխատանք), ֆիզարձակուրդում գտնվող ուսուցիչները մեր ստեղծագործություն քոլեջի խնամված, ուրախ, խանդավառ, մի ուրիշ ոգևորող մթնոլորտում են։ Ստեղծագործություն էր ինքը՝ տոնը, արված համերաշխ աշխատանքով.ավելի դժվար է, չէ՞, երբ խմբով ես շաղախում, ընդ որում՝ էդպիսի մեծ խմբով, ինչպիսին է կրթահամալիրի ստեղծագործական հավաքը։ Այդպիսի ստեղծում կար երեկ՝ ամբողջ օրը։ Ես տեսա դա մեր Հյուսիսում, մեր մարզական պարապմունքների և մեր ընտրությամբ գործունեության հավաքում՝ Տաթև Աթոյանի, Քնարիկ Ներսիսյանի և նրանց ընկերների, Հասմիկ Մաթևոսյանի և Ջուլի Ղազարյանի օրինակով։ Վստահ եմ՝ այդպիսին կլինի նաև մեր այսօրը, մեր ամեն օրը։
Մենք գնում ենք դեպի մեր ուսումնական օրացույցով որոշված ստեղծումի ուսումնական շրջանը, մեր հեղինակային մանկավարժությամբ կազմակերպվող ամենասեբաստացիական հունվար։ Այդպիսին՝ ամենասեբաստացիական է նաև հունիսը։ Ես խոսում եմ հիմա հունվարի ուսումնական ճամբարների մասին։ Եվ որպեսզի իրավունք ունենամ ժամերգության ժամանակ խոսել այս մասին, ես ձեզնից ուղղակի պահանջում եմ, որ հանդես գաք ձեր ամբողջ ստեղծումի ուժով, մեր ամբողջ համերաշխությամբ, բոլոր կապերով, ձեր ստեղծածով։ Նախ՝ անդրադարձ կատարեք և տեսեք, թե ինչ հարուստ մի պաշար է հավաքվել. մեր կայքը, ձեր բլոգները այդ հնարավորությունը տալիս են։ Եվ պարտավորեցնում է ձեզ այն վիճակը, որում հայտնվել ենք մենք. Հայաստան աշխարհը, Արցախ աշխարհը պահանջ ունեն «Լույս զվարթ ու գերազանցիկ»-ի, ինչպես իմ գիրն եմ վերնագրել։ Մենք պետք է այդ լույսը հասցնենք հիմա, որովհետև յուրաքանչյուրը դրա կարիքն ունի։
Ատամհատիկի ծեսից մնաց մեր աղջիկ-մայրիկներից Զեյնալյան Շողիկը՝ իր զինվորական ամուսնու, իր հայրիկի հետ, ընտանիքով, երկու երեխաներով։ Նրա զինվորական ամուսինը վերջում հուզված ինձ մոտեցավ, ինձ շնորհակալություն հայտնեց։ Որպես խնդրանք փոխանցեց, որը հիմա՝ այս աղոթքի պահին, ես փոխանցում եմ ձեզ՝ յուրաքանչյուրիդ. ասաց՝ շատ ճիշտ ենք անում, որ էս լույսը, էս ուրախությունը կազմակերպել ենք, փոխանցում ենք որպես հույս։ Չի կարելի ասել, թե իբր Աստված է արել՝ թող ինքն էլ շուտ կարգի բերի․․․ Չէ՞ մեր չարածն է, մեր վատ արածն է, մեր՝ նշանակում է մեր հարազատների, մեր ծնողների չարածը։
Բարի օր, բարի առավոտ, ստեղծումի հունվա՛ր, ընդառաջ Նոր տարուն, ընկերներ, իսկական, ինքնավստահ, կարո՞ղ եմ էսպիսի ուժով դիմել, որպես ձեր տիար։ Կարո՛ղ եմ, դիմում եմ։ Շնորհակալ եմ օրվա համար։
Այս գիրն էլ նվիրում եմ ինը տարեկան դարձած իմ որդուն, որ երեկ հպարտանում էր, որ իրենից գոհ են և՛ բոլոր ուսուցիչները, և՛ իր բոլոր դասընկերները, իր քույրիկները…
– Դավթի հայրիկն ու մայրիկն էլ, մեր բոլոր հարազատներն էլ,-ավելացնում ենք ես ու Արմինեն։
Այսպիսի գոհություն։
Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելոյ
Գտող զիս արա:
#1927