Հրազդա՛ն, դո՛ւ ես իմ այսուհետև նազելի՛ բնակարան: 

Մարտի այս օրերը՝ փնջով-շաբաթով, Անառակ որդու կիրակիով, անգամ անձեռնմխելի թվացող  մարտի 8-ով, տոնական եղան ինձ համար, նոր-հին նախագծերի, գործերի խաչման, մենթորական աշխատանքի ընդարձակման, «Գագարին» պրոյեկտին իմ մասնակցության ձևի որոշակիացման շրջան։ 

Հրազդան-Սևան միջհամայնքային ճանապարհով, Հրազդան գետի ընդարձակ հովտով վեր ու վար արեցինք երեկ նախագծային խմբով. այցը Վարսեր, Գեղամավան, Ծաղկունք, Դդմաշեն, Զովասար գյուղեր, երբ մեկը ավարտվում է, մյուսը՝ սկսում, աշխատանքային-ճանաչողական է։ Վստահ եմ, որ սեբաստացի տասնյակ ու տասնյակ մանկավարժական աշխատողների համար մանկավարժության նորարարության, հեղինակային փորձի փոխանցման հայրենագիտական գոտի կազմող գյուղերն այս՝ իրենց մարդկանցով-դպրոցներով-պարտեզներով, ոգևորումի շատ պահեր, ինքնարտահայտման, հայրենիի համար դժվար, մեր անձի համար շփոթի շրջանը հաղթահարելու հնարավորություն կդառնան։ Օգտվեք լիուլի, սեբաստացինե՛ր բոլոր կարգի, սեբաստացի կրթական համայնք, հատկապես, որ Սևան քաղաքը, այդպես է ստացվում, դառնում է Բլեյան բաց ցանցով կրթահամալիրի Բանգլադեշից դուրս առաջին հանգույցը որպես հեղինակային-հանրային դպրոց-պարտեզ։ Ճանաչեք այս ճանապարհը Զանգու գետի հովիտով, Սևան քաղաքից ցանցային աշխատանքային գործուղում գնալիս կամ վերադառնալիս․․․ 

Մենք՝ ընտանիքով, Շուշան Բլեյանն էլ մեզ հետ, իհարկե, այսօր շարունակում ենք Սևանով մեր ճանապարհը դեպի Արտանիշ, «Դար» հիմնադրամի, Գագարին պրոյեկտի հիմնադիր-ղեկավար Արսեն Աղաջանյանի հավաքին մասնակցելու․․․ Հրազդան գետի մի տուտից մի տուտ՝ Սևան ակունքից Արաքս գետաբերան 141 կմ ճանապարհը Զանգու-Հրազդանի հունով քայլքով անցնելու, ձեզ փոխանցելու իմ ուխտը այնքա՜ն տեսանելի-մոտ թվաց Զովաբեր գյուղի Հրազդան գետի կամրջից․․․ Զովաբերը՝ իր լանջապատ անասֆալտ շրջակա միջավայրով, տպավորիչ ծառաշարքերով բարձր, դպրոցի հարևանությամբ գտնվող-կանչող կացարանով նախշազարդ, Դդմաշենը՝ իր յոթերորդ դարի եկեղեցով, ձգող հուշարձան-գերեզմանոց բլուրով, հինգ աղջկա հարևան գյուղեր հարս ճամփած մեր նոր ընկեր սևանցի Արմենի հորաքրոջ բաց դռներով, հարազատ Ծաղկունքը՝ իր նոր մուտքով, Գեղամավանը՝ իր յոթնապատիկ խոցված եկեղեցով, Վարսերը՝ իր խնամված-ուրախ-լուսավոր Էրիկենց տնով, Սևանի թերակղզին՝ իր Հակոբի մոտի համով սեղանով, մեզ գործընկեր դարձած Արա Երվանդյանը՝ իր հոգատարությամբ, մարդիկ ու էլի մարդիկ, ծանոթ-անծանոթ, այս աշխատանքային այցով յուրային դարձած, բոլոր գյուղերն իրենց տիպային նորոգ դպրոցներով-մանկապարտեզներով, բազում խնդիրներով․․․ մերը դարձած․․․ 

Կհանդիպենք անշուշտ, էլի ու էլի․․․ Եվ կարևորը՝ Արսեն Աղաջանյանը նաև հավատավոր բնապահպան է։ Հայաստանի համար շրջադարձային այս փուլում բնապահպանությունը, ինչպես խաղաղարարությունը-ազատարարությունն ու ստեղծականությունը, մեր գոյի-ինքնության-լինելիության նոր ճանապարհի կողմնացույց-ուղեցույց է, վահան որպես․․․ Հրազդանով Ամուլսար-Սևան մոտենալու համար, Գագարին պրոյեկտով, թե Բլեյան ցանցով։ 

Ճամփորդություններն այսպիսի՝ մեր երեկվա Հրազդան-Սևան միջհամայնքային-աշխատանքային, թե երեկ չէ առաջին օրվա Գառնի-Հավուց թառով, իրար հետ լինելու, օրը նվեր դարձնելու անփոխարինելի միջոց են։ 

Մի՛ երկմտեք՝ քայլեք հայրենիով․․․
Արմինե Թոփչյանն ու Դավիթ Քոչունցը լիուլի կլրացնեն իմ պատումն իրենց լուսանկարներով… 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Տարեմուտի խոստովանություն… խոշորացույցով…

Եթե իմ սիրելի Մարինե Ամիրջանյանի խմբագրած «Խոշորացույցով» նայենք, մեր Արևելյան դպրոցի Նատալի Նահապետյանի ամենամեծ ձեռքբերումը 2016-ին այն է, որ «Ես սովորել եմ լողալ մեջքի վրա»: «Խոշորացույց»-ի «Տարեմուտի խոստովանությունը» կարդացվում է… Կարո՞ղ

Եթե մարդկանց ու կենդանիների տեղերը փոխվեին…

Ինչպիսի՞ն կլինի աշխարհը մեզ շրջապատող, եթե մարդիկ ու կենդանիները մի պահ փոխվեին տեղերով. ահա մի քանի նկարազարդում…. Իսկ իմ ավագ քույր Նեկտարը, ինչպես մոմ, իմ աչքի առաջ խլսում է… լույս տալով…

Օր է՝ իր թարսով, գիրն էլ՝ նրա պես․․․ նրա հետևից․․․

Սա երկու օր իր գրին սպասող պատումի, համառորեն, այս անգամ դեպի բաղձալի 1500-րդը, ինչպես սառցե-ձյունե այս բարձունքը նվաճող արջուկը, վերնագիր է․․․ առաջին տողը իմ պատումի-գրի․․․ Իրականում ինձ հասած-խոցած հիվանդությունը իմ