Հայկ Բիանջյանը՝ հայտնի լուսանկարիչ, սեբաստացի Հարությունի հայրիկը, մեր լավ գործընկերը «Դար» հիմնադրամից, ոգևորված պատմում էր մայիսի 8-ին սկսած Հրազդան գետի մաքրումը Դդմաշենի գյուղի կամրջի մոտ շարունակելու մասին, սովորողների հետ․․․
Ոգևորված էր այդ հետևողականությունից և Դդմաշեն գյուղի դպրոցի տնօրեն Սեդրակ Գալստյանը, երբ շաբաթ օրը մի նախագծային խմբով Գագարին պրոյեկտի գյուղերում՝ Զովաբերում, Դդմաշենում, տնօրենին և ուսուցիչներին ներկայացնում էինք ամառային ճամբարի նախագիծը․․․ Շաբաթ օրը Դդմաշեն-Ծաղկունք մուտքի-ելքի բարձունքից, մի կողմում՝ նշանավոր հուշարձան դարձած ավազահանքը, մյուսում՝ Հրազդանի հովիտը, սեբաստացի ուսուցիչների խմբով մենք էլ նույն մտածումին էինք՝ մայիսի 8-ից սկսած՝ դդմաշենցի, սեբաստացի պատանիներով-մանկավարժներով, գյուղապետով, քանի՜ տարվա աղբի շերտերից լանջերի ամբողջական աղբամաքրումի մասին․․․ Գործը մեր նախաձեռնած կիսատ հո չե՞նք թողնելու․․․
Հայկ Բիանջյանի հետ առաջարկում ենք Գագարին պրոյեկտով, բնակավայրերով տարածքներով մեկ մաքրումի-ծաղկումի-շենացումի կետերում տեղադրել-ծածանել Գագարին պրոյեկտի դրոշներ-ձողեր․․․ Հայկը առաջին ձողը ուզում է տնկել Դդմաշենի կամրջի մոտ՝ աղբից ամբողջովին մաքրած ջրի կանաչ հատվածում․․․ Հաջորդն, իհարկե, կծածանվի Ծաղկունք-Դդմաշենի ելք-մուտքին․․․
Երրորդի հայտը ներկայացրել է Վարսեր գյուղի պատանիների նախագծային խումբը, որ դպրոցի քանի՜ տարի պահեստի-խորդանոցի վերածած լողավազանի մաքրումը մայիսի 8-ին սկսած, եղել է մեկ օրով Բլեյանի դպրոցում, լողացել սեբաստացիների կառուցած ծածկած լողավազանում, վայելել սեբաստացի կրթական պարտեզի ազատությունն ու ստեղծականությունը, որոշել շարունակել սկսած գործը (հո կիսատ չե՞ն թողնի), բայց ամբողջական՝ ստեղծելով իրենց բնակավայրի կրթական պարտեզ-դպրոցը՝ լողավազանով, մարզադաշտով, տեխնոլոգիայի կենտրոնով․․․ Բաց, կանաչ, խնամվող աշխարհ․․․ Մենք կաջակցենք հունիսից գործող աշխատանքային ջոկատ-ճամբարին․․․
Արձագանքե՛ք, պրոյեկտի մասնակիցներ․․․
Լուսանկարում ես եմ, Դդմաշենից վերև, Ծաղկունքի ճանապարհին, Զանգվի ձորում-ջրում՝ Վարդան Կարապետյանի, Իվետայի առաջին հնարած գյոլում․․․ լազաթի մեջ․․․ Մանկավարժության մեջ հաստատ չի կարելի ասել բաներ, որ ինքդ չես անում, չես անի․․․ Հրազդանի ափերին ստեղծվող ամառային ուսումնական ճամբարների առաջին պայմանը մասնակիցների ստեղծած գյոլերն են հանրային, որպես լողափեր, դրանցում յուրաքանչյուր ճամբարականի լողալը․․․ Հա, ինքնաշեն, վռազ-վռազ (մեզ Մեծեփ սարն ու Մաշտոցներն էին սպասում, Իվետ Ջանազյանից պրծում չկար), բայց գյոլը կա, ու ջրում Զանգվի 2021-ի մայիսի 22-ին տիար-մենթորն է, վայելքի մեջ, ոնց որ մոր փորում․․․
Վստահ եմ, որպես մեր գործընկերության արդյունք՝ ձողով դրոշի ծածանման հեղինակային տարածքն է մտմտում Զովաբերի տնօրեն Զոհրակը, իր ընկերների հետ․․․
Լա՜վ էստաֆետը եկավ իմ գիր, Հարությունի՛ հայրիկ․․․ Հեռախոսազրույց եմ ասել․․․ Մեր Գագարին պրոյեկտով դրոշների փոխանցման ամառ․․․
#2068