Օրեր առաջ մեր մանկավարժության էսկադրիլիան*՝ դրոնը, ջախջախվեց Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնի ծրագրով փորձարկումների ժամանակ… Տարբեր վարկածներ են շրջում… Հակառակորդ-հակահեղափոխականը ձեռքերը ծալած չի նստել և այս ձևով փորձում է միջազգային ամենամյա իրարանցման դեմն առնել, թույլ չտալ նրա մուտքը կրթահամալիրի Բանգլադեշ, հնարավոր բոլոր զարգացումներով… Սադրանք է՝ հայ-ադրբեջանական հաշտեցումը տարիներով հետ շպրտելուն ուղղված… Հայաստանի զինված ուժերը, գերագույն հրամանատար Նիկոլ Փաշինյանը նման դիվերսիա չեն հանդուրժի, արժանի հակահարված կհասցնեն… Սեբաստացի TV-ի ղեկավար Անի Սարգսյանը պահանջում է տիարից անհապաղ փոխհատուցում որակյալ նոր ֆոտոխցիկի տեսքով…

Նառա Նիկողոսյանը՝ փեսամոր նրբազգացումով, հարսանյաց փաթեթով Արևելք-Հյուսիս հաշտության պայմանագիրը Սմբատի և Սեդայի ամուսնության առիթով կնքած, սպառնում է առ ոչինչ հայտարարել, հարաժարվում է Արատեսի հարսանյաց թափորին որևէ կարգավիճակով մասնակցելուց… Տիարը, հիմնավոր կասկածներ ունի, որ Սյուզի Մարգարյանը ամառային շփոթի ստեղծման մանրակրկիտ ծրագիր է սրանով սկսում իրականացնել…

Նախահարսանեկան:
Լուսանկարները՝ Տաթև Աթոյանի:

Էդմոն Փաշինյանը, վերահաստատելով, որ չունի անգամ հեռավոր ազգակցական կապ վարչապետի հետ, անցնում է Սյուզիի գլխավորած հակահեղափոխության կողմն ու պահանջում հաշված ժամերի ընթացքում հավաքել բոլոր ճամբարային վրաններն Արևմուտքից, իբր թե կանաչ ծածկերը շոգի պատճառով չեն հասցնում վերականգնել…

Սենսեյ Հայկուհին իր ճամբարական դարձած էկոզինվորներով հրապարակում է «Կանաչ ծածկը հենց խաղալու համար է» կարգախոսը. չեն վախեցնում ո՛չ միայն հնարավոր սովից կատաղության հասցրած ձիերը-պոնիները, և ո՛չ էլ շշուկով համառորեն տարածվող լուրերը՝ ագարակում թաքցրած փղերի մասին… Էդմոնը որպես փոխզիջում պահանջում է շուտափույթ երկու մեքենա թեփ ու 100 խուրձ խոտ… Ձիերը մեր ուսումնական ագարակում կուշտ, ակտիվ ամառ պիտի անցկացնեն՝ սպասարկելով տասնյակ ուսումնական ճամբարների։

Սմբատ փեսան հարսանյաց ազգային խաղերի անվան ներքո սկսում է 4-5-րդ դասարանցիների զորավարժություններ, շուտափույթ փեսացուներ պատրաստում… Հյուսիսի գեղարվեստում «Հարսնացուների շքերթ» նախագիծն են դեմ տվել սրան՝ «Քանդակների հարսանիքից» առաջ։  Մարթա Ասատրյանը Միքայել Ղազարյանի աջակցությամբ, 9-րդցիների ռազմամարզական հավաք-ստուգատեսն է սկսում Սևանի «Ժայռում»… Լուսինե Բուշը Գոհար Եղոյանի աջակցությամբ միջին դպրոցի արշավախմբով խոստանում է շարունակել Սևանի զորավարժությունները…

ՀՀ պաշտպանության նախարարության՝ սեբաստացի ասպետներին Արցախ անվտանգ տեղափոխման մերժումը ասպետները դիտում են որպես թշնամու ջաղացին ջուր լցնելու պես մի բան ու հայտարարում ոտքով իրենց հասակակիցների մոտ ռազմարզական ճամբար ճանապարհ ընկնելու մասին…

Արտակարգ իրավիճակների նախարարությունը Մենուայի առաջնորդությամբ շուտափույթ ավարտում է Արատեսի վրանային ճամբարի տեղադրումը…

Քաղաքային թափառումներ:
Լուսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի:

Շտապ Փարիզից ետ են կանչվում Աննա Երիցյան-Կարինե Թևոսյանի առաջապահ գունդը, Թավրիզից՝ Դիանա Նազարյանի-Վարդան Կարապետյանի հետախուզական վաշտը սեբաստացիների… «Սեբաստացիներ» երգչախումբը սպառնում է Վրաստանի Հանրապետության օրվա առիթով իր ելույթով…

Ես ու Գևորգ Հակոբյանն էլ նույն երազն ենք տեսել, որը հենց հիմա նա պատմում է. «Մեկը երազում տեսել էր, որ Ամերիկան գրավել էր Հայաստանը, ու առավոտը շուտ ցույց էր կազմակերպել ԱՄՆ դեսպանատան առաջ հանուն Հայաստանի ազատության»։ Եվ իմ գիրը այս պայմաններում չի կարող չդառնալ արտակարգ իրավիճակների թեժ գիծ…

Ֆոտոխմբագիր՝ Արև Բալջյան
#1681

* Էսկադիլիա՝ ռազմական կազմավորում, հիմնական մարտավարական ավիացիոն (հրթիռային) ստորաբաժանում կամ զորամաս (առանձին էսկադրիլիա) պետության զինված ուժերում…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մինչև համերգը… համերգին… համերգից հետո…

Համերգը չի ավարտվում… Հատկապես, որ համերգից շատ հետո, իրիկունը ուշ, երբ Արմինեն ավարտել է սովորողների ծնողների հետ հանդիպումը Արևմուտքի դպրոցում (պատմեց ու  մի համերգ թվաց), երբ Դավիթ Բլեյանն իր մարզիչ

Ապաֆետիշացնող տարի դարձնենք 2015-ը

Ճրագալույցի պատարագն ավարտվեց. Քրիստոս ծնաւ և յայտնեցավ, մեզ և ձեզ մեծ աւետիս... Այսօր տօն է սուրբ ծննդեան, աւետիս, Տեառն մերոյ եւ յայտնութեան, աւետիս, Այսօր արեւն արդարութեան, աւետիս, Երեւեցաւ ի մէջ մարդկան,

Նոր տարին առանց մեր ներս ու դուրսն ավերողի

— Թուրք են, քաղաքը ստահակների ձեռքում է հայտնվել… Ինձ անծանոթ մտավորական կին երևանցին անզորությունից հայհոյում է… Սա երևանցիների արձագանքն է Արամի փողոցում կատարվածին. երևանցուն քաջ հայտնի 1in.am-ի եթերում հարգված-ճանաչված երևանցիներ գրող-հրապարակախոս