Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա ի մեզ, Տէր,
եւ զգործս ձեռաց մերոց յաջողեա ի մեզ: Ամէն:
Ամբողջ հունիս-հուլիսը… մինչև Սեյրան Ավագյանի ծննդյան օրը՝ 27-ը հուլիսի, որ Սեյրանի մաեստրո-ընկեր Հարություն Թոփիկյանի նախաձեռնությամբ կրթահամալիրում՝ Մարմարյա սրահում տոնելու ենք որպես Սեյրանի օր, մենք գործում-ապրում ենք ճամբարային կյանքով… Ու իմ շուրջ կատարվող դեռ անշարժ մնացածին ես նայում եմ ճամբարային այս իրողության-իրականության զարգացման-կենդանացման մեջ…
Հարգելի տիար Բլեյան, մայիսի 30-ին Հառիճավանքում ուսուցչական երգչախումբը մասնակցում է հոգևոր երգերի փառատոնին, որը համակարգում է Անի Նավասարդյանը։
Արմինե Թոփչյանի այս տեղեկացմանն ասում եմ՝ բարի է… Հառիճ, Անի Նավասարդյան, փառատոն… Իհարկե… Սա Կոմիտասին վայել երրորդություն է, որը մեր մասնակցությամբ, «Սեբաստացիներ» երգչախմբով, հաստատում ենք… Այո՛։
Սենսեյ Հայկուհի, Շողիկ Զեյնալյան, սիրելինե՛ր, ա՛յ, սա ճամբարային նախագիծ է… Գիշերով, գրով իմ, հաճույքով արտագրեմ-համառոտեմ՝
Մասնակիցներ՝ 4-րդ, 5-րդ դասարանցիներ։ Ժամանակը՝ 27 մայիսի-10 հունիսի։ Դպրոցը՝ Հյուսիսային։ Նպատակը՝ զարգացնել շրջապատը հետազոտելու, խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողություններ… Խնդիրները՝ երկրագործական հմտությունների ձեռքբերում… Ընթացքը՝ … կշռում են 1մ քառ․ մակերեսից հնձած խոտը, հաշվում, թե 1մ քառակասու համար քանի խորանարդ ջուր է հարկավոր… Արդյունքը ներկայացնում են էլեկտրոնային խնդրագրքի ստեղծմամբ…
Իմ դիտարկումները, հիացումը հայտնեմ… Էս Հյուսիսի պարտիզպան քամին ո՞նց հայտնվի մյուս կողմերում կրթահամալիրի բանգլադեշի… Իսկ ես հարցեր ունեմ։ Ի՞նչ է լինելու հունիսի 7-ից հետո…
Աստղիկաշարքը՝ Աշոտ Բլեյանի ֆոտոխցիկից:
Արևելքից եկած այսպիսի ճամբարային նախագիծը իմ սրտին կպավ, ճամփորդության վայրի, մասնակիցների, նպատակի, պատասխանատուների միավորմամբ՝ որպես համակարգչային տեքստ… Արևելյան դպրոցի երրորդ դասարանցիները Ապարանի ջրամբարի եզրով քայլում են դեպի 5-րդ դարի Թուխ Մանուկ եկեղեցի և Սուրբ Վարդան մատուռ՝ իրականացնելու «Համբարձման ծեսն Ապարանում», էկոհայրենագիտության ջոկատի հետ, Հռիփսիմե Առաքելյան, Անահիտ Հարությունյան, Իվետա Ջանազան…
Ավագ-միջին դպրոցների պարսկերենի ակումբի հայրենագիտական այս նախագիծը՝ կրթական փոխանակումներով Մեղրիի պարսկերեն լեզվի կենտրոնի հետ, ինձ ներշնչեց… Հետևում եմ, մենակ չեմ թողնի, կաջակցնեմ… Դիանա Նազարյան, Վարդան Կարապետյան ու ընկերներ…
Բաց չեմ թողնում իմ հայտերով լեցուն էլ. փոստից միջին դպրոցի Հասմիկ Թոփչյանի հեծանվային հայտը… Գալու եմ ձեր ետևից, իմ հեծանվով, Արմինե Թոփչյանի հետ՝ ձեր մաքրած աշխարհը նկարեմ…
Ամառային հավեսի-թաց ճամբարը Արևմտյան լողափում:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:
Հարավում, նրա ճամբարի առաջին օրվա ֆոտոպատումն ու… պարերգի ուսուցումը շանթեց…
Իսկ Աշոտ Տիգրանյանի սպասելիքն այս՝ 2019-2020 ուստարում 10-րդ դասարանում հնագիտության, ազգաբանության, մշակութաբանության, մարդաբանության դասընթացի վարում ԵՊՀ պատմության ֆակուլտետի մասնագետների կողմից, ես Ռոդարիի մեթոդով դարձնում եմ Ավագ դպրոցի մուտքի նոր ճամբարի հիմքը… Ի՞նչ կպատասխանեն Աշոտն ու իր հայագետ ակումբական սեբաստացիները՝ խորհրդակցելով հարյուրամյա ԵՊՀ-ի հետ, կիմանաք…
Ի դեպ, հայագիտության խորացված ուսուցման դասարանի ծնունդից էլ պատշաճ նվե՞ր մեզ, մեր մայր համալսարանի մեկդարյա գոյությանը… Ես իմ մանկավարժությունն սկսել եմ 1980-ին այսպիսի մուտքով… Պատմել եմ…
Հարգելի տիար Բլեյան, «Կանաչ լանջեր» նախագծի շրջանակում, այսօր մի փոքր հետաքննություն ենք կատարել Հյուսիսային դպրոց և Սարալանջ մտնող ոռոգման ջրի վերաբերյալ։ Կարող եք տեսնել տեսանյութում։ Ուզում ենք շտապ հ.76 մանկապարտեզի բակից խողովակով նոր ջրագիծ բերել Հյուսիսային դպրոց։ Ո՞ւմ պետք է դիմենք։
Սենսեյ Հայկուհուն պատասխանեմ, քանզի այսպիսի տեսանյութ իմ գիտակից բանգլադեշյան 35-ամյա կյանքում Սենսեյն է հրամցնում, որպես ոչ միայն ճամբարային կյանքի թիվ մեկ խնդիր, այլև մայրաքաղաքային… Ու ես դիմում եմ մայրաքաղաքում հողիս սեփականատեր Երևան համայնքին, ազգընտիր ավագանուն և քաղաքապետին… Փոխանակ ուսումնական հաստատություններին նպատակային օգտագործման հանձնված հողատարածքների ոռոգման հուսալի համակարգի-ռեժիմի հաստատմանը գործուն աջակցելու, փոխանակ գործուն վերահսկողություն սահմանելու, որ նպատակային օգտագործման հանձնված հողը նպատակին՝ այգի, պուրակ, խաղահրապարակ, անցում ծառայի, տեսեք, քանի՜ տարի միայն Բանգլադեշում քանի՜ հա հողատարածք է մարդուց օտարվել-անապատանում… Սրա դեմ, սրա համար մնում է Սենսեյ Հայկուհու, Շողիկի ճանապարհը, որ քաղաքացիների՝ սովորող-ուսուցիչների նախագծային խումբը, որպես քաղաքային համայնք, առաջ գա… Եվ շրջակա միջավայրի միջազգային օրը՝ հունիսի 5-ը ճամբարային, սրա համար էլ ստեղծված է…
Ավելի լավ հնարավո՞ր էր նշել Հանրապետության օրը, քան իմ սքանչելի քրոջ՝ Բլեյան Ռուզանի՝ իմ ավագ եղբայր Էդվարդ Բլեյանի ավագ թոռնուհու, ավագ որդի Թաթոսի աղջկա, իմ կրտսեր եղբայր Բլեյան Արամի քրոջ ու իր ընտրյալ Սերգեյ Հովհաննիսյանի որոշածն էր… Թող ընթերցողը դատի: Ես ու Դավիթ Բլեյանը մի խումբ Բլեյան ներկայացուցիչների շարքում մասնակցեցինք Ռուզանի-Սերգեյի ամուսնական մատանիների փոխանակմանն ու ամուսնության կողմերի իրավահավասար կլոր սեղանին…
Քույր Աստղիկի և Դավիթ եղբոր ընկերությունը:
Լուսանկարները՝ մայրիկ Արմինե Աբրահամյանի:
Այսպիսի պարզ-ընդունելի-նպատակային նախահարսանիք՝ հունիսի 5-ին Գեղարդավանքում նշանակած պսակի խորհրդից՝ հարսանիքից առաջ։ Ասենք շնորհավոր, Հանրապետությո՜ւն։
Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1672