Երբ տարիներ առաջ թափով սկսեց Ծովակալ Իսակովի և Լենինգրադյանի փողոցները կապող, այսօր Մոնթե Մելքոնյան անունով, արագընթաց ճանապարհի շինարարությունը, արդի շինարարական տեխնիկան մտավ Երևանի Դալմայի նշանավոր պատմական այգիներ, ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ… գնացքների սուլոցի ձայնը ընկավ ականջս, ինչպես Թումանյան Հովհաննեսի «Երկաթուղու շինությունը» պատմվածքում, երբ գնացքը մտավ Դեբեդի կիրճ … Հասկանալի էր ինձ, որ սրանով՝ ճանապարհով, ազդանշան է տրվում Դալմայի՝ չձևակերպված կարգավիճակով-սահմաններով, հեղհեղուկ-անհասկանալի ներկայով ու մշուշոտ, անհեռանկար ապագայով այգու սողացող յուրացման՝ ոչնչացման… Շաբաթներ առաջ ֆանֆարներով*, TV-ների ու պաշտոնական ներկայությամբ ազդարարվեց «Վերածնունդ» անունով բնակելի թաղամասի շինարարության մեկնարկը, իսկ հայտնի երևանագետ-զբոսավար Սերգո Տոնոյանը դեռ 2017-ի խոսակցության նյութ դարձրած «Հայկական գյուղ» ծրագրին իր «Քաղաքագիւղն յԵրեւան» անունով արձագանքն է ֆեյսբուքյան էջ բերում։ Դալմայի ճակատագրով փնտրտուքը ֆեյսբուքից տանում է 2011-2013թթ անցյալ՝ «Նոյլենդ» կոչվող ծրագիր, չորս կրոնների տաճարներով զբոսաշրջիկներին Երևան բերելու, երբ փետրվարից մեծ թափով Դալմայի այգիներում 6,7 հա հողատարածք ընդգրկող «Վերածնունդ» ծրագրով, 28 հա տարածքի վրա «Պարկ գրուպ» ժամանցի-զվարճանքի կենտրոնի շինարարություններն են տեր-տիրակալը… Մի հռնդյո՜ւն են կապել… Դալմայից ի՞նչ կմնա։ Այս ամենից միայն ապուշը ինձ նման անհուսությունից, մահախոսական, թե եղեգնյա գրչով պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր կերգի իր գիր-պատումում. պարզ է՝ մեր Դալմայի բանը բուրդ է, մեր ձեռից գնում է, ու ահավոր բան մը այնտեղ կը կատարուի մութին մէջ՝ քաղաքաշինական անդրկուլիսյան քննարկումներում, կառավարությունում, թե քաղաքապետարանում:
Լավ է, իհարկե, որ Արմինե Թոփչյանի նախաձեռնությամբ, իմ ու Սերգո Տոնոյանի ուղեկցությամբ այսօր մի միկրոավտոբուս երևանցիներով պատվելի՝ կրթահամալիրի երկարացված օրվա ճամբարի կազմակերպիչներով, կլինենք տեղում։ Սպասեք լուսա-պատումներին, տեսաձայնագրություններին սեբաստացի աղջիկների խանդավառ, բայց… Դալման ինձ համար Ամուլսարի հնչողություն ունի, պիտի ունենա յուրաքանչյուրի համար, եթե մայրաքաղաքը մոտակա ապագայում դիտարկում ենք առողջ բնակավայր հայոց… Արմինե Թոփչյանի այս փաթեթին ծանոթացեք, լրացրեք, բացահայտ դարձրեք, մութից բերեք լույսի տակ Դալմայի գործարքները…
Աստղափայլ շարքը՝ Արմինե Աբրահամյանի:
Երևան՝ Հայաստանը կլանող վիշապի դեմը 2018-ի ապրիլից սկիզբ առած հուսառատ ալիքը, տեսեք, չառավ, Դալմա չհասավ… ծրագրերի անունները փոխվեցին, կփոխվեն, բայց հանրապետությունը դատարկող ամենակուլ վիշապի երախում հիմա Դալման է, Երևանի կանաչ միջուկը, Երևանի՝ քիչ մնացած, վերջին թոքերից եզակին։ Թվում էր, թե սա առաջնահերթություն էր համազգային փոփոխությունների օրակարգում, հանրապետության համաչափ զարգացումը պիտի իրավիճակ փոխեր, նորը հաստատեր, այնպիսին, որ «Վերածնունդ» բնակարանաշինական ու ««Պարկ գրուպ» ժամանցի-զվարճանքի կենտրոնի կառուցումները կարվեին Երևանից դուրս, օրինակ՝ Էջմիածնին, Աշտարակին հարակից ընդարձակ, ոչ գյուղատնտեսական հողերում… Թվում էր՝ պարսպապատ, տարիներով մարդուց-մայրաքաղաքից օտարված նախկին արտադրական հանգույցների հսկայական տարածքնե՛րը պիտի Երևանում դառնային քաղաքաշինական նոր ծրագրերի հասցեներ, և ոչ թե Դալման՝ որպես առավելագույն պաշտպանված անձեռնմխելի տարածք, իր բնական սահմաններով պարփակված՝ Լենինգրադյան, Սեբաստիա, Ծիծեռնակաբերդի խճուղի, Ծովակալ Իսակով, Կիլիկիա ու Արարատյան զանգված, Մալաթիա թաղամասով… Թվում էր՝ հանրային քննարկման առարկա պիտի լիներ ամբողջական Դալման՝ որպես հանրային հատուկ այգի՝ իր ազգագրությամբ, իր երկրագործությամբ, պտուղների ու գինու համտեսով։
Քայլք Դալմայի այգիներով:
Լուսանկարները՝ Քնարիկ Մելքոնյանի:
Կարող ենք, չէ՞, մեր տեսադաշտ, մեր քաղաքացիական աշխատանք բերել Դալման՝ սողացող, սրանով անխուսափելի կորստի ճիրաններից ազատելով այն։ Կարող է, չէ՞, Երևանը այսպիսի թոք, ոչ հիշողություն, ունենալ՝ Դալմայի այգի՝ ոչ պատմական, իրական…
Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1655
* Ֆանֆար — 1. Փողային պղնձե երաժշտական գործիք: 2. Այդ գործիքով տրվող ազդանշան: 3. (երաժշտություն) Այդ գործիքով նվագվող հանդիսավոր ու մարտաշունչ երաժշտական հատված՝ ֆրազ: