«Շատ լավ»-ը ցանկություն է… Որպես գնահատական ոչ միայն չեմ օգտագործում, այլև տիարի իրավունքով թույլ չեմ տալիս գործածել։ Մեզանում լա՜վ-ը արդեն լավ է, հատկապես որ լավ-եր են, լավ-ը շատ է։ Լավ է հոկտեմբերի ավարտին, ու ավելի լավ կլինի նոյեմբերին, որ իմ ամիսն է․․․
Մեծ թվով ուսուցիչներ օգտվեցին ամենամյա արձակուրդը ազատ տնօրինելու կրթահամալիրում հաստատված իրավունքից և մանկավարժական աշնանային ճամբարի օրերը սովորողների արձակուրդային շրջանում դարձրին ոչ աշխատանքային․․․ Այսպիսով, մանկավարժական աշխատողի սեպտեմբերից-սեպտեմբեր արձակուրդի՝ աշխատողի հայեցողությամբ տնօրինումը իրողություն է, գործում է… Լավ է։ Հավելյալ դժվարություն է ստեղծվում դպրոցի ղեկավարի, գրասենյակի համար, բայց կրթահամալիրով մեկ է, աշխատողի անհատական պլանի իրական գործիքի պայմաններում իրար փոխարինումը, նախագծերով ուսուցումը ամեն կոնկրետ դեպքում լուծումների հնարավորությունը մեծացնում են։ Միևնույն ժամանակ, մանկավարժական ճամբարը անհատի, նախագծային իրական խմբի աշխատանքը կազմակերպելու ձև է դառնում՝ ազատ զանգվածային միջոցառման անհասցեականությունից, ժամանակի ծախսման անարդյունավետությունից․ քո աշխատանքի ժամանակն է, ինքդ էլ գործընկերներիդ հետ անաղմուկ տնօրինիր, ուրիշի համար չես անում, «ներկա» ստանում… Լավ է։
Մանկավարժների աշնանային ճամբար Հյուսիսում։
Լուսանկարները՝ Սեդա Վիրաբյանի։
Այսպիսով, փաստ է, որ կրթահամալիրի տնտեսության կառավարիչը Ռուբինյան Կարապետն է… Ես օգնում եմ Կարապետին ըստ հարկի, իսկ Կարապետն ավելի ու ավելի խորանում է մեր տնտեսության մեջ, գտնում լուծումներ, որ իմ մտքով չէին անցնում։ Լա՜վ է… Առայժմ դա չի վերաբերում Արատես դպրական կենտրոնին, հայտնի-հասկանալի վերապահումով, շինարարական-բարեկարգման աշխատանքների թափը նոյեմբերին կանգնեցնել-թուլացնել չի կարելի․ շուրջ տարի գործող դպրոց բնության գրկում ունենալու խոստման պայմանով Արատեսն էլ կրթահամալիրի տնտեսության անբաժանելի-օրգանական մասն է․․․
Այսպիսով, ես ավելի շատ ժամանակ եմ ունենում «Բլեյան կրթական ցանցով» զբաղվելու։ Վաղը ես աշխատանքային այցով լինելու եմ Գյումրիում, հանդիպումներ են նախատեսված Շիրակի մարզպետի ու Գյումրու քաղաքապետի հետ, ետդարձին՝ կտեսնեմ Ազատանի մեր գործընկերներին, հինգշաբթի «Գրական ակումբի» նախաձեռնությամբ ես կլինեմ Չանախչիում հին ու նոր, ուրբաթ կմասնակցեմ Շատինի կրթական ուխտին, շաբաթ նախատեսվում է անցումը Արտաբույնքի ձորով-Հորբատեղով-Սալիով-Քարագլուխ․․․Լա՜վ ուսումնական նախագծային շաբաթ է։
Երեկվա մանկավարժական ընդհանուր պարապմունքները շրջանառության մեջ դրին խաղողի-գինու-երկրագործության նվիրված նոր երգարանի, Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոնի ծիսական նոր բովանդակության կազմակերպման սկիզբը եղան․․․ Ամենուր խանդավառ էր։
Ծառատունկ Հյուսիսի 2-4 տարեկանների խմբում։
Կրթական մեր ծրագրի տարածումը-կազմակերպումը-փոխանցումը նաև ծիսական երգարանների մշակութային կտորների ձևով իրականություն դարձան․․․ Առաջնեկ «Հակաբացիլ Կոմիտաս»-ով տասը երգ, «Երևան ջան»-ը, «Հարսանեկան»-ը, «Ուսումնական ժամերգության շարակնոց»-ը, հիմա էլ՝ «Երկրագործի երգեր», «Գովք գինու-խաղողի-այգու»․․․ Երաժշտական մասը սրանց կրթահամալիրի ձայնադարանով, ուսումնական-նախագծային տեսաուսուցման նյութերով․․․ Լա՜վ է։
Դեկտեմբերին կրթական փոխանակումների նախագծով ուսուցիչների-սովորողների մեծ խմբով այցելության պատրաստության շրջանի սկիզբը հայտարարեցի ես վարչական խորհրդում․․․ Մենք Ստամբուլի «Կարագյոզյան» և «Կենտրոնական» վարժարանների հրավերներին ցուցաբերում ենք հատուկ խնամք․պատրաստվում ենք մեր ողջ կարողությամբ կրթական ծրագրի․․․ Լա՜վ է։
Երեկ զանգ եղավ ու խոսակցություն Իրանի մշակութային կենտրոնի հետ․ նոյեմբերի 5–10-ը կրթահամալիր կայցելի կենտրոնի նոր տնօրենը։ Պարսկերենի ու իրանական մշակույթի յուրացման ակումբային կազմակերպումը Դիանա Նազարյանի ջանքերով նկատելի է դառնում ոչ միայն մեզ․ իհարկե՛ լավ է։
Լավ է, որ իմ օրը լեցուն է շա՜տ «լավ»-երով։
Թթուդրիկ 2-4 տարեկանների խմբում։
Լուսանկարները՝ Սաթեն Գևորգյանի։
Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1480