Այսպես սկսեց իր այսօրը Դավիթը Բլեյան։

Առավոտը հարազատ է ինձ՝ և՛ երբ մինչև ժամը 8-ը հեծանվով եմ դուրս գալիս տանից, և՛ երբ Դավթի հետ 8։25-ից Խանջյան-Չայկովսկի անկյունից շարժվում ենք Բանգլադեշ կրթահամալիրյան թիվ 39՝ Հայկ վարորդի երթուղով՝ ճանապարհին հավաքելով մեզ սպասող սեբաստացիներին։

Նաև առավոտ մութուլուսն եմ սիրում իմ հրամանատարական վրանից, որ ամռան, հիմա էլ՝ աշնան արատեսյան-աշխատանքային դարձած իմ օրերին դիմավորում եմ Արատեսում Եղեգիսի․․․

Իմ օրագիրը նաև Դավթապատում է, ու դրա ընդհատումը ինձ մեղքի առաջ է կանգնեցնում․․․

— Դավիթ,- գրկում եմ մեր անկողնում քուն պահած Բլեյանին, ցնցուղի տակ տանում,- ինչո՞ւ չես պատմում քո երեկվա օրից, գործերից։ Ինչպե՞ս ընկերներիդ հետ կերակրեցիր մեր Ագարակի ձիերին, շներին, թռչուններին․․․
— Չե՛մ պատմի, էդ ամենը, ինչ եղել է, անցել է․․․ Դո՛ւ պատմի․․․
— Ի՞նչը պատմեմ,- օգնում եմ, որ աչքերը ավազանի մեջ բացող Դավիթը գիշերազգեստից ազատվի,- այն, որ չի՞ եղել․․․
— Հա, ինչո՞ւ մեր տան դռան ցուցանակը մինչև հիմա չես փոխում․․․
— Փոխեմ, ի՞նչ գրեմ, գրած է,- ինձ միամիտի տեղ եմ դնում․․․
— Գրի՝ Դավիթ Բլեյան Աշոտի․․․
Մեծ դադար եմ վերցնում, ցնցուղը միացնում․․․
— Հեսա Աստղիկը ծնվի, գրեմ՝ Դավիթ Բլեյան, Աստղիկ Բլեյան․․․
— Չէ՛, էս իմ տունն ա, ինքը աղջիկ ա, ես եմ քո ժառանգը. Դավիթ Բլեյան պիտի գրես․․․ Աշոտի․․․

Դավիթը Շառլի հրաժեշտի ազդեցությամբ, արդեն քանի՜ օր, իր գիշերային քուն տանող ընկղմումը սկսում է Ազնավուրի La bohème երգով․․․ Շատ պահպանողական մեր տղան, որին Բախից-Մոցարտից, այն էլ՝ իր ընտրած գործերից, չես շեղի, այսպիսի անվանական անցումներ ունենում է․․․ Ունեցավ, չէ՞, Տիգրան Համասյանի շրջան․․․

Դավթի նկարաշարը՝ Լուսինե Փաշայանի:

Իմ այս շաբաթը զարդարում են հոկտեմբերի 22-ից սկսվող նախագծերով ուսուցմամբ շաբաթվա պատրաստությունները․․․ Կրթական պարտեզի մեծ սարալանջին Արման-Էդվարդ աշխատողների մշտական ներկայությանը կգումարվի պատանիների աշխատանքային ջոկատը․․․ Բարո՜վ։

Կրթական պարտեզի սարալանջն՝ առավոտյան: Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Նոյեմբեր ամսվա օրացույցում «Սեբաստացիների օրեր․ կրթահամալիրի տոնին» աշխուժության, ընտանեկան-հանրային պատրաստության համ ու հոտ կհաղորդեն  «Հե՜յ, ջա՜ն Երևան»-ը՝ իր երգարանով,  կենդանի կատարումներով, խաղողի, նրա այգու, գինու, ուսումնական մառանի ներառումը յուրաքանչյուրիս ամենօրյա գործունեություն․․․

Երեկ ազդարարեցինք մանկավարժների 2018-2019 ուստարվա բաց սպարտակիադայի պատրաստության սկիզբը․․․ Այնպես որ հայաստանյան և նրանից դուրս մանկավարժական թիմերի 12 մարզաձևից առաջնությունը չի պլստա մեր օրացույցից, մեր կյանքից․․․

Ինձ ոգևորում է շախմատի սեբաստացի աշնանային բացօթյա առաջնության այս հովվերգական շարժը ըստ շաբաթվա օրերի՝ Արևելքից-Արևմուտք․․․ բոլոր լուսանկարները մեկիկ-մեկիկ նայում, շոյում եմ․․․

Շախմատային բացօթյա առաջնությունը կրթահամալիրի Արևմուտքում: Նկարաշարը՝ Սոնա Փափազյանի:

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1473

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հայրենիքն ամենագեղեցիկ հորինվա՞ծք, մայր…

«Այսօր ես շատ տպավորված եմ տուն եկել, դրական լիցքերով, ինքս էլ Փոքրիկ իշխան դարձած»։ Գրում է Վանուհի սովորողը՝ շնորհակալությամբ՝ Արևելան դպրոցը «Փոքրիկ իշխաններ»-ի հավաքատեղի դարձրած Վանուհի ուսուցչուհուն… Կրթահամալիրում ուսումնական կյանքի ամբողջական ներառմամբ

Ամենաարդար տարին՝ Նոր, որ բոլորի տներում, կյանքում կա, ու բոլորն ասում են, որ…

Շնորհավոր Նոր տարին, որ ոչ թե եկավ, այլ սկսվել է ընդամենը. մեկ օր չէ՝ 365 օր է… Հունվարի 1-ը, սիրելի, հարգելիներս,  սեբաստացի ու ոչ սեբաստացի, ծանոթ ու անծանոթ, նոր` այս

Անհատականության՝ փորձով ու համարձակությամբ լի կապոցներ….

Լիլիթ Բլեյանը գործերով դեռ Վիեննայում է՝ իմ խելացի-նպատակասլաց-հաջողակ մեծ աղջիկը: Ու իր կլոնը երեկ Մարմարյա սրահում էր… Որքա՜ն մեծացավ, օրիորդանում է Դպրոց-պարտեզի երկրորդ դասարանցի Սոնան… Հուզվեցի մեդիաուրբաթ-համերգին… Որքա՜ն ջանացինք ես, Դավիթն