Շարունակե՞մ  Հանրային առաջինի եթերում լսել-դիտել Բադեն-Բադենի փառատոնային դահլիճում ներկայացված՝ Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա»-ն. բեմադրությունը, ձայները, գույները, շարժումները այնքա՜ն ազդեցիկ են, որ գամել են ինձ էկրանին առտու հինգից․․․ վեցն անց է արդեն… Թե՞ պիտի ընդհատեմ՝ հանուն իմ վերսկսված բլոգապատումի-օրագրի անընդհատության․․․ Աշխատանք է, չէ՞․․․ Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ․․․

Երեկ այն օրն էր, որ Դավիթ Բլեյանը պիտի ցուցադրեր իր հեծանվային պատրաստության աստիճանը․․․ Ցուցադրեց։ Հիացա-զարմացա, սրընթաց, Արևմուտքի հեծանվաուղով անցավ ինձ, մեծացրեց արագությունն այնքան, որ ես տեսնեմ… Ես՝ հեծանվով, իմ դիմաց՝ Դավիթը, մեծացող արագությամբ ո՜նց է թռցնում, վստահ տիրապետում մարմնին․․․ Հե՜յ, ջա՜ն․․․ Երևանյան օրերի նախագծային ուսուցման շաբաթում կկարողանա՞նք Դավթի հետ, հայր և որդի, իրականացնել մեր տանից դպրոց՝ Բանգլադեշի տուն անցումը, որպես նախագիծ․ անվտանգ, ուսումնական․․․ Դավթի բլոգում հրապարակած․․․ Արմինեն իրիկունը ոչ մի ոգևորվածություն չցուցաբերեց․․․
— Իբր հեծանվորդ հոր համար անհանգստությունն ինձ քիչ էր, հիմա էլ՝ Դավիթ տղուկիս… Էդ մեկը՝ չէ…
Դավիթը կողքից լսում է մեզ այնպես, կարծես չի լսում։ Ի՞նչ անի, երբ ես եմ թվում անզոր… Ինչպե՞ս Արմինեին մասնակից դարձնենք մեր նախագծին․ նա, ով մեզ խանգարում է, հե՛նց նա պիտի մեզ օգնի․ ուրիշ ճանապարհ չկա, եթե սերն ու համերաշխությունը պիտի հաղթանակեն․․․

Հինգ տարեկանների հոկտեմբերիկ ստուգատես. Հարավային դպրոց, 5 տարեկաններ. Լուսանակարները՝ Արաքս Հովհաննիսյանի:

Արևմուտքում՝ լողավազանում, Հարավի Լուսինե Գասպարյանի առաջին դասարանն էր ողջ կազմով․․․ Իսկական ուսումնական արևմուտք՝ հեղինակային կրթական միջավայր։ Դասարանի կեսը լողում է, ահավասի՛կ, ցուցադրում ենք, հանրակրթական լողն է ձեր առաջ, մեր մանկական լողավազանի թափանցիկ պատուհաններից այն կողմ։ Դասարանի կեսը Ագարակում է, զբաղված կենդանապահ Կարոյի, ձիապահ  Էդգարի հետ կենդանիների ու թռչունների խնամքով․․․ Այստեղ է և մեր ուշադրության կենտրոնում հայտնված Գոռ Սարգսյանը, երկարօրյա կազմակերպիչ-հոգեբան, 2018-2019 ուստարվա օրացույցում հարսիկ Արաքս Հովհաննիսյանի հետ․․․ Գոռը, գիտեք, սեպտեմբերին հրաժարվեց մեր լուսավոր-ընդարձակ առաջին դասարանի սրահ մտնելուց, ու Գոռի ներառումը, որպես մանկավարժական լուծելի խնդիր, նրան բերեց Ագարակ․․․ դպրոց բնության գրկում․․․ Ծիծաղում եմ Արաքսիկի հետ․ մնաց հեծանվով, երկուսով հարավ-արևմուտք ճանապարհն անցնեք․․․ Գոռը, այսպիսով, ընդարձակում է մեր մանկավարժությունը, միջավայրով ազդելու մեր հնարավորությունները յուրաքանչյուր կոնկրետ երեխայի դեպքում․․․

Քիչ հետո Ագարակը լցվեց Հարավի 2-4 տարեկաններով, ու անակնկալի բերեցին ինձ, տեղավորվեցին բաց-հարմարավետ ուսումնական տարածքում, հանեցին պատրաստած կարկանդակներն ու սկսեցին իրենց նախաճաշը․․․ Ժամն է։ 50 երեխա՝ դաստիարակներով, ուսուցչի օգնականով․․․ Իսկական կինո, ուսումնական ֆիլմ, ո՛չ իրենք գիտեին, որ ինձ են հանդիպելու, ո՛չ ես՝ իրենց, բայց տեսե՜ք՝ ինչպիսի ստուգատես դարձավ մեր հանդիպումը, տիարին արժանի, 3 տարեկան Ալեքսի ու իմ՝ «դու»-ով խոսակցությամբ․․․ Չեմ մոռանա։

— Քո անունը ի՞նչ էր․․․ Աշո՞տ․․․ Դու մի՞շտ ես հեծանվով։ Ամեն տե՞ղ ես քշում․․․ Էն կարմիր ձիուն ասա, թող տրոպ-տրոպ-քառատրոփ անի, վազի, քեզ կլսի, Աշո՛տ․․․
Ու երգում ենք Կոմիտասի ամենասիրելի՝ ձիուկի մասին երգը, բոլոր ընկերների հետ, ձեռքերով մանեժի արգելապատնեշին։ Կետրոնում վարգում է իսկական կարմիր ձի․․․ Հեքիա՜թ Բանգլադեշում․․․

Լավաշթխիկի ծեսը Ագարակում. Հարավային դպրոց 2-4 տարեկաններ:. Նկարաշարը՝ Անի Գրիգորյանի:

Աղջիկների մի խմբի հետ երեկոյան «Բաղրամյան 19» հասցեում ենք, ԱԺ-ի բաց այգում․․․ Գիտեք, հոկտեմբերի 23-ին՝ երեկոյան, Արևելյան դպրոցի նախաձեռնած «Հե՜յ, ջան Երևան» նախագծի ամփոփիչ համերգ-տոնը նախատեսում ենք երևանցիներին հեղափոխության պարգև այգում անցկացնել․․․ Սրանից հարմար վա՞յր․․․ Ջա՜ն, հեղափոխություն ջան․․․

Մինչև Արմինեի արդարացի հանդիմանությանն արժանանալը ես դեռ պիտի հասցնեմ, ու հասցրեցի մեծ խումբ սեբաստացիների հետ ուսանողական թատրոնի «Օթելլո» յուրահատուկ բեմադրությունը նայել․․․ Մեր շրջանավարտ, հայտնի երգիչ-դերասան դարձող Սուրեն Պողոսյանի գլխավոր դերակատարմամբ, նրա հրավերով․․․

Հե՜յ, ջա՜ն, այսպիսի՜ օր․ ո՞նց չպատմես․․․ Օպերաս կիսատ մնաց․․․ ինչպես և օրվա «ջա՜ն»-երս․․․

Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից:

Ֆոտոխմբագիր՝ Արև Բալջյան
#1474

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հաղորդագրություն, այն էլ կամրջից, գիր է…

Կիևյան կամուրջի վրա հայտնվեցի հերթական հոգեհանգստից հետո, երբ Լենինգրադյան-Սեբաստիա խաչմերուկից ոտքով, սկզբում` Սվետա Ճաղարյանի հետ, Լենինգրադյան փողոցի իմ ու Սվետայի սիրելի սոսի-չինար ծառերով, սեբաստացի երգչախմբերով տարված, հետո՝ Սվետային թողեցի իրենց

Նոր ու փնտրված՝ ինչպես աղբրի ջուրը, սխտորի պես ախտահանող…

Բարի հանդիպում-միասնական հավաք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում. կրթահամալիրի 2015-2016 ուսումնական տարվա օրացույցով օգոստոսի 19-ին՝ ժամը 10-ին, մանկավարժական աշխատողներով հանդիպում ենք Մայր դպրոցի Մարմարյա սրահում, ու ես հայտարարում եմ 2015-2016 ուստարվա մեկնարկի մասին.

Այո՛, կրեդոն ընդդեմ դոգմայի…

Չնկատեցի` ինչպես կիրակի եղավ, ու իմ գիրը՝ վեց օր շարքայինից հետո կիրակիի գիր, թվով 787-րդը դարձավ։ Հիմա ի՞նչ անեմ, հաղթահարեմ այս անակնկա՞լը, սովորական մարդկային ծուլությո՞ւնը, որ ինչպես մարդկային մի բան խորթ