Մեքենայով, երկար ճանապարհ… Ի՛նչ արած, աշխատանք է, ու այնպիսին պիտի դարձնես, որ դառնա Տոն, Տոն-ական… Միքայել Ղազարյանի ու Տաթև Համբարյան խորամանկների (խորը-մանուկներ), իմ ու Գևորգ Հակոբյանի մայիսի 28-ի ճամփորդությունը մտածված է հենց այդպիսին… Արտաշատի խճուղով, Երասխով, Չանախչի-Սովետաշեն-Զանգակատնով, Արենի-Արփա գետի հովիտով, զարմանալի Եղեգիսի կիրճով կարմիր ծաղիկ Արատեսով… Նախկինում ադրբեջաբնակ այս ձորի Կարմիր ծաղիկ Արատեսը ադրբեջանցիք հենց Կզըլգյուլ էլ կոչել են… Ու մեզ ներկայացավ այդպիսին՝ որպես Կարմիր ծաղիկ՝ իր թարմ-անզուգական գեղեցկությամբ… անեղծ…

Ճանապարհից շեղումը Աղավնաձոր շեղում չէ. այստեղ է  ծնվել-իր վաստակաշատ մանկաբարձ Անժել կնոջ հետ ապրում Վայոց ձորի իմ հավատարիմ ընկերը, 1988-ի շարժումի նվերներից… Կարոտել էինք, ու մեր կարճատև հանդիպումը Արտաշ Գալստյանի հայրական խնամված տանը իհարկե շարունակություն ունի…

Անմոռաց-մաքուր հայրենիով մեր պատկերների ցուցադրություն-մրցակցության ճանապարհի անակնկալը օրվա կարմիր-դեղին ծաղիկներով մարգագետինն էր Զանգակատուն չհասած… Երկար կանգնեցինք, այնքան որ վնասազերծեցինք փշալարը… հայի արած…

Արատեսում Տաթև-Միքայելը առաջին անգամ էին, զարմացած բնության այս անկյունով, Արատեսի «Դպրոց բնության գրկում» պատանեկան-մանկավարժական արշավախմբային ճամբարի (հունիսի 20-25) գործունեությունը հունիսին սկսելու որոշումը մեր աշխատանքային այցին առավել գործնականություն-հաստատակամություն է հաղորդում… Մենք վերադարձանք նույնքան զարմանալի Սելիմի լեռնացքով-Սևանի ավազանով…

Ուշ էր. պետք էր աչքի անցկացնել օրվա էլեկտրոնային փոստը, հագեցած հայաստանյան օրվա մեդիա արձագանքը… Ամենափնտրվածը իհարկե, Հանրապետության հրապարակի համերգն էր, որ ցավոք, ցնծություն չէր, Սարդարապատում հանդիսավոր հավաքը, Նիկոլ Փաշինյանի ելույթ-ուղերձը իհարկե, որ ծայրից ծայր լսեցի, իհարկե: Բարդ խնդիր է յուրաքանչյուրի, անգամ այնպիսի տաղանդավոր մարդու՝ վարչապետ Նիկոլի համար, իր վճռական կարևորությամբ… Դեռ էնքա՜ն կփորփրեն… Ավագի իրավունքով, սիրով լրացնեմ Նիկոլ Փաշինյանի ելույթը երեկվա Սարդարապատում… Ցանկացած թվարկման մեջ Մեսրոպ Մաշտոցից հետո, եղբայրներ-քույրեր, նրա կողքին պիտի Կոմիտասը դրվի… Լեզու և երաժշտություն. մենք ի՛նչ կլինեինք, ո՛վ ենք առանց Կոմիտասի երաժշտության կնիքի… Սարդարապատի հերոսամարտի հերոսների ցանկացած թվարկման մեջ Գևորգ Ե կաթողիկոսը պիտի նշվի…

1918 թվականին թուրքական 36-րդ դիվիզիան ներխուժում է Արարատյան դաշտ և գրավում Սարդարապատից 10 կմ հեռու գտնվող «Արաքս» կայարանը, որով անցնում էր Ալեքսանդրապոլ-Երևան երկաթգիծը: Երկրում տիրում էր համընդհանուր խուճապ: Շատերն առաջարկում էին նահանջել դեպի Սևանի ավազան ու այնտեղից պաշտպանվել (որտեղ նաև ռազմանավ կար): Հայկական զորքերի երևանյան զորախմբի հրամանատար գեներալ Մովսես Սիլիկովը (Սիլիկյանը), Երևանի ապագա պարետ Շահխաթունու ուղեկցությամբ, այցելում է Էջմիածին, ուր Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե-ին առաջարկում է անվտանգության համար տեղափոխվել Սևանա լճի շրջան։ Կաթողիկոսը կտրուկ մերժում է. «Եթե հայկական ուժերն ի վիճակի չեն պաշտպանելու այս սրբազան վայրը, ապա ես ինքս կանեմ դա և հոգ չէ, թե կզոհվեմ հազարամյա տաճարի շեմին»: Հայոց հովվապետը հրամայում է օր ու գիշեր հնչեցնել բոլոր եկեղեցիների զանգերը և ոտքի հանել ժողովրդին։ Նա, ժողովրդի ներկայությամբ աղոթելով, երդվում է համընդհանուր նահանջի դեպքում անգամ մնալ Էջմիածնում ու անձամբ պաշտպանել Մայր Աթոռը։ Սա բացառիկ իրողություն է հայոց պատմության մեջ:

Հաճույքով կարդացի Վահրամ Թոքմաջյանի, «Իրազեկ քաղաքացիների միավորումի» այս հրապարակումը… Եվ էլի: Սարդարապատը, լինել-չլինելը եղավ, քանզի մինչև այդ անհնար եղավ հայ-թուրքական փոխհամձայնությունը, հաշտությունը… Կարևոր է այսպիսի խրոխտ ելույթում տեղ հատկացնել հաշտության ուղերձին՝ և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ, որևէ ձևակերպմամբ… Մենք չպիտի ապրենք Սարդարապատից Սարդարապատ… 1990-ի օգոստոսի Անկախության հռչագրից, 1991 սեպտեմբերի 21 անկախության հանրաքվեից և  3-րդ հանրապետության հռչակումից մինչև 2018թ. մայիս՝ թավշյա հակաբռնի հեղափոխության… Սրանք լավ օրից չեն…

«Սարդարապատի ճակատամարտին որպես շարքային մասնակցել է Ակսել Բակունցը»: Հուզվեցի:

Երևանի նահանգի 1 միլիոն 120 հազար ազգաբնակչությունից 661 հազարը հայեր էին, իսկ 374 հազարը` մահմեդականներ: Թուրքիայի գործակալները, հատկապես Արարատյան դաշտավայրում, եռանդ չէին խնայում մահմեդականներին իշխանության դեմ ոտքի հանելու համար: Այստեղ հսկայական դեր է կատարում Հովհաննես Թումանյանը: Ըստ մարշալ Բաղրամյանի հուշերի. «…ճերմակ դրոշը ձեռքին՝ անցնում էր գյուղից գյուղ, չէր վախենում գնդակներից և խաղաղություն ու բարեկամություն էր քարոզում»: 

Էլ ավելի սասկացավ հուզումս… «Հայաստանի Հանրապետության ապագա վարչապետ Հովհաննես Քաջազնունու երեք որդիները… Աշոտը, Ռուբենը, Արամը»… Արցունքոտված աչքերով դժվար է կարդալ… Վահրամի հրապարակումը ինչ տեղին է…

Մնաց, քննարկում-պայմանավորվածությունը Արատեսյան, որ ինձ թվաց որպես մեր օրերին համարժեք՝ ադեկվատ. այսպես շեշտեց ազատաբեր ապրիլ-մայիսին Հրապարակի հերոս Նիկոլը… Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ, համայնքի Հերմոն բնակավայրի պատասխանատու Գայ Օհանյանի հետ մեր լուծումների հիմքում սա էր՝ ոչ թե Նիկոլը, իր կառավարությունը տան, այլ մենք օգտվենք Նիկոլի առաջնորդությամբ պարմանիների հեղափոխությամբ ազատության-արդարության շնչից ու ինքներս դառնանք գործատու-գործաստեղծ… մեր նախաձեռնությամբ, կիսատ թողածի վերսկսումով նաև, վատ արածի վերափոխումով…

Արատեսի դպրոցը իմ պարտքն է, ու խոշորացված Եղեգիս համայնքում կրթության նոր կազմակերպումը 2018-ի մեր ծրագրերում է՝ նախարարության հավանությանն ստացած… Եվ բնական է, որ Հովիկ Օհանյանը կա-մասնակցում է երկուստեք երիտասարդացած կազմով մեր քննարկումներին, որպես այս անօտարելի գործի երաշխավոր:

Ով իր անելիքը ունի, դրա հնարավորությունը կստանա լիուլի: Եկել են այդ ժամանակները՝ գործելու:

Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի
#1389

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Բարձունքում գտնվողի ու միշտ բարձունք հավաքողի գործը ընկերով են անում…

Արագածից իջածի փորձով եմ ասում։ Լեռներից հեշտ չեն իջնում առօրյա, որքան էլ ես անցումների մարդ եմ հայտնի… Տպավորություններն էլ հետը՝ ինչ ուսապարկում խցկել էի, երեկվա գրում, որպես տեղեկություն, փոխանցեցի, հասա՞վ…

Մի´ ծերացեք ու վերջ. առանց արդարանալու, առանց պայմանի-անսպառ ու անընդհատ, ինչպես այս անձրևը, գործեք…

Լսո՞ւմ եք, տեսնո՞ւմ եք, վայելո՞ւմ եք անձրևն այս անընդհատ. ի՜նչ անձրև է… Քնեցի՝ անձրևում էր, արթնացա՝ ժամը երեքն է գիշերվա, անձրևում է անվերջ… Ես պատմում եմ ձեզ իմ օրը: Աշխարհի

Առաջ հաշվելու մասին է հենց իմ գիրը, անգամ ապրիլի 24-ից հետո, իմ քաղցր եղբայրք…

Ուշադրություն. հենց նոր ես ու Դավիթ Բլեյանը միասին հաշվեցինք-շարեցինք Դավթի մեքենաները՝ մեծ, միջին ու փոքր, բազմոցի ու պահարանի տակից մեքենաները հանեցինք, ու տունը մաքրվեց, ցուցադրությունը դարձավ ամբողջական, լիքը-լեցուն մեքենաներով՝ ընդամենը՝