Մեր տանը հիմա չորսով ենք ապրում և դա ավելի ու ավելի հետաքրքիր է․․․ Դե, Արմինեն էլ, ինչպես ծոցվոր ամեն կին, հերոսի-կենտրոնում լինողի-ամենակարևորի իրավունքով, նազերով-անցումներով․․․ վայելքի մեջ։ Հալալ է։ Ես (մայրս կասեր՝ քա ես ինչի՞ց եմ խաբար) կողքից եմ զմայլվում ամեն օր չորս դարձող ընտանիքով, նրա բերած նոր խնամքի-ուշադրության հայրական ընկալում ունեմ և՛ Դավթի, և՛ Արմինեի, և՛ Արմինեի կրած նորահայտի նկատմամբ․․․
Չպատմե՞մ․ բա էլ ի՛նչ Բլեյան-տիար, բա էս բլոգը-օրագիրը ո՞ր օրվա համար եմ պահել-մեծացրել 1400 օր հայտնի դարձրել․․․
Արմինեի փորը ամեն օր մեծանում է․․․
— Ո՞ւր է,- Դավիթ Բլեյանը մեկ էլ տանից դուրս գալուց առաջ ձեռքերով հեռադիտակ է անում փորին, հետո ականջով լսում․․․
— Էհե՜յ,- ձայն է տալիս․․․
— Դավիթ, ի՞նչ ես ուզում, որ մայրիկը բերի՝ աղջի՞կ-տղա՞, քույրի՞կ-ապերի՛կ․․․
— Դինոզավր,- ասաց ու կրկնեց «Գրիգոր Լուսավորիչ» անունով ծննդատանը, Աղավնի անունով բժշկուհու մոտ։ Մայրիկին բաց չի թողնում, ծննդատան լաբորատորիաներում ամեն ինչ իրեն հետաքրքիր է, ամեն ինչ ուզում է ճանաչել-իմանալ․․․ Հարց-հարցի ետևից․․․ Բոլորը ինձ ճանաչում են. շնորհակալ եմ հայտնի բուժկենտրոնի հարգված տնօրենին՝ Արա Մինասյանին, ծննդատան տնօրենին, աշխատողներին, ջերմ-ընտանեկան վերաբերմունքի համար… Ու, իհարկե, առանց արմանք-զարմանք ի՛նչ կյանք, իմ կյանքը հորիցս-մորիցս ժառանգած է, ոչ սովորական է եղել, կա, թող շարունակ լինի․․․ Մի մասը գիտի՝ Արմինեն իմ աղջիկն է։
Բժշկուհին խրախուսում է Դավթին․
— Դավի՛թ, գիտե՞ս, յոթ տարին կլրանա, դու էլ ես այստեղ ծնվել…
— Այն ժամանակ ե՞ս էի մայրիկի փորում, դուք առանց Դավի՞թ էիք․․․
— Հա, քո մայրիկը խոստացել է՝ ձեզ բերի փղի ձագերի նման, յոթ տարին մեկ․․․
Ծիծաղում եմ հիացմունքից. մեկ էլ էսպես կլինի իմ յոթանասունին, յոթանասունյոթին․․․ Դավիթը մտքերի մեջ-լուռ է․․․
— Հը, ախպե՛րս, ի՞նչ եղավ․․․ ասա օգնեմ․․․
— Դու հիմա 63 տարեկան ես․․․
Ձախ ոտքիս հարցը, ինչպես ինձ հավատացրեց-ցուցադրեց բուժկենտրոնում՝ մի այլ բաժանմունքում, բժիշկների մի այլ խումբ, հեշտ լուծող է․․․ Իսկ ես մտածում էի՝ կկտրեն, հորս նման մի ոտքով կանցնեմ բազմահայրության ու հեղափոխության ծավալման այս շրջանը․․․ Չէ՛, երկու ոտքով, միշտ ձիու կամ հեծանվի վրա, միշտ ստեղծական ու մոբիլ․ ես ամենաբեղուն, ամենախաղաղ․․․ ամենահետաքրքիր շրջանում եմ, իմացեք, այսպես իմաստությունն էլ է գալիս․․․
Երևանի Մեդիակենտրոնում (Սարյան փողոց 12, 3-րդ հարկ) կայացավ աղմուկ հանած ասուլիսը մեր. ես կենտրոնն այս այսքան բազմամարդ-կենդանի չէի տեսել․ կկարողանա՞նք կրթությունը իր բազում խնդիրներով հանրային ուշադրության կենտրոնում պահել, լուծումների դաշտ բերել․․․ Զգացված եմ. նորաստեղծ միության հարգելի ընկերները «կրթության պատրիարխի» հարգանքով ինձ զիջեցին․․․ ասուլիսը բացելու պատիվը։ Ես գործում եմ իմ առաքելության ողջ ուժով և արդյունավետ։
Ամենատպավորիչն իհարկե ճանապարհն է դեպի Բանգլադեշ, որ անցանք Ռուդիկ Սահակյանցի ուշադիր ուղեկցությամբ, մեր Ավագ դպրոցի Եվա Սարգսյանի ու իմ երեկվա գրի հերոս Ֆելիքս Եղիազարյանի հետ։ Այսպիսի պարմանիների հետ ու այսպես, խաղաղ-շիտակ, լիարժեք հարգանքի-վստահության գործընկերությամբ հեղափոխությունը, իհարկե, հաջողություն ունի․․․ Մարթա ջան, միջին ու ավագ դպրոցի սեբաստացի ուսուցիչ-կազմակերպիչներ, հեղինակներ ձեր գործի, ոգևորվեք ամենասեբաստացիական հունիսով, որ կրթահամալիրի Բանգլադեշը սեբաստացի կրտսեր-ավագ պատանիների հետ կարողանանք ստեղծագործական հավաքներով՝ գեղարվեստի, բնապահպանական, տեխնոլոգիական, մարզական, երաժշտական, տեխնիկական ստեղծագործության, հասարակագիտական, թարգմանական․․․ դրանց պարտադիր ուղեկից հայրենագիտական ճամփորդություններով վառ շրջան բերել, ինչպես ապրիլին՝ Երևանի փողոցներում-հանրապետության հրապարակում․․․ Ես ձեր ծառան․․․ Իրիկունը Գևորգին-Սուսոյին, Մարիետի հսկող հայացքի ներքո, լավ տանջեցի․․․
Պիտի ավարտեինք ու ավարտեցինք Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ Ազգային ժողով ներկայացվող ծրագրի կրթության բաժնին մեր առաջարկները, որին հենց հիմա կարող եք ծանոթանալ, ավելի շուտ, քան կրթության նախարար Արայիկ Հարությունյանը․․․ մինչև ուղարկելը. բան ունեք, մեկնաբանության ձևով ավելացրեք․․․
Մենք չորսով հյուրասենյակում մեր՝ բաց դռներով-պատուհաններով, առավոտ 8-ը չկա, մեր նախաճաշն ենք անում․․․ իսկական ժամերգություն․․․ Արմինեի պլանշետով Արևմտյան դպրոց-պարտեզի երեկվա համերգներն են․․․ ուշագնացության աստիճանի․․․ Երգում-նվագում-խաղում են իրենց դպրոցով Դավիթը, Սոնա թոռնուհի ջութակահարը․․․ Ու ես տեսեք, ոչինչ չեմ հավելում՝ հեծանվի վրա եմ՝ սլացքով Դրախտի ճամփի․․․
#1782