Տիգրան Հայրապետյանի մայրիկը՝ տիկին Ֆրիդան, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցից պատմում է, որ մի հիվանդի տանում են վիրահատության, դեռատի աղջիկը հիվանդանոցի միջանցքում փարվում է հորը.
— Պա՛պ, չմտածես, Նիկոլ Փաշինյանը քեզ հետ է…
Իսկ Դավիթ Բլեյանը իր «կուկուով» մայրիկի հետ է կամ ճամբարում… Այսքա՜ն ճամբարասեր՝ լողասեր-ջրասեր, հեծանվասեր, խաղասեր (ցանկացած կարգի-տարիքի ճամբարական ընկեր լինի՝ խաղան), որ ճամբարից՝ մեր Արևմուտքի ամառային դպրոցից, մայրիկը դժվար-զոռով, 5-ից ոչ շուտ տուն բերի: Առավոտն էլ ինքնուրույն արթնանում է, մայրիկի հետ սլանում ճամբար, էլ չես կտրի-բերի Մայր դպրոց…
Երկարացված օրվա կազմակերպիչների հեծանվային ստուգատես կրթահամալիրի տնօրենի ուղեկցությամբ։
Իրիկունը բազմոցին, չորսով ենք…
— Չի՞ լինի, որ ինձ գիշերօթիկ տանես…
Մայրիկի սպառնալիքը իր դեմ է գործում…
— Հա, ուզում եմ, մի օր մնամ, գիշերեմ ճամբարում, լողափին… Ի՞նչ, ոնց որ Միջերկրական ծովի ափին…
Անցումները միայն կուկուի ծնունդի թեմաներով են… Ի՞նչ է ասում Արմինե մայրիկին.
— Հայրիկը բոլոր ծնվածների ժամանակ եղել է, առաջինը ինքն է տեսել, սկզբից՝ Լիլիթին, հետո՝ քեզ (ես բոլորի՜ հայրիկն եմ), հետո Տաթևին, Շուշոյին, ինձ… Ուզում եմ, որ առաջինը ես իմ քույրիկին տեսնեմ, քեզանից-հայրիկից առաջ։ Քո աչքերը փակ կլինեն, հայրիկն էլ թող գործի տեղը լինի. առաջինը ես տեսնեմ՝ ոնց է դուրս գալիս… Ես ուզում եմ ծնունդը տեսնեմ քույրիկիս, հիմա էլ ուզում եմ փորիդ մեջ տեսնեմ…
Ու վերցնում է մայրիկի պլանշետը…
— Ուզում եմ տեսնեմ՝ ոնց է կաթիկդ ուտում…
Լողափնյա պիկնիկ․ Քոլեջի 2-4 տարեկանների խումբ։
Ստամբուլի Կարագյոզյան վարժարանի ու սեբաստացի սովորողների՝ մեր առաջին հայ-թուրքական ճամբարը սպասված հավեսով զարգացումներով է ընթացքի մեջ։ Սեբաստացի պատանի Խազերի հետ երգի այսպիսի նախագիծը Ստամբուլ կհասնի, մեր հակաբացիլ Կոմիտասի միջազգային հարթակն է պատրաստում… Վստահ եմ, որ այս տարի Ստամբուլի հայ և թուրք հանդիսատեսը կծափահարի-կհիանա մեր ֆոլք-բենդով միջին դպրոցի…
Ես անհամբեր սպասում եմ այսօր երևանյան տներում երեկոյան ազգագրական խոհանոցի շուրջ ընտանեկան-ճամբարային հավաքներին… Հայ-թուրքական բարեկամության ճամբար, որը ունի հայ և թուրք հասարակությունների անկեղծ աջակցությունը և՛ Հայաստանում, և՛ Թուրքիայում… Մարմարյա սրահում, երբ խոսում էի մեր ստեղծած հանրակրթական այսպիսի կապերով-կրթական փոխանակումներով շուրջտարյա հայ-թուրք հաշտեցման կամուրջների մասին, նկատեցիք հուզմունքս… Ես հուզվում եմ, երբ խոսքը սրտիս ամենախոր-ամենանուրբ շերտերից է գալիս…
«Կայծերի» ելույթը՝ որպես ազգագրական-պարային ներկայացում, երեկ Մարմարյա սրահում Երևան-Ստամբուլ ճամբարականների, մեր լողափնյա, մանկավարժական սեբաստացի ճամբարների մասնակիցների առաջ, կզարդարեր ցանկացած ազգագրական-երաժշտական փառատոն. ավելի լավ նվեր-հիշատակ-խոնարհում չես մտածի ազգագրագետ-պարուսույց Ռուդիկ Հարոյանի 70-ամյակի առիթով…
Ամառ, լողափ և բարձր տրամադրություն։
Մեր երկրորդ բնույթը-գոյաձևը՝ mskh.am-ը, խորը կաթվածից հետո նոր կենդանությամբ է հանդես գալիս, նոր պաշտպանությամբ, ու կարող ենք մեզ նեղություն տալ, ճշտել, թե ինչպես է պատշաճ ներկայացված Սեբաստացի-պանթեոնում ազգագրական պարի նվիրյալ-մշակ Ռուդիկ Հարոյանը՝ կրթահամալիրի «Սրբուհի Լիսիցյան» պարարվեստի դպրոցի հիմնադիրը, որ Արթուր Շահնազարյանի հետ ամենասկզբում, կանգնեց մեր երաժշտական-հայագիտական հանրակրթության ակունքներում… Հիմա անհամբեր սպասում ենք Ստամբուլի մեր գործընկերների երաժշտական-պարային ելույթին Շամիրամի-Արա Գեղեցիկի հունիսի 29-ի հարսանյաց ուրախությանը… Հիմա ու այսպես ու գրով ես անում եմ իմ առաջարկը ճարտարապետ-ձևավորող Մարիա Կալբովային՝ Համլետ Խաչատրյանի այրուն, հարսանյաց սեղանի մրգային սինին անելու, որպես խորհրդանիշ արարողապետի պարտավորության, այլընտրանք հարսանեկան թխվածքի… Գուրգեն Մահարու տողերը հենց սրա համար են ստեղծված…
Ա՛ռ ամառային այս ոսկե սինին,
Ու թող աշունը փառահեղ լինի…
Ամենօրյա աշխատանքային կլոր սեղանները մեդիակենտրոնում այդքան էլ անաղմուկ չեն. և դա լավ է: Մերժելին շարունակ, Հայաստանով մեկ՝ սկսած մեր սեբաստացիական աշխարհից, արհեստականությունն է, մայրս կասեր՝ ձև քշելը… Հեղինակային մանկավարժության մահն է, այլասերումը այս «իբր»-ը՝ իբր գործում ես, իբր անհանգիստ ես, իբր կաս, բայց քո միջով քո գործը չի անցնում ու քեզ չի փոխում, չես տքնում… Էդ ո՞նց… առանց ջանքի-բանի՞, որ Չարենցով ասենք, աշխարհաստեղծման սկիզբն է եղել, մեթոդը նրա…
Ի սկզբանե էր բանը, և բանն էր ճիգ ու ջանք…
Եվ ջանքին առընթեր էր — երգը:
Երեկ չավարտվեցին մեր հանդիպումները, եկան ծնողական երիտասարդ զույգեր՝ իրենց առաջարկներով, ու քննարկում եղավ…
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1418