Երեկ՝ իրիկունը 10-ին, ի՜նչ էր կատարվում Խանջյան-Չայկովսկի փողոցներում, ո՛չ պատմելու բան է, ո՛չ տեսնելու… հատկապես մեր տան ճամփից, մեր բնակարանից… Մայրիկին Դավիթ Բլեյանը հարցնում է.
— Էս անկախության տոնը 15 օր (հաշվել է ինքը) շարունակվո՞ւմ է…. Մինչև Նիկոլը վարչապետ չընտրվի, չի՞ վերջանա էս տոնը…
Ու հաճույքից-երանությունից ընկնում է մահճակալին…

Վերնագիրը ծնվեց իրիկունը ինն անց, Հանրապետության հրապարակում, Նիկոլի բաց-հեռարձակվող հանդիպումից հետո Ազգային ժողովում, անհատական բանակցություններով, ելույթ ունենալու-հարցեր տալու-Նիկոլի պատասխանը լսելու իրավունքով, պայմանավորվելու հնարավորությամբ հանրապետական խմբակցության յուրաքանչյուր անդամի հետ՝ հայտնի ավարտով… Նիկոլը ելույթ է ունենում ու Հանրապետական կուսակցության ԱԺ խմբակցության քաղաքական հուղարկավորումից է խոսում… Եղիշե Չարենցը, իմ սեղանին բաց գրքով-ընտրանիով, սա «Երկիր Նաիրի» պոեմանման վեպում դաջել է.
— Թաղել է պետք բոլոր մեռելներին:
Ու Նիկոլը շարունակում է Հայաստանի յուրաքանչյուր շենը, քառակուսի մետրը ազատագրելու պահանջը՝ որպես հեղափոխությանը միացած-միացողների օրվա, շաբաթվա խնդիր…

«Ապրելու ապրիլը» շարքից։ Լուսանկարները՝ Կարեն Բիչախչյանի։

«Իմ քայլը» նախաձեռնության «Սրտի, ոտքերի, ձեռքերի երրորդությունը» ներկայացրեց հարթակի տղաներից Մխիթար Հայրապետյանը, ով Նիկոլի հետ Գյումրիից Երևան քայլքի մասնակիցներից է… Տպավորվեց այնպես, որ ուզում եմ փոխանցել, տեղ տալ իմ գրում, որպես հեղափոխության մեթոդի ձևակերպում…

Դուք հիմա ժպտում եք, դուք պարում եք, դու տոնում եք, որովհետև Հայաստանի Հանրապետության վարչապետը ընտրված է։ Որովհետև նա, ով պիտի ընտրեր վարչապետին, Ազգային ժողովում նստած չէ, դա դու ես, դու ես։

«Հեղափոխությունը ամենուրեք՝ իմ, քո, նրա մոտ նաև!!! Նոր բաներ զգալը հավես բանա:)))». սա էլ Շուշան Բլեյանը՝ Վիեննայից… Կետադրական նշանների այսպիսի առատությունը, հատկապես բացականչական նշանի (ռուսերենի՞ց փոխառած), ազատ գործածումը թվում է՝ հորից է ժառանգել… Իսկ այդ «նոր բաները», ընթերցող, սկսեցի զգալ երեկ Հանրապետության հրապարակում, առավոտից (պատմել եմ իմ երեկվա գրում), հետո իրիկունը՝ ժողովրդի ցրվելուց առաջ… Այսքա՜ն շատ, շա՜տ-շա՜տ, պարզվում է, լինո՜ւմ է հաստատակամ, հեղափոխության շնչով համակված, ձեռքերը վեր, սիրտը մաքուր, սեփական քայլը անող մարդ…

Միջին դպրոցի սովորողները։ Լուսանկարները՝ Անի Սարգսյանի։

Իսկ ազգային ժողովի երեկվա ելույթները բոլորը ես լսեցի… Ես եղել եմ Նոր ուղի, մնում եմ-կամ Նոր ուղի, իհարկե։ Իր լեգիտիմությունը Հրապարակի ուժով գիտակցող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացավ ու ներկայացրեց պատշաճ՝ երեկը, ինչպես ինքը հետո ասաց, ապրիլի 23-ի իր ելույթի-առևանգման օրվա հետ համեմատելով… Նոր ուժ է առնում-փոխանցում Շարժումը, Շուշան ջան, նոր մարդիկ կներգրավվեն, վճռական՝ Շարժման համար Ավագ շաբաթում, լուծումների, խմբերի… Երեկ ես արդեն տեսա այդպիսի մարդկանց… Իմ դասախոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Ալբերտ Կիրակոսյանի հետ հանդիպումը գրկախառնության վերածվեց՝ իմ նախարարական շրջանից մնացած անհասկացողությունը հաղթահարելով: Երեսուն տարվա կեղտը-ճահիճը, որ կուտակվել-առաջացել է հասարակական-քաղաքական մեր կյանքում, առանց Շարժման նոր թափի չի մաքրվի: Երեկ դա շա՜տ-շատերի համար բացահայտ դարձավ: Նոր գործողությունների, նոր գործունեության ծավալման շրջանը սկսվեց երեկ, իրիկունը ուշ: Իսկ մեր անձնային-ընտանեկան, աշխատանքային-հանրային կյանքը հիմա չի կարող մեկուսանալ մեր Հրապարակից։ Կրթահամալիրում «Սպեղանու» համերգը, ինչպես և խորհրդի նիստը, հետաձգվեցին. առաջին պլանում յուրաքանչյուրիս քաղաքացիական իրավունքի պաշտպանությունն է։ Կարգավորման գործիքները կան. գործենք ավելի մոբիլ՝ հեծանվով, ոտքով, հեռավար ուսուցմամբ՝ հաստատելով հանրային համերաշխություն, փոխօգնություն, ու կարող ենք, չէ՞, սովորողի կրթության իրավունքը չհակադրել իր ու իր ընտանիքի քաղաքացիական իրավունքի ինքնապաշտպանությանը…

«Ապրելու ապրիլը» շարքից։ Լուսանկարները՝ կրթահամալիրի շրջանավարտ Էրիկ Բաբաջանյանի։

Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
#1362

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ողջույն Ապարանից

Տեսանյութը՝ Անի Սարգսյանի 

Եթե ուզում ես ուժեղ լինել…

Իվետա Ջանազյանին և Գոհար Եղոյանին շնորհակալ եմ իմ օրվա գրին արձագանքելու և իրենց կոնկրետ ուսումնասիրությամբ տխուր իրողությունն արձանագրելու համար՝ Սևանա լճի ափին հուլիսին հանգստացողները գիրք չեն կարդում… Հուսանք, որ թղթի

Ժամանակն է, ընկերնեˊր, մեր կյանքի ժամանակը…

Երբ էլի ժամանակ չկա, ուշանում ենք. — Ժամանակ չկա,- ասում է Նազենի կրտսեր քույրիկը, ով օգնում է Դավթին՝ հագնվի, որ բոլորս չուշանանք։ Իսկ Դավիթը Արմինե մայրիկի զայրացած հարցին՝ «Ի՞նչ ես ուզում մեզնից», պատասխանում