Ինքնագլոր-գիր է այսպիսին, օրը ինքն իրեն ստեղծող-պատմվող հընթացս, բանավոր, հետո ծիսական դարձած իմ գրավոր արարով… այս անգամ առտու… Ես չեմ կարող քնկոտ լինել աշխատանքում, ձեզ հետ-ձեր մեջ… իմ խորը քնով պարբերաբար ռեստարտ եմ լինում։
Կրթահամալիրի Հյուսիսի գինեգործների և էկոզինվորների ջոկատի՝ Վահե Գևորգյան հիմնադիր-սեփականատիրոջ անունով ավելի ու ավելի հայտնի դարձող, աշխարհի 15 երկրներում 2019-ին իր մրգային ու խաղողի գինի առաքող, մեր խաղողի ու գինու դպրոցի հուսալի գործընկեր գինեգործարան այցը առանց ինձ դժվար կայանար… Սիրով ուղեկցեցի, առաջնորդեցի… Քնարիկ Ներսիսյանի անհատական-հեղինակային TV-ն հեշտացնում է իմ գործը, գինու-խաղողի դպրոցի հանրայնացումը, ուսումնական գրադարանի ստեղծումը: Շնորհակալ եմ: Ճանապարհը Ավան, Աղի հանք կրթահամալիրի Բանգլադեշից, սովորական աշխատանքային օրվա մեջ, Երևանի անտանելի դարձող երթևեկությամբ, խելամտություն է պահանջում բոլորիցս՝ ճանապարհի վրա երկար ժամանակը արդարացնելու խիտ ուսումնական բովանդակությամբ…
Ազգային երգերի ուսուցում Աննա Երիցյանի հետ:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:
Հին Ավանը՝ իր հայտնի մշակութային հետաքրքրություն ունեցող հին գերեզմանոցով, Սուրբ Հովհաննես և Ծիրանավոր խոնարհված եկեղեցիները, Առինջ գյուղով շրջայցը, Գետառի՝ որպես իսկական գետ, ոչ կոյուղի-աղբատար, բացահայտումը սովորողների համար հայրենագիտական գրավիչ-ամբողջական բովանդակություն ստեղծեցին մեր տարատարիք խմբի համար…
[youtube https://www.youtube.com/watch?v=9isQg2kgNUM]
Դե, Վահեն իր մարդկային հմայքով, գինեգործարանն իր գեղագիտական-մարդկային միջավայրով բացականչական նշանի ազդեցություն թողեցին… Տեսանյութում իմ շնորհավորանքը՝ ձայնով-տեսքով ուզեց, որ գա իմ գիր, որպես խոսք ավարտ իմ օրվա գրի… Ինչն է լավ, ու ինչը վատ, կամ վատը լավից տարբերվելու ճաշակ… հեղինակային մանկավարժության խնդիր է…[youtube https://www.youtube.com/watch?v=7PP_KyrvyQM]
Երեկ ժամը 5-ին՝ ցերեկով-լույսով, դուրս եմ գալիս Ձորափ 40 հասցեում, Հրազդանի ձախ ափին ցցված բարձրահարկի բացվածքում հարմարավետ տեղավորված 24.նյուզից։ Երիտասարդ աշխատակազմով ու թարմ աշխատանքով TV-ի ղեկավար Նարեկ Գալստյանի հետ իմ զրույցը, ոնց որ ոտքի վրա պայմանավորված մարդկանց հանդիպում՝ ինքնագլոր ավարտեցի։ Դեռ ճանապարհին, որ անցա մարզական քայլքով, Մայր թատրոնի մոտակայքում խցանման մեջ թողնելով Ավանից վերադարձող սեբաստացիական խմբին, նշմարել էի Պարոնյան փողոցի մուտքով Կոնդ անցումը… Անցա վարգով, բնակիչների բացած իծի ճամփով հայտնվեցի բնիկ կոնդեցի Հովսեփի ու իր 1937թ. ծննված հոր բակում. լավ է, որ սև ու սպիտակ շները հուսալի կապած էին, կհանդիպենք… Ինձ ավելի ու ավելի ինքնաբուխ ընդունելություն են արժանացնում ամենուր, բայց որ ավելի ուրախալի է՝ Երևանում, Կոնդում, Հանրապետության հրապարակում, Ֆիրդուսնոցում՝ որին մենք պայմանավորվել ենք կոչել Ուրիշ քաղաք՝ քաղաքի ներսում… ոչ ավելորդ անգամ հաստատեցի դա իմ մեկ ժամ տևած ճամփորդության շրջանում…
Մթնով մտա Ֆիրդուսնոցի մեր շենք, 4-րդ հարկի իմ բնակարան-աշտարակ-դիտարանը… Տանը Սոնան էր՝ իր քեռի Դավթին երջանկացրած իր այցով, իր մորաքույր Աստղիկին օրոցում տեսնողի պայծառությամբ… Քիչ հետո՝ Արմինեի—Լիլիթի դուետ դարձած թեյի շուրջ Վահե Հովհաննիսյանի հետ քաղաքական այս շրջանի մասին մտերմիկ հայացքներ փոխանակելու շարունակությամբ… օրն է իմ… չի ավարտվում, տպավորությունների ձնագնդի է դառնում, ինչպես Արատեսում Դավթի ու իր ընկերների թարմ ձյունով գունդը…
Իսկ Կոնդը՝ իմ օրվա ճամփա դարձած իր Պարոնյանից Լեո-Սարյան անցումով, իսկական պարգև էր ինձ, ես՝ իմ մոր փորում, ինչպես հեծանվով Հրազդանի աջ ու ձախ ափին՝ դրախտի ճամփին վրա… Լուսանկարների այս շարքը՝ հընթացս արված, դրա վկան…
Որքան ավելի երջանիկ են մարդիկ ապրում, այնքան պարզ են հագնվում… Մարգարիտ Սարգսյանի մատուցմամբ ես այս հրապարակումը ոչ միայն կարդում եմ, այլև իմ գրով փոխանցում… Պարզ հագնվեք, հարմար կլինի, ու քիչ մը ավելի երջանիկ կլինեք դրանից…
Տնօրենի գործ է, երեկ պիտի հասցնեի սահմանված ձևով ԿԳՆ ներկայացնել կրթահամալիրի հանրակրթական դպրոցներում սովորողների թիվը՝ 2019-ի հունվարի 1-ի դրությամբ… Ու առաջացավ այսպիսի տեղեկանք-համեմատություն ունենալու՝ կրթահամալիրի աճի, դեմոգրաֆիկ վիճակի մասին…
2017-2018 ուսումնական տարվա սեպտեմբերից հունվար սովորողների թիվը պակասել է 16-ով (սեպտեմբերին՝ 1520, հունվարին՝ 1504)։
2018-2019 ուսումնական տարվա սեպտեմբերից հունվար սովորողների թիվն ավելացել է 28-ով (սեպտեմբերին՝ 1838, հունվարին՝ 1866)։
2018-ի հունվարից 2019 հունվար սովորողների թիվն ավելացել է 362-ով (2018-ին՝ 1504, 2019-ին՝ 1866)։
Տպավորեցի։ Շնորհակալ եմ եմ Սուսան Մարկոսյանին, Լուսինե Մամիկոնյանին՝ օպերատիվության համար, որքան էլ թվայնացված տնտեսության հետ գործ ունենք…
Հանրապետությունում ստեղծված շնչառական եղանակով տարածվող վարակիչ հիվանդությունների վիճակին արձագանք դիտեք իմ այս նամակը…
Անհրաժեշտ է կազմել, ամեն օր լրացնել դպրոցի առողջագիտական տեղեկանք՝ հիվանդության պատճառով բացակայող սովորողները, նրանցից՝ հարբուխ և վերին շնչառական ուղիների սուր վարակ ընկածները։
Տեղեկություն՝ դպրոցում ինչ գործողություններ են իրականացնում վարակի տարածումը արգելելու համար, ինչ պետք է անել, տեղեկություններ Հայաստանում, Վրաստանում, տարածաշրջանում վարակի տարածման վիճակի մասին։
Սա կարող է դպրոցում մի խմբի ուսումնական նախագիծը լինել, առողջագետի ղեկավարությամբ…
Կրթահամալիրում նախագծային ուսուցման՝ ճամբարային շրջան է ու հագեցած իմացումի հետաքրքիր առօրյա… Ու Սիլվա Հարությունյանի նախաձեռնությունը պաշտպանություն է ստանում…
Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1548