Կրթահամալիրի Ցուցասրահի հավատարիմ հետևողն եմ՝ այցելուն, բայց Էրիկ Գյագունցին (11 տարեկան, 2017-ի սեպտեմբերից Արևելյան դպրոցի 4-րդ դասարանի սովորող, ով նկարել սկսել է 3 տարեկանից… ունի 54 նկար, նաև զբաղվում է փայտի փորագրությամբ, սիրում է աշխատել յուղաներկով ու ջրաներկով) ուզում եմ հատուկ շնորհավորել իր պաշտոնական էջի համար… Երևանի թիվ 60 դպրոցում, 1970-1972-ին, 8-9-10-րդ դասարաններում լեզվի և գրականության իմ ուսուցիչը հայտնի Ղևոնդ Գյագունցն էր… Էրիկը նաև արտաքինքով ունի նմանություն… Էրի՛կ, պատմիր ինձ իմ ուսուցիչ Գյագունցի մասին… այն, ինչ ես չգիտեմ…
Մի անգամ «Գրքեր բժշկման մասին» Աբու Ալի Սինա, կարդալու ժամանակ Խայամը զգում է մահվան մոտենալը։ Կանգ է առնում ընթերցելիս և փակում ֆոլիանտը*։ Ապա կանչում իր մոտիկներին ու աշակերտներին, կազմում կտակ և արդեն դրանից հետո ո՛չ ուտում է, ո՛չ խմում։ Աղոթելով՝ նա ծունր է դնում և արտասանում․ «Աստվա՛ծ։ Իմ ուժերի չափով ես փորձել եմ ճանաչել քեզ։ Ների՛ր ինձ։ Որքան որ ես ճանաչեցի քեզ, այնքան մոտեցա քեզ»։ Այս խոսքը շրթունքներին՝ Օմար Խայամը մահանում է։
Չգիտեի հայուհի Ինեսա Թումասյանց. այնքան հետաքրքիր էր քո բլոգում իմ անցկացրած մեկ ժամը, Խայամի մահվան նման, գիշերը ժամը 3-ից 4-ը… Շնորհակալ եմ:
Շրջայց Կրթական պարտեզով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի հետ:
Իվետա Ջանազյան և Անահիտ Գևորգյան անբաժան ճամփորդական զույգի, Սոնա Փափազյանի, Շուշան Ալեքսանյանի, Նարինե Դավթյանի նախաձեռնությամբ կրթահամալիրի Արևելքից ու Արևմուտքից 40-ի չափ սովորողներ կթափառեն Գյումրիով՝ գիշերկացով… Այսպիսի մի թափառում՝ Գյումրու սիրահարների պատրաստում է Լուսինե Փաշայանի լաբորատորիան… Առավելագույնս պիտի մարդկայնացվի մեր «Ուսումնական Գյումրի» նախագիծը, Գյումրին տարատարիք մարդկային նոր կապերով՝ մարդու բացահայտումների, Գյումրու այսօրվա ստեղծական ներուժի դրսևորման կարիք ունի, որպես ուսումնական աշխատանք… Ինչպիսի՜ զարգացումներ… ի՜նչ թափ… կունենա նախագիծը, ճակատագիրը մի կողմ՝ դուք եք որոշում, բոլոր կարգի սեբաստացիներ՝ արմատներով գյումրեցի, առաջին անգամ Գյումրի ոտք դնողներ… Ե՞րբ եք հրավիրելու նշանավոր «Գորկու սադում» համատեղ գեղարվեստի պլեների, պարտիզապուրակային ստուգատեսի, տոնախմբության, ընթերցումի…
Իսկ ահա քոլեջ-ավագ դպրոցի միացյալ ճամփորդները, մեծաքանակ, առանց գիշերումի «Ուսումնական Արագածոտն» նախագծով լինելու են Ապարանում, նրա Վարդենուտում, որտեղ ես չեմ եղել… Թերզյան Գայանեն, Անահիտ Մելքոնյանը, Վարդուհի Պետրոսյանն ու Վարդան Կարապետյանը հմուտ ճամփորդներ են… Խիտ, մեկ օրում այնքան պատմելու նյութ կհավաքեն՝ այսօր ապրողների ազգագրության…
Մարթա Ասատրյանը, Ռինա Շահգինյանն ու Անի Սարգսյանը, ավագ-միջին դպրոցներից փորձառու ճամփորդ-բնապահպանների-վրացախոսների մի խումբ ամենամյա քառօրյա ճամփորդությամբ կլինեն Թբիլիսիում… Մինչև ո՞ւր կհասնեն… Վրաստանի Բոլնիսն իր շրջակայքով թողեք Լուսինե Բուշին, ով հիմնավոր պատրաստվում է դրան…
Երկարացված օրվա ճամբարի հեծանվային պարապմունք հարակից խաղահրապարակում:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:
Ե՛վ նախագծային ուսուցման այս շաբաթը, և՛ ուսումնական արձակուրդի օրերը լավ մեկնարկ են ինչպես ճամփորդությամբ ուսուցման մեկնումների, այնպես և մարտի 25-ից սկսվող «Բարեկամություն» ճամբարի շրջանակում ընդունումների համար… նոր կապերի, պայմանավորվածությունների, զարգացումների, ինչպես Վարդենիկի՝ Հայաստանի ամենամեծ գյուղի պատանիների բանակումը կրթահամալիրում…
Սարալանջը հատուկ մաքրվեց նաև իր մոտեցումներով արևելքի, արևմուտքի, հարավի… Այսպես մաքուր չէր եղել, ու մշտական-ամենօրյա մաքրության հաստատումը, տնկած ծառերի խնամքը փոքր խմբերով աշխատանքի համար են: Սարալանջը պիտի ներառվի ամբողջական իր միջավայրին թաղամասի, որ բացի թաղամասը իր նոր հեռանկարով-զարգացումով՝ հաղորդակցությամբ, նոր գեղագիտությամբ, նոր լուծումներով՝ կենցաղի, պարտիզապուրակայինի, ուսումնական-բացօթյա գործունեության… Այսպիսի բաներն առանց նախագծային հիմնավոր պատրաստության ու երևակայության չեն արվում…
Արևմտյան դպրոցի ակումբ-ընթերցարանի բացում-ներկայացում:
Լավ է, որ չարենցյան ընթերցումները մեզանում շարունակվում են և՛ Արևմուտքում՝ Արմինե Աբրահամյանի ուրախությամբ պսակված նախագծի՝ ակումբ-ընթերցարանի ներկայացմանը, և՛ «Գրական ակումբում» Մարիետ Սիմոնյանի, և՛ որպես ուսումնական անհատական նախագծային աշխատանք՝ մոնոներկայացումներ․․․ Բոլորն էլ սիրելի-ողջունելի։ Վատ է երևի, որ դրանց մասնակից եմ լինում գիշերվա իմ կյանքի-աշխատանքի հաջորդ ժամին՝ 4-ից շարունակված․․․ երբ բարեխիղճ անցել եմ բոլոր ճամփորդություններով, նախագծերով այս օրերի սեբաստացիական․․․ Մի բան հաստատ է. Մարիետն ինձ նախանձում է, նավսելու աստիճանի, հեծանվահեծելավարի իմ բնական վիճակի, ես՝ Մարիետին գրականությամբ շուրջօրյա ապրումի՝ ուսուցիչների ակումբով, սովորողների տարատարիք թատրոնով, թե կրթահամալիրի Բանգլադեշով, Երևանով մեկ թափառումներով՝ որևէ առիթով․․․ Էս տեսակ նավսն էլ, հատկապես երկարատև պահքի շրջանում, օրհնության, ծառզարդարով եկող զարթոնքի պես մի բան է, որ տեսեք Սիդոնյին իր սաներով. «Այսօր կրթահամալիրի սարալանջը համալրվեց եւս մեկ ծառով: Երկարացված օրվա ճամբարականները տնկեցին թթենի»:
Այսպիսի մարտի երևի Թումանյանը չէր հանդիպել… Ուրիշ ամիս եղավ…
— Բա Դավիթն ո՞ւր մնաց,- կհարցնի ընթերցողը։
Դավիթն ինձ ու Արմինեին երեկ օրվա վերջում մեդիակենտրոնում ազատ արձակեց.
— Ձեր տունը հետաքրքիր չէ,- ասաց Գևորգի, Սուսանի ներկայությամբ-քաջալերմամբ,- չեմ գալիս…
Ու չեկավ։ Ինչպես իմացանք, գիշերն անցկացրել մորաքրոջ տանը, մորաքրոջ երեխաների տաք գրկում…
Օրվա տեսաուղերձը
[youtube https://www.youtube.com/watch?v=WsZ03cfWJv4]
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1336
* Ֆոլիանտ — 1. Թղթի երկծալ չափով տպագրված գիրք, թերթի կեսի ծավալով գիրք: 2. Մեծ՝ ստվարածավալ գիրք: