Արմինեն շարունակ նմանություններ է հաստատում իմ ու Դավթի բնավորությունների մեջ, վարքագծերում… օրը գիտի, իր տրամադրվածությունը՝ ինչ շեշտադրումով է արվում՝ ուրախությո՞ւն, թե՞ իր վիճակի անելանելիություն… Իր երեք հաստիքով՝ Դավթի մայր, տիարի կին և սեբաստացի ուսուցիչ, երկու այսպիսի իրար շարունակություն Բլեյանի ու մեր դպրոցի ձեռը կրակն ընկած չքմեղ-երկնային գոյություն…

Արմինեն ու Դավիթը կարևոր քնած են, առավոտ 7-8-ի արանքում, ես Արմինեի հոգածությանը հակառակ՝ աշխատում եմ համակարգչի առաջ… Փորձում եմ այս մի ողջ իրիկուն-գիշեր իրենց քունը չառած մարդկանց ոտի հանել… Բարձր, շենքով մեկ, կանչում եմ.
— Դավի՛թ Բլեյան, արի հլը տեսնեմ, էս էստաֆետ-մարզական խաղեր-մրցումներ եք անցկացնո՞ւմ Արևելյան դպրոցի հետ, էս ի՜նչ սիրուն է, աշխույժ. ինչի՞ չեք ասել, որ գամ ծափահարեմ… Բա ինչո՞ւ իրիկունը չէիր պատմում, ուրախանայի… Արմի՛ն, դու տեսե՞լ ես, ներկա եղե՞լ ես, գիտեի՞ր… Հլը երկուսով եկեք… չեմ նեղանում, խաթրս առեք…

Ծառզարդարի ծեսը նախակրթարանում:
Լուսանկարները՝ Մարգարիտ Հեքիմյանի:

Շարժ չկա… ո՛չ մեր տան արևմուտքից, ո՛չ արևելքից… ես՝ խառնարան հյուրասենյակում…
— Դե հանգիստ քո համար նայի, ո՞վ ա քեզ խանգարում, որ չես թողնում քնեմ, թող, քնում եմ,- Դավթի ձայնն  է առաջինը ինձ հասնում…
— Ինչքան քեզանից բան կիմանաս, քո օրից-մտքերից, ինչքան դու կպատմես-կխոսես, էդքան էլ քո նմանակ տղեդ,- սա էլ՝ Արմինեի արձագանքը։

Րոպեներ հետո, երբ զոռով-շառով, անպատվությունները մոր ու տղու տիարավարի կուլ տված, հենակ եմ դառել, որ ոտքի կանգնեն իրարից սար ու ձոր տարբեր մայր ու որդի, Դավիթը, մեր նախաճաշի փոքր սեղանի շուրջ հայտարարում է մորը՝ անցնելով հանկարծ ծղրտոցի, դեռ աչքերն էլ լցվում են.
— Ես չե՛մ ուզում քո մեքենայով գամ դպրոց, դանդաղ ա էդպես, մետրոյով կամ ուրիշ սրընթացով եմ ուզում…
— Հա, հորդ նման, հեծանվով-հրթիռով գնա, կամ էլ թող ինձ համար մի… (ինձ անծանոթ մեքենայի անուն է տալիս) առնենք…

Ես, որքան էլ շտապեմ, մեծ քույրիկ Նեկտարից ժառանգած (ես էլ, պարզվում է, նմանակն եմ իմ հոր, քույր-եղբայրների, «միայն թե ոչ մոր՝ կավելացնի իմ օրագրի ուշադիր ընթերցողը)՝ լվացարանի տակի մոռացած-հետոյի թողած աման-չամանը չեմ հանդուրժում… Պատկեր՝ բոլորը հագած-կապած քրոջս են սպասում, իսկ Նեկտարը ցուցադրաբար, մինչև վերջին աման-չամանը, լվացարանը չպսպղացնի, դուրս չի գալիս… Քույրիկ ջան, ժպտում եմ, այսպիսի ժպիտ, գորովանք, կոկորդում արցունքի կաթիլ բերող առիթներով է լի իմ օրը… կյանքը, ինչպես հիմա, քո, մեր քույր Էմմայի՝ քո նմանակի, այնքան տարբեր ու նման, միշտ ձեզ հետ է, առանց այսպիսի քույրերի՝ Էմմայի-Նեկտարի ներկայության կդատարկվի, իմ մայրը կասեր՝ կմնա գոգնոցս, որ միշտ կապած էր ման գալիս… Իսկ մարտի 25-ին ավագ եղբորս՝ Էդվարդ Շամխալբեկի Բլեյանի հիշատակի օրն է… Այս օրերին ինչ գրեմ, պատմեմ, ինչ էլ անեմ-ասեմ իրենց եմ անդրադառնալու, իրենց հետ եմ… Գրելս չի գալիս… արցունքները թող հոսեն…

Սեբաստացի լողորդները: Լուսանկարները՝ Տաթև Համբարյանի:

Ու հիշեցի կիսատ թողած նախագիծը Արմինե Թոփչյան համհարզի՝  ոտի վրա, քայլքով տեսագրերի շարք անելու. համ էլ մազերս Նեկտարի ուզածի պես կտրել եմ, թող տեսնեն բոլորը իմ զարմանալի-պայծառ քրոջ իշխան եղբորը՝ քրոջս ճաշակով…

Տնօրենի փոստում ուրախացրեց.

Հարգելի տիար Բլեյան, «Սեբաստիո» ազգային նվագարանների համույթի բլուլահար Աննա Հովհաննիսյանը մարտ ամսից Հարավային և Արևելյան դպրոց-պարտեզների նախակրթանանների հինգ դաստիարակների հետ շվիի անհատական պարապմունքներ է անցկացնում և ունի լրացուցիչ կրթության երկու սովորող: Հաջորդ չորս գործիքները նախատեսում ենք Արևմտյան և Հյուսիսային դպրոցների դաստիարակների պարապմունքների համար: Ձեզ եմ ներկայացնում Նառա Նիկողոսյանի, Շամիրամ Պողոսյանի և իմ բնութագիր-երաշխավորագրերը Աննայի հետ աշխատանքային պայմանագիր կնքելու առաջարկով:

Կրթահամալիրի գեղարվեստը, երաժշտական հանրակրթությունն այսպիսի նոր ձեռքերում ունեն. ո՜նց չեմ համաձայնի, հլա Դավթի ձեռք էլ շվի եմ տվել, դաշնամուրի ուսուցիչ Լիլիթի հետ ուղարկել շվիի Աննայի մոտ, թող երկուսով նվագել սովորեն մոբիլ ու ստեղծական։

— Ի՞նչ ա, Արմի՛ն…
Արմինեն, որ ձայն էր տալիս, չի արձագանքում։ Փոխարենը Դավիթը՝
— Կարևոր չի…
— Արմի՛ն, լսո՞ւմ ես՝ ինչ ա ասում…
Էլի Դավիթն է.
— Լսեց:
Իմ ու Արմինեի խոսակցության ավարտը, իմ ու Դավթի առավոտյան վերջին խոսակցությունը՝ տանից դուրս գալիս: Լավ օր է, ուրիշ սպասումով, որքան էլ խորթ են իմ աշխարհին էսպիսի բաները, սպասումի պես… Երեկ մղձավանջ օր էր, առավոտը կարծես այնքան հուզումով սկսված, ցերեկով բեկվեց ու խելքի չեկավ, իրիկնային հեծանիվն էլ չփրկեց:
— Էս լարումով ո՞նց ես ապրելու…
Քրոջս՝ Էմմայի ձա՞յնն է վերևից, թե՞ Տաթև աղջկաս՝ էլ. փոստին թողած հաղորդագրությունը-խնդրանքը-հիշեցումը, թե՞ Շուշանի արցունքախառն ձայնը յոթ սարից այն կողմ…

Քեզ շատ սիրում եմ, ամենաերիտասարդ, ամենասիրուն և ամենակարող հայրիկ ջան: Ուզում եմ քո անձի հանդեպ քո հոգածությունը շատ առավել լինի, քան հիմա կա: Խնամիր, խնայիր ու շա՜տ խնայիր քեզ… և ուզում եմ միշտ քեզ տեսնել սիրուն  խաղաղ սրտով: 
Աստված պահապան լինի քեզ, օգնական և ամենահաս բոլոր քո նախաձեռնություններում:

Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1335

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Բաժանո՞ւմ… հարցնում եմ, թե՞ որպես մի նոր սկիզբ

Կրթահամալիրի տնօրենի հոմանիշը գործատուն է. ես աշխատանքի եմ ընդունում պայմանագրով, աշխատանքային պայմանագիր լուծում՝ աշխատանքից ազատում… Որքան էլ հեղինակային, որպես կրթական ծրագիր, Բլեյանի դպրոց, բայց սեբաստացիների օջախն օրենքով որոշված ու կանոնադրությամբ

Դանակ-մկրա՜տ սրեմ… Բերողին սիրեմ…

Փոքր են՝ փոքր հոգս են, մեծ են՝ մե՞ծ հոգս… Էլի ասո՞ւմ են խոսքում այսպես… Հիմա էլ ես Մայր դպրոցում ավելի հաճախ ու ավելի երկար եմ լինում. Ավագ դպրոցը՝ իր ձեռքբերումներով,

Նորամուտ-մեկնարկ Սուրբ Ծննդյան ավետիսներով…

Ավետիս… Գրիգոր Նարեկացու «Յորդորակ Ծննդեանը» և էլի գործեր կրթահամալիրի մեդիագրադարանի նորացված էջում, այդ թվում՝ և «Երգ երգոցի» մեկնությունը։ Ավետիս… Շուշան Բլեյանն ու իր ուսուցիչ (հիմա կսկսի ծիծաղել) Լիլիթ Առաքելյանը նախաձեռնել