Կիևյան կամուրջի վրա հայտնվեցի հերթական հոգեհանգստից հետո, երբ Լենինգրադյան-Սեբաստիա խաչմերուկից ոտքով, սկզբում` Սվետա Ճաղարյանի հետ, Լենինգրադյան փողոցի իմ ու Սվետայի սիրելի սոսի-չինար ծառերով, սեբաստացի երգչախմբերով տարված, հետո՝ Սվետային թողեցի իրենց շենքի սարալանջի դիմաց (այս փողոցով ձգվող հյուսիսային սարալանջերը եզակի են) շարունակեցի քայլքով, Համլետ Խաչատրյանի մասին մտքերով, Լիլիթ Բլեյանի, Մարիա Կալբովայի հետ հեռախոսազրույցներով։
Լենինգրադյանից-Կիևյան անցման հարավային բարձունքը ի՜նչ դիտարան է, ու ոնց են փչացրել-փակել քաղաքացուց։ Մեկ էլ, ահա, ինձ բռնեցի, որ Կիևյան կամրջի վրա եմ, լուսանկարելով, դադարներով, որքան ասեք մեքենաներ-դղրդյուն, հատուկենտ ոտավորներ, էս գյոզալ-եզակի կամրջով, իմ սքանչելի Հրազդանի վրայով-կիրճով, հայացքս՝ դեպի հյուսիս-հարավի հեռանկարներ… Եվ ո՛ւմ եմ հանդիպում. արագ քայլքով կամուրջը անցնող, միշտ մարզական, խնամված․․․ գեներալ Սուրեն Աբրահամյանին, այո, ներքին գործոց նախկին նախարար, նախկին մարզպետ Սյունիքի, նախկին քաղաքապետ… Մենք համատեղ կարճ աշխատել ենք 1991-ին, ես՝ փոխքաղաքապետ, ինքը՝ քաղաքի ոստիկանապետ, հետո՝ տարուբեր, բայց միշտ մարդկային-հարազատության կապով․․․ վերջին անգամ՝ երկուսս էլ հուզված, Համլետ Խաչատրյանի հրաժեշտին ենք հանդիպել․․․
Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից:
Ինչի՞ մասին սկսեց խոսել Սուրենը, մեր հանդիպման ողջ ընթացքում նախաձեռնությունը վերցրած, ոգևորված․․․ Իր վեց տարեկան թոռնիկ Սուրեն Աբրահամյանից։ Նրա տղան ու հարսը, տարբեր թանկ-զեխ մանկապարտեզներ պտտեցրած, վերջը խորհրդով հանգրվանել են մեր քոլեջի նախակրթարանում՝ 5-6 տարեկանների ուսուցման ծրագրում․․․ Այսքան մեծ կենսափորձով-տեսած պապիկը՝ միշտ թարմությունը պահպանող, հիացած գովերգում-ներկայացնում է իր թոռան զարթոնքը մեր սեբաստացի միջավայրում, իր ընկերների ու Փիրուզ-Սոնա դաստիարակների հետ իմացումի հրճվանքը, որ տղան տանում է ամեն օր տուն, հասցնում պապին՝ հեծանվով, լողով, ծեսով․․․ մեդիայով․․․
Խոսակցությունն անցավ մեր կողմից հանրապետությունով մեկ ստեղծվող նախակրթարանների-հեղինակային դպրոց-պարտեզների ցանցին․․․ Եվ կամրջի ճոճքի վրա իրարից բաժանվելու մի ճանապարհ կար՝ կրթահամալիրի Բանգլադեշում հանդիպելու պայմանավորվածությունը, որ Սուրեն պապիկն անձամբ ծանոթանա դպրոց-պարտեզներին մեր․․․
Ծառատունկ Հյուսիսում, 2-4 տարեկաններ:
Լուսանկարները՝ Սոնա Կարապետյանի, Դիանա Գևորգյանի։
Մեր ընդհանուր-հարազատը-ընկերը՝ Համլետ Խաչատրյանը, մեր բոլոր գործերից ամենահեռանկարայինն ու կենսականը հանրապետության համար հե՛նց նախակրթարանային-դպրոց-պարտեզային ծրագրի տարածումն էր համարում․․․ «Մնացածը՝ անհատական իր ճանապարհին 11-12 տարեկանը կգտնի այսօր, դուք հավեսի-խոդի գցեք, բացեք ու գցեք էս ժողովրդի ջանը․․․ Հենա, արել եք Բանգլադեշում, ձեր մանկավարժական սեփականությունն ա, ձեզնից լավ ոչ ոք չի կարող անել, նրանց, բոլորի մոտ էդ բիզնեսից կամ հիվանդ մտքերից ծնված բաներ են, ձերը՝ ինքն ա, ինչքան շուտ տարածվեք, էնքան շատ երեխու-ընտանիքի կերջանկացնեք»… Համարյա մեջբերեցի մեր ընկեր Համլետի խոսքը, ում ծննդյան օրն է մարտի 25-ը, ու մենք գալիս ենք նվերով՝ իր բլոգով, մեր նախակրթարանների ցանցի ստեղծման թափ առնող ընթացքով․․․
Օր օրի ծաղկող Բանգլադեշ:
Լուսանկարները՝ Նունե խաչիկօղլյանի։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի, շրջանի կոմունալ-տնտեսության, բարեկարգման-կանաչապատման ծառայությունների պատասխանատուներ Գարիկ Գրիգորյանի և Վովա Արզումանյանի հետ նախատեսված շրջայցը չի կարող իր նկատելի հետևանքները ու շարունակությունը չունենալ․․․ Շինարարական անունով Բանգլադեշի՝ հարավարևմտյան զանգվածի Բ-1 թաղամասի կենցաղային այս վիճակն ու նախադպրոցական կրթությունը, չեմ ուզում վիրավորել, որքա՜ն կարող են իրար քարկապ ու մեջքով դեպի մեզ լինել, երբ հանրապետությունից-Վրաստանից-Արցախից գալիս են ու գալիս մեր ստեղծած բաց երեխավայել-զարգացնող-տոն ստեղծող միջավայրը՝ իր ներսով-դրսով տեսնելու, մեր ստեղծած այս զարմանալի պարզ-էժան-հետաքրքիր-բնական մանկավարժությունը ինչ-որ հրաշքով իրենց բնակավայրեր տեղափոխելու․․․ Ինչպե՞ս կարելի է «Կրթական պարտեզ» նախագիծը 2018-ին ամիսների մեջ ամբողջական տեսքի չբերել․․․ Կօգնեն, իհարկե․ չնայած, տեղերը փոխվել են, մենք է, որ պիտի օգնեինք մեր գոյությամբ-բարի կամքով ու հասնելով, բայց… Օգնեն-չօգնեն. ինձ զբաղեցնողը բնակիչներն են, շենքերից յուրաքանչյուրը՝ որպես համայնք, մեր մանկավարժական աջակցությամբ տեղից շարժելը, որ իրենց պատշգամբներից-պատուհաններից, որպես դիտարանից, մեր սեբաստացիական աշխարհի ազդակներով փոխված, ամեն օր իջնեն շենքերի դիմաց ու օգնեն մեզ՝ իրենց բակերը փոքրիկ պուրակներ, մարդկային հավաքատեղի դարձնելու, որպես միջավայր համայնքի ձևավորման, որ նստել-զրուցել լինի, համայնքային ուրախություն, հավես առաջանա․․․
Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1337