— Էսօր ինչի՞ ֆլեշմոբ կա․․․,- հարցնում է ռուսերենի ֆլեշմոբի առաջադրանքը հաճույքով կատարած սեբաստացի Դավիթը։
— Ոչ մի բանի․․․,- իր գործից չի ուզում կտրվել Արմինեն․․․
— Դե, էդ ոչ մի բանի ֆլեշմոբը բացի․․․
Ու ամեն գործից առաջ մոտենում է դաշնամուրին, որ միշտ բաց է, ու րոպեներ, այս անգամ կես ժամ, նվագում իր Բախ-Մոցարտ-Պագանինի ծրագիրը․․․ Վերջում էլ թե՝ «կռասոտա՜»․․․
Իսկ «Հովիվն ամեն առավոտ»-ը Մոցարտն է գրել, ընկեր Լիլիթն է ասել․․․  Լիլիթ Առաքելյան ուսուցիչը շարունակ մեկը մյուսից հետաքրքիր բաներ է պատմում… թե ոնց է Մոցարտն աչքերը փակ նվագել, մեջքով դեպի դաշնամուրը կամ ոտքերով նվագել, ու ցույց է տալիս։

Տեսանյութը՝ Արմինե Աբրահամյանի։

[youtube https://www.youtube.com/watch?v=vcaGp04UKas]

Վահան Սերոբյանը, Տաթև մայրիկի ձեռքը բռնած, բարձրացավ երեկ մեր տան աստիճաններով․․․ Այսպիսի՜ հասունություն։ Աշոտ պապիկին Ապի-պու է կանչում, Արմինեին՝ Ամա, Դավիթ՝ Դադա-ին համով մրգեր է բերել, բոլորիս հետ առանց Տաթևի շփվում է՝ քիչ է, կարող է արդեն մեր տանը մնալ, Դավթի Արմինեի հետ, ինչպես Սոնան․․․ Նոր թոռ է պետք, ծնունդ, Վահանն էլ մեծացավ, Շուշան ջան։

Դավիթը, որ ցույց չի տալիս Վահանի ներկայությամբ, Վահանի գնալուց հետո միայն Վահանից է խոսում, ի՜նչ մանրամասներով է նկարագրում նրան, Վահանի փոփոխությունը․․․
— Կարող եմ Վահանի հետ խաղալ, թող բերեն, թողեն մեր տանը, գնան իրենց գործերով․․․
Վերջում էլ՝ մեծի պես, ինձ հետ ճանապարհում է Վահանին-Տաթևին-Սամվելին փողոցում, ուշադիր նայում, թե որտեղ, ինչպես նստեց-տեղավորվեց Վահանը․․․

Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի։

Շաբաթ օրվա աշխատակարգը խիստ որոշված էր․․․ Գևորգի, Սուսանի հետ, առավոտ 9-ից սկսեցինք-շարունակեցինք կրթահամալիրի զարգացման միջնաժամկետ՝ 2019-2021 թվերի ծրագրի շարադրանքը․․․ Հետո ես մասնակցեցի Գեղարվեստի հարթակում Գոհար Բալջյանի նախաձեռնած կլոր սեղանին. Գոհարն արդեն համակարգում է  կրթահամալիրում մանկավարժական վերապատրաստումների շարունակ ծավալ հավաքող դասընթացները․․․ Սիրելի մարդիկ, սիրելի աշխատանք․․․  Լավ է, ոչ միայն վերապատրաստումների ծավալն է մեծանում (նախադպրոցական հաստատությունների ղեկավար ու մանկավարժական աշխատողների ամենամսյա 5-օրյա վերապատրաստման փետրվարի 19-ից սկսող այս փուլի 40 հոգիանոց խմբին միանում է և Աշտարակի մանկապարտեզների 16 հոգիանոց խումբը՝ «Ավարտական նախագիծը՝ Աշտարակում համայնքային ծես» նախագծով, մի քանի օր հետո, դասվարների վերապատրաստմանը՝ նաև Արագածոտնի դասվարների խումբը), այլև դրանց մեր պատրաստությունն է լավանում՝ մեր հեղինակային կրթական ծրագիրը փոխանցելու կոնկրետությամբ, այդ աշխատանքում ներառված սեբաստացիների ինքնուրույնությամբ-ինքնավստահությամբ։

Տան ճանապարհին, որ անցնում էի հեծանվով, ինձ զարմացրեց Երևանյան լճի ափով շարված ավտոմեքենաների շարանը․․․ Հարսանքավորնե՜ր են, ի՜նչ է։ Պարզվեց․․․ ձկնորսներ են։ Վերևից, հուշարձանից, երկա՜ր հետևում էի ինձ հարազատ-ինձնից հեռու մարդկանց այս հերթին։ Կեղտի մեջ կորած ափ, բռնած-չբռնածը՝ կարասիկ ձկներ, ու մի ամբողջ շաբաթ օր այսքան մեծահասակի զբաղմունք է դարձել… Հաշվեցի՝ երեսունի չափ մեքենա։ 2800-ին ինչո՞վ արժանի խնդիր չէ. ինչո՞ւ մեր ֆոտոլրագրողների, որևէ ռադիոխմբագրության ուշադրությանը չի արժանանում։

Հարավում շաբաթօրյա մաքրման աշխատանքներ։ Լուսանկարները՝ Շամիրամ Պողոսյանի։

Ոչինչ չկար իմ շուրջ-իմ մեջ, որ հուշեր իմ ինքնազգացողության կտրուկ փոփոխությունը Տաթև-Վահանի գնալուց հետո․․․ բարձր ճշնում, գլխացավ․․․ այնքա՜ն անսովոր, այնքա՜ն ուժեղ, ինձնից հեռու․․․ Արմինեն փրկեց, վերադարձրեց․․․ Հետո, ավելի ուշ, երբ ես էի ու նորից ինձ այցելած գլխացավը, ես տրվեցի գիշերային ընթերցման․․ Բարձր, բաց պատուհանով, բոլորիդ լսելի։ Շնորհակալ եմ ինձ լսող-չլսող, երևակայական-իրական ունկնդիր, Թումանյանով այս թերապիայի, աղոթքի, բարձրյալի հետ այսպիսի բանաստեղծությամբ հաղորդության համար։ Իսկական հաղորդություն. երբ սկսեցի, վրդովված էի այնպես-այնչափ, որ այն վերածվեց խռովության (բունտի), նեղացվածության, ու դարձա անհասանելի․․․ մտա նորից մահիճ, քուն գտա․․․ այս անգամ մինչև ուշ առավոտ․․․

Արևելքի երկարացված օրվա ճամբարի սովորողները Նունե Խաչիկօղլյանի ընթերցմամբ Թումանյան են լսում։

Նոր օր է՝ իր շարունակվող, գիշեր ու կեսօր բռնած անձրևով։
Կիրակին բարի է լինում, որքան էլ որ այս մեկը Դրախտից Արտաքսման է համարվում, ու ես այն անկողնում եմ անցկացնում։

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1304

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Պա՛պ, դու հոգնում ես, ես չեմ հոգնում…

Աճող աշխույժով-ընդգրկումով, առանց զոռի-վարչարարության, ձեր մասնակցությամբ-ձեր աչքի առաջ «Ֆինանսական գրագիտություն» անգլերենով ուսումնական նախագիծն անգլերենի տոն դարձավ, մի խումբ երիտասարդ արտասահմանցիներ կարողացան մեր միջավայրում մանկավարժության հնարավորությունները մեզ ներկայացնել… «Դպիր»-ում  նախագծի արդյունքների հանրայնացման

Մահվան քայլերգ, թե ընթացք՝ երգով, Հրազդանի կիրճով…

Մենք բոլորս, որ հոգնաբեկ չենք նայում վեր, Մոռանալով աշխարհային չարը, բարին, Տրտում կօրնհնենք մի իրիկուն օրերը մեր Ու կնայենք Հարդագողի ճանապարհին․․․ Երևանի գերեզմանոցներին ի՞նչ անուն տաս, ի՞նչ վայրեր են Կարմիր

Ուրի՞շ քաղաք. քաղաքի ներսո՞ւմ

Այսպես, այսօր կորչող քաղաք… Այն քաղաքը, որտեղ ես ապրում եմ, որ իմն է միայն, ու կթողնի մեզ մեկ-մեկ… Թակոցով բացվող քաղաքը, Օղակաձևի ու Զանգվի կիրճի միջև պարփակված մի բնական սահմանով, հասարակությանը