— Արա բազուկ, վեր կաց: Էնպես մի՛ արա, որ քո տնօրեն քույրն իմ վրա խոսի: Էհե՜յ…- կանչում է մայրը՝ չարթնացող Դավթին,- ուշանում ենք…
— Չէ՜, ես «արա» չե՜մ, «արան» դո՛ւ ես, ես Սասունցի Դավիթն եմ:
— Բազուկ, վե՜ր կաց, ուշանում եմ:
— Չէ՜, ես բազուկ չե՜մ, ես Դավիթն եմ, բազուկը դո՛ւ ես:
— Բազուկ ես, բազուկի պես կլոր, կարմիր, խորոտ, առողջ, համով…
— Չէ՜, ես կարմիր չե՜մ, գազարագույն եմ: Հայրիկ, ի՞նչ օր է այսօր:
— Երկուշաբթի է, Դավիթ, ես էլ եմ գործի, մայրիկն էլ, դու էլ: Ուշանալը լավ չէ:
— Դավիթը զինվորի պես արագ լողանա, հագնվի ու հասնի Բանգլադեշ: Էհե՜յ… Գալիս եմ՝ պարտեզը բացեմ…

Մեքենաների նոր շարք է ավելացրել իր ցուցադրությանը.
— Ուզում եմ հաշվեմ…,- սկսում է ցուցամատով,- 1, 2… 10… 18… 27… Արա, էս ինչքա՜ն շատ մեքենաներ են, չեմ կարողանում հաշվեմ…

Կրթահամալիրի մասնագիտական ժողովը երկու շաբաթը մեկ, փոխեփոխ վարչական խորհրդի հետ, նույն ժամին՝ 16.00, երկուշաբթի, մեդիակենտրոնի կլոր սեղանի շուրջ, նախօրոք հայտնի-հրապարակած օրակարգով և պատրաստած նյութերով սկսում են հեղինակային կրթական ծրագրերի բովանդակաստեղծ մշակումների համաձայնությունները: Կրթահամալիրի առաջատար բովանդակաստեղծ մասնագետների 21 հոգիանոց այս խումբը մասնաժողովն է, իրավասու՝ փորձարարական-հետազոտական միավորում կրթահամալիրի կանոնադրությամբ, նրա ստեղծման 1989-ից, իրավասու՝ իմ միջոցով  կրթահամալիրի խորհրդի հաստատմանը ներկայացնելու ուսումնական պլաններն ըստ կրթական ծրագրերի, պարզաբանումներով, դասընթացների ծրագրերը, ուսուցման բովանդակությունը կազմող նյութերի ցանկը… Այսպես է ձևակերպվում, իրավական դառնում պետական այլընտրանք հեղինակային կրթական ծրագիրը։ Հեղինակն էլ կրթահամալիրի դասավանդողն է՝ դաստիարակը, դասվարը, ուսուցիչը, այլ մասնագետ, ով իր տաղանդով, իր ազատությամբ, իր պատասխանատվության իրացմամբ մշակում, կազմակերպում, տարածում է հեղինակային կրթական ծրագրի առանձին բաղկացուցիչներ… Պատմության-հասարակագիտական խմբի ղեկավար Վահրամ Թոքմաջյանի առաջարկով 2014-15 ուստարվա 2-րդ կիսամյակում իրականացվելիք ուսումնական նախագծերի ցանկի հաստատումը հետաձգվում է, ու ես իմ օրագրում ուզում եմ պատմել այդ նախագծերի մի փնջի մասին, որոնք հավաքված են mskh.am-ի գլխավոր էջում, իրար տակ…

Անվերջ զրույց է, այո, ինչ էլ ճիշտ է վերնագրել Արմինե Աբրահամյանը մայրենիի ուսուցչի իր բլոգում Յուրա Գանջալյանի և իր սեբաստացի թոռնուհու թումանյանական ամենամյա ստուգատես-նախագծի շրջանակում ռադիոհանդիպումը… Յուրան՝ Ավագ դպրոցում օտար լեզվի մասնախմբի ղեկավարն է, անգլերենի հայտնի ուսուցիչը, ում հիմնադրած «Անգլիախոսների ակումբն» իր եռանդուն գործունեությամբ հայտնի, մատչելի է դարձնում այլոց  համար մեր ստեղծած սեբաստացիական աշխարհը՝ անգլալեզու mskh.am-ով, «Դպիր» ամսագրով, տնօրենի բլոգով… Անվերջ:

Օրվա անցուդարձը Դպրոց-պարտեզի Տաթև Ավետիսյանի 1-ին դասարանում

Տիգրան Բադալյանը «Ես կարողանում եմ» նախագծին այնքան անհրաժեշտ հիգիենա-թարմություն է հաղորդում. անպաճույճ պատումներով մենք ու մեր սեբաստացիկների ընտանիքներն այսպես իրար շարունակում ենք՝ երեխա-սանի կյանքը դարձնելով անընդհատ-անվերջ… Ինքնուրույնությունն է երեխայի (մարդու) ազատության առաջին աստիճանը. անհատական հիգիենան ինքնուրույնություն ձևավորողն է: Ահա ինչու, ծեր աշուղի նման, չեմ հագենում նման տեսանյութերի, հաղորդումների, պատումների մասին իմ հիացմունքը ձայնելիս…

Հիմա ուշադիր նայեք այս քառյակին՝ Սոֆյա Գրիգորյան, Տաթև Ստեփանյան, Մարինե Մկրտչյան, Հասմիկ Մաթևոսյան՝ երաժշտության դաստիարակներին մեր կրտսեր դպրոցների՝ Դպրոց-պարտեզի, ՆորիՀիմնականի, Գեղարվեստի, առանցքային դերակատարներին, ինչ անվերջ գործ են անում. այս ճաշակը, այս ձայները, շարժումները, խաղերը, բոլոր միջոցներով մտնում են կյանք, շարունակվում… մինչև հարսանի՞ք… Ա՛յ, կասկածեցի…

Սոֆյա Գրիգորյանին ի՞նչ արժանի ձևով կարելի էր շնորհավորել, ծափահարել՝ լեզուս չի բռնում, եթե բռնի էլ, չեք հավատա, պինդ բռնվեք, որ չընկնեք անսպասելությունից, կրթահամալիրում իր 30 տարվա երաժշտական գործունեության համար… 30 տարի կրթահամալիրի, նրա Դպրոց-պարտեզի (նախկինում՝ թիվ 119 մանկապարտեզի) սաների անվերջ փոփոխվող կազմերի հետ: Մերի Առաքելյանը որքա՜ն ոգևորված, տեսեք, կոնկրետ-ճշգրիտ-ամբողջական է իր գնահատականում «Շնորհավորում եմ, իմ հարազատ, ջերմ, անկեղծ, միշտ դրական, կենսախինդ, հմայիչ տիկին Սոֆյա: Մեծ երջանկություն է Ձեր ընկերը լինելը: Առողջ եղեք, միշտ բոլորիս կողքին: Սիրում եմ Ձեզ»… Միանում եմ. իհարկե, միացեք դուք էլ:

Այսօր Դպրոց-պարտեզի նախակրթարանի նորացված խմբասենյակի բացումն էր

 

«Շրխկան» համույթ-լաբորատորիան, որ ընդգրկում է կրթահամալիրի նախակրթարանների դաստիարակներին՝ 2-5 տարեկան սեբաստացիկների ուսուցիչներին. մեր ամենահեռանկարային նախագծերից է: Նախագծի ղեկավար Աիդա Պետրոսյանը, ով նաև մեր մյուս ամենա-ամենա «Պարտեզ» ամսագիր-նախագծի հիմնադիր ղեկավարն է (օլիգարխ է մեր տիկնիկ Աիդան, նախագծերի 50%-ը ստվերում են գործում), Մարինե Մկրտչյանի հետ, երաժիշտ դաստիարակ-ոչ երաժիշտ դաստիարակներով, գործընկերային մի նախագիծ են իրագործում տպավորիչ հաջողությամբ, վարակիչ ոգևորությամբ… Ու այս ամենը Կոմիտասով կենդանացած-ոգեղենացած դաստիարակների հետ մտնում է սեբաստացիական առօրյա, ազդում հասարակական ճաշակի ձևավորման վրա… Հայտնի հունգարացի երաժիշտ մանկավարժ Զոլտան Կոդայը՝ համաշխարհային համաբավ ունեցող Բելա Բարտոկի գործընկերը, հենց այս վիճակը նկատի ուներ, երբ երաժշտության ուսուցիչ-դաստիարակին ավելի էր կարևորում, քան օպերային թատրոնի գլխավոր դիրիժորին…

Ես գիտեի, ես ձեզ, սեբաստացիներ բոլոր տարիքի, իմ օրագրում հենց սկզբից զգուշացրել էի «Սեբաստացի» ռադիոնախագծի հեռանկարի մասին. սպասված է նրա այս հոբելյանը՝ 60-րդ թողարկումը որ, իրեն բնորոշ բարեխղճությամբ համակարգել է Արհեստների ավագ դպրոցի «ԱրտԲզզան» ռադիոն… Ինչ լավ է, որ տարատարիք սովորող, ուսուցիչ ու տնօրեն իրար շնորհակալ են. դուք՝ որակյալ, ձեզ այնքան պատշաճ, մոբիլ ու գրավիչ նոր ձայնագրիչների համար, ես՝ ձեր բերած, ներաշխարհ դարձած ու այնտեղից լսվող Տերյանի համար՝ առանց խուճուճ-պաճուճանքի, առանց արհեստականության… Շնորհակալ եմ. փառավորվում եմ, երբ հանդիպում եմ Տերյանով, Չարենցով, Թումանյանով համակված պատանու: Անվերջ աշխարհի ձեր փոխանցած զգացողությունները ծերության դեմ իմունիտետ են ինձ համար…

 Օրը Ավագ դպրոց-վարժարանում. Դավիթ Թոփուզյանի և Ալբերտ Ավետիսյանի օբյեկտիվիներից

Օրագիրն իր սահմանն ունի. Ռուբեն Սևակի հետ մեր հանդիպումը հետաձգենք մինչ «Սեբաստացի» ռադիոեթեր:

Չարենցը Տերյանին էր դիմում՝ իր ինքնազարմանքն արտահայտելու համար.

Սի՜րտ, քնքշությո՜ւն, սանտիմե՜նտ, — ե՜րգ, և՜ ցնորք, և՜ թախիծ…
Ո՞նց ապրեցիր աշխարհում, այս ահեղ դարում դու, Տերյա՛ն:

Հիմա մերն է՝ մեր բանաստեղծական ներաշխարհով ապրելու պահանջն ու այս ահեղ՝ անվերջ կարծր, բիրտ անհոգի դարձող արտակրթահամալիր Հայաստանը, նրան շարունակող աշխարհը… Համացանցի լրահոսը՝ այս աշխարհից ողջ գիշեր… այլ բովանդակությամբ: Աչքի անցկացրեք, եթե չօգնի, չի վնասի… Խնայում եմ ձեզ ու ընտրում թոփ եռյակը:

One thought on “Անվերջ զրույցի 241-րդ հանգրվանում…”

  1. Հարգանքով եմ վերաբերում բոլոր նրանց, ովքեր նման ձևեր են կիրառում, բայց ես երբևէ չեմ փորձել՝ դրանք համարելով կոպիտ միջամտություն օրգանիզմի ներքին գործերին: Եթե ես լիցքաթափվելու ու խաղաղվելու կարիք եմ զգում, մի բաժակ ջրի հետ մեկուսանում եմ աչքից հեռու մի տեղ ու դանդաղ՝ համարյա աղոթքի նման ու կենտրոնացած ամեն բառի ասելիքի վրա, մրմնջում եմ Տերյանի «Մոռանալ, մոռանալ» բանաստեղծությունը: Տարիների փորձ է, ինձ որ օգնում է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ուրախությո՜ւն՝ այսքա՜ն պարզ-ուղղակի-անմիջական, յուրաքանչյուրին… գրով իմ

Երեկվա իմ բուռն-կոնկրետ միջամտության արդյունքները տեսանելի էին արդեն օրվա վերջին… Մեր նշանավոր բանգլադեշի հարյուրավոր երևանցիների ամառային փրկություն դարձած բացօթյա լողափերը համալրվեցին նոր լողավազաններով, ծածկոցներով, պակասը լրացվեց… մեր նշանավոր լողափերը սնկի

Սկսենք մեր գործը առաջ տանելու 30-րդ տարին Բանգլադեշում

Կիրակին Դավիթ Բլեյանն ու մայրիկ Արմինեն վայելում են. միասին դեմ առ դեմ մուշ-մուշ երկար քնած են… մայր ու տղա: Պատկեր է: Ես ունեմ ժամանակ՝ խոստացածս կատարելու. իմ բլոգում «Քսիֆներ կալանատնից.

Էս Հայաստանը գնալով ավելի հետաքրքիր է դառնում, մի տեսակ շատ է փոխվել․․․

Շաբաթ-կիրակիով արջաքուն էի մտել, հաղթահարեցի կարծես, լավ էր՝ հասցրեցի Դավթի ու Արմինեի հետ մեր հայրենագետ-աշխարհագետ Կիմա Ստեփանյանի նախաձեռնած Արագածոտնով կիրակնօրա քայլքին մասնակցելու։ Հինգ րոպե էլ ուշացա. լավ է, որ տիար