Դավթի ծնունդը փոխեց իմ, մեր կիրակին անգամ։ Որպես կանոն՝ ես այն անցկացնում եմ տանը, Դավթի հետ, Դավթի (ի՞մ) համար։ Հատկապես հիմա։ Չես ձանձրանա։ Արմինեն Դավթին Աշոտիկ է ասում. անընդհատ նոր նմանություններ գտնում, հաճախ գովում է իրեն. «Մարդիկ մի Բլեյանի ձեռքն են կրակն ընկել, ես միանգամից երկուսի հետ եմ ապրում…»։ Ես ավելացնում եմ՝ համ էլ Վահրամի զոքանչի, ով, գիտեք՝ նաև Արմինեի մայրն է։ Այսպես, կիրակին տանն անցկացնելով, Արմինեի համար մի փոքր ավելի տանելի եմ դարձնում անկողնային դարձած մայրիկին խնամելու գործը։ Խնամքը բարեխղճություն է ենթադրում նախ և առաջ, ու ես ժպտում եմ կրթահամալիրի 5 նախակրթարանների 300-ի չափ 2-5 տարեկանների երեք տասնյակ դաստիարակներին ու նրանց օգնականներին՝ երիտասարդ, սիրելի արդեն, բայց այսքա՞ն…
Ստեպ-ստեպ ես կապ եմ հաստատում, հետևում Վարդենիսի, Քարվաճառի ճանապարհով դեպի Շուշի ընթացող Գեղարվեստի ավագ դպրոցի ստեղծագործական խմբին։ Սա նաև ուղևորություն է. ճանապարհն անշտապ են անցնում, որ հայրենաճանաչություն լինի։ Կանգառ Այրիվանքում (միկրոպլեներ). միշտ կարելի է սքանչանալ այս վանքով, նրա դիրքով, զմայլվել լեռնային մեր թագուհով։ Հետո՝ դադար Մարտունի չհասած, սևանյան այն խորշում, որը եզակի է. չկան մարդկային միջամտության հետքեր՝ ոչ միայն անտեղի ու տգետ, այլև քեզ քո մայրենիքից օտարող պարիսպներ, խորհրդային կիսավերներ, անկախության շրջանի անճաշակության և թշվառության մտածողության մեծ ու փոքր հուշարձաններ, գաղթականի վագոններ… Ո՜նց համակարգչային ծրագրով Հայաստանով մեկ կհանեի հայ մարդու բոլոր միջամտությունները բնությանը։ Կսկսեի Սևանի ավազանից, ու թող դեմ հանդիման կանգնի իր վա՜յ ստեղծածին… Տեսնես՝ կտեսնե՞նք, ողբերգություն կապրե՞նք, կանհատականանա՞ մեղքը… Ամենամեծը՝ հենց Սևանի հանդեպ… Ես որ հատուկ այս հայացքով պտույտ գործեցի Վանա լճի շուրջը, ոչ մի համեմատություն. իսկ համեմատությունը՝ հօգուտ Վանա լճի և համոթ հայաստանցիներիս։
Համեցեք, վերևից՝ Դադիվանքից թե Թարթառի ափից նայենք Դադիվանք գյուղի խորշին. գագաթին անզուգական եկեղեցին, խելքահան անող բնությունը, ու այս թշվառությունը, որ բնակավայր է կոչվում։ Ուզո՞ւմ եք մեղքը գցել ադրբեջանցիների վրա՝ որպես նախկին տերերի, արդարանա՜լ, բացատրե՜լ…. Ու ես լսե՞մ։ Դո՛ւք լսեք։ Այստեղով անցել է Աստված, այս բնությունն աստվածատուր է։ Հետո չգիտեմ՝ ով ու ինչպես է կառուցել այս եկեղեցին, հաստատ Աստծո կամքով ու շնորհով։ Ես չեմ տեսնում ժառանգական կապը այս բնության ու եկեղեցու և այս թշվառությունն ստեղծած ու արդեն 22 տարի «հերոսական ազատ ապրող» մարդու միջև… Կառուցվող Վարդենիս-Մարդակերտ արդիական ճանապարհը կատարյալ կդարձնի Թարթառի հովտի այս թշվառությունը….
Դավթի հետ լավ զբոսնեցինք, ոտքերը թրջեց Օղակաձև կոչվող այգու (մամա ջան, այս ինչ անմխիթար վիճակում է այս այգին էլ) լճում։ Ոչ մի կերպ չի հանում իր նխշուն գուլպաները՝ «չէ, պապա, մեքենա է նկարած, տե՜ս…»։ Պաղպաղակն իհարկե չի մոռանա. լավ է, որ մեծահոգաբար համաձայնեց, որ տանն ուտենք («մայրիկի հե՞տ, մայրիկն էլ ուտի»)։ Նկարեց ջրաներկով, հետո՝ մատիտներով, հետո՝ գրիչով։ Մեր պարտեզի ազդեցությունը երևում է, շնորհակալ եմ, անընդհատ ինքնուրույն է դառնում. բերեց գործիքները, հետո հավաքեց, սրբեց սեղանը («որ թափում են, կեղտոտում են, ասում են՝ հո դու խոզ չե՞ս. ես Սասունցի Դավիթն եմ՝ հավաքարար, շինարար, մաքուր ու ուժեղ….»)։ Հետո նշանավոր ժպտում է յուրացվող բառի վրա… «պարտիզպան…. Գետառը ես կմաքրեմ…»։ Այսօր երկու անգամ Դավիթը լողացավ. մեկը՝ սովորականի պես, կիրակին ի՞նչ կապ ունի, առավոտ կանուխ։ Մյուսը՝ արտահերթ. այնպե՜ս էր դաջել իրեն, գրիչով-ջրաներկով, ոտից գլուխ. աջ բազուկին՝ Խաչը-պահապանը, ճակատին՝ ծիածան, աջ ոտքին՝ ոստիկանության մեքենա էր նկարել։ Սիրում է լողալ գորտի նման։ Ես կարող եմ որքան ասեք, այս անգամ մեկ ժամ, լողարանում կանգնած-նստած մասնակցել իր ջրային ծեսին… Իսկական ծես…
Շնորհակալ եմ Սուսան Մարկոսյանին ու Արմինե Թոփչյանին, որ անընդհատ էական օգնություւն են ցույց տալիս բլոգավարության իմ թափ հավաքող գործին… Դուք որ չլինեիք, ես բլոգեր դարձողը չէի՜… Սուսանի հետ անցանք կրթահամալիրի 2013-2014-ի ուսումնական տոնացույցի վրայով. ծնվեց 2014-2015 թթ ուսումնական տոնացույցի նախագիծը, որ այս օրերին սկսված՝ կրթահամալիրի մանկավարժական աշխատողների դպրոցում քննարկվող թեմաներից է։ Ուսուցում տոնացույցով։ Ուսուցում անընդհատ։ Այսպիսին է Ստեղծողի մոբիլ դպրոցն իր արձակուրդային կոչվող շրջանում…. Երկուշաբթի իմ կարևոր գործն, իհարկե, Ստեփանավանում «Հնեվանք» արտագնա ուսումնական ճամբարի նախապատրաստումն է։ Ի՜նչ լավ է, որ արդեն ճամբար է ղեկավարելու նաև մեր «վայրի աղջիկը»՝ մայրենիի ուսուցիչ Տաթևիկ Աբրահամյանը. առանց ոգևորության ու խիզախության՝ ի՞նչ գործ։
Թփթփոց… Դավիթը գալիս է ժամը 06-ին։ Իմ մտավախությունը, տեսեք, իրական է։ «Պապա, սովորական ջուր եմ ուզում…. սովորական։ Պապա, ուզում եմ ճոճանակ նստեմ հարուր հատ։ Ուզում եմ լողանամ… Ինձ համար Դավիթը կարդա…. որ Ձենով Օհանը կանչում է փոսում…. Սոնա յարն եմ ուզում երգեմ»….
Հերթով. հայրությունը բարեխղճություն է ենթադրում։ Լավ էլ բռնացրել ես, Դավիթ ախպեր…. Եկ մի նստենք, խոսենք կարգին… Իսկ օրագրի էջը փակվում է. սկսում ենք օրը Դավթի հետ։ Բարեխիղճ կատարիր քո օրվա գործը, հայրիկ։ Սա մեզ այսօր, բոլորիս, լավ, հա՝ շատերիս, շատ է պակասում….