Թող այս հարցին իմ բլոգապատման մասնակիցը պատասխանի։ Ես Ձեր ու իմ օրվա 232-րդ գիրը կազմում-պատմում են որպես 2015թ. փետրվարի 6-ի օրվա արձանագրություն՝ բարեխիղճ ու անկեղծ: Ինձ էլ հետաքրքրեց:

03-ն է գիշերվա: Ես ձեզանից յուրաքանչյուրի արթուն պահակն եմ գիշերվա 3-ից մինչև առտու 6-ը: Կարևոր պատրաստում եմ Քարինտակի մեղրով լուծված սուրճը ու աշխատում մեծ աշխարհի իմ անկյունում. օրագրաստեղծ իմ վարք դարձած գործունեությունը ձեզ հայտնի է: Ննջարանից-հեռվից երբեմն-երբեմն Դավթի գիշերային կյանքի, երազների արձագանքներն են ինձ հասնում.
– Թո՛ղ, ես կարող եմ… Ատամս ցավում է…

Ամեն անգամ երբ մտնում եմ ննջարան, քնած Դավիթի դիրքը նկարելու բան է, ամենաանհավատալի ձևեր է ընդունում. կրկնակի լայնությամբ նոր մահճակալի մասին ենք մտածում, որ հազիվ թե փրկի: Մեծանում է մեր հերոսը ինչպես էպոսում՝ մեր Ծուռը… Օրը կգա, լուծումն էլ՝ հետը:

06:00 -07:50 միայն կարդում եմ, ավելի ու ավելի հազվադեպ` տպագիր։ Ու, գիրքը ձեռքիս, համոթ ինձ, քնել եմ…

– Դավի՜թ, Արմի՛ն, էհե՜յ, ոտքի, ժամին նայեք… Ո՞վ չի գալիս աշխատանքի, թող նստի համակարգչի առաջ ու տիար տնօրենին հենց հիմա գրի: Միայն էլեկտրոնային:

07:50-08:35։ Արմինեն քնկոտ է, բայց արագագործ, պատրաստ է ուղիղ մի պարապմունք (45 րոպե) տևող ինքնահարդարանքից հետո: Դավիթն էլ ահա՝ իմ օգնությամբ, պատրաստ է: Մոբիլ է մեր սեբաստացիական ընտանիքը:

– Դավի՜թ, ես մտնում եմ լողարան…
– Չէ, հայրիկ, սկզբից Դավիթը…

Մեր 3-ից ավելի տարի տևող Դավթով կյանքի ամենամեծ ձեռքբերումը Դավթի ամենօրյա առավոտյան լողանալն է՝ առանց շաբաթ-կիրակի-հանգստյան օրվա, առանց մայրիկի միջամտության-մասնակցության: Դիջիթեքյան այս ֆիլմը համարեք որպես տեսահաշվետվություն՝ «Մենք կարողացանք երեք տարում»…

Երկուսով ենք հագցնում մեր տկլոր, կախարդական գուլպայի հրաշքը վայելող տղուկին՝ դժգոհ-պզպզան-նվնըվ-զվարթ-հումորով, աղջկա-փիսիկի պես…Սուրճ ենք խմում, վայելում Դավթի հետ օրը՝ որպես Աստծո պարգև… Փառքդ շատ… Սեբաստացի-ոչ սեբաստացի, բարի լույս, ողջույն, Բանգլադեշ… Մենք սլանում ենք աստիճաններով…

08:35-09:00. աղբով տոպրակը տան տղամարդկանցով ենք տանից դուրս հանում, միշտ:
– Դավիթ, սա տղամարդու գործ է:
Դավթի ձեռքերն այսօր լրիվ ազատ են, քիչ է լինում այդպես, միշտ ընտրում է մեքենա-գիրք-խաղալիք, որ տանում է պարտեզ: Կոկիկ-խնամված-սանրված: Հատուկ հետևում եմ: Տանել չեմ կարող, երբ անխնամ է որևէ երեխա. նեղվում եմ: Ավելի կարևոր գո՞րծ ունեք, չբերեի՜ք: Հիգիենան մանուկի կրթական ծրագրի ողջ իմաստն է: Հիգիենիկ ու անվտանգ՝ ինքնուրույնության ու բայրացակամության առավելագույն դրսևորմամբ:

Վահրամի-Ռուզանի եռյակին կապված եմ և՛ որպես մեր ընտանիքի փաստացի մաս, և՛ իմ ընտրությամբ. լավ մարդիկ են երեք Մարտիրոսյան սովորող սեբաստացիներն էլ, իրենց համով-հոտով. մեկ ենք մեր կյանքով`փաստ է: Մելինեի ծնկներին Վահան Տերյանի ժողովածուն է, կարդում է: Ամենակարևորի մասին պիտի բարձրաձայնել, հենց դրա մասին ճամապարհին խոսել, երբ ընթացք է, ու բոլորի մտքերը սրված են: Այսպես ժամերգություն է մեր ճամապարհը տանից-դպրոց:

09:00 -10:00. իմ օրը սկսում եմ այս անգամ Մեդիայում`Սուսան Մարկոսյանի, Աիդա Պետրոսյանի, Նառա Նիկողոսյանի հետ: Փոքր խմբերով քննարկում է. ես կարևորում եմ օրվա անելիքը։ Աիդան բարեխիղճ ու ծավալուն ներկայացրել է «5 տարեկանների ուսուցումը դպրոց-պարտեզներում» 6-ամյա մեր կրթական նախագծի հաշվետվությունը, ո՜նց է հասցրել: Ես ունեմ լրացումներ: Դիջիթեքյան հաղթացուցակի հրապարակումը, ուսուցչական պարային համույթների միասնական բեմելը, կրթահամալիրի խորհրդին 17:30 ներկայացվող հարցերի բովանդակությունը… Ես, գիտեք, անցումների մարդ եմ, արագագործ… Ո՞նց են ինձ հանդուրժում-ներառում այս երեք իմ քույրերը պայծա՜ռ: Պարգև են… Դե, ես էլ, ինչպես Գրիգոր Խաչատրյանն է դաջել՝ Աստծու տված անգին պատիժ…

10:00-10:30 իմ գրասենյակում եմ։ Գիտեք, փակ տարածքները՝ կաբինետ թե սենյակ-դահիճ, տանել չեմ կարողանում, բանտեր են… Իմ շուրջը սրահ է՝ անվերջ ու թափանցիկ, որի մի անկյունում ինձ հարազատ-հոգատար մարդկանց՝ էլի քույրիկների հետ էլեկտրոնային փոստերը՝ bleyan@mskh.am-ն ու info@mskh.am-ը վերածում եմ գործողությունների՝ հանձնարարականներ, հրամաններ, պարզաբանումներ… Արանքում, իհարկե, որոտ, կայծակ, ջան ու ջիգար…

10:30-11:00 Դպրոց-պարտեզում շինարարների հետ եմ, առավել ջանքեր են պետք 2-4 տարեկանների խմբասենյակի ու վերևում գտնվող կացարանի արդիականացման համար: Հիմնական դպրոցի պետքարանները բեկում ազդարարեցին «Միջավայր, փոխազդեցություններ, շարունակականություն» նախագծի 2015-ի աշխատանքներում՝ շատ ավելի խնայող, քիչ նյութատար, ավելի ուրախ, նկարչորեն ավելի համարձակ և առավել ամբողջական ու ներդաշնակ միջավայրի հետ:

11:00-12:30 Մայր դպրոց-Միջին դպրոց-«Տիգրան Հայրապետյան» գրադարան եռանկյունում ունենում եմ բազում հանդիպումներ փոքր ու մեծ, ֆորմալ ու ոչ ֆորմալ խմբերով: Գիտեք՝ դուք չեք գալիս ինձ մոտ, ես պիտի ամենահաս լինեմ, որպեսզի սեբաստացուն՝ սովորող, թե ուսուցիչ, չկտրեմ իր գործից. իմ գործն է ձեզ ընդառաջ գալը: Պատրաստ եղեք քննարկման. ես ավելի հուսալի եմ, առավել գործնական, օգնող, նպաստող՝ քան երբեք… Մեր հազարի շրջանում ենք: Բեկեք: Ի դեպ, 2015-ի ստեղծագործ ընթացքին թափ հաղորդելուց էլ լավ բեկո՞ւմ: Թափ ու հավես:

12:30 Մեդիակենտրոնում դիջիտեքյան խմբով քննարկում ենք անում: Մոբիլ, դինամիկ, արագագործ, առանց նստելու. իսկական աշխատանքային օր անիվների վրա:

13:00-14:00 Մայր դպրոցի «Սեբաստացի» համերգասրահում ենք։ «Համերգ» ուսումնական նախագծի համար ուշքս գնում է: Ուզում եմ, որ Մերի Առաքելյանի, Լիլիթ Առաքելյանի, Հասմիկ Մաթևոսյանի… անձնական կյանքում բեկում լինի: Ի՜նչ արմանք-զարմանք է մեր Մերին, ինչքա՜ն սեր ու շնորհ: Ի՜նչ համերգ է, ու ինչ միջավայր: Ես վերացած եմ աշխարհիկ կյանքից, ինչպես ամենախորհրդավոր եկեղեցում:

14:00-14:45. բնագիտատեխնիկական ուսումնական կենտրոնի սրահում եռուզեռ է, ինչպես Մայր դպրոցում ամենուր. մոտեցող 15:15-ը՝ Մեդաուրբաթ- համերգը՝ իր արտակարգ բովանդակությամբ, զգացվում է… Խլրտում պատրաստություն է՝ կյանք է, գրգիռ է, իմ տարերքը: Բնագիտա-տեխնիկական ստեղծագործության ստուգատեսի տնօրեն Գնել Հարությունյանի, Նառա Նիկողոսյանի հետ ճշտումներ ունենք, հետո ակումբ-խոհանոցում Միջին դպրոցի խմբի հետ քննարկում ենք երեկվա խաղարկային դատարանում Նարեկ Սահակյանի հայցի ընթացքը։ Խաղ չէ մեր դատարանը,  արդարադատության իրականացում, ուսումնական լաբորատորիա է: Յուրաքանչյուրս ենք այս գործով մասնակից՝ որպես հայցվոր, թե պատասխանող, թե 3-րդ կողմ, բայց շահառու: Պիտի իրական լինի, շոշափելի «առնվող» շահը:

14:45-15:00. սկզբում՝ գրադարանում, հետո վարժարանում՝ 3-րդ հարկում, քննարկում եմ «Հանրակրթական Դիջիթեք 2016»-ի տնօրենի թեկնածության հարցը: Լուսինե Բուշը՝ ամենահայը բոլոր Բուշերի մեջ, ամենաամերիկացին սեբաստացիների մեջ, առաջարկել է Նարեկ Սահակյանի ու Էմմա Իսախանյանի թեկնածությունը: Զույգով ու սովորողներ: Բեկո՞ւմ է. իհարկե՛: Մենք սեբաստացի ուսուցիչներով խորհրդատուի, թե Տիգրանյանի սիրած թյութորիդերը պինդ պիտի բռնենք, կես քայլ էլ ետ անենք՝ մեկ քայլ առաջ մղելով մեր սաներին՝ գործուն-ընդունակ, նախաձեռնող:

15:00-16:30 մենք միասին ենք՝ հազարով, բաց ու տոնական մեր հարազատ դարձած Մարմարյա սրահում: Դավիթը սրան է ասում՝ հրաշք է: Միասին էինք, չէ՞: Հմայիլ էր պարատան տեսքով. սեբաստացի ուսուցիչները պարովբազմապատիկ են դարձնում իրենց անհատական ու հավաքական հմայքը:

16:30-17:30 Անի Հովհաննիսյանը՝ մեր աղջիկը, մեր եղբոր՝ Աբրահամի դուստրը, երկու բալիկների գործը բերել է մի փուլի, որ կոչվում է վերադարձ ֆիզարձակուրդից, ու հասցրել է ներկայացնել Արհեստագործական ավագ դպրոցի շրջանավարտների դիպլոմային նախագծերի մեկնարկ-հյուրասիրությունը: Խորհրդի անդամներով, դպրոցների ղեկավարներով, հիանում-հանգստանում ենք օրվա հևքից հետո ու խորհրդի նիստից առաջ:

17:30-18:30 կրթահամալիրի խորհրդի նիստ է: Նախանձելու բան է, շիտակ, կոնկրետ, շահագրգիռ ու բարյացակամ միջավայրում մենք պատրաստվում ենք 2015-2016 ուսումնական տարվան: Խորհրդի անդամ ծնողները համոզում են՝ պահանջելու իրավունքով, փոփոխությունների գնալ. իհարկե, խորհուրդ է, կառավարման կոլեգիալ բարձրագույն մարմին:

18:30- 19:00 Սուսան Մարկոսյանի և ֆոտոխմբագիր Արմինե Թոփչյանի հետ թողարկում ենք կրթահամալիրի տնօրենի օրվա գիրը: Տեսնում ե՞ք, սովորական հագեցած օր, որ չի տեղավորվում մի գրի ու մի արձանագրության մեջ: Օրվա հոգսը շատ չէ՞ սովորական օրվա համար: Ի՜նչ լավ է, որ օրագիրն անընդհատ է: Հետևեք ինձ:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Եվ վարդը բացվում է մայիսի՞ն

Մեր տան պատշգամբում այդպես է… Դավիթ Բլեյանն օրեր առաջ հաշվել է քսանութ կոկոն, հիմա ես զբոսնում եմ-վերահաշվում կոկոնները… Շատացել են… Այլ ծաղիկներ… Թող արթնանա հերոսը մեր ու հաշվի. ով իր

Երբ շրջակա միջավայրը դպրոց է բնության գրկում՝ բաց, ամառային, միջազգային, փառատոնային…

Չգրել-գրելու հարցը (ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ) միշտ կա, ուղեկից է երկար ժամանակ իմ օրագիր-անընդհատ բլոգապատմանը… Այսօր ինձ համոզելու վրա քիչ «յուղ վառեցի». երեկ որոշել-պատրաստվել էի, նշումներ արել… Վերջում կերևա,

Դիմակով, թե անդիմակ՝ մեկ է

Չես թաքնվի, ճանաչում են, երեսիդ ասում․․․ Ավելի ու ավելի շատ մարդիկ, բոլ առիթներ, ամենալավ խոսքեր․․․ Երեկ էլ՝ իրիկունով-մթին, ջիջի տաքսու մեջ խնամքով կրած դիմակն ինձ չպաշտպանեց։ Վարորդը սպասեց հարմար պահի,