Շուշան Բլեյան – Շուշոն ինձ, Արմինեին, Դավթին նվերներ է բերել Վիեննայից։ Բոլորս ենք գոհ ու կսպասենք Շուշոյի հաջորդ արձակուրդին։ Իմ նվեր վերնաշապիկը որոշել եմ ցուցադրել Մեդիակենտրոնում հուլիսի 17-ին, ժամը 19.00։ Այս օրերին մեր տուն ներս ու դուրս անողների թիվն, իհարկե, մեծացել է նկատելի. վիեննական համեղ-համբավավոր շոկոլադները ճաշակելու հնարավորությունն ով բաց թողեց՝ պիտի մի տարի սպասի։

Օ՜, հասունություն, որ հիմա այցելում ես մեզ ամեն օր։ Շուշան քույրիկը միշտ էլ ուշադիր է եղել՝ հատուկ ուշադիր Դավիթ եղբոր նկատմամբ. հավանում է Դավթին։ «Թուր Կեծակի» մակագրությամբ հատուկ թուրը, շնաձուկ-ջրապզզիկն ու շապիկը՝ շնաձկան դաջվածքով, հատուկ ընտրված են։ Մեր Դավիթը Սասունցի քառասուն գազ խոր հոր-փոսում է։ Հորեղբայր Օհանը ձեն է տալիս. — Հե՜յ-հե՜յ, Դավի՜թ, որտե՜ղ ես դու. Հիշի՜ր խաչը քո աջ թևի, Սուրբ Տիրամոր անունը տո՜ւր, Ու դուրս արի լույսն արևի… Մեր Դավիթը լսում է Ձենով Օհանի գոռոցը և իր Թուր Կեծակիով էնպես է զարկում ջաղացքարին, որ քարը լինում է հազար կտոր (ես մեկիկ-մեկիկ հաշվում եմ՝ ուղիղ հազար կտոր), կտորները երկինք են թռնում, տեսեք, ու գնում են մինչև էսօր… Այս տեսարանը մեր բազմոցին է կրկնվում տասնյակ անգամ. Շուշոն, իհարկե, հետևում է ինձ։ Նա այսպես հաստատում-հավանություն է տալիս, ընդունում իր հասունության զինանոցում իր տնօրեն-հոր առկա մանկավարժությունը։

Մենք բոլորս մշտապես Շուշոյի մոնիտորինգի ներքո ենք և ձգտում ենք ստանալ նրա բարեհաճությունը։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Ես էլ պակաս չեմ զննում Դավթի՝ Վիեննայից եկած քույրիկին….

Դավիթը լողացավ ջակուզի-լողավազանում երրորդ անգամ։ Շուշոն իր նոր երկար շորերով թրջվեց-լողացրեց-վայելեց իր տկլոր խելառ Դավթին, գրկեց-սրբեց, նստեցրեց քաքիկի, տուտուզը մաքրեց, լողացրեց, երգեց այդ ընթացքում… Դավիթն այսօր պարտեզ գնաց առանց գուլպայի։

Օրագրի կոչը։ Շոգ է, մարդիկ, օգնեք, որ երեխաները, բոլորը, օր առաջ բոբիկանան, քայլեն արևի տաքացրած խճի, ավազի վրա և հաճախակի արևաջրի ցնցուղ ընդունեն։ Ահա ձեզ կազդուրվելու պարզ, մատչելի միջոց։

Շուշի քաղաքի մանկաբույժ Նունեն, որ հարգանքի արժանի կին է, շատ արագ մասնագիտորեն խրախուսեց մեր մանկավարժությունը պարտեզում՝ գետի ավազի խճաքարերով լողափին բոբիկ-տկլոր երեխայի պառկել-գլորվելը, լողը մաքուր-հավաքովի լողավազաններում, որ տաքանում են արևի տակ, արևի ջրով ցնցուղ ընդունելը, օրը տկլոր անցկացնելը, մեր ներքնակ-մահճակալները, ընդարձակ ու միասնական անարգել-տեսանելի պարզ խմբասենյակները։

Օրվա իրադարձությունը։ Հուլիսի 12-ին 2 տարեկան 7 ամսական դարձող մեր սեբաստացին Դպրոց-պարտեզի կարմիր ցանկապատի մոտ (դրսում) բաց թողեց իմ ձեռքը, թեթև, աջ ու ձախ վազքով, մեծացող արագությամբ, անցավ սալիկապատ ուղին, թեքահարթակով նույն արագությամբ մտավ խմբասենյակ՝ առանց գոնե մեկ անգամ ետ նայելու։ Բռավո, Սեբաստացի Դավիթ, ես տպավորված եմ…

Մենք օլիգարխի դպրոց չենք. չենք լինի։ Մենք եղել ենք ու կանք հասարակ առաջադեմ մարդկանց ու  նրանց ստեղծած առաջադիմող հասարակության դպրոց՝ մատչելի անպայման։ Ահա ինչու մենք պետական ենք՝ որպես ուսումնական հաստատություն՝ սովորողների թվով ֆինանսավորմամբ, որպես հեղինակային կրթական ծրագիր՝ պետական աջակցությամբ մանկավարժական նորարարություն մշակող, կազմակերպող և տարածող, այլընտրանք պետականին։ Որպես առաջադեմ անհատի կրթության ու լրացուցիչ կրթական պատվերի կազմակերպում՝ մենք մատչելի ենք, մրցակցությունից դուրս, յուրաքանչյուրինն ենք, հազարինն ենք՝ և՛ նախադպրոցական կրթությունը, և՛ 1-7-րդ դասարաններում երկարօրյա ուսուցումը, և՛ տեղափոխման ու սննդի կազմակերպման ծառայությունները, և՛ լրացուցիչ կրթությունը՝ լող, մարմնամարզություն, խաղային մարզաձևեր, երաժշտություն, կերպարվեստ, ակումբային-ճամբարային-ստուգատեսային բաց ուսուցման, կրթական փոխանակումների, սովորողի տաղանդի դրսևորման, ինքնիրացման համալիր պայմանների ապահովման միջոցով, որպես ուսուցանող կրթական միջավայր։ Ահա ինչու՝ ծնողը և՛ մեր պատվիրատուն է, և՛ մեր գործընկերը. նրա հետ հուլիսի 5-ին դեռ քննարկում ենք ուսուցման հարցերը՝ բովանդակության (ուսումնական պլան) և կազմակերպման (կարգ) առումով, ահա ինչու ուսումնառության պայմանագիրը կողմերի փոխադարձ հարգանքի ու գործընկերության պայմանն է ու արդյունքը։ Ահա ինչու՝ մենք բաց ենք ու ավելին, գործընկերներ ենք փնտրում Հայաստանում ու նրանից դուրս՝ պետական, մասնավոր թե ոչ կառավարական սեկտորում։ Պաշտպանության նախարարության հետ մեր համագործակցության մասին խոսել եմ Օրագրում և էլի կպատմեմ։

Այսօր Մեդիակենտրոնում աշխույժ ներսուդուրս էին անում էկոճամբար 2014-ի կազմակերպիչները՝ կրթահամալիրի էկոակումբի ղեկավար Մարթա Ասատրյանն ու ընկերները։ «Զիկատարի» միջազգային դարձող այս ճամբարը բնապահպանության համակարգի հետ մեր հետևողական գործընկերության արդյունքն է։

Գովազդ տնօրենի բլոգում։ Հուլիսի 7-11-ը ՀՀ բնապահպանության նախարարության «Զիկատար» բնապահպանական կենտրոնում (Տավուշի մարզ) կազմակերպվում է ամենամյա բաց, ՀՀ ԿԳՆ պատվերով իրականացված Հանրակրթական էկոտուր 2014-ի հաղթողների ուսումնական ամենամյա ճամբարը։ Ճամբարին մասնակցում են Թբիլիսիի, Արցախի, Լոռու, Կոտայքի, Արագածոտնի և կրթահամալիրի թիմերը։

Օրվա լուրը։ Դավիթը երկու վերնաշապիկ է նվեր ստացել. այնքան է հավանել երկուսն էլ, որ իրար վրա է հագել։ Ոչ էլ շոգ է։

IMG_8014IMG_7991IMG_7847

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ամենակարևորը 30-ամյակի այս փոփոխությունների մեջ դուք փորձեք տեսնել այն, ինչ որ հեղինակային է, այն, ինչ որ ձերն է

Կրթահամալիրի տոնի պատրաստության ամենշաբաթյա հարթակ. ասուլիս կրթահամալիրի ավագ դպրոցում

   Առողջ հոգին առողջ մարմնի մեջ. այ, այսպես… ծիծաղով

          Ամենաշատը հիմա չեմ սիրում փուչիկի ճռճռոցը գիշերվա ժամը 3.00-ին, 4.00-ին, 5.00-ին, երբ սենյակից սենյակ խարխափելիս (հո բոլոր լույսերը չե՞մ վառելու, երբ Երևանը քնած է) նրանք

Երբ հիմքում խոհն է ամենուր

— Գարո՜ւն,- թռավ մեր Շամիրամի շուրթերից, երբ ես իմ խոսքի մեջ Սոնա Փափազյանի մասին հիշատակում արեցի… Հիմնական դպրոցի իդիլիայում, խոհանոցի մի անկյունում, գործի-կյանքի երկու ընկերների աշխատանքային ապրեցնող-արբեցնող զրույց էր. այսպիսին