Հիմա հիշում եմ բոլոր օրերս հին ու անցած,
Լուսազարդ ու թևավոր օրերս հին ու անցած։

Այսպես եղել է 1990-ականներին, երբ Աշտարակում, լքված մի նախկին ուսումնարանի շենքում-տարածքում Աշտարակի գիտավանի նախաձեռնությամբ ստեղծեցինք մեր մասնաճյուղ դպրոցը՝ հիմա Վ. Պետրոսյանի անվան Աշտարակի թիվ 7 հիմնականը… Գնում էինք Աշտարակ, ինչպես այսօր գնում ենք գործով կրթահամալիրի Հարավ թե Արևմուտք՝ մի օրվա մեջ երկու-երեք անգամ…

Աշտարակի նորընտիր քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի հետ ժամը 11.00-ի հանդիպման համար պետք էր Մայր դպրոցի՝ Ա. Բաբաջանյան փողոցը հատող կայանատեղիից Յուրա Գանջալյանի մեքենայով, ավագ դպրոցի սովորողներ Լուսինե Ալեքսանյան, Արեգ Գալոյան, Գեղարվեստի ղեկավար Քնարիկ Ներսիսյան աշխատանքային խմբով, ժամը 10.30 շարժվել։ Հանդիպմանը ես դեռ կանդրադառնամ. թող պատմեն առայժմ մյուս մասնակիցները, թող առօրյա դարձած այս շաբաթն անցնի… Աշտարակ մենք միջոցառման չենք գալիս. եկել ենք ծրագրով երկարատև։

Մենք ոչ միայն հասցրինք նշանակած ժամին ու որոշված բովանդակությամբ զրույցը ունենալ՝ ճանապարհին քննարկելով Աշտարակի շաբաթ օրվա մեծ համերգ-ներկայացման անցկացման, Աշտարակում հունվարյան ուսումնական ճամբարով նախատեսված ազգրագրական նախագծերի իրականացման, 2018-ի հունիսյան ազգագրական բաց փառատոն-ճամբարում Աշտարակը որպես հարթակ ներառելու հարցեր, այլև հենց 12.15 շարունակեցինք կրթահամալիրի Բանգլադեշում աշխատանքները-հանդիպումները։ Ես, օրինակ, 12.30 պիտի լինեի քոլեջում, և եղա, իսկ կես ժամ հետո սեբաստացի սովորողների-ուսուցիչների մի խմբի հետ միկրոավտոբուսով նորից Աշտարակի ճանապարհին էի, Աշտարակի հայորդյաց տան Կլոր սեղանի մասնակիցը…

Կլոր սեղան-համերգ Աշտարակի հայորդյաց տանը:

Առնո Բաբաջանյան-Աշտարակ հյուսիս-հարավ արագընթաց ճանապարհի գործարկումը, որի շինարարական հաստատված աշխատանքները կսկսվեն նոր տարվա գարնանը, կավարտվեն երկու տարում, Աշտարակը կմոտեցնի այնքան, որ երեկվա ճանապարհի 30 րոպեն հաստատ կկիսվի: Ես այսօր էլ Աշտարակը դիտում եմ որպես մշտական բնակավայր ու… Ձմե՛ռ պապ, օգնիր՝ փոխանակեմ Խանջյան-Չայկովսկի հասցեն Աշտարակի Քասաղի  աջ կամ ձախ ափի մի ժողովրդական տան հետ. Աշտարակի դիրքը՝ քաղաքի առանձին լանջեր-դարավանդներ-բլուրներ, ժողովրդական տներ, Քասաղի կիրճը ինքնին… Պերճ Պռոշյանի դիպուկ բնութագիրը կրկնում եմ՝ իմ ուղեկիցներին անգիր անելու աստիճանի.

Աշտարակ – դա աչքն է Արագածոտն գավառի, դա Արագած սարի բազմատեսակ հոտավետ ծաղիկներից կապած փնջի գլխի վարդն է, դա կատարելատիպն է բոլոր Արագածոտնում գտնվող յուր նմանների…
Նա ընծայել է ազգին ամեն ժամանակ անհատների կարգն անցնող որդիք, որոնց ամեն մեկն յուրյանց ժամանակին փայլ են մեծագործություններով… 
Մինչև այսօր էլ Այրարատյան գավառի մեջ առած է եղել. «Դողացնում ես, Աշտարակ գնա՛, առողջացի՛ր»:

Աշտարակում լուսանկարները` կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից:

Օրվա վերջին, տպավորիչ ուրախ-բազմամարդ Կլոր սեղանից հետո, որը մեր աշտարակյան օրերին՝ «Գեղարվեստը կրթահամալիրում» նախագծի շրջանակում հեղինակային մանկավարժության փոխանցմանը վայել ամփոփում էր շաբաթվա մեծ համերգ-ներկայացումից առաջ, ես մտա Գեղարվեստ… Հարթակում Գյումրի պատանեկան ռոք խումբը սեբաստացի ֆոլք խմբի հետ տարերքի մեջ էր… ես անելիք չունեի… քան իրիկունը ուշ ուղիղ եթերում դիտելը։

Հեծանվով Երևանի աշխարհագրական կենտրոն՝ Արեգնազան կրթահամալիր հասա մութով. Մարթա Ասատրյանի հետ մենք բարեխիղճ մասնակցում ենք այլընտրանքային կրթական ծրագրեր իրականացնող կրթական հասատատությունների կլոր սեղանին արդեն ամիսներ տևող… Շնորհակալ եմ և՛ Մարթային, և՛ մանկավարժության լաբորատորիային՝ Գևորգին-Սուսանին, ներկայացրած հռչակագրի նախագծի մշակման համար… որ արժանացավ մասնակիցների հավանությանը… Եվ հրապարակելու ճիշտ պահն է ու տեղը՝ իմ այսօրվա գիրը…

Եվ չեն կանչում ոչ ոքի. մտորում են ու լռում.—
Քո՜ւն են փնտրում ու անդորր — օրերս հին ու անցած։

Կրթահամալիրում վերապատրաստվող դաստիարակների աշխատանքը բաց արվեստանոցում:

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1239

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ուռա՜… ընտրություններ են

Սեբաստացիներ կրթական բաց համայնքի սահմանված կարգով առաջադրում և էլեկտրոնային քվեարկությամբ ընտրում է կրթահամալիրի խորհրդի նոր անդամների. մանկավարժական աշխատողների խորհուրդը՝ իր, սովորողների-սաների ծնողական ընկերակցությունը՝ իր թեկնածուին:

Գիր անձնական՝ որպես շարունակություն Դավթի ծննդյան օրվա…

Երեկվա իմ գրի «Իմ ծնունդն արդեն սկսվե՞լ ա» վերնագիրը Դավիթ Բլեյանը նետեց հենց առավոտյան, երբ իջավ մեր մահճակալից… Հետո այսպես խոսեց Դավիթը… խոհանոցում, լողարանում, մեքենայի մեջ. — Բոլորը ուրախացե՞լ են, պապ։

ՎԳԻԿ-ի քննասենյակից. ընտրություն կյանքի աղբյուրի ու ռոբոտացված մեխանիզմի միջև

Մերի Շարոյան, Մոսկվայի ՎԳԻԿ-ի (Կինեմատոգրաֆիայի համառուսական ինստիտուտ) քննասենյակից, փշաքաղվեցի քո տեքստից, տեղս չեմ գտնում գիշերվա 4-ի, 5-ի արանքում… սովորական ջուր եմ խմում, գրասեղանիս՝ «…  ի՞նչ կապ ունի կրթահամալիրն այն բանի հետ,