Ձմեռ պապը եկավ, շնորհակալ ենք, իր գալով արդեն հաստատուն դարձրեց մեր աշխարհը… Պատկերացնում ե՞ք, թե ինչ կկատարվի մեզ ու մեր ստեղծած աշխարհների հետ, եթե Ձմեռ պապը որոշի ու  մի տարի չգա… Ձմեռ պապը նվերներ-ուրախություն բերեց Դավիթ Բլեյանին. Դավիթն այդ խելացի իրերով, տեսեք, իր աշխարհն է կառուցում. մտադիր ենք ընտանիքով մասնակցել մարմնամարզական, բնագիտատեխնիկական ու թվային միջոցների գործածման հանրակրթական ստուգատեսներին… Դավիթը սիրով աշտարակներ ու կամուրջներ է կառուցում. ուրիշ ինչպե՞ս, նա ամեն օր արթնանում, դպրոց է գնում գալիս և մեր տան պատշգամբից թե ննջարանի պատուհանից Նորքի հեռուստաաշտարակն ունի աչքի առաջ, հատկապես, երբ վառվում են աշտարակի իրիկնային լույսերը… ԻսկԴպրոց պարտեզ գնալիս-գալիս Դավթի հետ Վահրամի կարմիր մեքենայով անցնում ենք Հաղթանակի կամրջով, որի տակից հին տարում էլ Նոր տարում էլ հոսում է Զանգու-Հրազդան գետը… Սա այն գետն է, որ գնում-թափվում է Արաքս գետը, որն էլ հոսում-լցվում է Կասպից ծովը… Այս բոլորը Դավիթն է ասում.

– Իսկ Կասպից ծովը ի՞նչ է լինում, հայրիկ,- սիրում է հարցնել նա…
– Կասպից ծովը մեծ է, շատ մեծ, ինչպես օվկիանոսը, ափեր ունի ու չի հոսում։
Գարունը գալիս է ամեն օր, ու Դավթի հետ պատրաստվում ենք Զանգու-Հրազդանի հետ ճամփորդելու, մինչև Արաքս գետը հասնելու…

Ինձ ուրախացրեց որոշումը՝ գործիքաշինության ինժեներական գործի արհեստանոցի մեկնարկն (նորամուտը) անել հունվարի 26-30-ին՝ ստուգատեսային ճամբարի ծրագրով… Արհեստանոցի հիմնադիր-ղեկավար Օնիկ Դավթյանին մենակ հո չե՞նք թողնի. այսօր տիար Գևորգի, Մարիետ Սիմոնյանի, Արմինե Թոփչյանի և Օնիկի հետ հենց դրա մասին էինք պայմանավորվում. այո´, 4-10-րդ դասարանցիների մեծ խմբի համար իրենց ընտրությամբ, կրտսեր, միջին և ավագ դպրոցում դասարանական պլանով տեխնոլոգիական հանրակրթության, ընտրությամբ գործունեության և լրացուցիչ կրթության ժամերը կկազմակերպվեն տեխնիկական-ինժեներական ստեղծագործության համար հարմար միջավայրում. ես ձեզ խոստանում եմ առավելագույն աջակցություն…

Վարպետ Քաջիկի, Գրիգոր Խաչատրյանի, Մարիետ Սիմոնյանի ու Գևորգ Հակոբյանի հետ գործնական զբոսանք կատարեցինք Մայր դպրոցի կենտրոնական մասնաշենքի հարթ տանիքում՝ մեր կրթական պարտեզ-տանիքի տարածքում… Կա քննարկումների փուլ, կա լուծումների փուլ. մենք վճռական անցում ենք կատարում «Պարտեզ տանիքում» նախագծի իրականացման՝ լուծումների շրջան:

Տոնախմբությունը Մարմարյա սրահում հայ-վրացական արդիական ուսումնական նախագիծ դարձավ՝ մոբիլ ու ստեղծական՝ ապացույց նրա, որ հեղինակային կրթական ծրագրով ստեղծված-զարգացող մեր միջավայրը ներառող է ու բաց՝ յուրաքանչյուրի համար… Վրաստանցի թե հայաստանցի, սովորող թե ուսուցիչ, Թբիլիսիում թե Երևանում՝ սա մարդկանց շփում է, կենդանի ու գրավիչ՝ առաջացած մարդկային կապերը շարունակելու-փոխանցելու երկուստեք վճռականությամբ… Վրաստանցիների մեծ մասը վրացիներ են, առաջին անգամ են Հայաստանում-Երևանում-կրթահամալիրում, ահա ինչու նրանց՝ խանդավառության հասնող դրական վերաբերմունքը որպես ոգևորություն է փոխանցվում մեզ… Առավոտյան ես անցա մեր կրթական կացարաններով՝ հյուրընկալ-հարմար-հիգիենիկ են դրանք նաև քաղաքակենցաղ թբիլիսցիների համար… Սրանով մենք ունենք կրթական փոխանակումների համար նախանձելի պայմաններ. 2015-ի ողջ ընթացքում դրանց մարդաշատ լինելը կրթահամալիրի գործունեության հավաստի ցուցանիշ է: Յուրաքանչյուր սեբաստացի, սովորողների, ուսուցիչների, ծնողների, կրթահամալիրի բարեկամների խումբ կարող է նախաձեռնել բազմօրյա կրթական փոխանակում շուրջ տարի՝ շնորհիվ այսպիսի կացարանների ու այսպիսի կրթական, այո´, եզակի-յուրահատուկ-գրավիչ միջավայրի: Հանդգնության հասնող ինքնավստահությունը թափ կհաղորդի կամ տեղից կշարժի մեր հեղինակային մանկավարժական ծրագրերի փոխանցման կանոնադրական պարտականության կատարմանը:

Ուսումնական կարողությունները, որոնց զարգացումն է մեր մանկավարժության խնդիրը, հենց մեր՝ սովորողների, ուսուցիչների, ծնողների հասարակական կյանքն է: Ահա լավ օրինակ. Դպրոց պարտեզի 3-րդ դասարանցիներն իրենց հետաքրքրող զրույցի են բռնվել վրաց պատվիրակության ղեկավար Վիկտորյա Բալավաձեի հետ… Տեսնում ե՞ք, ուսուցչի, ավագի ի՜նչ տակտով է Վիկտորյան օգնում Հռիփսիմե Առաքելյանի սաներին՝ զրույցը դարձնելով նաև օտար լեզու ռուսերենի տիրապետման վարժություն…

Ձմեռը, ձյուն չկա-ցուրտ չէ, բայց անունով-հերթով եղանակային ձմեռ է, կիսվեց… Իսկ գարունը Երևանում ամենակարճ ու ամենաբուռն ընթացող եղանակն է… Մեր տարվա անելիքը, այն, ինչ ցանկացել ենք իրար՝ ամանորյա և Սուրբ ծննդյան տոներին, սկսենք իրականացնել, որ 2015-ի ժամանակը փոխվի-նորանա-առանձնանա: Ես խոստացել եմ ու գործում եմ ավելի շատ 2-րդ պլանից, առաջին պլանում թողնելով ձեզ, սեբաստացիներ, որտե՞ղ եք… Պիտի գործեք, նախաձեռնածը-որոշածը սկսեք, որ իմ աջակցությամբ ես էլ պարապ չմնամ… Էդ մեկը չանեք. պարապ «պապ-պապիկ-տիար» Բլեյանը կկորչի… գրողի ծոցը…

Ձմեռ պապը, ճիշտ է, ինչո՞ւ թաքցնել, գնացել է, բայց կախարդական իր գուլպաներից մեկը թողել է մեր պատուհանների բռնակից կախ, տեսե´ք, Խանջյան փողոցի վրայից երևում է. ամեն օր, երբ Դավիթը ժամանակին արթնանում-ցնցուղի տակ լողանում-խորտակվում-ուժեղանում է, ինչպես երեկ, ինչպես այսօր, ինչպես հաստատ-հաստատ վաղը՝ նախշազարդ գուլպան սկսում է իր կախարդանքը, և Դավիթն իր՝ տիկին Ֆրիդայի նվիրած նապաստակ լողախալաթի միջից սրտիկներով մեծ սրբիչով չորանում-հետևում-զմայլվում է այդ կախարդանքով… Ոչինչ չի կարող Դավթին շեղել այս կախարդանքից: Գուլպայից Դավիթն առայժմ «ձու-ձու կակա» է ուզում, ստանում, բայց, դե, մեծանում է մեր հերոսը, ինչպես «Սասունցի Դավիթ» էպոսի ծուռը՝ ժամ առ ժամ… Պարտեզ՝ այս օրերին, դժվար է գնում. չի կողմնորոշվում՝ մեծերի խո՞ւմբ գնա, փոքրերի՞, թե՞ դպրոց…
– Ինչո՞ւ, Դավիթ, ի՞նչ է եղել…
– Մեծերը մեծերի նման են պահում իրենց խմբում, մեծ գազանների նման, փոքրերը՝ փոքրերի խմբում, փոքրերի պես, գազանիկների… Ու ցույց է տալիս.
– Այսպես՝ փիսիկի, այ, այսպես՝ շնիկի…

Դե, դպրոցում էլ, գիտեք, 4-5-րդ դասարանցիներն իսկական դինոզավրիկներ են…
– Հայրիկ, դինոզավրիկները մեծանում են, դինոզավր են դառնում ու ի՞նչ են անում…
Սա բաց եմ թողնում՝ որպես հռետորական հարց։ Վերանում են ու վերջ…

Ընկեր Կարինեն, Դավթի ընկերների հետ այս մեծացող դինոզավրիկների մոտից համոզում-փախցնում բերում է իրենց աշխարհ, որտեղ Դավիթն իրեն շատ լավ է զգում, ուրախ, ապահով…

Ես ու Դավիթը պայմանավորվել ենք, որ ես իրեն առավոտ ժամը 7.00-ին կարթնացնեմ… Ուղիղ 7.00-ին. լսեք մեր խոսակցությունը…
– Դավիթ ջան, դե, վեր կաց, ժամը ուղիղ 7.00-ն է, առավոտյան 7.00-ը…
– Գիշեր ա, հայրիկ, թող քնեմ…
– Ո՞նց ա գիշեր, Դավիթ, 7.00-ն է, առավոտ է…
– Ո՞նց ա առավոտ, որ մութ է, մի քիչ քնեմ, լույսը բացվի…
Իսկ ամեն օր լույսը մոտենում է առավոտվա 7.00-ին…

– Դավիթ, խաղալիքը որտեղի՞ց է գալիս…
– Դռնից…
Դավիթը բոլոր նվեր-խաղալիքներին հենց դռան մոտ է դիմավորում…
– Դու ո՞ր խաղալիքն ես սիրում կոտրել, Դավիթ…
– Հայրիկի գլուխը: Հայրիկի գլուխն իմ խաղալիքն է… Չգիտեի՞ր…

Այսօր մեկնարկեց Հանրակրթական Դիջիթեք 2015, բնագիտա-տեխնիկական, մարզական ստուգատեսների հայտերի ընդունումը։ «Տես, ես կարողանում եմ» անունը սազում է մեր հեղինակային կրթական ծրագրին, մեր ստուգատեսների ընդհանուր խորագիրն էլ կարող է լինել։ Առանց ձյան ու այս թեժ առօրյայով, ուսումնական-ստեղծական խիտ ընթացքով այս հունվարը սկսում է հունիսի նմանվել, մանավանդ որ մեր օրացույցով նրանք հավասարեցված են՝ որպես ճամբարային-ստուգատեսային ամիսներ, ուսումնական կիսամյակի տպավորիչ-ցուցադրական-հրապարակային եզրափակումներ։  Հետևեք իմ բլոգին, օրագրին, մեր mskh.am-ին, թարմացեք մեր մեդիայով, ինչպես Դավիթ Բլեյանը՝ առավոտյան ցնցուղի տակ, ազատվեք թմիրից, որ տարին նոր լինի։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ժամանակն է, ընկերնեˊր, մեր կյանքի ժամանակը…

Երբ էլի ժամանակ չկա, ուշանում ենք. — Ժամանակ չկա,- ասում է Նազենի կրտսեր քույրիկը, ով օգնում է Դավթին՝ հագնվի, որ բոլորս չուշանանք։ Իսկ Դավիթը Արմինե մայրիկի զայրացած հարցին՝ «Ի՞նչ ես ուզում մեզնից», պատասխանում

Սեփական հաջողությունը՝ կառուցման հիմքում

Ասում ենք՝ պարտություն-հանձնում (կապիտուլյացիա) չենք կապում ճանապարհի-ուղու հետ, որով 30 տարի, մեր հռչակած պետական անկախության շրջանին հակառակ անցել ենք․․․ 1990-ի իմ ու Կտրիճ Սարդարյանի կազմած, 30 հազար տպաքանակով (երեսուն հազար սպառված

Հիմա կարող ենք ասել, որ ամեն ինչ հասկանում ենք․․․

Այս էր Դավիթ Բլեյանի առաջին եզրակացությունը, որ հնչեց Երևանի «Զվարթնոց» օդակայանից Ստեփան հորեղբոր մեքենայով դուրս գալիս… Հուլիսի 18-19-ի գիշերահավասարին 16-օրյա բացակայությունից հետո Երևանում էինք Արմինեի ու Դավթի հետ…  Հասկանո՞ւմ ենք ամեն