Կրկնում եմ ես՝ այսքա՜ն վախեցնելու չափ հասուն իմ սիրելի Թամիին,անկասկած ոչինչ չի մնալու նույնը՝ նայելով իմ լուսամուտից այն կողմ… Շնորհակալ եմ, սիրելիս, և՛ վերնագրի, և՛ սկզբի համար օրվա գրի… Մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է, հատկապես, որ իմ օրագիրը սկիզբ, այո, ունի, 2014-ի հունիսի 17-ը (ինչ նշանավոր օր դարձավ), բայց վերջ ունի՞… Չունի… Պատմում եմ, լսեք:

Իմ սիրելի Նիկոլ Փաշինյանի ընտանիքն էր երեկոյան այցելել մեզ. ի՜նչ խաղաղ-բուժիչ ժամեր անցկացրինք միասին. կարոտել էինք, ափսո՜ս, առանց Նիկոլի ու Մարիամի. Նիկոլի տեղն էլ գիտեինք՝ ԱԺ արտահերթ նիստը, որ պիտի տևեր մինչև 22.15, Մարիամ Փաշինյանինն էլ՝ մերԱվագ դպրոց-վարժարանի 12-րդ դասարանցի, որ հաջողությամբ-համառ պատրաստվում է Հայաստանի Ամերիկյան համալսարան ընդունվելու…
Շուշան ու Աշոտ Փաշինյաններն ինքնամոռաց խաղում են մշտական հերոսի՝ Դավիթ Բլեյանի հետ. նոր՝ չբացված լեգոներ և մոդելավորման տուփեր է քանդում-հավաքում Աշոտ Փաշինյանը (հիանալի է ընկեր, շուտ-շուտ արի). այսպես, երեք սեբաստացիներով կարող եք մասնակցել Գնել Հարությունյանի ղեկավարած Բնագիտա-տեխնիկական ստեղծագործական ամենամյա ստուգատեսի 2015թ. հունվարյան փուլին…
Ես, Աննան, Արմինեն մարդկային վայելքի շփման մեջ ենք. ամենաթանկ վալյուտան, որ չի արժեզրկվում, որ անհատական սեփականություն է, և որի կարիքն ունենք յուրաքանչյուրս. ինչո՞վ փոխարինենք, հարցնում եմ: Ինչո՞ւ փոխարինես կամ ինչո՞ւ ես ապրում, եթե այս չունես… Արմինեն ԹոփչյանԲաբուջյան Կարինեն, Զառան Առաքելյան, Սուսոները… Նառան, մեր հարյուրավոր սովորողները և ուսուցիչներն այս՝ մեր կյանքից ցնդող դրամով իրականությունը վայելքի ու զավեշտի են վերածում. իսկական ռոդարիական եզրակացություն. էլ ի՞նչ հոգսեր կարող է ունենալ մարդ, երբ մնում է առանց գահավիժող դրամի և ցուցամոլ դոլարի (տեսե՛ք, տեսե՛ք, ինչ արժևորված եմ)… Չունենամ քե՛զ էլ… քե՛զ էլ… Ու կկատարվի Կտակարանում ասվածը. «…. մի՛ հոգայք վասն ոգւոց ձերոց՝ զինչ ուտիցէք՝ կամ զինչ ըմպիցէք. եւ մի՛ վասն մարմնոց ձերոց՝ թէ զինչ ագանիցիք. ո՞չ ապաքէն ոգի առաւել է քան զկերակուր՝ եւ մարմին քան զհանդերձ: Հայեցարո՛ւք ի թռչունս երկնից՝ զի ո՛չ վարեն եւ ո՛չ հնձեն եւ ո՛չ ժողովեն ի շտեմարանս. եւ հայրն ձեր երկնաւոր կերակրէ զնոսա: Ո՞չ ապաքէն դուք առաւել էք քան զնոսա: Իսկ արդ՝ ո՞ ի ձէնջ առ հոգալ իւրում յաւելուլ կարիցէ ի հասակ իւր կանգուն մի: Եւ վասն հանդերձի զի՞ հոգայք: Հայեցարո՛ւք ի շուշանն վայրենի՝ որպէս աճէ, ո՞չ ջանայ եւ ո՛չ նիւթէ»…

Շուշան Բլեյանը «Մոսկվա» կինոթատրոնում ֆիլմ էր դիտում, որ գովազդում է նաև կրթական հիմնադրամի տնօրեն Առնոլդ Բլեյանը, Շուշան Փաշինյանին ու Դավիթ Բլեյանին տեսեք այս նկարաշարում…

Իմ սքանչելի քույրիկ Էդիտ Հովհաննիսյանի արձագանքն իմ «Քյավառցու հայտնի անեկդոտով, Վիլյամ Սարոյանով մինչև Ալբերտ Էյնշտեյն» գրին մեկնաբանություն չէ, հերթական մեդալն է ոսկի, որ այս օրերին ստանում եմ ես՝ պարգևներն իբր մերժող հիմնադիրս… Ասել է թե՝ չեմ ուզում…  քոմենթ գրի… Նվերն այսպիսին է լինում, համերգ-ցուցադրության բոլոր ներկաները մասնակիցներ են, ու բոլորը՝ պարգևատրված: Ուշքս գնում է այսպիսի տեսարանների համար. ինչպես խոստացել էր համակարգող Նառա Նիկողոսյանը, իր հարյուրավոր կազմակերպիչ ընկերների հետ Կամերային տունը վերածեց Մեդիաուրբաթ համերգի Մարմարյա սրահի։ Համեցեք, սեբաստացիների հարազատական-ստեղծական շփման նոր վայելքի…

Իսկ խնայող-տնտեսող, վանեցի հայը, ում մենք փնտրում ենք Բանգլադեշով, Երևանով, բանգլադեշամերձ գյուղերով՝ մինչև Աշտարակ, Աբովյան ու Էջմիածին ու Մասիս քաղաքներ, նաև մեր սանն է. մեր հեղինակային կրթության արդյունքում մենք, եթե չունենք այդպիսի տնտեսվարող-ինքնուրույն քաղաքացիներ, մսխել ենք մարդկային ամենաթանկ կապիտալը՝ մարդաժամանակը, հարազատ մարդու գրպանը դատարկել… Թող գա սովորելու, նա…

Միջին դպրոցի Հարություն Ղազարյանի այս ուսումնասիրություն-նախագիծը, որ հրապարակված է mskh.am-ում, երեք Մխիթարյան հայրերի՝  ակնածանք առաջացնող եռյակի՝ Ալիշանի, Չամչյանի, Ինճիճյանի ներկայացումը, հուզեց, ինչպես Սարգիս Հացպանյանը, որ ֆեյսբուքյան հրավերով մասնակցում-ընդարձակում է այսպիսի ուսումնասիրությունը. մեր կրթությունն այսպիսին է՝ անմահանա, առանց սահմանների և ընդհատումների… Օրը՝ իր ընդամենը 24 ժամով, ի՞նչ է, որ հոգնես… Մարդ էլ սովորելուց, իմանալուց, ճանաչելուց… հոգնի՞…

Շամխալբեկ հայրս, ով, ահա, իմ գլխավերևում է, ծիծաղում էր, երբ ուսանող ժամանակ քույր Էմման, եղբայր Ստեփանը, ես, օֆ-օֆ էինք անում՝ բուհից վերադառնալիս կամ քննաշրջանին պատրաստվելիս.
– Շան տղա, սովորելուց է՞լ մարդ հոգնի. գութա՜ն եք քաշում, ինչա, հո՜ւնձ եք անում գերանդիով…

Ու պատմում էր իրենց գյուղի ամենահայտնի հնձվորի մի պատմություն…
Էս ռանչպար հորս «տրոյկայի» 1938թ-ի դատավճռից մի կտոր  ուզեցի հենց հիմա միասին կարդանք… «Շամխալ Արամի Բլեյան՝ ծնված 1901 թվին, Նոր Բայազետի շրջանի Լանջաղբյուր գյուղում, բնակվում է՝ Երևան քաղաք, Օրջոնիկիձեի պրոսպեկտ, տուպիկ 3 տուն: Չի աշխատում՝ հաշմանդամության պատճառով:
Եռյակը Շ. Ա. Բլեյանին դատապարտել է այն բանի համար, որ նա 1921թին մասնակցել է դաշնակցության կողմից կազմակերպված խռովության և, բացի այդ, զբաղվել է հակասովետական գործունեությամբ»… Մենք սրան դեռ կվերադառնանք։ Սա ինձ հետապնդում է…

Օրեր առաջ, կարդացի նաև Միջին դպրոցի 8-րդ դասարանցի Սիրանուշ Ասատրյանի նախագիծը… Այսպես անխոնջ-անդադրում է 20-րդ դարի ռահվիրան՝ մեր պատմության հասարակագետ Աշոտ Տիգրանյանը՝ իր սաների հետ… Իսկ ահա 21-րդ դարում մինչև իրեն կատարված կասկածի տակ առնող ու իրենից հետո լինելիքը պարզ տեսնող Վահրամ Թոքմաջյանը խաղարկային դատարանում քննվող գործով կարող է պարտադրել, որ 2015-ի հունվարը նոր շրջան դառնա՝ հիշարժան-գրավիչ բոլոր սեբաստացիների կյանքում…

Նվերը ոչ միայն համերգ-ներկայացման կամ ուսումնական նախագծերի տեսքով է լինում իմ կյանքում, այլ նաև սպասված… հանկարծակի այցերի… Ռազմիկ Պետրոսյանը՝ Շուշանի դասընկերը, ով ուսումը պոլիտեխնիկում ընդհատեց՝ բանակ՝ պարտադիր ծառայության մեկնելու պատճառով, մտավ հասարակագիտության կաբինետ, ուր 11-րդ դասարանցիների հետ քննարկում էինք Զինապարտության մասին ՀՀ օրենքը, ու կարճ-տպավորիչ մասնակցեց կենդանի խոսակցությանը… Իր օրինակով: «Բանակում» նախագիծը ոչ միայն ՆԶՊ պարապմունքներն են, որ ընթանում են մեզանում առանց զինղեկի, ում փնտրում ենք մենք Հայաստանով, Արցախով, Վրաստանով մեկ… Օգնե՛ք մեզ: Ոչ միայն «Ասպետ» ռազմամարզական ճամբարում մեր պատանիների համատեղ կյանքն է իրենց Արցախի հասակակիցների հետ, որի մեկնարկը ես հենց հիմա հայտարարում եմ՝ սիրով… Գլխավորը մեր շրջանավարտի-զինապարտի ծառայությունն է ՀՀ բանակում, նրա հանդիպում-հաշվետվությունը զինվորական կցագրման մեկնող 11-րդ դասարանցիների հետ…

Անասկած ոչինչ չի մնալու նույնը… ԱՄՆ-ն ու Կուբան հաղթահարում են 2 դարի սահմանը բռնած թշնամական մեկուսացումը… Կարդացեք-լսեք-տեսեք-հիացեք…
«Վե՛րջ ավելի քան կես դար ձգված թշնամանքին Միացյալ Նահանգների և Կուբայի նախագահներ Բարաք Օբաման և Ռաուլ Կաստրոն երեկ, միաժամանակ ելույթ ունենալով հեռուսատատեսությամբ, հայտարարել են, որ 1961 թվականին Ֆիդել Կաստրոյի իշխանության գալուց հետո խզված դիվանագիտական հարաբերությունները կվերականգնվեն: Հավանայում կվերաբացվի ԱՄՆի դեսպանատուն»:
Նախանձ շարժող ուղղամտություն և իմաստություն են դրսևորում Ամերիկյան մայրցամաքում… Ինչո՞վ ենք զբաղված մենք՝ Ասիա-Եվրոպա տարածաշրջանի թշնամի երկրներ համարվող Հայաստանն ու Թուրքիան՝ ցեղասպանության մոտալուտ 100-ամյակի՞ն… Խորացնելո՞ւ ենք այն՝ ներկայացնելու միջազգային իրարանցումով, որպես արժանապատիվ կյանքին փոխարինող տեսարան…

– Դավիթ, դուրս չե՞նք գալիս պարտեզ, ի՞նչ որոշեցիր, 8.30 դարձավ ժամը…
– Տեսնեմ՝ ժամը 8.30 ա՞, հլը ցույց տուր, հայրիկ…
Ես ցույց եմ տալիս պատի ժամացույցով, իմ ձեռքի բջջային հեռախոսով… 8.30:
– Երկուսն էլ նույն ժամն ե՞ն ցույց տալիս, հայրիկ, պատի ժամացույցը սլաքներո՞վ… հեռախոսի ժամացույցը թվեր գրելո՞վ…
– Նույն ժամը, Դավիթ Բլեյան, մեր կյանքի ժամանակը:

Պաչիկներ իմ բլոգի ֆոտոխմբագիր հեռացող հմայիլ Սոնային, ողջույն մյուս հմայիլ Անահիտ Բեկյանին։ Իրենց նման սիրուն են դառնում իմ պատումները։
Անահիտը ճամբարային առօրյա է ներկայացնում. այսօրվա դատի՞ ազդեցությունն է, թե՞ վաղվա մասնաժողովի, որ ձմեռային ճամբարի բովանդակություն է քննարկում։  

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հայրենիքն ափի նման ճանաչելու օրագիրը…

Սվետլանա Մելքումյանի կազմած ֆլեշմոբի տերյանական բառարանընթերցումը ինձ երկար ժամանակ գիշերով ոչ միայն զբաղեցրեց, այլև զվարճացրեց, երբ սկսեցի Ջանի Ռոդարիի երևակայության խթանման գործիքներով բառերի, դրանց տարբեր իմաստների, հոմանիշներ-հականիշների շիլաշփոթ, աղցան, ամուսնություն-հարսանիքներ

Մենք ապրում ենք զրնգալեն… Բանգլադեշում…

— Փռշտացի երեք հատ, լսեցի՞ք, մի հատ էլ փռշտամ, թող չորս լինի: — Արի արագ հաշվելով մրցենք  իրար հետ, հայրիկ… Ու սկսում է՝ 1, 2, …., 11, .…, 29, ….,

Բարի ճանապարհ դեպի Արցախ

Կրթահամալիրի տնօրենի ուղերձը ութօրյա բանակումի՝ «Ասպետ» ռազմամարզական ճամբար մեկնող Ավագ դպրոցի տղաներին։