Նախանշանները հուշում են, որ ժամանակն է փոխելու աշխատանքը… Այս հրապարակումը կարդալուց առաջ էլ, հետո էլ իմ որոշումը չի փոխվել. ես կարգապահ կկատարեմ կրթահամալիրի տնօրենի պարտականությունները, կլինեմ բարեխիղճ ձեր տիար-տնօրենը մինչև 2020 թվականի սեպտեմբերի 4-ը… Այս ընթացքում առավելագույնը կանեմ, որ կրթահամալիրի 2019, 2020-2022թ.թ. զարգացման ծրագրով որոշվածը իրականանա, որ 2020-2021 ուստարին՝ մեկնարկը, մեր սրտով լինի ու լավագույնը՝ 30 տարին ետևում թողնող հաստատության համար:

Ես օրը աշխատանքային սկսում եմ գրասեղանի առաջ՝ աշխարհի իմ անկյունում արձանագրելով mskh.am-ի հետ կապի բացակայությունը… Առաջ ես կխառնվեի ու կխառնեի. հիմա իմ արձագանքը շատ ավելի զուսպ է… Լա՞վ է, թե՞ վատ՝ որոշեք. բայց կապի բացակայությունը ցաքուցրիվ արեց իմ պլանը գրի. ես պատրաստված էի շարունակելու մեր ստեղծագործական հավաքի, Բլեյան կրթական բաց ցանցի մասնակիցներին ուղղված իմ հրապարակումները… mskh-ի հետ ինտերնետ կապի ընդհատումից, տեսեք, իմ զգացողության-մտածումի չգիտեմ որ շերտերում մնացած ինչ-ինչ ուղերձներ ակտիվացան-պոկվեցին, եկան ու գիր դարձան, իմ 1642-րդ պատումը…

Երեկ մի խումբ սեբաստացիների հետ աշխատանքային ժամեր անցկացրինք ապրիլի 26-27-ի ստեղծագործական հավաքի բովանդակային-կազմակերպական անհետաձգելի ճշտումներով-որոշումներով… Հետո ես իմ տեսչական հեծանվային շրջայցը կատարեցի կրթահամալիրի բանգլադեշով։ Այսպես օգտակար է, հարմար, երբ ոչ ոք չի խանգարում, ոչինչ չի շեղում. տպավորված եմ շարունակ խնամվող կանաչը թավիշ դարձնելու սեբաստացիական մեր աշխատանքով, բոլորիս։ Շնորհակալ եմ:

Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցում լուսանկարները՝ Ալիսա Գևորգյանի:

Այս շրջանում ինձ հատկապես հետաքրքիր են հետազոտող ուսուցչի, իր գործի հեղինակ ուսուցչի հրապարակումները Սուսան Մարկոսյանի «Դպիրում», որ հավաքին ընդառաջ խմբագրում են Մարիետ Սիմոնյանը, Հասմիկ Ղազարյանը, Մարինե Ամիրջանյանը… Հատկապես հետաքրքիր են սեբաստացի նոր հեղինակները, իրենց առաջին հրապարակումները ինձ հուզմունքի լիցք են փոխանցում: Մի՛ երկնչեք, հանդես եկեք:

Ես հիմա ավելի ու ավելի շատ ժամանակ եմ անցկացնում… ծառերի հետ… մեր շենքին հարող ծառերի, մեր շենքին նայող խաղողի թառմայի հետ գրկախառնված թթենու, ապրիլյան իմ ամենամեծ զարմանքի՝ Տիգրան Մեծի պողոտայի ծառերի, թե երեկ Հրազդանի կիրճի ծառերի՝ հեծանվով տուն իմ ճանապարհին։ Ճամփորդ տիարին  ամենուր հանդիպող ծառերը՝ մեկուսի, խմբով, շարքով, որպես առանձին բնապատկեր, թե այլ բնապատկերի մեջ… իմ ուշադրությանն ու շնորհակալությանն են արժանանում։ Երևանը հիմա իր ծառերով հետաքրքիր է այնքան, որ մի նախագիծ նորից գլուխ է բարձրացնում, որոշել եմ հաջորդ շաբաթ սկսել. հետևեք իմ գրին։

Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից:

Ապրիլի 24-ի իմ շրջայցը Ծիծեռնակաբերդի շուրջ բորբոքեց նորից փոքր հանրապետության մեծ մայրաքաղաքի մասին անհանգստությունը. մայրաքաղաքն ավելի է մեծանում, կանաչ գոտիները փոքրանում են… Մոնթե Մելքոնյան փողոցի աջ ու ձախ՝ պատմական Դալմայի այգիներում, ծավալվող-ընդարձակ շինարարություն է… Մի՞թե Դալման մեր աչքի առաջ վարի ենք տալու,  երբ աշխատող-մոռացված երբեմնի արդյունաբերական հսկա տարածքներ մնում են անօգտագործելի… Մի՞թե իրավիճակ չի փոխվել։ Ե՞րբ, ինչպե՛ս է սկսվելու հանրապետության տարածքային, համաչափ զարգացումը, երևանամերձ ոչ գյուղատնտեսական, այլ հողերում, փոքր քաղաքներում, բնակավայր-ավաններում շինարարությունը…

Որքան էլ ինձ վանում են Երևանում մեքենաները՝ դրանց վայրի, անվերահսկելի աճով… բայց իմ կապը իմ Երևանի, նրա ժողովրդական տան, թաղի ամեն մի դետալի հետ, անխզելի է… Իմ ծննդավայրի պատմականության կորուստը՝ մարդկանցով ու նյութական արժեքներով, այսպես ասեմ, անպաշտանվածությունը ինձ շարունակում են ուժազրկել-մելանխոլիկություն փոխանցել… Ուրիշ քաղաք կուզեի փոխանցել Դավթին, Աստղիկին, Տաթևի Վահանին, Լիլիթի Սոնային…

Բացօթյա այլընտրանքային նկարչություն Հյուսիսի նախակրթարանում: Լուսանկարները՝ Սոնա Կարապետյանի:

Շուշան Բլեյանը այնքան իր նման, յուրահատուկ ինձ ճանապարհեց. ինքը՝ ինձ, ոչ ես՝ իրեն… Արագ հագավ ինչ-որ բան, մայրական բնակարանից ուղեկցեց մինչև տաքսի՝ մեքենայի դուռը բացելով-փակելով, ինձ գրկելով։ Ես հիմա էլ իր գրկում եմ… Մեր ունեցած կարճ ժամանակի մեջ մենք կարողացանք տեղավորել ամենակարևորը… Շուշկի ջան, հիմա ամեն օրը ինձ մոտեցնում է քո հունիսյան համերգին։ Աստղիկն էլ ավելի ու ավելի հասուն է դառնում քեզ ընկալելու համար, մինչև քո բացահայտումը…

Հա՜, մեր տանը, երեկ ու առաջին օրը ամենաշատը պատմում էին Արմինե Թոփչյանի նախաձեռնած խմբային ներխուժման մասին… Աստղիկ Բլեյանի հայտնաբերումը, Աստղիկի քրքրումը, նրա հետ՝ Նելի Արղությանի ու իր Նարե աղջկա, Բաբուջյան Կարինեի ու Արմինե Թոփչյանի առերեսումը… Բլեյան Շուշանն էր ասում նշանավոր ծիծաղելով, որ ակամա մասնակիցն էր դարձել «ներխուժման», որքա՜ն կարևոր աջակցություն ստացավ Արմինե մայրիկը Աստղիկի… Հեշտ չէ ամբողջ օրը փակ տարածքում, Աստղիկի հետ մենակ. սիրելի բռնությո՞ւն… Իսկ Շուշանի ու Արմինեի հոգատարությունը-կոնկրետ ուշադրությունը միմյանց նկատմամբ այնքա՜ն կարևոր է ինձ համար ու այնպես լավ է բնութագրում երկուսին էլ…

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1642

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կյանքը հոսում է կրթահամալիրի Բանգլադեշում զրնգունով…

2018-ի միջնակարգ 12-ամյայի շրջանը կրթահամալիրի ավագ դպրոցում ավարտող Սոնա Բեզիրգանյանի համար ինքնաճանաչողության և ինքնարտահայտման միջոց է գրելը: Համեցեք Գեղարվեստի հարթակ՝ Սոնային լսելու-տեսնելու համար. շնորհակալ եմ, բլոգային ուսուցում, Սոնայի ու իր

Ձեր ճուկն* ու թաս երթան ու գան, ավետիս…

Արմինեն, գիտեք, լավ խոհարար է. չեք մոռացել նաև, որ տղամարդու սիրտ տանող ճանապարհն անցնում է խոհանոցով․․․ Մինչև մեր տան խոհանոց երեկ իրիկուն ես երկար քայլեցի․․․ քաղաքում խցանում էր նորից․․․ Հեծանվի

Ուրիշներին սովորեցնելու ցանկության բացակայություն

Այոˊ, այդպիսի ցանկության բացակայությամբ եմ ես ամեն օր գրում, պատմում իմ օրը, հարգելի Տիգրան Աբրահամյան, մեր Ավագ դպրոցից, որ առակներով ես խոսում վաղուց… Եղել է այդպիսի ցանկություն, երբ իմ ընկերների