Իմ օրագրի հարգելի ընթերցողը հարցնում է՝ ի՞նչ գործողություն է հետևելու ՀՀ քաղաքացի Աշոտ Բլեյանի նոյեմբերի 28-իհայտարարությանը։ Նախ՝ շնորհակալ եմ բոլոր նրանց, որ կարդացին-տարածեցին, այդ թվում՝ «Լրագիր.ամ»-ին։ Ես, գիտեք, գործում-չեմ գործում հանրահայտ։ Քաղաքական-կուսակցական գործչի, իր գործունեությամբ քաղաքական ազդեցություն ունեցողի և մյուս քաղաքացիների միջև ջրբաժանը սա է. կուսակցական-քաղաքական գործիչը ոչ միայն արտահայտվելու իրավունքից է օգտվում, այլև իր գործը դարձնում է այն տարածելը բոլոր հնարավոր միջոցներով մարդուն հասցնելը, ՀՀ օրենքներով չարգելված բոլոր միջոցներով, այդ թվում՝ բողոքի հրապարակային գործողություններով մարդու կարծիքի վրա ազդելը, թեքելը, փոխելը։ Իմ հայտարարությունը լրացնում եմ՝ պաշտպանելով ՀՀ Սահմանադրությունը, որն ունի «բարձրագույն իրավաբանական ուժ», և որի «նորմերը գործում են անմիջականորեն» (հոդված 6):

ՀՀ գործող Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ի հանրաքվեով։ Սահմանադրությամբ՝ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է» (հոդված 1) և «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է» (հոդված 2):

«Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը Հայաստանի ինքնիշանությունը սահմանափակում է։ Որպես փաստ վերաբերվելով ՀՀ Սահմանադրության 114-րդ հոդվածին՝ «Սահմանադրության 1-ին, 2-րդ եւ 114-րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն»,  և ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2014թ. հոկտեմբերի 14-ի  որոշմանը, և պայմանագրի մասին որպեսզի ՀՀ Ազգային ժողովի որոշումը որևէ ձևով չդիտվի որպես ժողովրդի իշխանության յուրացում՝ ես մի ելք եմ տեսնում՝  ժողովրդին պատկանող իշխանության իրականացումը՝ պայմանագրի ընդունում կամ մերժումը, ուղիղ, հանրաքվեի միջոցով։ Ինչո՞ւ և ո՞ւր ենք շտապում, ի՞նչ հիմնավորմամբ ենք շրջանցում հանրաքվեն։ Եվրոմիության անդամ շատ երկրներ իրենց այդ որոշումը հանրաքվեով իրականացրեցին և դրանով Եվրոմիության լեգիտիմ հաղորդեցին։ Որպես 1991թ. սեպտեմբերի 21-ի Հանրաքվեով Հայաստանի Հանրապետության հիմնադիր քաղաքացի՝ պահանջում եմ այդ պայմանագրի հարցը դնել հանրաքվեի։

Ես քաղաքականության մեջ մտել, տարբեր քաղաքական պաշտոններ զբաղեցրել եմ այն համոզմամբ, որ չեմ անի քայլ, չեմ ընդունի որոշում կամ միանա որոշմանը՝ չիմանալով անելիքս կամ համաձայն չլինելով որևէ պատճառաբանությամբ, կօգտվեմ քաղաքական գործչի գործունեության հրաժարականի ինստիտուտից. և օգտվել եմ։ Առանց հրաժարականի բաց, գործուն համակարգի՝ քաղաքական բոլոր պաշտոններում, այդ թվում՝ կուսակցական, ընտրովի թե նշանակովի, գործադիր թե օրենսդիր, մենք ունենք, կունենանք անպատասխանատու, հացակեր համակարգ ու պաշտոնյա… Ի՞նչ անեն «խեղճերը», այս դեպքում՝ ՀՀ ազգային ժողովի պատգամավորները. իբր համաձա՞յն չեն պայմանագրին, այլընտրանք չունե՞ն, փաստի առա՞ջ են, թե՞ չեն տեսնում, չգիտեն այլ լուծումներ։ «Գործ է, անում եմ, էլի… Տուն ա, պահում եմ, էլի… Դե, գիտեք, էլի՝ ով է որոշում…»։ Այո, գիտեմ, Դուք եք որոշում՝ յուրաքանչյուր ոք, ով քաղաքական պաշտոն է զբաղեցնում. չգիտի-համաձայն չէ՝ պիտի հրաժարական տա, մինչ այդ իր անհամաձայնությունը բարձրաձայն արտահայտելով, իր տեսակետը պաշտպանելով, որ ունենանք գործուն ու ամբողջական  քաղաքական համակարգ Հայաստանում։ Մեզանում չի կայանում դասական քաղաքական համակարգը նաև սրա բացակայության հետևանքով։

Ես, գիտեք, 2005թ.-ից, երբ իմ նախաձեռնությամբ, ՀՀ օրենքով սահմանված կարգով լուծվեց «Նոր ուղի» կուսակցությունը, որի հիմնադիրն էի և նախագահը՝ ստեղծման պահից՝ 1992թ. նոյեմբերից։ 2005թ., երբ ընտրվեցի կրթահամալիրի տնօրեն, երկու շրջանով՝ 2006-2011, 2012-ից առ այսօր, ես հրապարակավ հայտարարեցի կրթության գործի կազմակերպմամբ զբաղվելու և այդ ընթացքում քաղաքական-կուսակցական գործունեությունը դադարեցնելու մասին։

1991-ին որպես Երևանի փոխքաղաքապետ՝ ես համաձայն չէի քաղաքապետի՝ իմ հարգելի գործընկերոջ (երկուսս էլ ՀՀՇ վարչության անդամ էինք), ինձ սիրելի ու հարազատ մարդու՝ Համբարձում Գալստյանի ՝ Երևան քաղաքում իմ համակարգած բնագավառում նրա մոտեցումների հետ, և քանի որ ըստ կարգի վերջնական որոշումներն իրենն էին, ես գործադիրի նիստում շնորհակալություն հայտնեցի համատեղ աշխատանքի համար և հրաժարվեցի պաշտոնից։ Այդպես 1992-ի նոյեմբերին ես իմ նախաձեռնությամբ հայտարարությամբ դուրս եկա Հայաստանում իշխող ՀՀՇ քաղաքական կազմակերպության վարչության կազմից՝ անհամաձայն լինելով հայ-ադրբեջանական հակամարտության լուծման իրականացմանը։ Իսկ Համբարձում Գալստյանի մասին պատմել խոստացել եմ իմ օրագրի ընթերցողներին ու կպատմեմ իմ կիրակնօրյա գրում. սիրով կպատմեմ։ Հետևեք իմ գրին ամեն օր։

 Դավիթ Բլեյանը թևակոխել է, է՜, իր կյանքի հանդեսների շրջանը։ Երեկ իրիկուն, հենց տուն մտա, ինձ դիմավորեց։ Տեղով մեկ ներկայացում… Պարտեզում հանդեսի հերոսը՝ նկարած քիթ-մռութով, ներկայացումը տանը շարունակում է, չի թողնում, որ արդուզարդին, գրիմին կպչեն։ Մայրիկը, Ռուզան մորաքույրն ու նրա ընտանիքը հիացել են, հիմա եկել է իմ հիացումն արտահայտելու պահը… Տեսարան… Լա՜վ վազեց տնով մեկ, ներկայացավ հանդեսի մեր հերոսը, ներկայացումը հեծանվով շարունակեց ու անցավ նոր ներկայացման՝ ներքնակի վրա ցուցադրական մարմնամարզական ելույթների՝ համարձակ, ճկուն և հնարամիտ… Հոգնեց. բնական է, լրացուցիչ ծանրություն է պարտեզի-տան ներկայացում-հանդեսը։ Հատակի ներքնակին պառկած՝ ինքն իրեն խոսում է.

– Մեդիա, դպրոց-պարտեզ, Մայր դպրոց… միկի-մաուս, ծիածան…
Վեր կացավ քիչ հետո, մոտեցավ մայրիկին, որ համակարգչի մոտ օրվա «Սեբաստացի» ռադիոյի պատասխանատուի գործով էր տարված։ Ես շտապեցնում եմ։ Արմինեն.
– Քիչ է մնացել, Տիար ջան,  հինգ րոպեից թողարկումն է mskh.am-ում…
Դավիթը՝ թե.
– Նանի ջան, նանի, արի գնանք քնենք…

Սրանք արդեն նշանավոր մազերը կտրած մեր հերոսի առաջին լուսանկարներն են իմ Օրագրի եթերում…. Մորաքույրն այսպիսին է լինում՝ միակը, Ռուզանի նման, որ իր ընտանիքի գործուն մասնակցությամբ փայլուն լուծեց հարցերի հարց դարձած մազակտրումը, երբ նախորդ իրիկունը ես ու Արմինեն սեբաստացի մահապարտ մի խումբ ուսուցիչների հետ կամերային թատրոնում ներկայացման էինք… Երբ տուն մտանք, մեզ դիմավորեց ու պատշաճ գնահատական ստացավ նոր սանրվածքով ավելի հմայիչ-մոբիլ դարձած տղուկը… Ռուզանը դժվար պահին մեր կողքին եղավ… Ով մոռանա, ջուխտ աչքով թող… հեռանա…

Աշունը կրթահամալիրում, այս անգամ Մայր դպրոցում և Գեղարվեստի դպրոցում, որպես աշնանային անկյուններ… Եղանակ է. հիմա աշնան վերջին շաբաթն է սկսվում, դպրոցի  բակում տաք էլ կլինի իր աշնանային նոյեմբերյան արևով, ցուրտ էլ կլինի`իր սառը-երկար անձրևով, քամով… Մեր դպրոցական  բոլոր բակերն արդեն ներկայանալի-հարմար են եղանակի վայելքի, ներս ու դուրսի մշտական ռեժիմի համար, հատկապես, որ մեր բոլոր յոթ շենքերում տաք է, մաքուր, ընտանեկան-խնամված ու հանդիսավոր-ուրախ… Ես խոսում եմ օրվա ընթացքում 9:00-ից մինչև 17:00` երկարօրյա ու լրացուցիչ կրթության ավարտը, մեր բոլոր տարիքի սովորողների`սկսած հինգ տարեկանից ու նախակրթարանի սաների`սկսած 2 տարեկանից մշտական-պարբերական ներսուդուրսի մասին… Մենք միասին-հետևողական, որպես ուսումնական-ամբողջական նախագծային աշխատանք, մեր դպրոցական բակերը վերածում ենք իսկական կրթական պարտեզների: Այս գործը չի ընդհատվելու ու շարունակական է… Սովորողի, ծնողի, ուսուցչի ֆոտո օբյեկտիվի միջոցով ես իմ Օրագիր մշտապես ու սիրով շնորհակալությամբ բերելու եմ «Մեր բակը պարտեզ» ուսումնական նախագծի այսօրը… Ինչպես Արմինե Թոփչյանի ու Մարետ Սիմոնյանի այս ֆոտոշարքերը… Ինչո՞ւ մշտապես չփաստենք մեր կրթական միջավայրի շարունակական փոփոխությունները՝ որպես մեր ու միջավայրի փոխազդեցություններ

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Նոր համակեցության Սիսիան․․․

Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն պետության՝ ներքին-բաց սահմաններով, ԽՍՀՄ միասնական օրենքներով համակեցության շրջանում, ՀԽՍՀ Կապանի, Մեղրիի, Գորիսի, Սիսիանի շրջաններում բնական համակեցությունը բերել էր հայերով-ադրբեջանցիներով բնակավայրերի, բնակավայրերի՝ հայկական, ադրբեջանական թաղամասերի առաջացմանը․․․

Ծիրանագույն Բանգլադեշով իմ Հայաստան. կրթական մեր շարժումը

— Ծիրանագույն, նշանակում է ծիրանի գույն,- բարձրաձայն հայտնագործում է կամ ինձ ուսուցանում-իր գիտելիքներով ներկայանում Դավիթ Բլեյանը… — Մեր դրոշի գույնն է ծիրանագույնը,- շարունակում է… — Չեմ ուզում երեք գույն, կապույտն

Ոչ թե ինքնաբերաբար, այլ ինքնաբուխ…

Եթե մարդը կարող է ապրել առանց հարկադրանքի, ոչ թե ինքնաբերաբար, այլ ինքնաբուխ, ապա նա գիտակցում է իրեն իբրև ակտիվ ստեղծագործ անհատականություն ու հասկանում է, որ կյանքն ունի միայն մեկ իմաստ՝