Աշոտ Տիգրանյանի առաջարկած Հարուկի Մուրակամիի ընթերցանությունն էլ օգնեց, նրա խորհուրդները, ինչպես առաջադրանք դասավորելը․․․ Նախօրոք հայտնի ենթավերնագրերով։ Մուրակամիի մտքերից տեսնես ի՞նչ կիրակնօրյա պիցցա կստացվի։

Ինձ նոր հեծանվային ակնոցով տեսե՞լ եք, Հասմիկ Սիմոնյանի նվերն է։

Բարի լուրերը իրենց մասին լուռ են հայտնում․․․

Այսօրվա լուսաբացի պես․ ահա արթնացա, ու կիրակի է․․․ Չգիտեի։ Ինքնավստահությունս գտա։ Մինչ Դավիթ Բլեյանը ինձ ու Արմինեին ներքաշում է իր տնային առաջադրանքի կատարմանը․․․ Դավիթ Բլեյանի ինքնավստահության-ինքնուրույնության-վճռականության ակունքը երեկվա ճամփորդությունն է․․․  5-րդ դասարանցիների մեծ խմբով, տպավորիչ նվաճել են Բջնի-Հրազդան-Սոլակի սուրբ Մայրավանքն իր բարձունքով, իսկ ինքն ու իր ուրախ տնօրեն Տաթևիկ Աբրահամյանը առջևից են գնացել՝ առաջնորդելով սովորողների խմբին, ետևում թողնելով Արմինեին ու ողջ ճամփին կենդանի մաթեմատիկական հաշվարկներ անող մաթեմատիկայի նոր ուսուցիչ՝ Գրետա Բակունցին։

Այսպիսի մեկօրյա արշավները՝ դասարանով-ուսուցչով-երկարօրյայով, շատ էլ հարմար են հոկտեմբեր ամսվա ուսումնական օրերի համար, երկուշաբթիից-ուրբաթ, 9։00-16։00, նախօրոք ընտրված քարտեզներով ճամփորդական․․․ Հոկտեմբերյան օրացույցում առանձին տողով թող ներկայանան։

Մայրավանք ճամփորդության լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

Ես պատկանում եմ մարդկանց այն տիպին, որոնք սիրում են առանձնանալ։ Ես սիրում եմ լինել միայնակ։ Իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ միայնակ լինելը ինձ համար դժվար չէ։

Միայնության-առանձնանալու լավագույն միջոցը քաղաքում, քաղաքամերձ վայրերում, հեծանիվն է։ Այնպես արշավախմբային քայլքը, բարձունք-անծանոթ աշխարհ նվաճելը, բնության մեջ կորչելը, լճում-գետում լողալը․․․ վրան խփելը, իհարկե․․․ Այսօր ես պիտի մի խմբով, հեծանվով Քասախին հասնեի, նրա հետ-նրա հետևից-նրա հունով նրան հետապնդեի մինչև Սևջուր, մինչև Արաքսում անհետանալը․․․ Իմ օգնական Հասմիկը, ում առաջարկել էի հավաքել խումբը սրա համար, հետաձգեց։ Հասմիկին վստահությունը պակասում է․կյանքով-գործով ձեռքբերովի՞ է․․․

Իսկ շաբաթ օրվա վերջում, երբ Սուսանի, Արման և Արգամ Երանոսյանների մասնակցությամբ Մեդիակենտրոնում ավարտեցինք հոկտեմբեր ամսվա օրացույցի որոշակիացումը, երբ Խորեն Հազարումյանի հետ ճշտեցի Ագարակի կիսատ-պռատը, հոկտեմբերի շինբարելավման աշխատանքները օրացույցով ավարտելու պայմանները, երբ ապահով-անվերադարձ ճանապարհել էինք Թբիլիսիի, Սևանի ավազանի նախագծային խմբերին․․․ այնքա՜ն դժվար կլիներ առանց հեծանվի, առանց Զանգվի կիրճով անցումների․․․ ո՞ւր կորավ հանկարծ միլիոնանոց քաղաքը․ես միայնակ էի։

«Գետը համայնքում» նախագծով քայլարշավ Ծովագյուղի սովորողների, դասավանդողների հետ:
Լուսանկարաները՝ Կարինե Խառատյանի:

Ինձ երբեմն թվում է, որ ես ծերանում եմ ամեն ժամ։ Եվ ինչն է ամենասարսափելին, որ դա այդպես էլ կա։

Մի՛ ծիծաղեք՝ կասեր Դավիթ Բլեյանը․․․ Մի կողմից՝ իմ նշանավոր անփութությունը, երբ անչափելի մի ժամանակ դեռ առջևում է, ու ես օր օրի ոչ միայն բազմապատկում եմ նախագծերը-գործերը, ուսումնական անուն կպցնելով, մի կողմից՝ ես այնքա՜ն կոնկրետ-անշտապ կենտրոնանում եմ իմ աշխատանքային-անձնական կյանքի ծավալի մեջ փոքր թվացող մի դրվագի վրա, ինչպես երեկ Հարավային դպրոցի 4․1 դասարանի ծնողական ժողովը կամ Վրաստանի Ասպինձայի շրջանի Դամալա գյուղի ուսուցչուհի Վարսենիկի՝ իրենց գյուղ այցելելու խնդրանքը, բայց մեկ էլ, որպես որոշում, թողնում եմ ամենը ձեզ, գործընկերներ-հարազատներ, ու ես մի աշխարհում-մի տեղում սկսում եմ իմ ընտանեկան ագարակի կառուցումը, իմ ձեռքերով-նախագծով․․․ Առանձնանալ՝ առանձնանալ է, ինձ մոտ հեշտ է ստացվում, գումարած իմ գործելու-ապրելու մասշտաբները․․․

Ամենակարևորը ո՛չ արագությունն է, ո՛չ էլ հեռավորությունը։ Ամենակարևորը հաստատունությունն է․ վազել ամեն օր, առանց դադարի և հանգստի։

Հոկտեմբերին Թբիլիսի մենք երկու նախագծային խմբով ենք ներկայանալու՝ անցնող շաբաթում նախադպրոցական կրթության հեղինակային ծրագրով վրացի նոր գործընկերների հետ սկսածը Թբիլիսիում զարգացնելու և մեզ համար նոր՝ «Պատանի հնագետ» նախագծին մասնակցելու․․․

Գորիսի նշանավոր  Կոռնիձոր գյուղին, ուր ես եղել եմ 1991-1992-ին, պարտքեր ունենք, կամուրջներ հաստատենք, սկսենք ճանաչելը ապրող-աճող այսօրվա գյուղը՝ իր հաջողություններով-խնդիրներով․․․ Տիգրանյան Աշոտի նախագիծը կամբողջանա Վարդան Կարապետյանի՝ իմ էլ․փոստում գիշերով հայտնվածով, որը ենթադրում է հեղինակային կրթական ծրագրով համակված թարմ մի տարատարիք խումբ․․․ Ինձ ոգևորում է և Վահրամ Թոքմաջյանի, իր սովորողների` Դավիթ Բեկի մասին նախագծային ուսումնական ֆիլմի ստեղծումը։ Ե՞րբ, եթե ոչ հոկտեմբերին, Գյումրիում մեր հանրակրթական կամուրջների ներկայացումը, և իհարկե, փնջային հավաքները «Գետը բնակավայրում» նախագծով։

«Գետը համայնքում». կրթական փոխանակումներ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում:
Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի:

Եվ այս ամենը ու էլի նախագծեր-գործեր. ուշադիր ընթերցեք հոկտեմբերի նորացված օրացույցը, իմ այսօրվա սուրհանդակով ուղեկցված` իմ խոստումը, իմ վճռականությունը հոկտեմբերը հեղինակային մանկավարժությամբ որոշված ուսումնական աշխատանքի օրինակելի հաստատմանը բերելու։

#1166

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հայտնի ագահը, անհագը… Ես և դո՞ւ…

Վիդեոխաղերը երեխաներին ստիպում են ուտել ավելի շատ բանջարեղեն ու միրգ. ամերիկացի գիտնականների այս պնդումը ես հաստատում եմ Դավիթ Բլեյանի օրինակով… Ելակասեր է մեր հերոսը. Արմինե մայրիկը պատմում է, որ երեկ

Ահա, թե որտեղից է սկիզբ առնում իմ մանկավարժությունը…

Աշխարհը փոխող ժպիտ-մանկավարժությունը Ու հիմա այդ ամենակարող ժպիտ-մանկավարժությամբ, կոմիտասյան երգով, պարերգով իմ ընկերների հետ Թբիլիսի եմ գնում, որտեղ դեռ իմ հուշերի մանկապարտեզին եմ հանդիպելու՝ աթոռակներին քարացած նստած, վախվորած ու անհամարձակ

Վատ արարքներից Աստծուն ապավինելու համար․․․ կիրակի

Ինձ համառ չանվանեք իմ օրը Իմամ Սաջջադի մատյանով՝ աղոթքով, 8-րդ անգամ սկսելու համար․․․ Եթե համառն ու հաստատակամը հոմանիշներ են, գովենք իմ հաստատակամությունը՝ մեր աշխարհից պարսից կողմ հանրակրթական բոլոր դարպասներով մտնելու