Կուրթանում իր ճանապարհին հանդիպած բոլոր կենդանիներից Դավիթ Բլեյանը կենտրոնացավ ձիերի և… խոզերի վրա: Ձիու հետ հանդիպմանը Սասունցի Դավիթը պատրաստվում էր ամեն օր` երկու տարի, յոթ ամիս, քսան օր շարունակ: Հանդիպումը սպասված էր, տեղը, որպես պատահմունք, Ստեփանավան-Գյուլագարակի նշանավոր Սոճուտ-Դենդրոպարկի ճանապարհին: Զարմանալի է, չէ՞, Հայաստանում այսպիսի եզակի այգի ու նույնքան անխնամ ճանապարհ: Երեք անթամբ-անվարգ ձիանք` երկուսը պարանով կապած, մյուսը`անպարան-անթամբ, չէին կարող չգրավել Դավթի ուշադրությունը:
Էս որ պատահեց, մեր Դավիթ հսկան
Մի մանուկ էր դեռ՝ յոթ-ութ տարեկան,
Մանուկ եմ ասում, բայց էնքա՜ն ուժեղ,
Որ նրա համար, թե՝ մարդ, թե՝ մժեղ…
Մեքենան կանգնեց: Ես և Դավիթն իջանք, Դավիթը հարազատորեն, վստահ մոտեցավ ձիանքին… «Ուզում եմ քշեմ…». քշեմ` լսեցի՞ք: Մարդը առաջին անգամ է ձի տեսնում: Սասունցի Դավիթը էլ ո՞նց է լինում: Ձիանքը ոչ էլ խույս տվին, անգամ անկապը մոտեցավ: Դավիթն իմ գրկում ձեռքով շոյեց բաշը… Ափսոս, որ անթամբ էին. Դավիթ, անթամբ կլինի՞, թամբ ունեցիր քեզ հետ, ճամփա ես գնում… հո պուճուր չե՞ս, մայրական ծիծ էլ չես ուտում (աչքը մոր ծծերից չի կտրում), տակդիր-պամպերս, աշխարհը գիտի` չես հագնում, ողջ օրը թողնեն պուպուլիկի հետ խաղաս. թամբո՞վ պիտի ձի քշես… «Դու պիտի՞ էն հոր ժառանգը լինես…»:
Դենդրոպարկից դուրս եկանք: Թարմացած Դավիթ, երրորդ շնչառությամբ. չէր քնել ցերեկն ու ժամը 16-ի մոտ, մեքենայի մեջ հենա-հենա քնում էր… Ողջ այգին տըլինգ-տըլինգ (ձիու իր ձայնն է), ման էր գալիս, մարդկանց ներկայանում՝ «Դավիթն եմ Սասունցի, ուժեղ եմ…», ու անծանոթների բոլոր հարցերին մտերմիկ-հմայիչ-սրիկայավարի պատասխանում: Այգու մուտքին թամբած ձի էր սպասում: Մոտեցավ հեծյալ Դավիթն իր նժույգին ու… քշեց… միայնակ: Կուրթանի նկարներում ինչ կա` բեմադրված չէ: Դեռ կոնֆետն էլ՝ հյուրասիրած, բերանից չհանեց. «Էս իմ ձին է, ուզում եմ նստեմ (նստեմ` ասաց Դավիթը, թամբը տեսավ երևի):
Կուրթանի տանուտեր Վանիկը՝ այո, դպրոցի տնօրեն, խոզուկներ է պահում և լավ է անում: Դավթի հետ հաշվեցինք` ութ հատ, յոթը՝ վարդագույն, մեկը՝ մոխրագույն շերտերով, իր ասած՝ խալխալերով… Փոքր գոմը մաքուր էր, խոզուկները` մշտապես խնամված, դեպի գոմ՝ հետաքրքիր լուծումով մի կածան էր տանում: Դավթին խոզուկները հիացրին, նա էլ՝ էլի ու էլի այցելեց իր բարեկամներին, կերակրեց, լողացրեց… «Որ մեծանան, խոզուկները ինչ են լինելո՞ւ…»։ Խոզեր՝ պատասխանում եմ: «Խոզուկները չեն թափո՞ւմ, չեն կեղտոտո՞ւմ, խոզուկներն ուտո՞ւմ են: Ես էլ չեմ թափում, ես հավաքում եմ… »: Ի՞նչ էր կատարվում Դավթի հետ, ով քանի՜ ամիս շարունակ, օրը քանի՜ անգամ ձայնում էր ի լուր բոլորիս. «Մարդիկ որ թափում են, կեղտոտում, ասում են, որ դու խոզ չե՞ս…»
Ես, գիտեք, համացանցով եմ ծանոթանում քաղաքական-հասարակական իրադարձություններին ու նորություններին, դրանց հոդված-տեսանյութերին: Որպես ծես` ամեն առավոտ մեր տան մոտից` Չայկովսկու անկյունի կրպակից ես ու Դավիթը վերցնում ենք մեկ-երկու թերթ, երբ աղբով լի տոպրակը տանից դուրս ենք հանում (տան տղամարդը թող աղբը դուրս հանի ամեն Աստծո առավոտ, աղբը տանը պահելու համար չէ): Ես աչքի եմ անցկացնում միայն ցպահանջ նորությունները, իսկ թերթը կարդում եմ առավոտ կանուխ, ինչպես հիմա… «Հայկական ժամանակ»-ի «Ինչպես լռեցնել թուրքերին» հոդվածի վերնագիրն ինձ ո՛ւր է տանում: Հետևեք ինձ:
Նախ` ինչո՞ւ թուրքեր և ոչ ադրբեջանցիներ, երբ խոսքը հայ-ադրբեջանական սահմանի մեր գյուղերի մասին է: Փաստ են, չէ՞, երկու ժողովուրդներն ու իրենց պետությունները… Թերթը գրում է. «Երկրի քաղաքական ղեկավարությունը կարծես թե որևէ լուծում չունի Ադրբեջանի զինուժի ամենօրյա գնդակոծության տակ ապրող սահմանամերձ գյուղերի համար: Ո՞րն է հարցի լուծումը և ելքն այս իրավիճակից. հայտնի է, որ ամենօրյա գնդակոծության տակ ապրող գյուղերի բնակչությունը նվազում է, քանի որ հնարավոր չէ այդպես անվերջ ապրել»:
Վերջին շրջանում սրան նվիրված մեդիա-մամուլի բազում հրապարակումներում ոչ մի խելամիտ բան չգտա: Թերթի հոդվածագիրը` մեր երկու սքանչելի սեբաստացիներ Արամ ու Աննա Թևոսյանների մայրիկը՝ նույնպես, բայց կարծում է, որ «խելամիտ ինչ-որ լուծում այնուամենայնիվ հնարավոր է գտնել…»: Լուսինեն կարծում է, որ իշխանությունները պարզապես չեն ուզում, կամ ասենք` չեն կարող: 20 և ավելի տարիներ, Լուսինե, չեն ուզում… Սա հարցի, այս հողում մեր գոյության ուղու պարզունակեցում է: Հնարավոր չէ սահամանամերձ գյուղերի անվտանգությունն ապահովել առանց հայ-ադրբեջանական հակամարտության քաղաքական կարգավորման: Ադրբեջանցի նշանառուն սա հասկացել է, բա որ բազմապատկեց նշանառուների թիվը ու կրակոցների հեռահարությունը մեծացրեց… Հայաստանում մնացածներով հավաքվենք Երևանո՞ւմ: Լուսինե ջան, սա հենց այն ճամփաբաժանն է, որի առաջ մենք կանգնած ենք 25 տարի «Ո՞րն է մեր ճանապարհը» հարցադրմամբ: Այստեղից սկսվեց իմ քաղաքական Նոր ուղին: Սա 1990 թ. հայ նոր իրականության մեջ, կարծում եմ, եզակի ժողովածուի վերնագիրն է, որը մտահաղացանք ես և Կտրիճ Սարդարյանը, կազմեց ու առաջաբանը գրեց Աշոտ Բլեյանը: 1989-90թթ. օրվա մամուլից վերցրել եմ հինգ ժամանակին հայտնի գործիչների հոդվածներ, որոնք նվիրված են Հայաստանի անկախությանն ու կազմում են թեմատիկ ամբողջություն՝ ժամանակի մտածողությամբ ու տրամադրությամբ: Մի հատված «Արևի նման նայեցեք աշխարհին» վերնագրով իմ առաջաբանից:
«Երբեք այսքան օգնող չեն եղել քամիները: Ահա, քարոզում են հոդվածների հեղինակները, որ կկանգնի Հայաստանը հզոր ու բարեկեցիկ, քաղաքակիրթ աշխարհի ազգերին ու պետություններին արժանի ու հավասար և կկանգնի շուտ, եթե…»:
Իմ «Ապագա ունենալու համար նախ ապրել է պետք» վերնագրով ժողովածուն հրատարակել եմ 1992թ.-ին: Այն իմ քաղաքական գործունեության (ՀՀՇ վարչության անդամ, ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր) 1989-92թթ. ընդգրկող շրջանի իմ հոդված-ելույթներն են: Հետո իմ խնդրանքով, 2000-ին, երբ ես Նուբարաշենի «Կլոր բերդում» էի, ընկերներս օգնեցին հրատարակել նոր ժողովածու «Ապագա ունենալու համար ապրել է պետք» վերնագրով:
Ահա թե ինչո՞ւ եմ գրել իմ քաղաքական-հրապարակախոսական հոդվածները, ելույթները, ահա թե ինչո՞ւ եմ զբաղվել և զբաղվում քաղաքական կոչված գործունեությամբ. «Օգտակար չլինել չեմ կարող: Չեմ կարող հանդիսատես լինել, երբ աչքիս առաջ փլուզվում են տասնամյակներ դրած գործ, երազ ու ծրագիր, երբ վտանգված է Երկիր Նաիրին: Ինչպե՞ս օգնել: Այս ժողովածուով ուզում եմ հասկացված լինել ու ապացուցելի դարձնել իմ առաջարկները»: Ինչո՞ւ հանկարծ հիշեցի իմ հերոսական անցյալը… Ավա՜ղ, մեր անցյալը անցյալ չէ, ներկա է:
Մարգարիտ Սարգսյանը՝ իր խմբով (վրանով), վերադարձավ Կողբի արվեստի վրանային ճամբարից: Գոհ է, հմայքը բազմապատիկ է: Կեցցես, սիրելիս, որ այսպիսին ես, խիզախման միշտ հասու` չորս տարին չբոլորած Նարեկին ընդգրկած խմբում, 11-12-րդ դասարանցիների հետ: Իհարկե՛: Սեբաստացիներ` առանց տարիքի ու սահմանի, որտեղ էլ որ լինեք, մենք հարազատացրինք Կողբը՝ իր Զիկատարով, արվեստի դպրոցով ու նրա ամենամյա ճամբարով… Այսպես ենք մենք նվաճում-վերանվաճում Հայաստանը: Տեսաք, թե ուր հասավ իմ լուս ու մութին ասված խոսքը քաջ որսկանի գյուլի պես: