«Ցտեսություն» ծեսին, որ Սողոմոն Վարդանյանի համերգով մեկնարկեց Ավագ դպրոցում, միացավ և մեր ընտանիքը. Ձմեռ պապի կախարդանքի ուժի մարմնացում Գուլպան մեկնեց… Այսօր առտու 04.00, երբ ես մտա մեծ աշխարհի իմ անկյունը, այն չկար՝ չքվել էր, ինչպես և հայտնվել էր: Ձմեռ պապի տնակում թողել էր մի ավտոխաղ, ինչպես երեկ: Չգիտեմ` մեր հերոսն ինչպե՞ս կտանի «կախարդի գավազանից» զրկվելը… Տեսնենք, տեսնենք…

Իրիկունը ես ուշ եկա տուն. գիտեք մեր գլխին եկածը՝ գրոհել-խոցել են մեր սեբաստացիական բաստիոն mskh.am-ը։ Երեկ, երբ ԿԳ նախարարություն կատարած աշխատանքային այցից վերադարձա կրթահամալիրի վարչական խորհրդի ամենանգամյա նիստը վարելու (երկու շաբաթը մեկ, նույն ժամին՝ 16.00, մեկ՝ վարչական խորհրդի, մեկ՝ մասնաժողովի բաց նիստեր են) տեսա մեր դպրոցների ղեկավարների, իմ աշխատակազմի թթված-շփոթված դեմքերը: Իմ թշնամին՝ մեր կայքը կոտրած հաքերները թող չտեսնեն էդպիսի բան… Սա էլ մեր ուղեկիցն է անբաժան, թեթև տարեք, ժողովուրդ ջան, ինչպես Դավիթ Բլեյանն է գործածում՝ կա-չկա, ուզեմ-չուզեմ, ուտեմ-չուտեմ, չգամ-գամ… հավաքեմ-թափեմ… Հրդեհ է ընկել մեր բոլորիս մեծ տունը… Գուլպան սա որտեղի՞ց գիտեր, որ Դավթին առավոտյան հրշեջ մեքենա էր բերել՝ ուրախություն, որ Դավիթն ամբողջ օրը զսպել-պահել էր, ու հիմա տուն մտնելուն պես պատմեց-ցուցադրեց: «Красавец» մեքենա է: Դավիթն իր էքսպոն, որպես շրջիկ, տեղափոխել էր խոհանոց՝ մեծ սեղանին, որտեղ մի կողմում մեքենաների ցուցադրություն էր, մի անկյունում՝ ընթրիքից մնացած ամանները: Տեսարան: Պիտի վերականգնել. շնորհակալ եմ մեր լավ բարեկամ Կարո Կույումջյանին, սեբաստացի շրջանավարտ Սարգիս Մարկոսյանին (էսքան բոյ ու էսքան շնորհք մեկտեղ, քիչ է, համ էլ այդքա՜ն դինամիկ), իմ սանիկ Տիգրան Հակոբյանին, ովքեր օգնության հասան կրթահամալիրի ցանցի մեդիայի Սենին, Տիգրանին… Հիմա առավոտյան ժամը 05.00 է, ու mskh.am-ը դեռ վերակենդանացման բոքսում է, կայուն ծանր ռեժիմում. կապրի, ասում են… Հուզվեցի ինձ պատած զայրույթից, երևի. ես միշտ ինձ մեղադրում եմ, որ, իհարկե, մերժելի-վնասակար մոտեցում է: Հաքերները, որքան հասկացա, ոչ միայն սահման, ազգություն չեն ճանաչում, այլև պետական ու պետականին այլընտրանք… Համոզվեցինք ո՛րերորդ անգամ… Աչքի ընկնելն էլ այսպիսի հետևանքներ է ունենում… Համարեք պատահածն ահազանգ յուրաքանչյուրիս՝ առավել պաշտպանված դարձնելու մեր մեդիան՝ սեբաստացիական թե մասնավոր, հաքերային միջամտության թե այլ եղանակով հասցված վնասների հետևանքները դյուրին վերականգնելու:

Դպրոց-պարտեզի նախակրթարանի Կարինե Խառատյանի սաների առօրյայից

Աշխարհի տերյանասերները հավաքվել էին Մայր դպրոցի փոքր՝ թատերական դահլիճում: Դահլիճն էլ՝ ազատված հանդիսավոր բազկաթոռներից, Գեղարվեստի Էլիզա Բաղդիյանի ու Արթուր Շահվերդյանի ձևավորման նախագծերով ավելի գրավիչ ու անկանխատեսելի է դարձել. ասում է՝ դե, անընդհատ գործածեք որպես ուսումնական տարածք, օրինակ, այսպես` նստոտած մեծով-պստիկով, այսպիսի հավաքների անպաճույճ-ազնիվ ընթերցումների համար: Կարդում ենք Տերյան` Նոր դպրոցի, Դպրոց պարտեզի, Միջին դպրոցի, Արհեստների, Գեղարվեստի 5-ից 12-րդ դասարանցիներով, ուսուցիչներով, մեծով-պստիկով: Այսպիսի Վահան՝ իսկական վահան՝ հաքերներից ամեն տեսակի, որ ավերում են մեր հոգու մեդիան: Կարդում ենք Տերյան ու Տերյանից առնված լեզվով խոստովանում մեր սերը: Ի՛նչ գտնված էր գլխավոր մուտքի ձևավորումը. «Ես իմ սերն եմ սիրում»… Մենք կանք քեզանով, օ, Վահան Տերյան… Իմացա՞ն մեր հաշվապահները, մեծ չարչարանք քաշած մեր կրթահամալիրի փոխտնօրեն Ռուդիկը Սահակյանց, բանվոր տղերքը, թե ինչու էի աճապարում-շտապեցնում, որ  հենց այս օրը՝ փետրվարի 9-ին, Հայոց աշխարհին Տերյան պարգևելու առիթով նվերը հասնի սեբաստացիներին. վարժարանի ընթերցարանն ու գլխավոր ընթերցարանը՝ Տիգրան Հայրապետյանի անվան, ունեցան իրենց դաշնամուրները… Շա՛տ Տերյան ու ավելի շատ Մոցարտ. հաքերների դեմ արդյունավետ պայքարի- հաղթանակի ուրիշ ի՞նչ ձևեր գործածի սեբաստացին բոլոր տարիքի, որտեղ էլ լինի, որ մենակ չմնա… Որ կենարար-ամենաթափանց Ոգին հասնի քեզ անգամ այն ժամանակ, երբ դու, թվում է, ամեն ինչ ես կորցրել.

Ես կգամ, երբ դու մենակ կմնաս
Տրտում իրիկվա ստվերների տակ,
Երբ դու կթաղես տենչերդ խորտակ.
Եվ վհատությամբ երբ կհեռանաս…

Ես կգամ, որպես մոռացված մի երգ,
Հյուսված աղոթքից, սիրուց ու ծաղկից.
Քո մեռած սրտում կլինի թախիծ,
Ես կկանչեմ քեզ դեպի այլ եզերք։

Ես կգամ, երբ դու կլինես տրտում,
Երբ երազներդ հավետ կմեռնեն,
Ձեռքդ կբռնեմ, ցավդ կըմբռնեմ,
Կվառեմ ուրիշ լույսեր քո հոգում…

Այսպիսի Թուրքիա. ճանաչենք… Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի Twitter-ի միկրոբլոգում փետրվարի 9-ին արված գրառումը ծխելու դեմ պայքարին է նվիրված, հաղորդում է. «Մեր կյանքից հեռացնենք վնասակար սովորությունները, հատկապես ծխելը՝ հանուն առողջ սերնդի և մեր երկրի ապագայի», — գրել է Էրդողանը:
Նա իր համաքաղաքացիներին կոչ է արել վնասակար սովորությունը հաղթահարելու համար քաջություն ցուցաբերել: Ավելի վաղ Թուրքիայի նախագահը թուրքական կառավարության անդամների մասին վարկաբեկիչ նյութեր հրապարակելու համար բազմիցս քննադատել է Twitter-ը: Անցած տարվա մարտ ամսին դատարանի որոշմամբ սոցցանցը Թուրքիայի տարածքում արգելափակվել էր: Սակայն ապրիլի սկզբին Սահմանադրական դատարանը որոշել է, որ միկրոբլոգների արգելափակումը խախտում է օգտատերերի իրավունքը և վճռել է չեղարկել այս որոշումը: Թուրքիայում Twitter-ի բաժանորդների թիվը կազմում է 15 միլիոն: Մարդու լեզուն չի պտտվում՝ արտաբերելու 15 միլիոն թիվը…

«Բնագիտական փորձերի միջոցով ուսումնասիրում ենք օդի և ջրի հատկությունները»:
Նոր դպրոցի 2-րդ դասարան. դասվար՝ Աշխեն Գրիգորյան

Ծխող պատանիների մեծ քանակ, այն էլ՝ առավոտյան, ուսումնական պարապմունքներից առաջ… Ամեն անգամ, երբ 8.30-ի մոտ, աղբի տոպրակը գրողի ծոցն ուղարկած՝ մոտենում եմ երաժշտական դպրոցի պատին կպած թերթի կրպակին՝ օրաթերթ վերցնելու, ստիպված եմ սպասել մի քանի րոպե… ծխախոտ գնողներին, դրանց մեջ նաև մոտակա ավագ դպրոց «շտապողներին»… Գիտեք, Հայաստանի, Երևանի բոլոր պատանիներն իմն են, հարազատ, ինչպես կրտսեր եղբայր, գիտեմ, որ տիպիկ տեսարանի եմ ականատես… Զազրելի տեսարան է՝ ոնց են կանգնում, ծխում, մնացորդը նետում՝ ուր պատահի, թքում, պաչ-պռոշ անում…

Հետո, այսքանից հետո, այսպիսի ծխոտ գլխով-մտքերով, ծխախոտն էլ գրպանը` մտնում են դպրոց… Ե´վ օրենքով, ևˊ օրինակի ուժով, եթե իրոք լուրջ ենք վերաբերվում բոլոր կարգի ու բոլոր լեզուներով հաստատված եզրակացությանը՝ ծխելը վնասակար է առողջությանը, ուսուցիչը-տնօրենը-ղեկավարը-հայրը չի կարող ծխել՝ տարածում է: Չգիտեմ՝ ինչի հասանք կրթահամալիրում չծխելու (ոչ թե գաղտնի ծխելու կամ կրթական օբյեկտի ներքին ու արտաքին տարածքից դուրս՝ փողոցում ծխելու) պայքարում, իսկական պայքար, որն ինձնից կենսական ռեսուրս է շարունակում տանել, քանզի Մայր դպրոց մտնելիս ես այլայլվում եմ: Իմացեք, իմ հայրական տանը ոչ ոք երբեք չի ծխել, ծուխ չի եղել իմ տանը, իմ բնակարանում ոչ ոք երբեք չի ծխում… Իսկ Դավիթ Բլեյանը, երբ արթնացավ, կհարցնեք…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Չի լինի էսպես, պա՛պ… Չի լինի, Դավի՛թ։

— Տիար ջան, ասում ես… Էս տաքսիստին նայի, ինչ ա անում, լրիվ գժվել են մեր տաքսիստները, ոնց եմ փողոց դուրս գալիս ամեն օր… — Բա տես, տես՝ ոստիկանական մեքենան ոնց

Մենք և մեր 2015-ի մուսաները

Ուրեմն լսեք, սեբաստացիներ բոլոր տարիքի, որտեղ էլ լինեք… «Շողակնի» «Ես և իմ մուսաներ»-ի՝ 8.3-ի Լուսինե Ալեքսանյանին՝ 2015-ի մեր բոլոր մուսաների հեղինակին, ճանաչում եմ օրորոցից՝ մեր շրջանավարտ-սեբաստացի անգլերենի ուսուցիչ խորոտիկ Նելիի ավագն է՝ իսկական

Քշված հողմի կատաղությամբ…

Ուզում եմ Դավիթ Բլեյանի ուսումնական ողջ օրը ունենալ աչքիս առաջ՝ որպես ուղիղ միացում, առավոտ 8։30-8։40-ից, երբ ինձ թողնում է Րաֆֆու փողոցում՝ եկեղեցու կողմը, ես անցնում եմ Մեդիակենտրոն, ինքը Արմինեի հետ