Ատամնաբույժի մոտից դուրս եկա, մութն ընկնում էր, ութին մոտ էր։ Հեծանվի լույսը միացրի ու վճռական, իմ մտքերով-հավեսով սլացա՝ ողջ տան ճամփին վայելելով եզակիությունն իմ վիճակի․ չկար ինձ նման հեծանվով մեկը․․․ Ինչո՞ւ, ախր անցյալ տարի մեկ-մեկ հանդիպում էին՝ դառնալով իմ գրի էպիզոդիկ հերոսներ. տխուր է առանց նրանց։

Սոնան ու իր քեռի Դավիթ Բլեյանը մեր տանը «վեչերինկա» են կազմակերպել․․․ Պետք էր տեսնել մեր տան ընդարձակ հյուրասենյակներն ու Դավթի սենյակը՝ պատված իր ունեցած-չունեցածով, ողջ զիզի-բիզիով, հասկանալու համար Արմինեի մանկավարժության ծովի (անունդ համբերություն է) անսպառ խորքը․․․ Քաշվել է խաղաղ մեր պատշգամբը Արմինեն, ու ինքն իր մտքերի հետ, ո՜վ գիտի՝ ո՜ւր․․․

Ես այսպիսի հարթակը չէի կարող չօգտագործել տուն մտնելուն պես, որպես «վեչերինկայի» անկոչ հյուր, ցուցադրելու համար իմ նոր կերպարը՝ ահ ու սարսափ, առջևի երեք ատամներից զրկված (հուսով եմ ժամանակավորապես) ․․․ Սրանց, երեքի վեջը չէ․․․
— Տեսե՜ք, հիմա ես վամպիր եմ դառնում ու հարձակվում ձեզ վրա․․․ վամպիրի նման․․․
Սոնան ծիծաղում է՝ իր ողջ հմայքով, առողջ ատամնաշարով, Արմինեն՝ անդրդվելի խաղաղ… Դավիթը, թե՝
— Պա՜պ, վամպիրն ի՞նչ է, ո՞վ է, որ ես չգիտեմ․․․
Ես փորձում եմ բացատրել, շվարած, այս ե՞րբ են անհետացել վամպիրները վեց տարեկան դարձողների կյանքում, որ ես չեմ իմացել․․․ Դավիթը առանց խաղից-թափելուց-վերադասավորելուց կտրվելու․․․
— Դե ասա՝ վամպիրը դու ես․․․
Ինձ մնում էր տեղ գտնել խոհանոցում։ Լավ բան է խոհանոցը․․․ փրկությո՜ւն․․․ կեր ու սուս․․․ Տղադ, թոռդ, մեծ են, ոչ միայն «վեչերինկա» կխաղան, այլև «վեչերները» տանը չես գտնի․․․ Արևիկի, Արաքսի, Շուշանի պես․․․ Վահան ջան, ո՜ւր ես, չոչ անելով արի։

Ջրառատ ճամբարները կրթահամալիրի Բանգլադեշում շարունակվում են:
Լուսանկարները՝ Անահիտ Հարությունյանի:

Վրացական Անակլիայի Ապագայի ճամբարից կրթահամալիրի Ավագ դպրոցի սովորողները վերադարձել են տպավորված, ինչպես, դժվար չէ հասկանալ Միքայել Ղազարյանի ընդարձակ բլոգային հրապարակումից, պակաս տպավորված չեն  Արցախի  «Ասպետ»-ի ճամբարական սեբաստացիները, ինչպես Սևանի «Ժայռ»-ից չեն լռում սեբաստացի-ոչ սեբաստացիների հիացումի-բացահայտումի արձագանքները, խմբերը՝ իրար հաջորդող․․․ Ո՞վ կկազմակերպի այս՝ գոհության մանկավարժության կլոր սեղան-քննարկումը վաղը-մյուս օրը․․․ թարմ հետքերով․․․

Ուշադիր հետևեք օգոստոսի 21-ին մեկնարկող «Մուտք կրթահամալիր» սովորողների և աշխատողների ճամբարների գործունեությանը․․․ Սա որոշում է․ 2018թ․ հունիսին, հուլիսին, օգոստոսին նախօրոք որոշված ժամկետներում, կարգով, հնգօրյա «Մուտք» ճամբարով, գումարած արշավախմբային բարձունքի նվաճումը, կանցնեն կրթահամալիր ոտք դնող բոլոր՝ 1-ից 12-րդ դասարանցի նորեկները, ամբողջական-ներառական միջավայրում դրսևորելով հեղինակային ծրագրով, իր ընտրած-կազմած անհատական պլանով առաջադիմելու կարողությունը, հաստատակամությունը։ 2017-ի հոկտեմբերին կազմակերպիչները կարգով կբացեն բլոգ-հրավերները 2018-ի ուսումնական ճամբարների։ Ընդունեք գրի այս հատվածն ի գիտություն։

Կրթահամալիր դիմած մասնագետների վերապատրաստում:
Լուսանկարները՝ Հռիփսիմե Առաքելյանի:

Շուշանի հետ երեկ առավոտյան (երեկոյան չես գտնի Շուշանին տանը, սարերում՝ նույնպես), այդպես ստացվեց, իջանք Աբովյան-հին Աստաֆյանով Երևանի, Պլանի գլխից մինչև Գրիգոր Լուսավորիչ, Բեյրութի փողոցով․․․ Շուշանը ինձ դեռ փակ խանութներն էր ներկայացնում, ես իրեն՝ մայթեզրերին եղած չորացած-անհրապույր-միօրինակ կանաչը-ծաղիկը, եղած-չեղած․․․ Տխուր տեսարան էր՝ փակ խանութներ, դատարկ մայթեր, զայրացնող-բացակայող ֆիտո (կանաչ) դիզայն․․․ Այդպես էլ չսովորեցինք, չսիրեցինք կանաչը-ծաղիկը խնամել, գեղեցկացնել մեր միջավայրը-կյանքը-առօրյան, շուրջ բոլորը, քաղաքի մի քանի ցուցադրական մուտքեր-լանջերը հանած․․․ Ուսուցում չի դառնում․․․ Երեկոյան այս հայացքով մութուլույսի մեջ քննում էի քաղաքը՝ Մայր դպրոցից մինչև վերնիսաժով Խանջյան․․․ Ոչ մի մխիթարական բան չունեմ ասելու․․․

Կարողություն-հավես, սովորույթ-վարք կդառնա՞ 2017-2018-ում, հիմա, այս օրերին, սովորողի, թե ուսուցչի՝ այս բարձիթողի-անմշակ հողին, իրականությանը տեր դառնալը․․․ Թե մեզ ուրիշ՝ սրտացավ, իշխանությունից, պատկան կազմակերպություններից ու պաշտոնյաներից տարբեր ենք զգում՝ ախուվախով հետևելով Արտավանի, Խոսրովի արգելոցի, այսուայնտեղի բռնկումներին․․․

2-4 տարեկանների ամառային-լողափնյա պարտեզ:
Լուսանկարները՝ Աննա Հայրոյանի:

#1121

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մեր մանկավարժության նոր տարվա մեկնարկը

Ա՜յ քեզ Հայկուհի՝ օրագրով, օրվա հիացումով, հերոսով․․․ Պեստալոցցին կնախանձեր․․․ Հիմա՝ այսօր, ուռա՜, առտու 5-ին մոտ, ես մոտենում եմ վերջապես ավազանին՝ խոհանոցի լվացարանին, իմ գրի-խոհի-ընթերցումի-ծեսի ջուրն էլեկտրական թեյնիկի մեջ լցնելու, ես խնամքով

Ի՜նչ պարզ բանաձև է՝ չկա հանդիսատես…

Երբ հանդիսատես չկա, ու կան միայն մասնակիցներ, կամ, երբ մասնակիցը նաև հանդիսատես է, կամ, երբ մեկ են մասնակիցն ու հանդիսատեսը… այսպես, փոխեփոխ, հարգանքով՝ միմյանց հանդեպ, իրար աջակցելով… մենք հեղինակն ենք

Պա՜պ, Հայաստանը մի քիչ գրավե՞լ ա Ադրբեջանը․․․

— Դրա համա՞ր է կռիվը շարունակվում․․․- հայ-ադրբեջանական հակամարտությունն էլ վեց տարեկան դարձող Դավիթ Բլեյանի հետաքրքրությունների շրջանակում է։ — Չէ՜, ես զինվոր չե՜մ դառնալու, շինարար եմ դառնալու, երևի ճարտարապետ․․․ — Համլետ