Դավիթն ու ես համարյա միաժամանակ ենք արթնանում այսօր. սկզբում ես՝ 04-ին մոտ, հետո լացով-աղմուկով՝ Դավիթը՝ «սովորական ջուր եմ ուզում», ասել է թե՝ աղբրի (ծորակի) ջուր։ Խմում է, բայց չի հանգստանում։ Արմինեի ու իմ բոլոր առաջարկներից ընտրեց՝  «Սասունցի Դավթի մասին եմ ուզում լսեմ»։ Պատմում եմ. քունը գլխին՝ արձագանքում է «Սասունցի Դավիթը լաց չի լինում, ուժեղ է», ու… քնում։ Երեկ Դավիթը շատ ժամանակ անցկացրեց Շուշան քույրիկի հետ. առավոտյան իրար հետ ուղեկցեցինք քույրիկին քիթ-կոկորդի բժշկի մոտ. բեմ տանող ճանապարհի հաջողությունը սա ենթադրում է, ինչո՞ւ ուշացնենք։ Երեկոյան մեր տանը Դավիթը կողքից կզննի քույրիկին ու «Շուշո, Վիեննայից եկե՞լ ես»։ Այսպես սկայպի Շուշանը, ում ինքը ինքնամոռաց պաչիկ էր անում, դարձավ իրական։ Այսօր-վաղը կավարտենք Շուշանի սենյակի կահավորումը. Վիեննա տեսած մեր երգչուհու կենցաղը թող պատշաճ լինի։

Ինձ դուր է գալիս այն ոգևորվածությունը, որով Շուշոյի այցը խառնել է մոտիկ-հեռու ազգականներին։ Տաթևը՝ Շուշանին պահած քույրը, պատմում էր, թե Արևը՝ Շուշանի հետ երկար ժամանակ մի բնակարանում ապրած և Շուշանի կյանքը կերած, ինչպես է դիմավորել՝ քնից արթնացել ու գրկել, երկար ժամանակ բաց չի թողել գիշերով հանկարծ հայտնված քույրիկին։ Արդեն առօրյա Շուշանն ուրիշ է։ Մինչ «Դեպի բեմ» այս համերգը, Վիեննա ուսանելու մեկնելը, դե, մեր Շուշոն էր, էլի։ Հիմա բոլորս գիտակցում ենք Շուշանի ընտրության լրջությունը՝ վստահ, որ նա պատվով է անցնում այս ճանապարհը, ու ամեն մեկը, որպես կոլեկտիվ պրոդյուսերական թիմի անդամ՝ գործում է, որպես հանդիսատես՝ խանդավառ ու գիտակից սպասում։ Ես հասկացա՝ կարող եմ հիմա ժամերով խոսել Շուշան Բլեյանի մասին։ Ի՜նչ լավ է, որ ամառը Շուշանի հետ եմ անցկացնելու։

Երեկ կրթահամալիրի 7 մասնաշենքերից առաջինում՝ Մայր դպրոցում, որտեղ տեղավորված են մեր Միջին դպրոցը (6-9-րդ դասարանցիներ) և Ավագ դպրոց-վարժարանը, հետաքրքիր տեսարանի հանդիպեցի։ 12-րդ դասարանցիների մի խումբ՝ Իխտիարյան Հովհաննեսը, Ռափյան Վլադիմիրը, Պապիկյան Վանուշը, ովքեր, ի դեպ, հիմնադրել են «Նեոն TV»-ն, շրջում էին մի խումբ ինձ անծանոթ աղջիկների հետ, ինչպես իրենք պատմեցին՝ 10-րդ դասարան նոր ընդունվողներ են…. Մայրաքաղաքի հիմնական դպրոցների շրջանավարտներն սկսել են ստանալ վկայականները և ընտրել (ընտրո՞ւմ են՝ հարցնում եմ) կրթությունը շարունակելու ձևը։ Ահա, մի խումբ որոշել է շրջել մի քանի ավագ դպրոցներում։ Շատ բան կփոխվեր ավագ դպրոցների ցանցում, եթե նախ՝ բուհական ընդունելությամբ զբաղվեր հենց բուհը՝ յուրաքանչյուր հայաստանյան բուհ, ինչպես ամերիկյան, ֆրանսիական համալսարանները։ Հետո՝ ծնողը հարգեր պատանու՝ իր կյանքը, այդ թվում՝ կրթությունը որոշելու իրավունքը, և սովորողն իրոք ընտրեր ավագ դպրոցը կամ քոլեջը կամ աշխատելը։ Մեր «Դպիր» ամսագրում կարդացեք Մոնտեսորիի 19 խորհուրդները, որ մեր դասվար Անահիտ Գրիգորյանն է թարգմանել. օգտակար է, հաստատ։ Ահա առաջինը՝ երեխային ուսուցանում է իրեն շրջապատող միջավայրը։ Այդ միջավայրի՝ այդ թվում՝ դպրոցական, ձևավորմանը ավագ դպրոցականը կարող է և պետք է մասնակցի՝ և՛ դպրոց նոր ոտք դնող սովորողը, և՛ հնաբնակը։ Մենք ոչ միայն ասում, այլև կազմակերպում ենք, որ մեր սովորողները, սկսած 1-ին դասարանից, ստեղծեն իրենց դպրոցական միջավայրը՝ ինչպես նյութականը՝ իր ուսուցողական մասով, այնպես և մարդկայինը՝ բերելով իրենց դպրոց իր ծանոթ-անծանոթին։ Գովազդին պիտի փոխարինի կրթական ծրագրի, դպրոցի ներկայացումը շահառուին՝ սովորողին ու նրա ծնողին, հանրությանը. սա ուսումնական աշխատանք է, որ նախագծերի ձևով սկսել են կատարել ավելի ու ավելի մեծ թվով սովորողներ։ Բացեք ձեր դպրոցը՝ դասարանը, խումբը, ակումբը, կրթահամալիրը, ներկայացրեք ազատ և՛ մեդիա, և՛ ֆիզիկական միջավայրում. այս դեպքում շատ բան կփոխվի և՛ ձեր մեջ, և՛ կրթահամալիրում. նախ՝ կեղտը դուրս կգա տանից, իսկ այն, միևնույն է, շլակի ձևով առաջանում է, հետո՝ կգնահատեք այն, ինչ ունեք։ Եվ գլխավորը՝ դուք   կոնկրետ կմասնակցեք ձեր կրթական միջավայրի նորացմանը, եթե սովորող եք, քանզի միջավայրն է ձեր ուսուցիչը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իմ անձը երկրի պես ծարավ է քեզ, լսի՛ր ինձ․․․

Մենք օրվա վերջում Գալիլեայի Տիբերական լճի ափին ենք, ինչպես պայմանավորվել էինք երեկ՝ Տիբերիա քաղաքի հարմարավետ հյուրանոցներից մեկում․․․ Հիմա ժամը 21.00-ն է: Հասցրել ենք տեղավորվել, լողալ լճում, որի ջրերի վրայով Հիսուսն

Մաքսիմալ աշխատանք, մինիմալ արցունքներ

Սյունե Սևադայի «Ցավից քաղված դասեր» հրապարակումը, Աշոտ Տիգրանյանի տրամադրած «Ճամփորդներ» շաբաթաթերթի մեջ, աչքի անցկացրել-դրել էի մի կողմ․․․ Կիրակի առտու, թարմ-առույգ, մաս-մաս, կում-կում՝ ինչպես սառը կաթով փախլավա, մարսում եմ, ուխա՜յ։ Կարդացե՛ք վերնագիրն

Համեցեք Բլեյան կրթական ցանցի հունիսյան հարթակներ

Լինում են-պատահում են ծանոթ-անծանոթներ, որ խիզախում են տարիքս ճշտելու-ստուգելու աստիճանի, ինչպես երեկ «Թումո» կենտրոնում։ Ստույգը Դավիթ Բլեյանը կասի, կամ քիչ համբերեք, քիչ համբերեք՝ ամենակրտսերը տիարի ունեցածներից․․․ Արթուր Բլեյանը հանդիսավոր նշում է