Փարվանա լճի արևմտյան ափին, Փոկա և Վլադիմիրովկա գյուղերի միջև, երկտեղանոց մեր նոր վրանում ճամփորդական ընտանիքով՝ Արմինեն, Դավիթն ու ես, հուլիսի 23-24-ին, արքայավայել տեղավորվել էինք․․․ Մեր նոր տունը հուլիսի 22-23-ի գիշերը Աբուլի գագաթին բացելն անիմաստ էր, հնարավոր չէր քարերից ազատված, կիսապարիսպով, մեկ մարդու տեղում վրան խփել գիշերով, էն էլ գիշերով, հսկա քարերի խարիսխում․․․

Այո՛, Աբուլը, ինչպես ծրագրված-կանխորոշված էր, գրավվեց մեր արշավախմբի կողմից ողջ կազմով՝ 15 հոգով, գումարած տասնյակ ուղեկիցներ Հեշտիայից ու հարևան գյուղերից, գիշերվա մութի մեջ շատերը՝ անծանոթ-անտեսանելի․․․ Արևածագը՝ երեք գագաթներից, Փարվանան՝ ողջ հմայքով մեր առաջ, ավելի հեռվում՝ Սաղամո լիճը․․․ Ողջ տեսածս այսօր չեմ հաղթահարի, թողնեմ վաղվան․․․

Դավիթ արշավականի լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի

Եվ Դավթի այնքա՜ն սպասված տունը իր ողջ հմայքով երևաց Փարվանայի խոտածածկ ափին, քիչ վերև՝ անտառը եղևնիների, հետո գյուղամիջյան ճամփան․․․ Դավիթն ու ես արթնացանք համարյա միաժամանակ, 5-ի ու 6-ի արանքում, Արմինեին չես արթնացնի, հայր ու որդի թեթև հագնված դուրս եկանք տանից․․․ Մեր դիմաց մեզ դիմավորած արևածագն էր Փարվանայի վրա, արևածագով լիճը վիպական․․․ Ու Դավթի առաջին նախադասությունը, որ վերնագիրը դարձավ իմ-մեր արշավային պատումի՝ Ջավախքի Հեշտիա գյուղով, Վարդավառի ծեսով, Աբուլից Փարվանայով, Փարվանա գետի  ավազանով, ու ավազանում ապրող մեր հայրենակիցների մասին․․․

Ինձանից ինչ է կախված՝ կանեմ, սեբաստացի-ոչ սեբաստացի, դուք պիտի ունենաք ձեր տունը-գիշերը Փարվանայի ափին, արևածագով-մայրամուտով ու խարույկով․․․ Դուք պիտի Աբուլը գրոհեք…
— Պա՜պ, մրսում եմ, իմ բաճկոնը մայրիկը թողել է ավտոբուսի մեջ․․․ Ավտոբուսը փակ էր, Դավթին պետք էր իր կողմից ընդունելի ընտրություն. հո չե՞մ զայրանա իմ համառ-խիզախ ժառանգի վրա, որ խիզախումի շրջանում նույն նրբիկն է, մրսում է․․․ Մենք մոտեցանք հանգած-լքված խարույկին՝ զրուցելով, մոխրի հետ խաղալով, ու Փարվանայի հերթական հրաշքը կատարվեց․․․ կրակ բռնկվեց․․․ Դուք տեսնո՞ւմ եք մեզ՝ կրակաստեղծ հայր ու որդուն, Փարվանայի ափին, արևածագի փայլով-գույներով լճի հայելու վրա, ողջը տեսանելի՞ է․․․

Տեսարանը` Աբուլի գագաթից։
Լուսանկարները`  Տաթև Աբրահամյանի։

Այսպիսի զրույցի-ժամանակի մասի՞ն հիմա պիտի պատմեմ-գրեմ, իմ ու Դավթի անշտապ զրո՞ւյցը թղթին հանձնեմ․․․ Անհնար է, անիմաստ, ինչպես արևածագը Աբուլի գագաթներից, երկուսիս էր ուղղված։ Իրար տվեցինք, իրարից առանք, երկուսս էլ ստացանք, հարո՜ւստ ենք ջան, հարուստ Փարվանայով, Աբուլով, մեր հայրենակիցներով․․․

— Էլի կգա՞ս,- կհարցնեն իր հոգատար ուսուցիչ-արշավի ընկերները Դավիթ Բլեյանին․․․ 2017-ի հերոսին։
— Հա,- վստահ հայտարարում է վեց տարեկան դարձող ամենակրտսեր արշավականը, ով իր հոգատար ավագ ընկերների՝ սուսերամարտի մարզիչ Միքայելի, լողի մարզիչ Տաթևի, ավագ դպրոցի Դավթի աջակցությամբ Աբուլ հասավ ու գագաթի բարձունքից Փարվանա ծովը տեսավ․․․
— Հա՛, էլի կգամ, բա ո՜նց, ասեցի, ինչի՞ պիտի չգամ, կգա՛մ։
Իսկ Արմինեն պատրաստվում է առաջիկայում Արագածի Հյուսիսային գագաթը նվաճելուն․․․

Դե, Ամառ 2017-ի նախագծով, Լանջաղբյուրի Բլեենց դոշով, Սպիտակասարով Աժդահակի օգոստոսի 12-ի Նավասարդյան տոնախմբությանը մասնակցելու իմ օրակարգն անփոփոխ է․․․ Իսկական տոնախմբություն լեռներում․․․

Ի՜նչ այլանդակ երաժշտություն էր Ջավախքով մեկ։ Մեր հակավիրուս-հակաբացիլը այս երեք օրերին լողալն էր Փարվանայում՝ գետի և լճի ջրերում․․․ Ե՛վ Հեշտիայի մոտ գետն է տա՜ք, և՛ լիճը Փոկայի շրջանում․․․ Մենք՝ հայր ու որդի Բլեյաններ, խոստացել ենք բարձրաձայն, իմ գրերում, որ մեզ հանդիպած ոչ մի ջուր՝ առվի, գետ-գետակի, լճի, ծովի-ավազանի-օվկիանոսի, բաց չենք թողնում․․․ Դավթին դուք ինքնուրույն, մենակ, դեպի ջուրը ու դեպի գագաթը բռնած տեսնե՜ք․․․ Տղա՜ եմ ասել, տղա՜․․․

Հարավային դպրոց-պարտեզի նախակրթարան:
Ֆոտոշարը`  Կարինե Բաբուջյանի ֆեյսբուքյան էջից։

Ետդարձին, Հեշտիա-Նինոծմինդա խաչմերուկին, մենք ծափերով ենք ճանապարհում իր Հեշտիա ծննդավայր մեր Արման Երանոսյանին, ով այնքա՜ն հոգատար եղավ իր ընկերների-հարազատների հետ մեզ գոհացնելու, մեր հագեցած նախագիծը ժամերի մեջ տեղավորելու համար։ Տեսած մարդ եմ, հեշտ գործ չէր, բայց մեր Արմանը հեշտ արեց․․․  Այստեղից և ծագումը գյուղի անվանման մեր ստուգաբանումը, որ ինքնին իմ հաջորդ-շարունակություն գրի վերնագիրն է․․․

#1102

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իմ գրերն օրվա իրենք են խոսում իմ ապրածի մասին

Վերնագիրը ստացել եմ՝ ձևափոխելով Քըրք Քրքորյանի հայտնի խոսքը… Իմ խոնարհումը մեր Քըրքին… Միշտ կարելի է ուրիշի փողերն ավելի շռայլ ու հայրենանվեր դարձնելու պահանջներ ներկայացնել, մենք չենք կարող մոռանալ 1991-ից սկսած,

2015-ի քո ճանապարհը. գնանք այն ուղով, որը հենց մենք ենք կերտել

Առաջ ես շաբաթ-կիրակի, արձակուրդ-թաղում-հարսանիք ես չունեի, ողջը, գիտեք, աշխատանք էր, հասարակական-քաղաքական գործ էր իմ կյանքը: Հիմա այդպես չէ. տարիքն է, երևի: Կիրակին հաճույքով անցկացնում եմ տանը: Շաբաթ օրը ծեսի մեջ,

Թվով 1492-րդ գիրն իմ ընդունեք որպես հաղորդագրություն տիարի

Այսօրվա իմ բացակայությունը հաստատումն է, որ ես երկշաբաթյա արձակուրդում եմ։ Այս մասին ձեզ տեղակացրել էի վաղօրոք։ Այսպիսով, նման ռեժիմը կօգնի օր առաջ հաղթահարել հիվանդությունը և փորձարկել տիարի նոր կարգավիճակը կրթահամալիրում,