Աղբյուրը՝ 1in.am

Այսօր Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է, նա դառնում է 68 տարեկան, ու ես այս քանի օրը իմ տեղը չեմ գտնում: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, ԿԳ նախկին նախարար Աշոտ Բլեյանը:

[youtube https://www.youtube.com/watch?v=t43V0S3fdNk]«Մի ուրացեք ձեր ընկերոջը, ես նկատի ունեմ՝ մեզ, իմ տարեկիցներին, մեր սերնդին, արցախյան շարժման գործիչներին, որոնք զբաղեցնում են պաշտոններ, որոնք ազատամարտը համարում են իրենց ներդրումը, որոնք այսօր տարբեր քաղաքական ուժերում են՝ ՀՀՇ, ՀԱԿ, ԲՀԿ և այլն: Ինչո՞ւ Վանոն մեզ հետ չի. ես այդ հարցի պատասխանը չունեմ: Ես գիտեմ, որ սա անարդար մի բան է, հատկապես, որ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 13-ի հրամանագրով Ներքին զորքերի հրամանատար Վահան Հարությունյանը պարգևատրվեց: Սա նշանակում է, որ քրեական գործ կոչվածը դրեցինք մի կողմ, նա չկա այլևս: Այս դեպքում միայն քաղաքական կամք է պետք՝ ներկա անթույլատրելի վիճակը վերացնելու համար»,- ընդգծեց Բլեյանը:

Նա հիշեցրեց, որ Վանո Սիրադեղյանը եղել է ղարաբաղյան շարժման ամենավառ դեմքերից մեկը: «Մեր Վանոն 1990-92 թվականների Հայաստանի անկախ պետականության հիմքերը դնողներից էր, ՀՀՇ վարչության նախագահն էր, երբ ՀՀՇ-ն ամենակարևոր փոփոխություններն արեց՝ սեփականաշնորհում, անկախության հանրաքվե, մարդու իրավունքների հիմնարար ազատությունների ներդրում և այլն: Նա 1992-94 թվականներին զբաղեցնելով ՆԳ նախարարի պաշտոնը՝ խիզախություն ու քաջություն ունեցավ խուժանի ու հրացանավոր մարդու դեմ ելնել, երբ քաղաքում վտանգավոր էր կրիմինալի դեմ դուրս գալը, երբ ոստիկանությունն անպաշտպան էր մնացել: Եվ ահա Վանոն գնաց այդ ինքնազոհությանը, վերցրեց այդ առաքելությունը ու կատարեց:

Բացի այդ, ՆԳՆ-ն իր ողջ համակարգով առաջավոր գծում էր: Հարյուրավոր ոստիկաններ զոհվեցին Լաչինում, Նոյեմբերյանում և այլուր: Դա Վանոն էր: Եթե մի տեղ Վազգեն Սարգսյան ենք ասում, սպարապետ ու հերոս, բայց Ներքին զորքերն էլ իր հրամանատարներով Վանոն էր գլխավորում: Ու այսքանից հետո այսօր ինչո՞ւ պիտի Վանոն մեզ հետ չլինի: Ի՞նչն է խանգարում, որ նա լինի իր Հայաստանում, շարունակի ապրել, գրել, գործել»,- ասաց Բլեյանը:

Հարցին՝ ինչո՞ւ մտավորականներն այդ հարցով պարբերաբար չեն դիմում իշխանություններին, Բլեյանը պատասխանեց. «Նախորդ տարի լրագրող Վարդուհի Սիմոնյանը այդ նպատակով ստորագրահավաք սկսեց: Ապրի ինքը, իմ աշակերտուհին է եղել, իր նախաձեռնողականությունը, նվիրվածությունը գովելի է, բայց ես խոսում եմ քաղաքական այրերի մասին: Ես խոսում եմ գեներալ Մանվելի մասին, որին իր ներդրման համար ամենաբարձր գնահատականները տվել է Վանո Սիրադեղյանը: Նա ամենալավը գիտի, թե ինչ է արել Վանոն ողջ ազատամարտի ընթացքում: Խոսքը նաև Սերժ Սարգսյանի և այլ տասնյակ քաղաքական այրերի մասին է: Ես իրենց եմ դիմում. եթե պետք է խնդրել՝ խնդրում եմ, պահանջում եմ: Ես զարմանում եմ, թե մարդիկ ինչպես են հաշտվում այս մտքի հետ: Ես չեմ կարողանում հաշտվել, կոկորդիս կանգնում է: Ես չգիտեմ, թե ինչու մյուսները չեն անում, ես միայն ասում եմ, որ ես չեմ կարող հանդուրժել էս վիճակը, դրա համար բարձրացնում եմ հարցը, ասում եմ. «Մի՛ ուրացեք ձեր ընկերոջը»: Վանոն թող գա, ապրի Հայաստանում, մնացածը ժամանակին կլինի:

Այնքան մարդիկ կան, որ պետք է պատասխան տան, երբ Հայաստանում կգործի արդարադատության համակարգը: Մենք դա դեռ պետք է ստեղծենք, իսկ դա ավելի հեշտ է անել Վանոյի հետ: Կանցնեն տարիներ, բոլորս էլ պատասխան կտանք: Հատկապես, որ քրեական գործն այլևս գոյություն չունի: Այն ժամանակ էլ քրեական չէր, բայց հիմա առավել ևս, երբ նախագահն իր հրամանագրով հաստատեց դա: Հիմա նա պիտի անի հաջորդ քայլը. թող անի, ինչո՞ւ չանի»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ռեժիմի հետ բախման հետևանքով հայտնվեցի փողոցում…

Աղբյուրը` asekose.am 12.03.2016 Հաղորդումը վարում է գրող Արմեն Շեկոյանը:

Զոռբաների՞նն է աշխարհը․..

Մի խելագար պատերազմ է հրահրել՝ իր իշխանությունը երկարաձգելու համար Զրույց «Ֆակտոր» TV-ի եթերում։

Հայկական ուրբաթի եթերում կրթահամալիրի տնօրենն է

Տեսանյութը` Կենտրոն TV-ի յութուբյան էջից