Եթե հետևում եք, տեսաք՝ իմ չորրորդ գիրն է, որ սկսում  եմ գերմանացի հոգեբան-փիլիսոփա Էրիխ Ֆրոմի կյանքի 30 խորհուրդներով, ընտրելով մեկը՝ որպես օրագրի վերնագիր… Ահա, հերթականը.

Մարդու նպատակն իր «Ես»-ը գտնելն է, իսկ այդ նպատակին հասնելու պայմանը ինքն իր համար մարդ լինելն է. ո՛չ ինքնուրացում, ո՛չ էլ ինքնասիրահարվածություն, այլ սեր իր անձի հանդեպ։ Ոչ թե անհատականություն լինելուց հրաժարվել, այլ իր սեփական մարդկային «Ես»-ի  հաստատում․ ահա մարդասիրական էթիկայի ամենաբարձր ու իրական արժեքները։:

Սա էլ կտակարանային հայտնի դրույթ է, Էրիխ Ֆրոմ, տեսնենք՝ ընթերցողի հետ նույն կե՞րպ ենք կարդում Կտակարանն ու քեզ։ Իսկ Ֆրոմի հետ իմ հանդիպումը եղել է թիվ 13 խցում Նուբարաշենի կլոր բերդի, 2000-ին, ու տեսեք՝ որքա՜ն խորը հետք է թողել…

Օրը կրթահամալիրի հիմնադիր ընկերներով՝ Գևորգը, Սուսանը, Մարիետը, Յուրան ու ես, սկսում ենք Կենտրոն-Սեբաստացի մոլ-ուսումնական վերնիսաժի բաց-բացօթյա մեր պատշգամբում… Առավոտյան սուրճով օրվա անելիքի ճշտում-փոխանակում թռուցիկ ռեժիմում։ Բա դի՜րքը՝ պարգևներով-շրջադարձներով լի… Մեր Լուսինե Պետրոսյանը Վլադիվոստոկից, իր 3 ամսական դարձող Էրիկով-սայլակով, սեբաստացի տնտեսուհի մայրիկ Հասմիկի հետ… Պարգև ես սրան եմ ասում… Սրանով է, որ՝ Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ… Հայրական տան դռները, տիարի սիրտը՝ միշտ բաց… մարդասիրական էթիկայի ամենաբարձր ու իրական արժեքներով՝ ինքն իր համար մարդ լինելու պայմանով

Գրական ակումբի հանդիպում-քննարկում Գեղարվեստում…
Լուսանկարները` Կարինե Բաբուջյանի

Կորյուն Գաբոյանի «Կարիճն ու գորտը» ներկայացումը ես դիտում եմ գիշերը՝ առտու երեքի-չորսի արանքում, Թատրոնի բլոգում։ Էլ ե՞րբ՝ հարցնում եմ, հպարտանալով իմ խիտ-խիտ հերթական պլեներյան օրով… Համո Բեկնազարյանի «Տունը հրաբուխի վրա» ֆիլմ-ներկայացումից, կենդանի երաժշտության ուղեկցությամբ, «Սեբաստիա» համերգասրահում ի՜նչ ուժեղ տպավորություն ստացա… շնորհակալ եմ ստեղծագործական խմբին, Կայ-Կարեն Խաչատրյանին նախաձեռնության համար. իսկական հանրակրթական-պլեներային հանդիպում, որ վստահ եմ, սեպտեմբերին պիտի կրկնվի։ Իսկ համր ֆիլմը (տեսանյութը, ֆիլմաշարը) կենդանի երաժշտությամբ ուղեկցելու ձևը որքա՜ն մոբիլ է ու ստեղծական, յուրացման ենթակա… Պլեներյան փառատոնային ալիքները՝ նաև mskh-ի առաջին էջի, մեծացնում են պլեների մեջ լինելու մեր հնարավորությունը։

Փախստական լինելը նման է մարմնում գոյացած ուռուցքի, որը կախված չէ քեզանից և մինչև վերջին օրը քեզ հետ կլինի. ասել է սիրիացի գեղանկարիչ, Բելգիայում փախստականի կարգավիճակ ստացած Աբդալլա ալ-Օմարին, ով քաղաքական հայտնի դեմքերին պատկերել է փախստականի կարգավիճակով, և ում գործերը «Խոցելիության շարք»-ում ցուցադրվում են այժմ Դուբայում: Լավ չէ, շատ վատ է, կասեր սրան Դավիթ Բլեյանը…

Հայերը թուրքական մամուլում ատելության գլխավոր թիրախ են դարձել ըստ 2017 հունվար-ապրիլ ամիսների Հրանտ Դինքի անվան հիմնադրամի անցկացրած ուսումնասիրության, որի արդյունքները հրապարակված են։ «Մամուլում ատելություն պարունակող նյութերի դիտարկում» զեկույցում 1-ին տեղում հայերն են, 2-րդում՝ սիրիացիները, 3-րդում՝ հրեաները… Ավելի ու ավելի վատ է. փոխանակ ատելությունը հաղթահարվի, նրա օղակը խտանո՞ւմ է մեր շուրջ…

Չգիտեմ՝ գիտի՞ Գրիգոր Խաչատրյանը օդապարուկների (թռչող օձերի) այս ցուցադրության մասին, բայց վստահ եմ՝ ողջ կյանքում երազել է, որ անցկացնի բանգլադեշյան պլեների շրջանակում: Միայն մտքերում… Երկարակյաց է Գրիգոր Խաչատրյանը, իսկ պլեները՝ ամենամյա… Ես այն միանձնյա մտցնում եմ Բանգլադեշյան պլեներ 2018-ի ծրագիր:

Հյուսիսային դպրոցի համերգ ներկայացում Մարմարյա սրահում:
Լուսանկարները` Արման Բադալյանի:

Չմոռանանք նայել mskh.am-ի հաշվիչին. երեկ այն ցույց տվեց օգտատերերի 5000 քանակ… Վատ չէ՞ հունիսյան արձակուրդային-քննական Երևանի համար, որպես այլընտրանք իրական՝ ուսուցում, նախագծային-ճամբարային՝ իր բանգլադեշյան պլեներով, «Գեղարվեստը կրթահամալիրում» համերգ ներկայացումների շարքով…

Զուռնան, կարծր-զռռան զուռնան, կասեր Կոմիտասը, փակ տարածքում, ավելացնեմ, իմը չէ… ականջս ճղղում է։ Ես էլի տեսել եմ երեխաների, ինչպես Դավիթ Բլեյանը, որ ականջները փակում են… Զուռնան ու մեծ դհոլ-թմբուկը դաշտի-հրապարակի համար են, բացօթյա… պարի, տոնախմբության… Մնացածը՝ Հարավի դպրոցի զարգացման-կայացման ողջ պատմությունը, երեկվա ուրախ ներկայացում-համերգը սիրելի դեմքերով, ամենապայծառ միշտ մեր Սրբուհի Աղաբաբյանով, որ երեկ իր երեք տարեկան դարձող Մինայի հետ Մարմարյա սրահի կենտրոնում էր լիիրավ… Շնորհակալ եմ, Սրբուհի, որ քեզ տեսա կարմիր-խորոտ-ինքնավստահ…

Իմը նաև պարերգն է, իր ծիսական հմայիլով, որ ազնիվ-հին է, չես շփոթի, հարյուրամյակների փոշու տակ պսպղացող ոսկով… ամեն մի պարերգ մի-մի պատմություն է, որ ինձ պատում-վեր է տանում… 2018-ի հունվարյան ճամբարային ստուգատեսում պարերգը արձանագրեք խնդրեմ՝ որպես անվանակարգ… Հարսանյանց ծեսը ինձ համար պարերգերի մի իմաստավորված շղթա է, որով խոստացա հենց Մարմարյա սրահից ճանապարհել Հարավի սքանչելի իմ Շամիրամին… Պատրաստվեք, մեծ ու պստիկ սեբաստացի… աղջկա գնացողն է բնականը…

Շրջանավարտ Արեգ Տոնեյանի մոնոներկայացումը Գեղարվեստի ընդհատակում:
Լուսանկարները` Կարինե Բաբուջյանի:

Մնաց որպես տպավորություն-ձեռքբերում-բարձունքի նվաճում-նոր հարթակ պլեներյան-գեղարվեստում «Վատ ընկերը» հեքիաթի թատերական նախագիծը 6-րդցիների, որքան մարզական ու հասուն… մարդաշատ, «Նոր Գեղարվեստը» ընդհատակում… հերթական մոնո ներկայացում, այս անգամ շրջանավարտ Արեգ Տոնոյանի… Ինձ համար Բանգլադեշյան պլեները այս հունիսով կայացած փաստ է, հանրակրթական-մշակութային իրադարձություն երևանյան կյանքում, որ ևս մեկ տարի՝ ու միջազգային գրանցում կստանաս… Տեսեք մեդիայում հունիսյան Երևանի անցուդարձը՝ կա՞ սրան համարժեք մի բան…

Հաստատ է, որ հունիսին պիտի պլեների շաբաթում լինես շարքային մասնակից, ո՜նց է խանգարում ինձ տիարի թիկնոցը… Հիմա՝ առտու 4-ին, ես քայլում եմ դեպի Անգլիական այգի, կանգնում մեջքով դեպի նշանավոր շրջանով-ծառերով շատրվանը, դեմքով դեպի Ակադեմիական թատրոնի (այսպես անվանենք) մուտքը…  Հունիսի 16-ին, ժամը 18.00-ից այստեղ պլեների ծրագրով «Գեղարվեստը կրթահամալիրում» ամփոփիչ ներկայացումն է… Այսօր Մարմարյա սրահում Արևմտյան դպրոց-պարտեզն է, վաղը՝ Գեղարվեստի Հյուսիային դպրոց-պարտեզը… Համեցեք։

Կրթահամալիրի տնօրենի ֆոտոսեսիան` Կարինե Բաբուջյանի:

Ֆոտոխմբագիր` Արմինե Թոփչյան

#1069

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

«Այո»-ն «այո»-ի և «ոչ»-ը «ոչ»-ի տեսքով…

Հայաստանի, կրկնում եմ, Հայաստանի Տավուշի մարզի Բերդավանը, Դովեղը, Նոյեմբարյանը, Պառավաքարը… 2015թ. սեպտեմբերի 24-ին տևական ռմբակոծվում են ադրբեջանական զինուժի կողմից այնպես, որ Բերդավանում քաղաքացիական բնակչությունից՝ երկու, Պառավաքարում մեկ զոհ կա, վիրավորներ

Այ, աշխարհ, աշխարհ․․․

Դավիթ Բլեյանը, Slim production-ն ու Մեդիալաբ—ը իրար շարունակում են ու ստեղծում իմ օրվա գիրը․․․ Ես քնել արթնացել եմ մի անգամ, կես գիշերվա մոտ է․ Պուտինի այս ծավալուն հարցազրույցն եմ լսում․․․ Արմինեն

Քանի շատ ա սերը, էնքան քա՞ղցր ա տանջանքը…

Քանի շատ ա սերը, էնքան քաղցր ա տանջանքը: Սերին ի՞նչ կդիմանա, որ մահից վախենա: Սիրելուցդ զրկված վախտը հողն էլ ա բերան առնում, քեզ ուտում, քարերն էլ են աչքումդ մզրախի պես