Ճամփորդի գնալն է իրենը, գալը՝ Աստծունը․ ճամփորդն անշտապ է, հատկապես ճանապարհին։ Ամենը կսպասեն, թող սպասեն։ Շտապե՞լ՝ ո՞ւր, երբ ճամփորդությունն ինքնին հե՛նց ընթացքն է, ճանապարհը։ Կարևորը ճիշտ ժամին, ժամանակին մեկնումն է. մեր դեպքում՝ պարտաճանաչությամբ (Դավիթը հաշվեց՝ տասնվեց տառից կազմված բառ է) հայտնի, վարորդի դժվար ղեկը վերցրած միստր Յուրայի, անհայտ մեկի դերը խաղացող Տիարի, սա էլ խնդիր չէ։ Ճիշտ ժամին մենք թողնում ենք Խանջյան փողոցի վերգետնյան՝ մեր հայտնի ժամադրավայրը, ու Գետառի, այո՛, Երևանով անցնող գետ Գետառի սքանչելի հունով (Մյասնիկյանի նշանավոր պողոտան, հանրաճանաչ գազանանոցի ճանապարհը, հե՛նց Գետառի հունն է, ի՞նչ է, չգիտեի՞ր, ընթերցող, կխեթի Դավիթը), Հրազդանի, Սևանի տւտով, Սևան-Դիլիջան լեռնանցքով մտնում Աղստևի հովիտը․․․ Հանգի՜ստ․․․ ավելի երկար դադարներով․․․ Դավիթն է արդեն պահանջում.
— Տեսե՜ք, տեսե՜ք, ի՜նչ ծաղիկներ են․․․ նկարելու բան է, նկարեք բոլորդ․․․- կազմակերպում է ֆոտոպլեներությունը կակաչների, երիցուկների ծովի՝ ցորյանի հասկերի շերտերով երիզված․․․
— Այսքա՜ն շատ ծաղիկ, կակաչ ու երիցուկ չեմ տեսել դեռ ես․․․- հիացած բացականչում է Արմինեն ու ողջը նվիրում Նունե Մովսիսյանին, իր սիրելիներին, իսկ Դավիթը սկսում է թվարկել իր դասընկերուհիներին․․․
— Թող գան՝ տեսնեն, պա՜պ․․․ ինչո՞ւ քաղեն․․․
Ոչ մի ծաղիկ չպոկվեց, չտրորվեց, բոլորը նկարվեցին․․․ սիրով։

Թբիլիսյան քրոնիկոն: Լուսանկարները՝ Յուրա Գանջալյանի:

Գետառ-Գազանանոցի կիրճով, նրան հանդիպակաց, ողջ երկայնքով ես կանցնեմ դեռ․  թբիլիսյան ճամփորդականն այս չնախատեսված եռօրյա է Ճամփորդական Ամառ 2017-ում․․․ Այս կիրճի խաղողի դարավանդների մասին, Հայկազ Մարգարյան, իրենց նշանակությանն արժանի ուսումնասիրություն հրապարակիր, խնդրում եմ․․․ Սկսենք վերջապես Գետառի 24 կմ-անոց՝ առաջացման-ընթացքի-գետաթափի սեբաստացիական կածանավորումը․․․

Իսկ այս ճամփին պատահած ոչ մի բան բաց չեմ թողնելու․․․ Շարժման հավատարիմ ընկեր, Իջևանի հայտնի ոստիկանապետ Իսրայելի հրավերը, հրե՛ն, Շուշան Բլեյանը եկավ Երևան թե չէ՝ իրականացնելու եմ, Թբիլիսիից ետդարձին Նոյեմբերյանի հայտնի գրող Սամվել Բեգլարյանին անակնկալ այցելելու խոստումս կատարելու եմ․․․ Յուրայի հայտնի զարմանքը գրով մեկ անցկացնելու եմ․ Սևանի-Հրազդանի առաջացումի հարթակ կամրջից, աջ ու ձախ, դեռ կապուտակ Սևանում տարածվող Հրազդան գետի կապույտ ջրերին նայում ենք, ամոթով զմայլվում, չենք կշտանում․․․
— Միշտ զարմանում եմ, ինչպես է այս զուլալ ջուրը, որ Հրազդանն է, քիչ այն կողմ կեղտաջուր-աղբավայր դառնում․․․ Ո՞նց ենք փչացնում Զանգուն,- ափսոսում է միստր Յուրան։
— Ոնց որ նորածին երեխան է ապականվում հասունության, կյանքի ընթացքում,- ավելացնում է Արմինեն։

Նկարելու արժան ծաղիկները: Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

Հայտնի բարեխիղճ-կոնկրետ-սրատես հոբելյար Բլեյան Լիլիթի հետ արդարանում ենք, որ հունիսի 2-ին՝ իր ծննդյան օրով իրար հետ չենք․․․ Կարո՞ղ էինք․ հոգսաշատ մայրիկը, մեծ տան տիկինը ընտրություն չուներ․․․ Լիլիթ ջան, հենց սրա մասին էինք խոսում։ Քո ու Շուշանի անգլերենի ուսուցիչ Գանջալյանից պրծում չունենք․․․ Հիմա էլ իր աղջիկ Աննա Գանջալյանն է՝ Դավիթ Բլեյանի ուսուցիչը անգլերենի․․․
— Եվ դա լավ է, հայրի՛կ․․․- լսվում է Լիլիթի եզրակացությունը․․․

Իսկ Շուշանն ու միստր Յուրան պայմանավորվել են Ամառ 2017-ի շրջանում կազմակերպել Շուշանենց դասարանցի շրջանավարտների հավաքը։

Մենք վաղո՜ւց Թբիլիսիում ենք։ Ես ու Դավիթը, իհարկե՛, իրիկնային լողավազանում, բայց սա արդեն վաղվա իմ գիրն է։

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1058

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գնաս բարով, եղբա՛յր պատվական

Իմ եղբա՛յր պատվական, իմ ընտանիքի ու կրթահամալիրի անկեղծ բարեկամ, Դավիթ Բլեյանի ու Արևիկ Տատինցյանի անմոռանալի պապիկ․․․ Իսկական շուշեցի․․․ Իմ ու Խաչատրյան-Նալբանդյան ընտանիքների տարիների հարազատություն, որ ոչ միայն չթուլացավ, այլև ունեցավ

Տիարը դու ես, ա՛յ, պարոն Բլեյան

Մեր դռան զանգը, դրա աղմկոտ արձագանքը. Դավիթ Բլեյանն ինձ դիմավորում է մայրիկի հետ որպես կանոն ժամը 19:00-ի մոտ շեմքում՝ հստակ պատրաստած լեզվական նոր կառույցի ցուցադրությամբ. գիտի, որ լեզվագործունեության ամեն մի

Ձմեռ պապին սրտով դիմելու ժամանակը

Ձմեռային-ամանորի լուրերի մեջ սա ի՛նչ է՝ պարգև՞… Հաստատվել են Առնո Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների մրցույթի արդյունքները. սա էլ մեր՝ անմիջական Հյուսիս-հարավը… 2018-ի գարնանը շինարարական մեծ աշխույժ՝ մեքենաների-շինտեխնիկայի, նաև կրթահամալիրի Բանգլադեշի