Տերյանն ինձ բաց չի թողնում… Տերյանը, ով 1919-ի նոյեմբերին գրել է իր վերջին բանաստեղծությունը.
Գինով եմ, գինով եմ ես էլ,
Թեթև եմ, անհոգ, լեզվանի.
Օրորիր մեզ, պանդոկ կարուսել,
Օրորիր, օրորիր մեզ գինի:
….Պարում ենք, երգում, վետերում,
Սահում ենք եթեր առ եթեր.
Գուցե վաղն իսկ կարդաս թերթերում
Եվ ժպտաս՝ «հանգեաւ ի տէր »…
Ես մնացել եմ Տերյանի հետ որտե՞ղ… 1919թ. նոյեմբերի 22-ին Սամարայից ռազմասանիտարական գնացքով դուրս եմ եկել նրա հետ… Հո Անահիտ Շահինջանյանին մենակ չէի՞ թողնի… Անահիտն այն կինն է, ում հետ Տերյանը մտերմանում է Մոսկվայում Ազգությունների հայկական կոմիսարիատում աշխատելիս, ու 1919-ից նրանք միասին էին… Անահիտն է Տերյանի միակ դստեր մայրը… Նվարդ անունով դստեր, որ ծնվեց Տերյանի մահից ամիսներ անց 1920թ. ապրիլի 28-ին… «Դեկտեմբերի 13-ին գնացքը կանգ է առնում Օրենբուրգից 9 կմ հեռավորության վրա, մնում են մինչեւ 18-ը… Բայց դուք շարունակությունը լսեք. Անահիտ կողակիցն է պատմում։
Դեկտեմբերի 19-ին ես գնացի Օրենբուրգ, որպեսզի սկսեմ դես ու դեն ընկնել՝ մի ուրիշ գնացք նստելու համար: Ամեն ինչ կարգավորվեց. մյուս օրը պետք է մեկնեինք, բայց ջերմությունը բարձրացավ մինչեւ 40.8: Ես դուրս էի եկել: Վերադարձա, նա արդեն ինձ նամակ էր գրում՝ կարծելով, որ կմեռնի մինչեւ իմ վերադարձը: ….Նա այդ օրն առանց ինձ այնքան էր տանջվել, որ ասաց. «Ինչ ուզում ես արա, միայն ինձ մահից փրկիր»:
…. Դեկտեմբերի 20-ի օրը մինչեւ երեկո նա իրեն լավ էր զգում: Սենյակում դաշնամուր էր դրված: Ստիպեց ինձ ամբողջ օրը նվագել: Դեկտեմբերի 21-ին անկողին ընկավ եւ այլեւս վեր չկացավ:
…. Ամբողջ գիշեր՝ հունվարի 6, լույս 7, նա չքնեց բնավ: Մի քանի անգամ խնդրեց շորերը հագցնել, նստեցնել բազկաթոռին, սակայն այնպես թույլ էր, այնքան ուժասպառ ու հյուծված, որ միանվագ հինգ րոպե անգամ չէր կարողանում նստել: Ոտքերն ու ձեռքերն արդեն փայտացել էին, խնդրեց տրորել: Զարմանալի կերպով հանգիստ էր նա այդ միջոցին: Արցունքները գլոր-գլոր թափվում էին իմ աչքերից: Տեսնելով այդ` Վահանը խնդրեց լաց չլինել եւ ապա հարցրեց. «Ի՞նչ ես կարծում, ու՞մ է դժվար՝ նրան՝ ով մեռնո՞ւմ է, թե՞ մերձավորներին, որ կենդանի են մնում…»: Մարմինը բոլորովին սառեց: Ոչինչ չէր կարողանում ընդունել, դժվարությամբ էր խոսում… Չնայած այդ բոլորին՝ անվերջ ասում էր. «Գնանք, շուտով Մոսկվա գնանք…»:
…. Թափառող հայացքով ինչ-որ բան էր փնտրում օդի մեջ. վերջին պահին կիսով չափ բարձրացավ եւ «Ո՞ւր է իմ պորտֆելը, ես ընկնում եմ»,- ասաց ու փակեց աչքերը»:
….Եվ այսպես, հունվարյան ցրտաշունչ մի օր սակավաթիվ մարդկանց ուղեկցությամբ, տխուր լռությամբ օրենբուրգյան սառը հողին են հանձնում Տերյանին… Եվ միայն մարտ ամսի սկզբներին «Մշակն» իր «Վերջին տեղեկություններ» բաժնում տպագրում է. «Հաստատ աղբյուրից հաղորդում են, թե բանաստեղծ Վահան Տերյանը վախճանվել է»:
Իսկ ես ուզեցի Մարտի 8-ի առթիվ իմ Օրագրում պատմել Ձեզ մեր դեկաբրիստի կնոջ*՝ Անահիտի մասին… Իմ հիացմունքը… որ միշտ ուղեկցել է ինձ իմ ողջ գիտակից կյանքում, ինչպես դեկաբրիստների կանանց հանդեպ, ովքեր իրենց ամուսիների հետ էին Սիբիրի աքսորի ողջ ճանապարհին… Սա էլ՝ իմ ու Տերյանի կողմից. արմանք-զարմանք… բայց շշմելու է գրել, չէ՞։
Հեռու երկրի լուսե հովտում
Օրերն ուրիշ երգ են հյուսում.
Կյանքից հոգնած սիրտըս տրտում
Այն երկիրն է միշտ երազում…
Խաղաղությունն այն հեռանիստ,
Ուր մի ուրիշ արևի փայլ
Ծավալում է անանց հանգիստ
Եվ խնդություն մի անայլայլ,
Մի խնդություն մաքուր և խոր,
Ե՛վ անեզերք, և՛ անվախճան,
Ուր քո սիրտը որբ ու մոլոր
Գրկում է մի ոսկե շրջան…
Շնորհակալ եմ, Անահիտ, իմ հիացմունքը քեզ, որ իմ Տերյանի հետ, Վահանի կողքին եղար 1920-ի նոյեմբեր-դեկտեմբերին… որ ամեն ինչ արեցիր քո տղամարդուն փրկելու համար… Գրկեցիր նրան մի ոսկե շրջանով… Հեռու երկրի լուսե հովտում… Շարունակեք կարդալ Տերյան… Նրանից պոկվել չի լինում…
Ի՜նչ ուզում ես արա, միայն ինձ փրկիր…
Սեբաստացի նաիրուհիների օրվա լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի, Մարինե Մկրտչյանի, Անի Սարգսյանի, Զառա Ոսկանյանի
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#970
* Դեկաբրիստի կին — ռուսերեն դարձվածք, որ նշանակում է հավատարիմ կին, որ պատրաստ է իր ամուսնու հետ նրա անհաջողությունն ու վիշտը կրել, երբեք չի լքի և չի դավաճանի նրան։ 1825թ. դեկաբրիստների ապստամբությունից հետո Սիբիր աքսորված 11 դեկաբրիստների կանայք ամուսիններին մենակ չեն թողել և նրանց հետ գնացել են աքսոր։