Դավիթ  Բլեյանը կիրակի ցերեկը չքնեց. այդպես է, պարտեզում ամենաշուտը պառկող ամենաշուտը վեր կացող մեր տղան առանց ճիգի առավոտ 9.00-ից մինչև երեկոյան 10.00-ը խաղաց ու խաղաց… Հետո համաձայնեց մայրիկի հետ ննջարան գնալու. առավ-ընտրեց 3-4 գիրք, ու մեկ ժամի չափ կարդացին-քննարկեցին… 11.00-ի մոտ ես անջատել եմ լույսերը, բայց Դավթի բարձր պատմություններն ինձ լսելի են հյուրասենյակում։ Պատմում է, թե ինչ գործեր է ինքն արել օրվա ընթացքում… Մայրը թե՝
— Դավիթ ջան, շատ հոգնած եմ, թող քնեմ…
Դավիթս հիմա էլ թվարկում է մայրիկի` օրվա ընթացքում կատարած աշխատանքները՝ մանրամասն, հերթով, երկար…

Դավիթն իր ապուրի ամանի մեջ հանկարծ ջուր է լցնում:
— Ինչո՞ւ արեցիր,- զարմանում եմ։
— Որ մայրիկին մտցնեմ մեջը, մազերը բիզ-բիզ կանգնի, հետո դնեմ հարթ ափսեի վրա, դանակով կտրատեմ, աղցանի նման սկսեմ ուտել…
— Ինչո՞ւ, մայրիկից աղցան ուրիշ ձևով չէ՞ր լինի պատրաստել, Դավիթ…
— Չէ, հայրիկ, մազերը բիզ-բիզ չէին կանգնի…

Ինձ ուրախացնում են Դավթի հումորի զգացումը, խոսքի մեջ նրա անցումները, ինքնուրույնության նկատելի աճը: Ավելի ու ավելի հետաքրքիր է Դավթի հետ. պիտի հրաժարվել թելադրանքից՝ անընդհատ առաջարկելով ընտրություն… Թող սովորույթ դառնա շարունակ ընտրելով որոշումներ կայացնելը: Ստուգեցի Հ. Թումանյանի հինգ հայտնի սիրելի հեքիաթներով («Շունն ու կատուն», «Չարի վերջը»՝ դրանց մեջ). ոչ միայն բերանացի բոլորը գիտի, այլև այնպիսի լեզվաընկալում ունի, որ կռահում է, գլխի ընկնում, մտածում և հայտնաբերում Թումանյանի լեզվի աշխարհում… Նունե Մովսիսյանի հայտնաբերած բուդդայական լամայի խոսքով գնահատենք Դավիթ Բլեյանի աճը. «Աճը միշտ էլ հաճելի է ու պարզ»:

Դավթի հետ պատշգամբից երկար հետևում էինք կարկուտին, հիանում նրան ուղեկցող որոտ-կայծակով… հետո սելավ-տեղատարափով… Տարերքով հիանալ է պետք փոքրուց, ո՛չ անիծել, ո՛չ փնփնթալ, ո՛չ չտեսնելու տալ: Նույն բնությունն է, ինչպես տերևաթափը, աշնան մեղմ քամին… Պայծառ օրը…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Պա՛պ, դու հոգնում ես, ես չեմ հոգնում…

Աճող աշխույժով-ընդգրկումով, առանց զոռի-վարչարարության, ձեր մասնակցությամբ-ձեր աչքի առաջ «Ֆինանսական գրագիտություն» անգլերենով ուսումնական նախագիծն անգլերենի տոն դարձավ, մի խումբ երիտասարդ արտասահմանցիներ կարողացան մեր միջավայրում մանկավարժության հնարավորությունները մեզ ներկայացնել… «Դպիր»-ում  նախագծի արդյունքների հանրայնացման

Կատակ եմ անում, սա կրկես է։ Դու գործիդ նայիր…

Սուսան Մարկոսյանը գիտե, պատմել եմ իմ լուսանկարչությամբ զբաղվելու շրջանի մասին… Ինչո՞ւ հիմա չեմ լուսանկարում, երբ հեծանվով ու առանց հեծանվի, հետիոտն ու մեքենայով շատ եմ ճամփորդում… Ա՛յ, հիմա մանկավարժական ժողովից-ընդհանուր պարապմունքից

Իսկական գազան է մեծանում

Դավիթ Բլեյանի հետ վերընթերցում ենք  «Սասունցի Դավիթը». ժամը 7.00-7.15 առավոտյան ես նստում եմ Դավթի մահճակալի եզրին, կարդում Թումանյան Հովհաննեսի՝ մեզ հիացմունք պարգևող էպոսի մշակումն այնտեղից, որտեղ նախորդ օրը դադար էինք