Հրաշք աղջիկ, անհայտ երկրի մանուշակ…

Ասում են՝ խորն ես քնում, ցավերդ (ֆիզիկակա՞ն) հաղթահարում ես… Այսքան խորը քնելն անհրաժեշտություն էր, խառնվել — իրար ուժեղացրել էին մարմինն ու հոգին՝ իրենց ցավերով. բուժիչ դեղանյութն էլ համապատասխան էր՝ Տերյան-խորը քուն … մի փոքր վիրահատական միջամտություն ու…

— Կյա՛նքս, նա էլ մի լուսեղեն հեքիաթ էր…

Ասում են, որ երազները մակերեսային քունն են մատնում… Որտեղի՞ց այդքա՜ն երկար-իրական հայտնվեցին ինքնամոռաց գիշերում այս Հրաչյա Ներսիսյանն ու Սիլվա Կապուտիկյանը…
Թող ինձ օգնեն ընդունակ ու հետաքրքիր հոգեբան Աննա Ղալեչյանն ու Քրիստինե Ջանվելյանը, ովքեր այս օրերին փորձառություն են անցնում կրթահամալիրում… Սիրելի առիթ է նշելու, որ Արևիկ Բաբայանի՝ մեր հոգեբան աղջկա մայրիկական գործուղման մեկնելու ժամկետը մոտենում է (Զառա Առաքելյանին մի՛ փնտրեք, գնա՜ց), ու մենք փնտրում ենք իհարկե արժանի փոխարինում… Փնտրում ենք այսպես բաց, ապրելով, կյանքում ու կյանքի խնդիրներ լուծելով…

Դավիթ Բլեյանի կյանքում նորություն կա.
— Պապ, գիտե՞ս, մեր սրահում կինոթատրոն կա… միացնում ենք էկրանն ու հավաքվում իմ ընկերների հետ… հա՛մ նայում ենք, հա՛մ խաղում…

Նախակրթարանի սաների թումանյանական հերոսների լուսանկարները՝ Նելի Արղությանի:

Հա, խաղալով նայելն է լավ, խաղի վերածելը. էլեկտրոնային գրատախտակների մի նոր կիրառության շրջա՞ն ենք սկսում, Անահիտ Հարությունյան, Մերի Գրիգորյան, Նելի Արղության ու ընկերներ՝ դասվար-դաստիարակներ, դպրոց-պարտեզի ղեկավարներ…
Աղայան-Ռոդարի ստուգատեսը նշանավոր դարձնենք նաև այսպիսի՝ էլեկտրոնային (վիրտուալ)-իրական աշխարհի հանդիպում-խաղերով ու թատրոններով, իսկ տեխնոլոգիական լուծումների մարտին լուծենք բոլոր տեխնոլոգիական-կազմակերպական խնդիրները, որ ապրիլից լինի մեր հեղինակած մեթոդի-կյանքի-աշխարհի-իմացումի ներկայացման-տարածման իսկական շրջան… Սկսվի ու չավարտվի… Դե, հունիսի մասին խոսելու ժամանակ դեռ կունենանք…

Հիմա նոր թվագրությամբ ենք ապրում՝ մինչ հազարերորդ ու մեկ գիրը (ապրիլի վե՞ց, Արմինե Թոփչյան, Մարիետ Սիմոնյան ու «Գրական ակումբ») ու դրանից հետո… Ո՞վ գիտի… Ես գիտեմ իհարկե: Կրթահամալիրի տնօրենի նոր՝ Բլեյան-տիարի շրջան… որ ենթադրում-պարտադրում է յուրաքանչյուր սեբաստացի աշխատող-դասավանդողի, այլ մանկավարժական ու ոչ մանկավարժական աշխատողի, ամեն մի սեբաստացի սովորողի ու նրա ընտանիքի ավելի մեծ ինքնուրույնություն-ինքնավարություն, իրագործված ազատություն, կարողությունների գործադրում՝ ինքնիշխանության, ամբողջական ներառման, բաց-ներդաշնակ, փոխօգնության-համերաշխության, միով բանիվ՝ արդար միջավայրում… Արդար մեր համատեղ աշխատանքի բոլոր փուլերում…

Դիմանկարներ օտարալեզու երգերի կարաոկեների համար:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

Իսկ ես պիտի գործեմ ավելի ազատ իմ անձնական որոշումներում… Իմ պատասխանատվությունն իմ կրթահամալիրի նկատմամբ ինձնից լավ ոչ ոք չգիտի, չի խլի. կրթահամալիրի իմ անելիքներն էլ իմ տարբեր շրջաններում որոշված է անհրաժեշտությամբ… Եկել է կրթահամալիրում ուսումնական նախագծերի համակարգողի իմ շրջանը. տիար կառավարչի, տիար միակ նախաձեռնողի, տիար դատավորի շրջանը ետևում է մնացել… Կխոսենք, խոսե՛ք, սրանք մի հոգու ու մի գրով լուծման չեն: Իմացեք: Ինչպես իմացեք, որ իմ ավագ եղբայր Ստեփանի, իմ քույր Մարինեի, քույրիկ Աննայի ու կրտսեր եղբայրներ Առնոլդի ու Դանիելի կյանքում մեր Աստղ Գալշոյան-Իսրայելյան հարսիկը այնքա՜՜ն ներդաշնակության-վստահության ուժ է բերել-բերում ամեն օր… Մի փխրուն, դեռատի աղջնակը որքա՜ն կարող է… ինչպե՞ս հայտնվեց…

Անակնկալ բախտի նման
Հայտնվեցիր պայծառ-անձայն…

Կարդո՞ւմ եք Տերյան: Սպասեք, ես գալիս եմ նոր, մի այլ սցենարով…

Երեկ երեկոյի համար Արմինե Աբրահամյանը խորամանկ լուծում էր գտել. իր աշխատանքային ընկերուհուն՝ Աստղիկ հարսիկին փախցրել-բերել էր մեր տուն… Ո՜վ Աստղիկին էս Բլեենցից մենակ կթողնի… Հայտնվեց Ստեփանը՝ նվերներով, հետո Առնոլդը՝ Դավթի նոր կոնստրուկտորով, հետո…

Լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի։

Այսպիսի իրիկուն եղավ, այնպիսի, որ Դավիթը հայտնագործեց հանկարծ, որ իր սիրելի դաստիարակ Աստղիկը, ում խմբում օրեր, ժամեր է անցկացնում, ու իր խաղի եղբայր Առնոլդը ամուսնացել են…

Որ չի վառում ո՛չ անցյալը, ո՛չ ներկան…

Ես ինձ լավ եմ զգում, ներառված-ներդաշնակ իմ հարազատների հետ։ Առաջ շտապում էի, հիմա, տեսնում եք, տեսեք, կտեսնեք՝ ոչ, ինչպես Ստեփանի-Առնոլդի-Աստղիկի հետ փոխեփոխ ու տարբեր խաղեր խաղացող Դավիթը… Մոր փորն է ընկել:

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Թոփչյան
#966

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Անցնելով ինչպես երազ… Փարիզի առեղծվածների միջով

Բայց Սենան բախտավոր է. Նա հոգս չունի։ Հոսում է խաղաղ, Օր ու գիշեր: Գնում է դեպի Հավր, Գնում է դեպի ծով՝ Անցնելով, ինչպես երազ, Փարիզի առեղծվածների միջով։ Սենան ու Հրազդանը

Ամառային տապը ստեղծականության ու նախաձեռնության ուժանյութ…

Առավոտ է, ու Դավիթ Բլեյանը՝ անհավես… Արմինեն ակնհայտ վրիպել է, ու Դավթին՝ իր տղուկին, տանը թողնել չի կարելի… ուրիշ ի՞նչ կմնա տնային գործերին հանձնված մայրիկի ուշադրությունից դուրս մնացած Դավթին անելու՝

Ընթերցարան՝ կիրակնօրյա ու կարդացողի

Կիրակնօրյա գրի-ընթերցարանի կազմումից էլ հեշտ գո՞րծ… Ինքն իրեն ստացվում է. եթե ծուլություն չանես, շաբաթվա ընթացքում կարդացածիցդ կառանձնացնես… Ձրի առել ես, ձրի էլ տուր: Մեդիան հենց սրա համար էլ ստեղծված է՝