Քո շարժումները և՛ կան, և՛ չկան…

Ես արթնացա… կաթոցի ձայնի՞ց, ձյան հալոցքից-մեկնումի թակոցի՞ց։ Ի՜նչ աղմուկ է. դուրս եկա պատշգամբ…
— Տնաշեննե՛ր, ձյունը աղմուկով հալվում-հեռանում է, ո՜նց եք էս ձայների տակ քնել,- կաղաղակեր հիմա Դավիթ Բլեյանը… Հետո՞ ինչ, որ տեղով մեկ գիշեր է՝ 4-5-ի արանքում… բա ձեր ականջներն ի՞նչ եք արել, խցե՞լ եք։ Խղճի պակասից չէ, ոչ էլ նյարդերս են տեղի տվել… Ի՜նչ բռնեցին ու միանգամից տեղի՞ տվեցին Ագարակում, կեսօրն անց… աշխատավոր մարդիկ բեզարած, օրը վաստակով կիսած՝ հաց չուտե՞ն։ Կամ դրանից առաջ. Ծովիկի նման ծովի չափ լուռ կինը ի՞նչ պիտի չարած լիներ… Իսկ ժամեր անց Մարմարյա սրահի կարաոկե համերգին, որին սպասում էի-պատրաստվո՞ւմ էի, ի՞նչը պիտի ինչպես լիներ, որ չեղավ, որ միջամտեցի… անհարկի՞… Այլ ռիթմի՞, թափի՞, խորքի՞… անշարժի ու մի ա՜յլ երկրի երաժշտության ելևէջների  ու պչրանքի հանդիպո՞ւմ էր օրը…

Իսկ իմ օրվա շարժումը ես մի պահ գտա Արևմուտքում մեր՝ դպրոց-պարտեզում… Ընդմիջումի շրջան էր, ու օ՜հ, որքա՜ն շարժում-կյանք-աշխուժություն, որ ինձ այդպես էլ պահեց իր հորձանուտում, բաց չթողեց, Մարմարյա սրահն իր հազար մարդով, Էդգար Պոյի Ագռավների խաղով ու բազմալեզու կարաոկե-կանչով, և՛ եղավ, և՛ չեղավ… Կհավատա՞ք այս, տեղից պոկված վիճակով մի այլ տանջանքի եդեմ դարձավ ատամնաբույժի վիրահատական աթոռը… Իրիկունը 9-10-ի արանքում ես վիրաբուժական աթոռին էի՝ այնքան խաղաղ-հեզ-հնազանդ, որ ինձ հետ կարելի էր ամեն ինչ անել…

«Շնասերի ակումբ», Արևմտյան դպրոցի կենդանասերներ:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Կարող է, չէ՞, այս ձնհալը չլինել. ձյունը մի օրում չքվեր առանց ցեխի։ Ցեխը, ինչպես փոշին, տանել չեմ կարողանում, ավելի ու ավելի… Չէ՞ր կարող… Ու որտեղից որտեղ, հազարավոր կիլոմետրերի հեռվից 1975-ի Ռուսաստանի ոչ սևահողային տափաստաններից, Մարի Էլ հանրապետության Մարիտուրեկի շրջանի մի տեսարան պոկվեց ու ահա բացվեց որպես մեդիանկար իմ էկրանին… Շրջանային իշխանության շենք պիտի մտնեի. ծառայողական «Վիլիս» մեքենայից, որ կցված էր ինձ՝ միավորված շինարարական ուսանողական ջոկատների ղեկավարիս, շվարած նայում էի մե՛կ շուրջբոլորը բռնած անանցանելի թվացող ցեխին, մե՛կ վարորդին. ո՞նց է դուրս բերելու մեքենան այս ցեխի միջից, որտե՞ղ է կայանելու, ինչպե՞ս եմ իջնելու ես, հասնելու շենքին, որտեղ մեծ մի հավաք էր, ու սպասում էին ինձ՝ ամառային շինարարական կառուցումների նախագծերով-խնդիրներով… Շենքի դիմաց, նախամուտքին, այլ վիճակ էր՝ իստակ-կոկիկ, կոշիկներդ սրբի-լվա, մաքրի ցեխից, քեզ թափ տուր-հավաքի-կազմակերպվի, իշխանության դուռ ես եկել, քեզ այլ կերպ մոտ չեն թողնի… Մաքրված, ինքնավստահությունս գտած՝ ես մտա խորհրդակցությունների մեծ սրահ ու… չեմ մոռացել 20 տարեկան կարմրաթուշ Բլեյանի խրոխտ, հանդուգն ելույթը, ծափերը՝ ինձ անծանոթ-օտար պաշտոնավոր մեծահասակների…

Արևմուտքի նախակրթարանի անուշ քունը:
Լուսանկարները՝ Աստղիկ Գալշոյանի:

Բուշը՝ միշտ սիրելի Լուսինեն, մեդիաուրբաթ-համերգ-կարաոկեից հետո, այդ ընթացքում, ինձ լուսավոր պատմում էր համերգ-ներկայացման պատրաստության մասին…

Աշխատանք մի ուսումնական նախագծով, ահա ամենակարևորը, որի համար և ստեղծված է, կոչված է Մարմարյա սրահ կոչվող համերգային հարթակը… Ուրախացնող է, որ խոսքը, ասելիքը, ուզում է՝ Էդգար Պոյի նշանավոր «Ագռավը» լինի, մեզ հարազատ «Շունն ու կատուն», Վահան Տերյանի «Մթնշաղի անուրջներ»-ը, Փարվանա իշխանի դստեր սիրո պատմությունը, թե ռուսերեն, անգլերեն, իսպաներեն, վրացերեն հնչող երգերը սիրված, շարժում են դառնում, ներկայացում, տեսարան… Մարմարյա մեր ուսումնական հարթակ-հրապարակը շաբաթը մեկ՝ հայտնի ժամին, տևողությամբ, բաց, շարժման-շարժումի-շարժումով թատրոնի հարթակ է դառնում… Ուռա՜… Չէ, հարցերը չեն վերանում, Բուշ Լուսինե, Քնարիկ Ներսիսյան ու գործընկերներ բոլոր կարգերի, քանզի այս բարդ աշխատանքը՝ կերպափոխվում-պարտակումը, երբ բառերն ավելորդ են, ու թվում է ամենաներառական հաղորդակցություն է հաստատվում, նոր հարցեր է առաջացնում, ուսումնական աշխատանքի ու Մարմարյա սրահի այլ կազմակերպում՝ իր բոլոր մակարդակներում, փուլերում։ Գլխավորը՝ ինչպե՛ս է բառը, ձայնը, երգը, կերպարը շարժում դառնում, ո՛ւմ շարժումն է դա՝ խոսքը, ձայնը, ասելիքը ամբողջովին յուրացրած սովորողի՞, ուսուցչի՞… Եվ երկրորդ հարցը՝ ինչպե՞ս է այդ շարժումը համակում Մարմարյա սրահի բազմաքանակ-տարատարիք ներկաներին, շարժում առաջացնում։ Ներկաներս բացակա՞ ենք, ինչպե՞ս ենք մասնակցում մեր համերգ-պարապմունքին, ինչպե՞ս ազդեց-փոխեց այս 60 րոպեն, ի՞նչ փոխանցեց, ո՛վ ինչ տարավ…

Ինչո՞ւ չէր կարող մեծ էկրանը ժամանակավոր պաշտպանիչ վարագույր ունենալ մինչև Մարմարյա սրահի՝ սկսված վերակազմակերպման նախագծի ավարտը, ինչո՞ւ չէր կարելի սրահը կտրել փողոցի աղմուկից, ինչո՞ւ է բեմը միշտ բռնած սովորող-ուսուցիչների մեծ, շարժում-հավես սպանող խմբով… ինչպես ձյան այս ուժգնացող հալոցքի՝ ատամ ծակող կտկտոցները։

Կարաոկե-ուսուցումը ավելի լայն է, համապարփակ՝ որպես մանկավարժություն՝ երգը երգելով, պարը պարելով, խոսքը հնչեցնելով, պատկերը ցուցադրելով, ու այս ամենը՝ որպես շարժում-տեսարան խաղալով, ինքնավար-ինքնուրույն-ակտիվ, համերաշխ-ստեղծական-մոբիլ, որպես տոնախմբություն, միասին լինելու-ապրելու ուրախություն… Սա հեղինակային մանկավարժությամբ ծնված իրողություն է, փաստ…

Պատրաստում ենք Ակլատիզ:
Լուսանկարները՝ Հռիփսիմե Առաքելյանի:

Իսկ Մայր դպրոցի արևելյան մուտքը բռնած ցեխի-կեղտից այդպես էլ չկարողացա ազատվել իմ երեկվա շրջապտույտի՝ դպրոց-պարտեզով, ագարակով, քոլեջով, Մայր դպրոցից Կենտրոն ողջ ճանապարհին… Ցեխը կդառնա փոշի, եթե չեղավ մեր ամենօրյա խնամքը, մեր կյանքի համապարփակ ինքնասպասարկումը… Կանաչը, պարտեզը գարունով չեն գալիս (գարունը, մեկ է, կգա), այլ իմ ու ձեր ամենօրյա ջանքերով պարտիզպանի…

Ես պատմում եմ փաստերի հետ իմ հանդիպման, իմ մի օրվա հախուռն տպավորությունների մասին… Ներեցեք Տիարին, եթե այնուամենայնիվ անհարկի թվացին իմ միջամտությունները…

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#967

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Այսպես, անիվների վրա, մենք նույն սերունդն ենք…

Ամենահեշտը, իհարկե օրագրի Դավթապատումը կարող է լինել. մնում է չծուլանալ, չալարել` լսեցի եղբայր Ստեփանի ձայնը, անմիջապես գրանցել Դավթի խոսքը, ասածն ու արածը… Պատմելով չէ: Երբեմն, դա չեմ անում,  ինչպես երեկ

Կոկորդում մնացած արցունքի պես

Ուսուցիչն ընկեր Լիլիթի (Առաքելյան) պես պիտի լինի, որ կարոտես, տեսնես՝ ուրախանաս, մոտենաս, որ հետը լինես, կարոտդ առնես, ուրախանաս․․․ – Պա՛պ, դու գուշակեցիր, որ ուզում եմ դաշնամուրի գնամ, շարունակեմ․․․

Խնդացող տխուր, սրտաբեկ ուրախ…

Մարդու գիր է․․․ Թումանյան Հովհաննեսի «Տպավորությունները» ամենաշատ հղումներ կհավաքեր, թե իմ բանավոր ու գրավոր ասված-չասվածը գրանցելու հաշվիչը լիներ… Այստեղից է և վերին գիր-վերնագիրը և վերջին գիրը, թե չէ վերջնագիրն ուրիշ