«Ջերմ լալու փափագով» հայտնի Մարիետ Սիմոնյանի ինքնաբուխ լացը երեկ մանկավարժության լաբորատորիայում-կրթահամալիրի կենտրոնում կտրել չէր լինում… Մի ո՛ղջ կյանք-ապրում Աիդա Պետրոսյանի հետ՝ իր թռիչքներով-անկումներով, ստեղծագործական, աղջկական ինչպիսի՜ զրույցներով-վեճերով-լուծումներով․․․ Սուսանի հետ, ինչպես միշտ, ավելի հեշտ է՝ լացն էլ՝ սուսիկ-փուսիկ, դիմացինին խնայող․․․
— Դե, հերի՜ք է, զռռոցներդ կտրե՛ք,- այս դեպքի համար էր Մայիս Նիկողոսյանի զի՜լ հայերեն սաստումը․․․

Ես առաջարկեցի Մարիետին միասին, մեր  Աիդայի հետ քայլել ներկրթահամալիրային անցումներից մեկով՝ Կենտրոնից Գեղարվեստի արևելյան լանջերով, Քոլեջով, Նոր դպրոցի հարավարևելյան լանջերով, բարձունքով՝ Արևմուտքի, Վահան Ասատրյանի պուրակով՝ խառնարան-Մայր դպրոց․որ 15։15 հասցնենք, իհարկե, համերգասրահում սեբաստացիական ամենամսյա մանկավարժական հավաքին։ Ուղիղ 45 րոպե. դինամիկ-կոնկրետ հաղորդում-հրապարակում-հայտարարություններ, մնացած ամեն ինչ՝ որպես գրավոր ներկայացումներ, հրապարակված են՝ անհատական աշխատանքի-կյանքի՝ որպես պլան՝ մանկավարժական աշխատողի, ներառված։ Շնորհակալ եմ Մարիետին, այս ֆոտոպատումը երեկվա ճամփորդականն է… իմ հայտնի iPhone-ով։

Քոլեջում՝ Աիդա Պետրոսյանի մանկավարժական լաբորատորիայում, բուռն շինարարական ընթացք տեսանք․Աիդային հարազատ մարդկանց՝ վարպետ Պետոյին, Բագրատին, Կորյունին, Մովսեսին, Կարենին ի՛նչ բացատրես, բոլորս հատուկ պատրաստվում ենք Աիդայի փափագ լաբորատորիայի նորամուտին փետրվարի 19-ին. Աիդային արժանի ամեն ինչ արվում է, կարվի։ Քոլեջի նախակրթարանում, Աիդայի «Ճնճուղների» հովանու ներքո իր թոռնիկները, տեսե՛ք, ի՜նչ երանության մեջ են․․․ Մեր ամառային պարտեզները՝ լողափերով Բանգլադեշի, աշխարհով մեկ հայտնի ամենամարդկային տարածքները՝ որ գիտեմ, կան մեր Աիդայի բարեխիղճ նվիրումով․․․ Իր պսպղուն-խորամանկ աչքերում սիրելի էր տեսնել 2016-2017-ին լանջաղբյուր-կրթահամալիրի Բանգլադեշի խորացող-տարածվող-ձևավորվող նոր բնությամբ աշխարհը՝ սեբաստացիական՝ իր ձմեռային խաղերով․․․ Փետրվարի 25-ի ձմեռային խաղերին ընդառաջ ենք գնում ամեն օր այսպես․ ծափահարենք մեր Աիդային, չթողնենք հետոյի՝ հիմա խաղանք, բոլորով՝ սեբաստացի-ոչ սեբաստացի մեծով-պստիկով․․․Այնպես, որ բոլոր բարձունքները-լանջերն ու անցումները դառնան դահուկային ուղիներ։ Աիդա Պետրոսյանին՝ ամառային մանկավարժության խաղեր, Աիդա Պետրոսյանին՝ ձմեռային մանկավարժության խաղեր․․․ Վերջ․ սրանց արանքում՝ շուրջտարյա ներառական-ներդաշնակ, բայց հոգատար ու խնայող-փայող ջանքերն են։

— Ինձ շատ հարազատ մի մարդուց էլ զրկվեցի․․․- Արմինե Աբրահամյանը, տուն մտնելուն պես, իրիկունը՝ ուշ, այսպես դիմեց․․․ Տիկին Աիդա ջան, ու էլի արթնացավ «ջերմ լալու փափագ»․․․ արցունքներով՝ առատ․․․
Քանի՜ ընտանիքում, քանի՜ խմբով, այս օրերին Երևանում, Երևանից դուրս․․․ Աիդայի երեսուներեք տարվա սաները, Աիդի «ամագը» ստացածները, ներկա-բացակա սեբաստացիներ պատմում են, ու դեռ որքա՜ն բան ունեն ասելու, չեն սպառի․․․ Նույն Արմինեն ինչո՞ւ հիմա չպատմի, ինչպես Լուսինե Բուշը, Սոնա Փափազյանը, … Բա ե՛րբ պատմի… Արմինեն Աբրահամյան պատմեց, թե ոնց տասը տարի առաջ այս օրը զանգեց հանկարծ, կանչեց գործի, իր համար դրամատիկ մի փուլում ձեռք մեկնեց: Մնացածը՝ գիտեք. ինչո՛ւ ես պատմեմ, ձեր-մեր բլոգները ինչպես ձեր սրտերը-լեզուները, ազատ բացեք, ապրե՛ք ու ապրեցրե՛ք մեր Աիդին…

Մեր մանկավարաժական հավաքից հետո՝ մինչև հոգեհանգիստ, ու հոգեհանգստից հետո խառը-ինքնաբուխ խմբերով քանի՜ քննարկում եղավ՝ միայն երեկ․․․ Ես, Նունե Մովսիսյանը, Անահիտ Բզեզը հանգրվանեցինք Գեղարվեստի հարթակում․․․ Ուղեկցեցինք Լուսինե Սարգսյանենց տուն շարժվող խմբին․․․ Ամենակարևոր-լուրջ բաները կատակով են ասվում, համարյա գրիգորխաչատրյանական, որ անարգել տեղ հասնի ասելիքդ․․․ Փնտրում էի սեբաստացի պանթեոնի տարածք. ամեն ինչ ունենք, ամոթ է, պատմությունով աշխարհ ենք մեծ, Հարավ-արևմուտքի թագավորություն (ՀԱԹ), բա մի շնորհքին պանթեոն չունենա՞նք: Երեկ, իմ ընկերների հետ ջերմ լալու փափագների մեջ  տեսանք սեբաստացի մանկավարժության մշակների-դպիրների պանթեոնը՝ կենդանի, իհարկե, իրենց գործերով-իրագործումներով բաց ու շարունակական: Ու այդ պանթեոնում, տեսե՛ք՝ ինչպիսի՜ գանձեր ունենք հանգրվանած՝ իրենց վաստակով`Հակոբ Հակոբյան, Վահան Ասատրյան, Աիդա Պետրոսյան… Շուտ մեռնելներդ թող չգա, գործ արե՜ք, գո՜րծ. մեր նշանավոր այս ընկերների նման, կյանքով-ստեղծումով է նվաճվում այդ տեղը մեր գրադարանում,  մեդիագրադարանում, մեր հայրենագիտականում, մեր հուշերում անջնջելի…

[youtube https://www.youtube.com/watch?v=JAtdGKku3dI]

Թաղումը՝ ավանդույթի ուժ ստացած այս լրջությունը, Աիդի համար չի սարքած. ուրիշի խաղ է: Տո, խաղ էլ չէ, հին ոճի բեմադրություն է: Սյուզին Մարգարյան ճիշտ տեղում՝ հոգեհանգստի մեծ բազմության մեջ ասաց ու ստացավ մեր ավանդապահ-առաջադեմ մաեստրո Թոփիկյանի հավանությունը: Հետո դուք պատմեցիք` Աիդան պատվիրել է, յուրաքանչյուրիս անհատապես թե խմբով՝ ինձ լացով չճանապարհեք-թաղեք:

Ուրախացեք…  Բայց ես կարծեմ մեղք եմ գործում, կրկնվում եմ… ինչը հակացուցված էր մեր զրնգուն, բստրանին… Սա էլ տիարի կյանքից անբաժան է` խոսել Պանթեոն մտնող մեր մեծերի մասին՝ ինչպես դա արել եմ Հակոբի, Վահանի մասին, ինչպես իմ երեկվա պաշտոնական խոսքն էր՝ պանթեոն մեր Աիդա Պետրոսյանի մուտքի առիթով…

Գործ արեք, գործ, խաղացեք երեխաների հետ, ամառ ու ձմեռ. ու պատմեք-մոգոնեք մազալու բաներ` Աիդիկի պես, որ իր Տիգրանի ու Լիլիթի՝ մեր սեբաստացիներ Արեգին, Վռամին, Էլենին այդպես էլ չթողեց՝ իրեն տատիկ ասեն.Աիդա, ու վերջ:

       #924

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գարունն այս անգամ ձմռանը եկավ

Մեր աշխարհում, մեր կրթական պարտեզում, մեր Էջմիածնում, մեր հոգիներում, որ թևածում է հիմա իմ-ձեր եղբայր Սեյրան Ավագյանի այս ավետիսը. գարո՜ւն է… Իմ շատ սիրելի ու հարգելի յուրաքանչյուր սեբաստացի, հետաքրքիր բան է էս կյանք

Երանին տալու համար չէ, այլ ապրելու…

Ես երանության մեջ եմ, հիմա, երբ առտու 4-5-ը mskh.am-ում եմ ու վերապրում-ապրում եմ մայիսի 6-ի իմ օրն իրական, իրադարձություններով լեցուն… Առանց անիվների, սոսկ ոտքերով չես հասնի դրանց ետևից. պատահական հո

Անվանի ու անվանը համապատասխան․․․

Մարինե Մխիթարյան ջան, իսկական ոսկեհատիկ ես, Հարավի աղջիկներ, ես շատ էի ուզում, որ դուք այսպես՝ Ամբերդ գետի հունով անցնեք Ագարակի քարափից մինչև Ոսկեհատի Ճգնավորի այր, որտեղ ձեզ դիմավորեն Ոսկեհատի ձեր