Սկիզբը` «Սա Մադինան է, Դավիթ` իր գետով ու սարով արմաղան»:
Արմաղան սարի գագաթին, լրիվ թրջված, մեզ պատսպարեց նորակառույց ոչ մեծ եկեղեցին: Եկեղեցում միասին աղոթեցինք, երգեցինք, կարդացինք. մթնոլորտը ջերմ էր, ես անկախության օրվա խոսք ասացի: Պետք էր շտապել, ու մենք քամոտ անձրևի հարվածների տակ իջանք սարից: Այս անգամ ինձ ուղեկցում էր Մադինայի սովորող պատանիների այլ խումբ` թարգմանիչ դառնալու որոշում կայացրած Հասմիկը, հոգեբան-բժիշկ ընտրության մեջ տատանվող Շուշանը, լռակյաց Անին…
Վայրէջքի այդ մեկ ժամը որքա՜ն անձաձրույթ, հետաքրքիր անցավ՝ ճանաչել տալով Մադինայի մարդուն՝ սովորողին, ուսուցչին, հողագործին, գյուղապետին։ Որքան էլ երեկվա իմ պատումի գլխավոր միտքը կրկնում եմ հաճույքով և առանց հայրենագետի չափազանցության՝ Մադինան, իր սարով, գետով, իր լեռնաշխարհով արմաղան էր՝ չքնաղ, որպես սպասված նվեր, ինձ համար ամենահետաքրքիրն ու գրավիչը Մադինայում գտնվելու ողջ ընթացքում Մադինայի մարդն էր:
Արմաղան սարի վրայի հայտնի լճակն ամբողջովին չոր էր՝ ոչ մի կաթիլ ջուր. Մադինայում պնդում են, որ այսպիսի բան լինում է յոթ տարին մեկ անգամ: Արժե ստուգել:
Իրիկունն ուշ, արդեն համով կերած, մենք հավաքվել էինք դպրոցի բակում, խարույկի շուրջ: Խարույկի տաքն ու ճթճթոցը հաճելի էին. մեծ թվով անծանոթ նոր պատանիներ էին հավաքվել: Ի՞նչ պիտի անենք. մեր հայրենագետները երգող-պարող չէին, ու միավորող դարձավ էկո-հայրենագիտական քննարկումը, որի թեման գյուղն էր՝ իր գլխավոր հերոսի՝ Արգիճի գետի ճակատագրով… «Պատանիներ չզբաղվել պոլիտիկայով», «եկեք քաղաքականությունից չխոսենք» կոչերին պատանիները տեղի չտվեցին, չընկրկեցին. կենդանի, լսելի, վստահ եմ, հարազատացնող խոսակցություն ծավալվեց… մարդու մասին, նրա այսօրվա խնդիրների ու լուծումների մասին։ Առաջին պլանում պայքարող, որքան էլ բարդ, նպատակը հետապնդող-հաղթող մարդն էր: Այնքա՜ն խնդիր կա մեր կյանքում, Մադինայում թե Երևանում, նրա Բանգլադեշում, կրթահամալիրում. պիտի խուսափել ձևական-կեղծ՝ դատարկ-բովանդակազուրկ-արհեստական ապաքաղաքական խոսքից, ունկնդրից, պիտի ծավալել քաղաքական՝ մարդու մասին խոսակցություն, երբ ասող-լսող կա իրական, իրական թեմա, խնդիր, որ մարդկանց հավաքել է: Իսկ խարույկը, հացի սեղանը, տրանսպորտը, ուսումնական պարապմունքը, գյուղով քայլելը-թափառելը դրա լավագույն տեղն է: Մադինան ներառող-բաց-բարյացակամ-տրամադրող միջավայր ունի, մարդկային է: Ամենուր է սա: Տները բաց են, անկողպեք, գողություն չկա, մարդիկ անմիջական են, հասնող, հեշտ զրույցի բռնվող, ընդառաջող…
Վաղամեռիկ, տաղանդավոր նկարիչ-մանկավարժ Ներսես Կարապետյանը, թեև հաշմանդամ, բայց կարողացել էր 80-ականներին Մադինային, նրա նկարչորեն օժտված երեխաներին միութենական ճանաչում բերել: Կարապետյանները՝ բոլորն իրար եղբայր-եղբորորդիներ, գյուղում շատ են, նրանց մեջ և՝ 11-րդ դասարանցի Ներսես Կարապետյանն ու գյուղի դպրոցի տնօրեն Արտակ Կարապետյանը: Տաղանդավոր նկարիչ-մանկավարժի սաները շատ են նաև հարևան Վերին ու Ներքին Գետաշենում, մեծ է Ներսեսի համբավը ողջ մարզում: Պիտի օր առաջ անձի ողբերգականության գործոնը դնել մի կողմ և առաջին պլան մղել լուսավորչին, նկարչին, մանկավարժին` իր գործով, պատգամներով, սաներով, իր դպրոցով, իր նկարչությամբ: Ո՞ւր է նրա ցուցասրահը, ինչո՞ւ գյուղը չունենա նկարների մշտական ցուցադրություն: Այնպես որ, 2015-ի հունիսյան ստեղծագործական-լուսանկարչական պլեները (տես իմ երեկվա գրում) մեծ մարդկային աջակցություն կունենա…
Անքան անկեղծ-անմիջական-վառ են Մադինայի տպավորությունները, որ ես ուզում եմ 24-ամյա վաղեմության մի պատմություն անել, դրանով վերջնական-հաղթահարված ճանաչել խորը նստվածք թողած միջադեպը:
1990-ի վերջին, թե 91-ի սկզբին ես ու Աշոտ Մանուչարյանը Մարտունիում էինք։ Մեծ ժողովուրդ էր հավաքվել, միտինգ էր, լարվածությունը գնալով մեծանում էր. երկրի պաշտպանությանը զինվորագրված կամավորականների մեջ մեծ էին խմբեր-ջոկատներ-անհատները, որ չէին ենթարկվում նոր իշխանությանը, չէին համակերպվում այն մտքի հետ, որ ահա, երեկվա իրենց հակառակորդներն այսօր «հանրապետության տերերն են» և իրենց թելադրում են, պահանջում ենթարկվել… Մենք անպաշտպան էինք այդ գրգռված մարդկանց մեջ, նրանք՝ զինված… Բարձրախոսի մոտ Աշոտն էր Մանուչարյան, «Ղարաբաղ» կոմիտեի հայտնի ղեկավարը, ես նրա կողքին՝ Մարտունիում դեռևս քչերին հայտնի Գերագույն խորհրդի պատգամավորը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենը… Մանուչարյանը կտրուկ էր խոսում՝ հանձնել զենքը, ենթարկվել նոր իշխանություններին անվերապահ: Ես ջանում եմ լիցքաթափել վիճակը, կառավարելի դարձնել միտինգ-ընդվզումը… Եվ ահա մի ՀԱԲ-ական, մարտունեցի վազքով մոտենում է բարձունքին բեռնատար խիճով բարձած «Կամազին» ու մեքենան մեծ արագությամբ ուղղում մեզ վրա… Ի՜նչ հրաշքով փրկվեցինք… ինչպե՛ս մի քանի խիզախ ու սթափ տեղացիներ մեզ կարողացան դուրս բերել Մարտունուց ու հասցնել Երևան…
Գյուղական դպրոցի խնդիրներն ինձ ծանոթ են. Մադինայում, հարևան Գեղահովիտում, որտեղ մեզ նույն ջերմությամբ-պարզությամբ ընդունել էին անցյալ տարի «Հանրապետության օրեր. կենսամշակութային արշավի» օրերին, նույնն է վիճակը՝ արագությամբ մարող աշակերտական կազմ, սրան ուղեկցող պակասող ուսումնական ծանրաբեռնվածություն ու մանկավարժների կրճատում… ֆինանսական հոգեվարք… Ավելացրեք և անմխիթար շենքային վիճակը. լավ է, որ 2014-ի պետական հիմնանորոգման ծրագրով սկսվել են շենքի վերակառուցման, լոկալ ջեռուցման ցանցի կառուցման աշխատանքները… 1960-ական թթ տիպային, անորակ, այսօր Մադինայի գյուղի համար զըռ-անհարկի ծավալով այս շենքի շինարարական-բարելավման աշխատանքները 2015-ին շարունակել-ավարտելու անհրաժեշտությունը պահանջում է նաև նոր մոտեցում, նոր լուծումներ, հաճախ չտեսնված… Մենք սիրով կօգնենք. ես միշտ ցանկացել եմ մասնակցել գյուղական նոր դպրոցի ծրագրի մշակման և իրականացման աշխատանքներին։ Մադինայի օրինակով կարող ենք իրականացնել պիլոտային կրթական ծրագիր, որի կարիքը, վստահ եմ, հանրապետությունն ունի: Մենք մեր այս առաջարկի և առաջին պատումով ներկայացրածի մասին պատշաճ կտեղեկացնենք Գեղարքունիքի մարզպետին, ՀՀ կրթության և գիտության նախարարին:
Կրթությունը համագործակցության դաշտ է, որտեղ այս անգամ գլխավորը Մադինայի՝ գյուղի, դպրոցի նախաձեռնողականությունն է ու գյուղական դպրոցը նորացնելու համերաշխությունը: Ահա այս աշխատանքն է, որ կարող է միավորել մեզ բոլորիս Մադինայում և Երևանում, իսկ մադինացիք՝ ցանկացած կազմով, սպասված մարդիկ են կրթահամալիրի մեր Բանգլադեշում, հատկապես այս օրերին, երբ թափ է հավաքում մեր սեպտեմբերյան ստեղծագործական բաց հավաքը: Համեցեք: