Փոքր են՝ փոքր հոգս են, մեծ են՝ մե՞ծ հոգս… Էլի ասո՞ւմ են խոսքում այսպես… Հիմա էլ ես Մայր դպրոցում ավելի հաճախ ու ավելի երկար եմ լինում. Ավագ դպրոցը՝ իր ձեռքբերումներով, զարգացումներով-մտահոգություններով իմ մանկավարժական ուշադրության կենտրոնում է… Ամբողջը հետաքրքիր անկյուններ են, էլ սեփականն ունենալ պետք չէ… ես սիրում եմ այսպես՝ գնաս ու կողքին նստես խմբի, անհատի, զրույցի բռնվես մտերմիկ. իրար վստահում ենք, չէ՞, շիտակ լինելու համար։ Իմ ժամանակը, ջանքերը, հնարավորությունները ձերն են, սեբաստացի սովորող թե ուսուցիչ, ծնող, լավ շրջան է սկսվում, կրթահամալիրի ծնած-պահած Մայր դպրոցը լիուլի-օգուտով օգտագործենք։ Միասին հեշտ կլինի առաջացած դժվարությունները լուծելը, էլ չեմ ասում զարգացումների մասին, հատկապես որ ես չեմ շտապում, նախագծային է լինելու իմ միջամտությունը. ես ձեր խնդիրը՝ իմը, իմ առաջարկը՝ ձերը դարձնելու անշտապ ուղով եմ գնում։ Հիմա այսօրվա Մայր դպրոցը՝ իր ավագով-միջինով-լրացուցիչ կրթությամբ, ներսով, դրսով հասկանալու շրջան է…
Զարդարում ենք հայրենագիտության կաբինետ-լաբորատորիայի ծիսական տոնի ծառը: Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:
Թվում է՝ ինձ անակնկալի դժվար է բերել, բայց Մարմարյա սրահում Ավագ դպրոցի երեկվա 15.15-ի համերգ-տոնախմբությունն ինձ միանգամից ոգևորեց… Երաժշտական-երգային-պարային, հագուստի ճաշակով, հավաք-կիրթ-ուրախ. այսպիսին է Ավագը մեր՝ իր Մարթայով, Նելլիով, Լուիզայով, հանդիսավար Լուսինեով, Ստեփան Թորոյանով ու Ալեքսանդր Սարգսյանով, Կայի՝ երաժշտության լաբորատորիայի ռոքով… Որքան էլ սիրում եմ անուններ, որքան էլ օրվա աղմուկի մեջ բոլոր ձայներից ամենակարևորը մարդու անվան ձայնն է, չեմ կարող իմ գիրը օրվա անվանաձայնադարան դարձնել ու պատկերադարան… Չնայած, ինչո՞ւ ոչ, շնորհքի հարց է, ձևի, անելու…. Ես տեղում, ընթացքով ոգևորվեցի և Ավագ դպրոցի ամանորի (դիմակա)հանդեսին կաջակցեմ՝ որպես ուսումական նախագիծ, և կմասնակցեմ, իհարկե… Այս համերգ-ներկայացումը լավ պատրաստություն է տպավորիչ տարեմուտի համար. խիզա՛խ եղիր, ինքնավստահ, Ավա՛գ դպրոց. սրանով՝ խիզախությամբ-ինքնավստահությամբ-ինքնարտահայտմամբ անխնա պատանեկան տարիքը հմայում է… Քաղաքը, մեր իրականությունը երևի ձեր այս շրջանի 15-20 տարեկանների տարերքի կարիքն ու պակասն ունեն…
Տոնածառի՝ այգեպան Էդմոնի առաջարկած այլընտրանքը:
Լուսանկարները՝ Գյոնջյան Արմինեի, Լուսինե Պետրոսյանի:
Կրթահամալիրի դպրոցների հրապարակային-ամբողջական, որպես մեկ, համերգ-ներկայացումների շարքը հոկտեմբեր-դեկտեմբերին՝ յոթ ուսումնական հաստատություն, յոթ ելույթ՝ որպես հեղինակային կրթական ծրագրով մեկ նախագիծ, հաջողված էր… 2017թ. հունվարին, գիտագործնական հավաքին կարելի՞ է, ի՞նչ կտա այս համերգների միքսը՝ համերգ-ուսումնական նախագծերի խճանկարը… Բայց դիտարժան մեդիաներկայացում կլիներ ու կդիտվեր-կգործածվեր Ամանորին սեբաստացիական օջախում. ինչո՞վ Ձայնադարանի, Սեբաստացի TV-ի նախագիծ չէ… Իսկ 2017թ. հունվարի 20-ի «Գեղարվեստը կրթահամալիրում» նախագծին մենք պատրաստվո՞ւմ ենք, տենդագի՞ն. տեսեք՝ ինչպես է արդիականանում-նորացվում-ամբողջանում համերգային դահլիճը… տեսեք՝ ինչ հանգրվաններով ենք շարժվում՝ դեկտեմբերի 20-ի Նարեկացի ընթերցումով, դեկտեմբերի 23-ի Սուրբ Ծննդյան Պատարագով…
Միջին դպրոցի սովորողներն Արևմտյան դպրոցում. «Սովորող-սովորեցնող» նախագիծ:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:
Երեկ Գեղարվեստի ֆոտո-կինոսրահում իմ նախաձեռնությամբ Գեղարվեստի ղեկավար Քնարիկ Ներսիսյանի, օպերատոր-լուսանկարիչներ Սուսան Ամուջանյանի, Մարինե Մկրտչյանի հետ (Անի Սարգսյանն առցանց կապի մե՞ջ է) խոսում էինք մեր TV-գեղարվեստի 2017-ի զարգացումների մասին… Քնարիկը, մոռացե՞լ ենք, երկու տարի ուսանեց Երևանի պետական համալսարանի մասս-մեդիայի գիտակրթական կենտրոնի մագիստրատուրայում, հեռուստանախագծեր-հայացք-մտքեր կուտակած եկավ (այսօրվա ուրախ վերնագիրը հենց այդ նախագծից է)։ Գեղարվեստի՝ հեռուստատեսության մագիստրոս ղեկավար ունենք, գումարեք մեր լուսանկարիչ անհատների ստեղծագործական տրիոյի 2016-2017-ի հավեսը-թարմությունը, միշտ տարատարիք սովորողների և սեբաստացի ուսուցիչների աշխույժի մեջ, կրթահամալիրի ողջ Բանգլադեշով… գումարեք խելամիտ տեխնիկական վերազինում… դե, Անի Սարգսյանն էլ ձյունանուշիկների ցանկացած թոփ-տասնյակում կլինի՝ իր զարթոնքով, հմայքով, հավեսով… Ով կդիմանա՝ չգիտեմ, ես այս զարգացման մեջ դիմացողի անելիքը տեսնում եմ։ Վստահեք ինձ… Գլխավորը, այո, այն շրջանում ենք, որ սեբաստացի մասնագետն ինքը պիտի որոշի-ծրագրի իր անելիքը ուսումնական տարվա բոլոր հինգ շրջանների համար։ Ես՝ դժգոհս, գոհացած եմ ուսումնական տարվա առաջին շրջանից և ձեզ ամանորի նվեր ինքնավստահություն եմ փոխանցում երկրորդ՝ նախագծային-ստուգատեսային շրջանում՝ 2017-ի հունվարի լիարժեք ինքնարտահայտման համար…
Նախագծային-ստուգատեսայինը բառեր չեն՝ որպես հեղինակային ծամոններ… Երեկ՝ Ավագ դպրոցի համերգ-ներկայացումից հետո, նշանակված ժամին՝ 16.15, սկսվեց Հանրակրթական Դիջիթեք 2017 ստուգատեսի համակարգող Հերմինե Անտոնյանի նախաձեռնած կլոր սեղանը. ի՜նչ թարմ դեմքեր, լուծումներ, մեղրից անուշ միջավայրում…
Հարգելի տիար Բլեյան, Գեղարվեստի դպրոցը ներկայացնում է «Շփումը կենդանիների հետ-կենդանասերի ակումբ» նախագիծը: Կինոլոգ Վահե Հակոբյանը ներկայացրել է իր ծրագիրը որը կցված է, իսկ դպրոցի հատուկ մանկավարժ-լոգոպեդ Նինա Հովհաննիսյանն այն բերել է նախագծի: Ինչպես խոստացել էի, նախագիծն արդեն մեկնարկել է:
Տեսնո՞ւմ եք, իմ էլ. փոստում հայտնված այս երկտողում անգամ քոմենթը կա՝ մենք նախագիծն արդեն սկսել ենք… Առավելագույն ինքնավար-ինքնավստահ գործեք՝ Հերմինեի առաջարկած իջևանյան անարատ մեղրի արժեքով մանկավարժության հեղինակներ՝ որպես Ձմեռ պապի Ձյունանուշներ…
Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#868