Պարտադիր է, հա՞, որ իմ գիրն էլ, որպես մեդիատեքստ-նյութ, վերնագիր ունենա. համացանց կոչվածը չի ընդունի իր ընտանիք… Դավիթ Բլեյանի ճղղոցը լսեցի. «Ինչո՞ւ է պարտադիր, ինչո՞ւ չի կարող առանց վերնագիր… որ առանց  վերնագիր լինի, ի՞նչ կլինի….»։ Գնա՜ց, մի ինքնուրույն տեքստ դարձավ ու էլի չազատեց վերնագրի լինել-որոշելուց… Երկու վերնագիր միշտ պահեստում ունեմ՝ «Անվերնագիր»-ն ու «Վերնագիրը վերջում»-ը… Բայց սրանք այդպես էլ 850-րդ անգամ պահեստայինների նստարանի վերջում են մնում. նրանցից առաջ հենց mskh.am-ից ներս են խուժում տասնյակ վերնագրեր… Համեցեք, Հուրի Իսկանյանի «Մեկի ներկայությունն եմ անդադար զգում…»: Դո՞ւ էլ, Հուրի, զգում ես մեկի ներկայությունը, բացի մեր Հայր Աստծո ներկայությունից: Բա էս մե՜կը՝ «Ինձ ստիպե՞լ. անհնար է»… Չէ՜, չէ, ես չեմ ասում, այլ «Գրապտույտ» ամսագրում երկրորդ նորեկը մեկ օրում՝ Դիանա Տատինցյանը… «Մխիթար Սեբաստացի» մրցանակակիր եռյակն էլ ուզում է ներխուժել իմ գիր՝ իր վերնագրերով… «Խոսքերս դեռ շատ են, ժամանակս՝ քիչ»… Ինչո՞վ գտնված վերնագիր չէ. Արման Մարտիրոսյանն է գրում, ով դեռ պետք է ավարտի հարյուրերորդ հոդվածը «Վիքիպեդիա» նախագծում: Իսկ ես «Վիքիպեդիա»-ում մի հոդված անգամ չունեմ, Արման ջան, կարմրեցի, ասեք՝ ի՞նչ անեմ. այս ամոթով գնում եմ 1000-րդ գիր իմ, որ ի՞նչ… Կամ մեր մյուս մրցանակակիր Տիգրան Աբրահամյանի՝ «Իմ հաջողությունները կրթահամալիրինն են» խոստովանությունը հասուն, երբ «Առականի» թարգմանական բլոգում կա չորս հարյուրից ավելի առակ, որոնցից անձամբ թարգմանել է հարյուրից ավելին… Մարիետ Սիմոնյանի նախաձեռնած Գրական ակումբի ընթերցարանի ամեն մի սեղծագործության վերնագիրը մի գրի գլուխ է: Ուզում էի անցնել վերնագրերի ընտրությանը՝ որպես հանգամանքների բերումով ժյուրի (ինչից միշտ հեռու եմ ինձ պահել), Մարգարիտ Սարգսյանի, Սեբաստացի TV-ի (պաչիկներ՝ մեկական-առանձին)՝ հմայիչ Ստելլայի ու Նանե Այնթաբյանի երաժշտական «Սովորող-սովորեցնող» հաղորդման անոնսը խառնեց ամեն ինչ… Մի հարցական՝ «Սովորո՞ղ-սովորեցնող», «Սովորող-սովորեցնո՞ղ». ու վերնագիր է:

Հյուսիսային  դպրոցի 3-րդ դասարանի սովորողները պատրաստում են տիկնիկներ:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Է՜հ, Ռուզան Քանանյան, մեր այս աննկատ սկիզբ առած-ծավալվող խոսակցությունից ես տոլմի հոտ եմ առնում… Մի այդպիսի հնարավորություն շաբաթ օրով մեր տանը Արմինեն աղջիկներիս-քույրիկներիս համար ուզում է ստեղծել, Երևանում այս օրերի այս համաճարակը եթե թույլ տա: Եթե ոչ, ի՞նչ եք ասում՝ տոլմայի ետևից Բրյուսել հասնե՞ք: Այդպե՞ս եմ, հա՞, 1990-ականներին դիմել իմ սաներին՝ «փափկասուն ու չքնաղագեղ աղջնակնե՞ր», «լուսաժպիտ ու առնական տղա՞յք»… Հա, ես միշտ գրել եմ, դիմել-պարզաբանել՝ բոլոր տարիքի իմ սովորողներին, ծանոթ-անծանոթ լրագրողներին… Հիմա էլ, իմ  փոստում երկու առցանց զրույցների հարցերն են… Այս հերթական հոբելյանական գիրը պրծնեմ ու սկսեմ-շարունակեմ… Մի կողմից սա թերապիա է, ինքնաբուժում, ախր, ես մաշկով եմ տեսնում-լսում-զգում-ընկալում… մյուս կողմից՝ աշխատանքն իմ, որ ես սովորույթ եմ դարձրել, կատարել՝ անդադրում-բարեխիղճ… Իսկ սովորությունը երկրորդ բնավորություն է, բնույթը մարդու… Մի վերնագի՜ր էլ ծնվեց… Ասենք, այս մեկը՝ «Բան ունեմ ասելու», ու ինձ գտել է, շնորհակալ եմ, Վիլյամ. այսպես է դիմում Դավիթ Բլեյանը Սարոյանին, ում ճանաչում է այսպես, ինչպես իրենց խմբի Չիլինգարյան Վիլյամին. ինչպես, ականատես եմ եղել, Սարոյանն էր դիմում յուրաքանչյուրին՝ ծանոթ-անծանոթ, մեծ-փոքր… «Անունդ ասա ինծի»,- հետո էլ թե՝ մեծ անունդ. այդպես՝ Ուջանի ողջ ժողովրդին, որ, նրա, ինչպես Աստծո ետևից, քայլում էր… 1976-ին… պատմել եմ… Ի՜նչ գիր է, Արման ջան, մի այլընտրանքային Վիքիմեդիա (միայն թե նոր հոդված չգրեմ)…

Արևմտյան դպրոցի աշնանային փափկասուն ու չքնաղագեղ աղջնակներ:
Լուսանկարները՝ Զառա Ոսկանյանի:

  • «Լավ բաները ծնվում են մարդկանց մեջ, և  դրանք էնտեղ են միշտ` սպասելով դիմացինին փոխանցվելուն: Եվ մարդկանց նվիրելը  միակ բանն է, որ կարող է ցանկացած մարդու երջանկացնել»: Սա մեկ: Ես պատրաստվում եմ, դեկտեմբերյան օրացույցով, Սուսան Մարկոսյանը հանգիստ չի տա, «Ձմեռային ուսումնական արձակուրդ» նախագծին, «Գեղարվեստը կրթահամալիրում» ամենամյա համերգ-ներկայացում նախագծին ու «Ձմեռային ճամբար» նախագծին՝ միով բանիվ, մեր ուսումնական ամանորին, ու «Բան ունեմ ասելու»-ն՝ Սարոյանի, ոնց որ երեք պտույտով բանալի… կամ երեք դռնով, մի սրահ՝ երեք բեմով… երեք դահլիճով… երեք նվե՜ր, երեք ընծա…
  • «Ոչ մի ընծա ավելի թանկարժեք չէ, քան էն, ինչ տալիս եք ձեր ունեցածից: Եվ ինչքան տաք, էնքան կստանաք: Ձեզնից յուրաքանչյուրը մի-մի միլիոնատեր է՝ հրաշալի բաներ տալու համար»:
    Իսկապես, խնդիր-իրագործումը հաճախ ջանքերի-ժամանակի մսխում է դառնում, երբ դու տալիքդ չգիտես, ինչ-ինչ բաներ հավաքում-լցնում ես ինչ-որ տոպրակի մեջ՝ փոխանակ տաս քո ունեցածից… Բոլոր, բոլոր կարգի ու տարիքի սեբաստացիներով դեկտեմբեր-հունվարի օրացույցով գործենք մեր նոր կարգավիճակին համապատասխան՝ Ձմեռ պապից էլ բարձր… Հո չե՞նք ուշացել, ինչպես անցյալ տարի… Խնդրում եմ՝ այս տարի չուշանանք, սկսենք… Էս օրվանից…
  • Դուք պարտավոր եք իմանալ, որ լավ բանը ձեզ համար, մեզնից յուրաքանչյուրի համար միայն էն է, թե մեզնից ամեն մեկն ինչ պետք է տա, իսկ մեզնից ամեն մեկը շատ գործ ունի անելու՝ ավելի շատ, քան ինքը՝ Ձմեռ պապը: «Դուք պարտավոր եք դա իմանալ, երեխաներ: Եթե երբևէ ցանկանում եք երջանիկ լինել, դուք  պետք  է  սկսեք  էդ  մեծ  գործն  էսօրվանից»…
    Բան ունե՞մ ասելու… ասում եմ, գրելո՛վ եմ ասում… Լսվո՞ւմ է:

Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանի սովորողները պատրաստվում են տեխնոլոգիական մեդիաուրբաթ-համերգի:
Լուսանկարները՝ Զառա Ոսկանյանի:

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
# 850

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գրականություն, թե գրկախառնություն

— Հայրիկ, այսօր ես ու Ալեքսը երկու անգամ քո ասածը չենք արել… մեկ՝ մարմարյա սրահում, մեկ էլ Թումանյանի թանգարանի աստիճանների վրա… Ասացիր՝ ծափահարում ենք, մենք չծափահարեցինք…,- անկեղծանում է Դավիթ Բլեյանը։

Գիր երախտիքի ու գիր գրոց

Սիրով քար եմ նետում Մարիետ Սիմոնյանի ուղղությամբ. ձեռս գնում է։ Նախ՝ չեմ կարող անարձագանք թողնել կրթահամալիրի Միջին դպրոցի ղեկավարի, մայրենիի հայտնի դասագրքերի հեղինակի ու համահեղինակի (որտեղ ես, Սուսան Մարկոսյան, քարը

Ուղտով, ուխտի ճամփին ծնվող երազներով…

Ես անգրիչ մի պոետ եմ փողոցների փոշով հարբած, քիչ իմաստուն, քիչ էլ խենթ եմ-նաիրական իմ աշխարհից․․․ «Գուրգեն Մահարի» գազելն իմ մասին է ասված… Ճամփից առաջ հայտնվեց-դառավ իմը ու չլքեց, ինձ