Ի՞նչ գույն ունեն Բանգլադեշում, նաև կրթահամալիրի տարածման գոտում մետաղները՝ ավտոտնակների դռներ, ցանկապատներ, էլեկտրական ու այլ սյուներ, վահանակներ… խողովակներ… Ժանգոտ, իհարկե: Ճարտարապետ բարեկամ Համլետ Խաչատրյանի աչքից իր կրթահամալիրյան երկօրյա շրջայցում ո՞նց կվրիպեր: Տեսավ ընկերս, ու շրջայցի ֆինալում երեկ Գեղարվեստում Արեն Շահնազարյանի, Տաթև Աթոյանի ու Քնարիկ Ներսիսյանի հետ, ուռա՜, «այո՛» ասացինք Համլետի առաջարկ-նախագծին՝ միաժամանակ մի շնչով-թափով-հավեսով բոլոր տարիքի ու կարգի սեբաստացիներով այս ողջ մետաղին-ժանգին գույներ հաղորդենք այնպես, որ մեր աշխատանքի-ապրումի միջավայրը դառնա տաք գույների աշխարհ… Ուրիշ, ոչ պակաս իրագործելի մտքեր առանց պարտադրելու նետեց ճարտարապետը, ու մենք, իհարկե, շնորհակալությամբ սկսել ենք կյանքի կոչել… Նաև այսպես է աշխատանքն ընկերովի արվում՝ թափառելով-շրջելով-ապրելով քո աշխատավայրում, կարոտդ առնելով…
Մեր շրջակա աշխարհն իր նյութական միջավայրում այսպիսի հուժկու գրոհի կդիմանա՞… մեծով-պստիկով, սովորողով տարատարիք, ուսուցչով-ծնողով՝ մի կողմում ու մյուսում՝ ամոթխած, մի տեսակ խորհրդատուի-մեր գովքն անողի կարգավիճակով (առայժմ, հուսով եմ) բնակիչներով…
Ավագ շաբաթվա աշխատանքները Քոլեջում. հինգշաբթի:
Լուսանկարները՝ Անահիտ Մելքոնյանի
Կրթական պարտեզի սարալանջն էլ բացվեց-բանուկ դարձավ բոլոր միջոցներով անցուդարձի, համատեղ բարեկարգման-ծառապատման-կենդանացման համար… Նոյեմբերի 12-ին իսկական քաղաքացիական իրադարձություն կդառնա Բ-1 թաղամասի մի խումբ բնակիչների , կրթահամալիրի սովորողների և ուսուցիչների պատրաստած ակցիան. այո, «Սարալանջ» ուսումնական նախագծի մեկնարկի հայտարարություն է իմ գիրը… Որպես պրոֆեսիոնալ գործող սեբաստացի օբյեկտիվները հասցնո՞ւմ են… մեր ետևից մարշ ածելով գալի՞ս են… Երեկ Սուսան Ամուջանյանն իր սաներով Ագարակում էր, հարևան ծննդատան լքված կաթասայատան ու նրա նույնքան անմխիթար շրջակայքում, հետո՝ Սարալանջին, նրան կպած երեսուն տարի շարունակ նույնչափ անմխիթար լքված Բ-1 թաղամասի կաթսայատանը… Առանց կրթական բաց համայնքների, նրանցում իրականացվող շրջան-միջավայրի բարելավման-կենդանացման ուսումնական նախագծերի՝ քաղաքով, հանրապետության ողջ բնակավայրերով մեկ հնարավո՞ր է ակտիվացնել մարդուն, բնակչին… Առանց իրար արձագանքելու, իրար փոխանցելու-տարածելու՝ ճանաչելու համար համատեղ մեր ապրածը՝ հնարավո՞ր է հանել հոգնած, անջատված, իր հոգսերով տարված մարդուն: Իմ բլոգ-օրագիրն անընդհատությամբ այդպիսի մի ուղի է մտածված. գործո՞ւմ է, գործո՞ւն է… 838-րդ անգամ կրթահամալիրի տնօրենի բլոգի, mskh.am-ի, ֆեյսբուքի էջի եթերում նույն ժամին հայտնվող տնօրենի պատումը… Շնորհակալ եմ ֆոտո և տեքստային խմբագիրներին այս երկուսուկես տարի ձգվող համերաշխ աշխատանքի համար. ունի՞ այն իր նախադեպը մեր իրականության մեջ, չգիտեմ… Ինչպիսի՞ փոփոխությունների է ենթարկվում-կենթարկվի-ուզում եք, որ ենթարկվի մոտակայքում, դուք եք որոշում, ընթերցող ու մասնակից… Միայն թե ո՛չ անկենդան, ո՛չ սպառված, ո՛չ որպես մի ժանգոտած բանգլադեշյան մետաղ… կույտ… անապատացած հողակտոր…
Ավագ շաբաթվա աշխատանքները Արևմտյան դպրոց-պարտեզում. հինգշաբթի:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի
Իմ նոյեմբերը թևակոխեց այսօրով երկրորդ տասնօրյակ… ծառերի-տնկիների նոր որակ ու տեսականի, նոր խնամք, նոր ճանապարհներ, անմշակ նոր հողակտորների նվաճում… ձեր շուրջը ու ձե՞ր մասնակցությամբ: Ինչո՞ւ ոչ, ձեր նախաձեռնությամբ թող նշանավոր դառնա նոյեմբերը՝ իր երկրորդ տասնօրյակով… առանց սրա Տոնը ինչպե՞ս դառնա ձերը…
Մանկավարժական ընթերցարան
Այս մրցաշարը առիթ էր մարզելու թե’ թիմային, և թե անհատական կարողությունները: Թիմում լինելը մեծ պատասխանատվություն է թիմի յուրաքանչյուր մասնակցի համար, քանի որ քեզնից է կախված ոչ միայն քո, այլ մի ամբողջ խմբի հաղթանակը: Պատասխանատվությունը ավելի է մեծանում, երբ հանդես ես գալիս թիմի ավագի դերում: Սա հարթակ է ցուցադրելու քո առաջնորդի հմտությունները: Ուրախ եմ, որ կլինի ևս մեկ մրցաշար և ավելի ուրախ եմ, որ այդ մրցաշարում կլինենք հյուրեր, քանզի կրթահամալիրում հարազատ պատերը ևս օժանդակեցին մեր հաղթանակին…
Գրում է Էրիկ Թելունցը, Վանուհի Բաղմանյանի բնորոշմամբ, նորավեպի մերօրյա իշխանը՝ «Շողակն»-ի իր էջում որպես օրեր առաջ կրթահամալիրում կայացած ինտելեկտուալ բաց մրցաշարի ամփոփում: «Պատեր-պետեր»-ը կարծես իմաստային նոր երանգ է բերում, որը, Էրիկ ջան, Ռոդարին անվանում էր իմաստավորված սխալնե՞ր…
Սոնա Բեզիրգանյանը և Սիրուշիկ Սահակյանը անհատական բլոգում իրենց այս արձագանքով՝ «Անկախություն 25» խորագրով, կրթահամալիրի գիտակների ակումբի հիմնադրի և ղեկավարի՝ Վահրամ Թոքմաջյանի նախաձեռնությամբ անցկացված մրցույթի լուսաբանումը մանկավարժական-ամբողջական են դարձնում։
Հանդիպում կրթական պարտեզի անցումներում:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօողլյանի
Այս ամենը լավ առիթ էր, որպեսզի սկսեինք սովորել ու ուսումնասիրել թեմաներ, որոնց տիրապետելու պակասը մրցույթի ընթացքում զգացինք։ Սովորեցինք նաև կառավարել և հավասարակշռել լարվածությունն ու զգայական դաշտը՝ փորձելով անկախ ամեն ինչից անել առավելագույնը՝ թիմին օգնելու համար։
Գեղարվեստի դպրոցում Տաթև Աթոյանի և ընկերների «Տաք նկարչություն» տեսադասն առիթ է, նաև որպես հիշեցում, անդրադառնալու մանկավարժական լաբորատորիայի՝ «Սեբաստացու օրեր» տոնին տեսադասերի շարքով ներկայանալուն՝ որպես հեղինակային մանկավարժության տարածում:
Ֆոտոխմբագիր՝ Անի Սարգսյան
#838