Որ Վիեննան Եվրոպայի հայտնի մշակութային մայրաքաղաքներից է՝  Փարիզից հետո-Փարիզին հավասար, որպես թանգարանների-ցուցադրությունների-համերգների բրենդի քաղաք, գիտեի, լսել էի, աջուձախ պատմել էին… Այնտեղ լինելու առիթներ ունեցել էի, չէի օգտվել, բայց ծրագրված այց էի կատարում Վիեննա, այնտեղ բնակվող Շուշան Բլեյանին, որ այդ իրողությունը որպես փաստ արձանագրեի, հաշտվեի։ Զավե՜շտ, պիտի ապրեի Վիեննայում որպես բնակիչ՝ ընտանիքով, Դավթի ու Արմինեի հետ… Շուշանը Վիեննայում, ինչպես Լիլիթը Երևանում արեց, պիտի օգներ իմ այս կեցությանն այդ քաղաքում… Պրահան ուրիշ էր, սեր էր, թափառում էր. «գժությո՜ւն», լսեցի Նազենի աստղի ձայնը Լոս-Անջելեսից՝ Էդիտա քույրիկի ընկերակցությամբ…

Թթուդրիկ Հյուսիսային դպրոցում:

Վիեննան՝ իր չորս օրով, այո, կեցություն էր ինձ օտար, բայց ճակատագրով հարազատ դարձած մեծ քաղաքում… Լիլիթ Բլեյանն ունի երգեր, որ այսպիսի կեցությունից են ծնվել, իրեն օտար մի քաղաքում… Ահա ինչու Պրահայից հետո ես կասեցրի իմ օրագիրը. դեռ պետք էր մարսել-հասկանալ բոլորովին ուրիշ մի քաղաք, մի այլ իրականություն… Ու կապվեցի ամբողջական ներառական այս քաղաքին…

— Ինձ անպայման տրամվայ կբերես, Շուշիկ,- պատվիրեց Դավիթ Բլեյանը քույրիկին, երբ իմացավ, որ ամանորը Շուշանն անցկացնելու է Երևանում…
— Հիշո՞ւմ ես, պապ, որ ես փոքր էի, մենք մետրոյով, հետո տրոլեյբուսով գնում էինք Արևիկենց տուն…
Օրեր առաջ Դավիթը մայրիկի հետ Բանգլադեշի խանութում համառորեն տրամվայ է փնտրել…
— Դու որտե՞ղ ես տրամվայ տեսել,- զարմացել-հետաքրքրվել է վաճառողուհին…
— Վիեննայում… Ես Վիեննայում մի տրամվայից մյուսն էի նստում, հետո՝ մետրո, հետո՝ ավտոբուս, գնացք…
Տրամվայ այդպես էլ չեն գտել, ընտրել են էլեկտրագնացք՝ վագոններով, ու ինքնաթիռներ, որոնք Դավիթը տարավ հետո Տաթև քույրիկենց տուն, ողջ ճանապարհին, հետո էլ Վահան եղբոր հետ խաղաց, ցուցադրեց, բայց բարեխիղճ հավաքեց, բերեց տուն… Հիմա կարող է փակվել իր սենյակում և երկար խոսել-խաղալ իր տրամվայ-մետրոպոլիտենի հետ…
Արմինեի սիրելի զբաղմունքն է Դավթին ականջ դնելը.
— Վիեննայի տրամվայներն ու մետրոներն ավելի լավն են Պրահայից…

Երաժշտական պերֆորմանս գեղարվեստի բակում:

Ես հիմա էլ չեմ հասկանում՝ ոնց օրը ցերեկով, բոլորիս աչքի առաջ քանդվեց երևանյան տրամվայի երկաթգիծը, որ ձգվում էր «Նաիրի» կինոթատրոնի պտույտից-շրջանից («տրամվի կրուգ»-ը մեր լեզվից ի՜նչ շուտ թռավ, անվերադա՞րձ) Արշակունյացով-Արցախով-Էրեբունիով-Սեբաստիա-Լենինգրադյանով… Բաղրամյան-Կոմիտասով… քանի՜ «տրամվի կրուգ»-ով։ Հանրային տրանսպորտի՝ տարիներով ձևավորված ցանցը մնաց որպես անցնող սերնդի հիշողություն, ասֆալտի տակ, որով երթևեկում են մեզ ստորացրած «մարշրուտկաներ»-ը… Մենք ի՜նչ երևանցի, ի՜նչ քաղաքացի… Առանց հանրային տրանսպորտային ցանցի՝ ի՜նչ քաղաք… Ինչպե՞ս կարելի էր այդքան դժվարությամբ-ջանքերով-ուրախությամբ ստեղծված հասարակական տրանսպորտային ցանցը՝ նոր-նոր անկախություն-պատասխանատվություն-հնարավորություն ձեռք բերած՝ կատարելագործելու-արդիականացնելու փոխարեն… ջնջխել… մնալով մարշրուտկաների գծերի տերերի գերին… Շուշանն ինձ պատմեց, որ Վիեննայում չի հիշում՝ վերջին անգամ ե՞րբ է տաքսիից օգտվել, ինչի՞ համար… Տարեկան մշտական ունի՝ ուսանողական, շա՜տ մատչելի, ու քաղաքի ո՛ր ծայրից, ո՛ր ժամին մետրո-տրամվայ-ավտոբուս-հեծանվով, երաշխավորված անցումներով, րոպեական ճշտությամբ գրված ցուցանակներով, սայլակով թե հեծանվով… վերելակներով… շարժասանդուղքներով կհասնես փնտրված հասցեով… Վիեննա ոտք դնելիս առաջին գործը, որ արեց Շուշանը, իմ ու Արմինեի համար շաբաթական մշտական դակեց առաջին հանդիպած փողոցի անկյունում դրված մի սարքից. նույն մշտականը՝ բոլոր թվարկած փոխադրամիջոցներով անարգել, առանց ցույց տալու երթևեկելու համար… Երևանցուն բնորոշ կասկածամտությամբ, մինչև վերջին օրը ես ստուգում էի կանգառին մոտենալիս… ցուցանակի վրա վառվող երթուղին, փոխադրամիջոցի համարը, ժամանման րոպեն… 1-ից մինչև 9-ը թվերը… Ո՛չ մի վրիպում, ուշացում, խափանում… Ոչ մի անգամ տոմս ստուգել…

Քաղաքը, մեծ քաղաքը, միլիոնանոց մայրաքաղաքն ինձ համար նախ և առաջ բնակավայր է՝ իր հանրային հասարակական համակարգերով՝ նախ և առաջ քաղաքով մեկ հուսալի փոխադրումով, խնամվող բնակավայր՝ շենքերով-տներով-բակերով, հետո՝ այգի-պուրակներով, անցումներով, հրապարակներով, թանգարաններով-համերգային սրահներով… սպասարկման մատչելի ծառայություններ՝ նախ և առաջ՝ բոլոր կարգի բնակիչների, հետո՝ բոլոր կարգի այցելուների…

«Թթու դեմքեր»Հյուսիսային դպրոց, 4-րդ դասարան:

Լիլիթ Բլեյանը ճանապարհելիս ինձ ասաց.
— Հայրիկ, Վիեննայում դու քեզ լավ կզգաս. այնտեղ մարդու համար ամեն ինչ մտածված է… Լեզուն գիտես թե ոչ, ոտավոր ես թե սայլակավոր…
Չեմ թաքցնում, ես ոտավոր, խմբի հետ, զննեցի-մոնիտորինգի ենթարկեցի Վիեննան որպես բնակավայր… Լիլիթն այս անգամ ևս ճշգրիտ էր…
Կեցցե՜ս, Վիեննա, շնորհակալ եմ, որ այդպիսին ես, որ կաս…

Այսպիսի ընթերցարան

«Ես պատրաստվում եմ լողափում հայտնվել անգամ վաթսուն տարեկանում: Այո՛, որովայնն ու կուրծքը կփոխվեն, սակայն ես կմնամ նախկինը՝ ազատ և անվախ։ Պետք չէ երկարավուն զգեստ կրել միայն նրա համար, որ մաշկը չունի 20 տարեկանում ունեցած տեսքը»: Որպես կանոն, օրագրի հարգելի ընթերցող, մեդիայում ես բաց եմ թողնում այս կարգի նյութերը, հայտնիներին աստղերին, մոդելներին…  Բայց այսպիսի բարձրաձայնումը ստիպեց ինձ կարդալ-նայել տեսանյութը, որքան էլ, որ Հայդի Քլում անունն ինձ ոչինչ չի ասում:

«Ամենազոր Ալլահը Սուրբ Ղուրանում ասում է. «Մենք Ադամի սերունդը բարեգութ ենք ստեղծել»։ Նա ամեն մի մարդու նշանակալից է դարձնում, նկատի ունենալով, որ մարդ է։ Նաև ասում է՝ ձեզ տարբեր եմ ստեղծել, որ դուք ճանաչեք իրար։  Իրար նման չլինելն էլ նա ներկայացնում է որպես հարստություն։ Գուցե մենք հենց սա՞ չենք կարողացել բացատրել մեր երիտասարդությանը»։ Հայտնի Ֆեթուլլա Գյուլենի՝ «Հիզմեթ» շարժման առաջնորդի այս հարցազրույցը, որը տրամադրել է Աշոտ Տիգրանյանը, օգուտով կարդացի մինչև վերջ: Փորձե՛ք:

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
# 830

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Արժանահավատ ու անմիջական

Աստղիկի խոսքից հետաքրքիր բա՞ն. միայն ուշադիր լինես, գրառես… նույնությամբ։ – Բարի լույս, մայրի՛կ, արի ծանոթանանք։ Իմ անունը Աստղիկ ա։ Քո անունը մայրիկ չի՞, Արմինե՞ ա։ Պապայի անունը հայրի՞կ ա։ Աշո՞տ

Մանկավարժ մարդու մասին է իմ օրվա գիրը

Մենք ամենաերիտասարդ հավաքանին ենք եղել միշտ, թե մեզ թվացել է. մենք գործել ենք այս համոզումով։ Երիտասարդ՝  թե՛ ներքին ավյունի, թարմության առումով, թե՛ պարզապես, երիտասարդ տարիքով։  Գրասենյակին խնդրեցի նոր ցուցանիշներ՝ «համառ»

Նոր ու հին տարի, հին ու նոր քաղաք, նոր ու հին իշխանություն, հին խնդիրներ․․․ մե՜ծ քաղաք…

Մեծ քաղաքը Ամէն ինչ մեծ է մեծ քաղաքին մէջ հաճոյքը մեծ ցաւը մեծ պողոտաներուն ու շէնքերուն նման Ու անոնք որոնք պզտիկ մարդիկ են Երբեք հանդարտ պիտի չըլլան մեծ քաղաքին մէջ