Նախ՝ կրկին շնորհակալ եմ մեր Սոֆիին ու արդարության համար՝ նաև Լուսինե Ալեքսանյանին, որ էլի մերն է, իմ սքանչելի քույրիկներին՝ իրենց թանկարժեք այս նվերի համար… Եղբայրաբար խոստովանեմ, որ սրանով պարտավորեցրիք՝ ցաքուցրիվ չանեմ Վիեննա-Պրահա-Վիեննայում ընտանեկան ճամփորդությամբ քաղած-հավաքածը՝ նախատեսվող շարքի վերնագիրն էլ՝ «Պրահա Վիեննայով, թե Վիեննա Պրահայով»… Հետո Արմինե Աբրահամյանը հեշտացրեց իմ գործը՝ ճամփորդության ուսումնական բաղադրիչի և անմիջական արձագանքման շարքը փայլուն սկսելով… Միասին ենք ապրել մեր Շուշիկ Բլեյանի հետ հոկտեմբերի 21-28-ի շաբաթն արձակուրդային, միասին, ընտանեկան փաթեթով. ես, Դավիթը, Արմինեն՝ Երևանից, Շուշիկը՝ իր Վիեննայից, ամոթով չենք մնա մեր ընթերցողների առաջ…
Իսկ թվով 827-րդ այս գրի վերին թե առաջին տողը ես խոստմանս համաձայն վերցրել եմ մեզ հարազատ դարձած Կարլ Յունգից… Մենք-ես, փորձեցինք հակառակվել Լիլիթ Բլեյանի կանխորոշած Պրահային ու Վիեննային… Ստացվեց, Լիլիթն իրավացի է, բայց հակառակման փիլիսոփայական հետքը մնացել է, ու ես գիր առ գիր, գրի միջոցով պիտի հաղթահարեմ այն, ինչ մնացե՞լ է… Եվ վերջում իմ այս երկա՜ր նախաբան-ինքնահամոզումի… կիրակին դարձա՞վ իմ հանդիպումը մի լավ բարեկամի հետ, ով այնքա՜ն խնամքով թերթել է Երուսաղեմի մեր ընտանեկան ուխտի մեդիաալբոմը՝ ծուլության տեղ չթողնելով ինձ…
Կրթահամալիրի փակ լողավազանում Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններն են:
Լուսանկարները՝ Տաթև Աթոյանի:
Սկսեցի՞նք, թե՞ շարունակում ենք 2016թ-ի հոկտեմբերի 24-ից ընդհատված իմ օրագիրը… Եթե ես գրեի անմիջական-ինքնաբուխ որպես առաջին՝ 2016թ. հոկտեմբերի 21-ի տպավորություն Վիեննայից, առավոտ կանուխ ժամը 6-ից, հարմարավետ-ներառական օդակայանից, կսկսեի, իհարկե, խորոտիկ, մեկ դարձած Շուշան Բլեյան ու ընկերուհի՝ հանրակացարանակից Թերեզի ընդունելությունից, երկաթուղային ցանցի, գնացքի (այսքա՜ն մարդկային հաղորդակցություն երկրով-Եվրոպայով մեկ), Վիեննայի մուտքի՝ օդակայանից մինչև գլխավոր երկաթուղային կայարան, մեզ դիմավորած կանաչ լանջերի ու նրանց լրացնող արտադրական ձեռնարկությունների շարան-հանգույցի, կայարանից մինչև Շուշոյի հանրակացարան հետիոտն ճանապարհին զուգահեռ ձգվող հեծանվաճանապարհի, մեզ անընդհատ ուղղված «Մի՛ կանգնեք հեծանվորդի ճանապարհին» հիշեցումների մասին… Արտադրական ձեռնարկությունները՝ Վիեննայի հարստության աղբյուրը՝ կիլոմետրերով ձգվող, բազմազան արտադրանքով ու գրավիչ դիզայնով… Պատմե՞լ եմ Վանաձորի՝ կիլոմետրերով ձգվող արտադրական հանգույց-ավերակի թողած հետքի մասին… Այսպիսի հանգույցների երկիր է Հայաստանս… Երկրային մի կյանքը կարող է չբավարարել այդ հետքերը հաղթահարելու համար, այսպես որ գնա՜, կամ, որ ավելի ճիշտ է, շարունակի չգնալ…
Արևելյան դպրոցի բակում աշուն է, նախշուն է…
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:
Համեմատություններն անտեղի են, ոչ էլ փորձելու եմ հերթական անգամ հակառակվելու հետքերը թողնել. ես ու իմ կյանքը, իմ անելիքը, իմ գործն իմ ծննդավայրում՝ Երևանում, իմ մանկավարժության Բանգլադեշում, իմ անուշիկ Հայաստանում… Ինչպես իմ խաղը Դավթի հետ՝ սկսած Երևան-Վիեննա օդանավից, շարժասանդուղքով-վերելակով դեպի երկաթուղային կայարան-մետրո-տրամվայ-ավտոբուս, որ յոթ օր այդպես էլ չավարտվեց, ինչպես մեր երեկվա կիրակնօրյա մականախաղը գիշերվա 11-12-ի արանքում, որն ավարտվելու համար գրանցվեց չտեսնված մի հաշիվ՝ 10:10…
Օրագրի՝ իմ կազմած ընթերցարանից չեմ ուզում հրաժարվել. վստահ եմ՝ կան հարգելի մարդիկ-սրա ընթերցողներ, ավելին, սկսում-ավարտում են իմ գիրը սրանով… Չեմ հակառակվում, որ չմնա… Որքան էլ՝ յոթն օր ես զրկված չէի ինտերնետից ու հարմարավետ համակարգչից, կարդալու շատ բան էր կուտակվել, ազատվեցի՝ սրանք առանձնացնելով օրագրի ընթերցողի համար… Խա՞ռն է, ինչպես հոկտեմբերի 31-ը, որ ինձ համար չկար. ապրում, իմ երկուշաբթին պլանավորում էի որպես նոյեմբերի 1: Հիմա ես չգիտեմ՝ աշխատանքայի՞ն է արդյոք իմ երկուշաբթին, թե՞ իմ կյանքի ամենաերկարատև արձակուրդի վերջին օրն է…
Արևմտյան դպրոցի օրվա աշխատանքային ջոկատը:
Լուսանկարները՝ Զարուհի Առաքելյանի:
- Մեր երկրի համար ռազմական անվտանգությունն օրհասական, բայց նաև երկարատև մարտահրավեր է. Վիգեն Սարգսյանի ելույթը կարդացեք, որպես ՀՀ նոր կառավարության ծրագրի լրացում։
- Գլուխգործոցներ սովորական սպիտակ թղթից
- Տարվա 10 լավագույն համայնապատկերների լուսանկարները
- Աշոտ Տիգրանյանի գտած այս նյութը թեթև կարդացի. իմացեք…
- Իմբիրի խառնուրդ. նիհարելու հրաշք միջոց ալարկոտների համար
- Լյարդի համար ամենաօգտակար մթերքը. զարմացնող արդյունք
- Անհավանական փողոցային արվեստ. առաջ և հետո
# 827